«Ոսկե ծիրան» փառատոնը մեր իրականության, մեր անկախ պետականության լավագույն երևույթներից է `ոչ միայն մշակութային, այլև քաղաքական իմաստով»,-այսօր «Ոսկե ծիրան» 10-րդ երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված մամուլի ասուլիսին ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նշեց նաև, որ ամեն անգամ տարբեր երկրներում երբ հանդիպում է իր գործընկերներին` մշակույթի նախարարներին, նրանք մեր երկրի մասին խոսելիս առաջինը հիշում են հենց «Ոսկե ծիրանը»: Նախարարն իր խոսքում նկատեց նաև, որ այս փառատոնին բոլորն ուզում են մասնակցել, դահլիճում տեղերը միշտ չեն բավարում, դահլիճ մտնելու համար միշտ պատերազմ է` լավ իմաստով:
«Որքան ինձ հայտնի է` ՀՀ վարչապետը, մշակույթի նախարարը, Երևանի քաղաքապետը խոստացել էին փառատոնին առանձին շենք տրամադրել: Ո՞Ւժի մեջ է խոստումը, ե ՞ րբ, ի վերջո, հեղինակավոր փառատոնը կունենա առանձին տարածք»:
Irates am-ի այս հարցն ուղղված էր Հասմիկ Պողոսյանին: Ցավոք, նախարարը շուտ լքեց սրահը, մնում էր որոշակի պատասխան ակնկալել ասուլիսին ներկա բանախոսներից:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ նման խոստում իսկապես եղել է, և հույս հայտնեց, որ մեր պաշտոնյաները վերընտրվելուց հետո լրջորեն կմտածեն այդ մասին, քանի որ լրանում է փառատոնի 10-ամյակը:
Փառատոնի տնօրենը նաև ընգծեց, որ դա նվեր չէ Միքայել Ստամբոլցյանին կամ Հարություն Խաչատրյանին: «Դա մշակութային կենտրոն պետք է լինի, որտեղ կանցկացվեն կինոցուցադրումներ, դասընթացներ և այլն»,- ասաց նա:
Հավելենք, որ փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրից:
Հոբելյանական այս տարում փառատոնին կհյուրընկալվեն կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալլերի» արժանացած նշանավոր կինոգործիչներ Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն, Յոս Ստելինգը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը:
Հարություն Խաչատրանը տեղեկացրեց, որ Շառլ Ազնավուրը «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի Պատվավոր խորհրդի անդամ է, չբացառեց նաև շանսոնյեի մասնակցությունը փառատոնին:
«Ոսկե ծիրանը» կանցկացվի հուլիսի 7-14-ը` մշակույթի նախարարության աջակցությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին այս տարի կգլխավորի հունգարացի կինոռեժիսոր Իշտվան Սաբոն, «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին` «Ոսկե ծիրան»-ի դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ