ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մտավորականությունը պահանջում է հարգանք, իսկ փոխարենը ի՞նչ է տալիս

Մտավորականությունը պահանջում է հարգանք, իսկ փոխարենը ի՞նչ է տալիս
14.06.2013 | 17:38

Մտավորականություն չկա: Սա անկախությունից ի վեր հասարակության մտավորական շերտի մասին ամենաշատ հնչած գնահատականն է թերևս: «Այսօրը և մտավորականությունը» խորագրի շրջանակներում քննարկմանը մի քանի հարցադրումներ հնչեցին, որոնց մեջ կարելի է առանձնացնել մեկը` ո՞րն է մտավորականության դերը հասարակության մեջ, և արդյո՞ք մտավորականությունը կատարում է այդ դերը:

Ասվեց, որ մտավորականները, նախևառաջ, պիտի նվիրված լինեն իրենց կոչմանը, սակայն նաև մասնակից լինեն հասարակական-քաղաքական գործընթացներին, բայց մյուս կողմից էլ, եթե մտավորականը մասնակից է այդ գործընթացներին, նա կարծես հանդես է գալիս որպես ընդդիմություն: Միայն չհասկացվեց, թե ինչ վատ բան կա, եթե մտավորականը հանդես է գալիս որպես ընդդիմություն: Չէ՞ որ մտավորական ասվածը հենց մի քանի քայլ առաջ պիտի լինի հասարակությունից, պիտի առաջին ընդվզողը լինի, առաջին ընդդիմախոսը լինի իշխանության: Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի կարծիքով ,մտավորականը արդարության և խղճի բարոմետրը պետք է լինի», «չշեղվի` անկախ իրավիճակից, բարոյական չափանիշները պահի և հետևի, որ հասարակությունը գնա դրա հետևից»: Կոմպոզիտորի խոսքով` «Փոխվել է վերաբերմունքը մտավորականի հանդեպ, և մտավորականը կարիք ունի հասարակության հարգանքի»: Երկանյանին հարց ուղղեցինք, թե ո՞րն է հասարակության նման վերաբերմունքի պատճառը, և ի՞նչ պիտի անի մտավորականությունը, որ հասարակության հարգանքին արժանանա: Պատասխանը ավելի շատ ընդհանուր էր և ավելին չէր, քան հարցը անպատասխան թողնելը: Կարծում ենք, չի կարելի հասարակությունից սպասել մի բան, որի համար անհրաժեշտ նախադրյալները չես ապահովում, կամ նույնիսկ եթե ապահովում ես և ցանկալի արձագանքը չես ստանում, ուրեմն մի բան այն չես անում: Ասվեց նաև, որ հասարակությունը այսօր շատ է քաղաքականացված: Անշուշտ, այդպես է, բայց դա մեր հասարակության համար կարելի է տրամաբանական համարել: Հայաստանը չկայացած երկիր է, և անհնար է, որ հասարակությունը քաղաքական պրոցեսներից հեռու մնա: ՈՒրեմն և մտավորականությունն ինքը պետք է մասնակից լինի այդ պրոցեսներին, որպեսզի հասարակության կողքին լինի: Անհնար է երկրի զարգացումներից դուրս ապրել, ստեղծագործել, բայց և միաժամանակ սպասել, որ քո մասին հասարակությունը ինֆորմացված լինի:
Արվեստագիտության թեկնածու Արաքսյա Սարյանն էլ այն կարծիքին է, թե նախկինում մտավորականները նվիրված են եղել իրենց աշխատանքին, հիմա պակասել է այդ նվիրվածությունը: «Շատ է այսօր ամեն ինչը անձնականացված»,- ասաց տիկին Սարյանը և, խոսելով արժեհամակարգի փոփոխությունից, հավելեց. «Ինքնահաստատման ճանապարհները ուրիշ են հիմա»: Ասվեց նաև, թե հասարակությունը այսօր հիվանդ է: Ի՞նչ է անում մտավորականությունը հասարակությանը բժշկելու համար` հարցրինք: Հարցի պատասխանը չհնչեց: Անշուշտ, ավելի դյուրին է ստանալը, քան տալը, բայց բնության մեջ այդպես չի լինում: Նույնն է մտավորականության և հասարակության փոխազդեցության արդյունք-հետևանքի փաստագրումը: Հրապարակախոս Կարինե Հակոբյանի` «Ի՞նչն է խանգարում մտավորականությանը լինել անկախ» հարցը հասարակության համար անպատասխան մնացածների շարքից էր: Այն բազմաթիվ անգամներ հնչել է և նույնքան անգամ էլ օդում կախված մնացել: Իսկ քանի դեռ օդում կախված հարցեր կան, հասարակությունը չի շտապի իր հոգու տաք անկյունից թեկուզ մի փշուր հղել մտավորականությանը:
Մեր երկրի ներքին գործընթացները հասարակական տարբեր շերտերի ոտքի են հանում: Այդ պրոցեսներին արձագանքում են նաև մտավորականներ, որոնց մեծ մասը երիտասարդ սերնդից է: Կարծում ենք, նման քննարկումները արդյունավետ կլինեն եթե նախաձեռնողները հրավիրեն նաև մտավորականության երիտասարդ սերնդի ներկայացուցիչների: Հավելենք, որ քննարկումը կազմակերպել էր «Արեգ» գիտավերլուծական կենտրոնը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ