Դա իմաստասիրություն չէ, այլ` ամենաիսկական քաղաքականություն: Շատ ավելի իսկական, քան այն, ինչ մենք իսկական քաղաքականություն ենք համարում:
Կան մարդիկ, ում հետ խոսում են: Մշտապես: Անկախ տարածությունից ու գտնվելու, գուցեև միանգամայն տարբեր, չափումներից: Անկախ նախնական կամ հետագա շփումներից անգամ:
Երբ բարոն Մյունհաուզենը հներին էր վկայակոչում` Սոֆոկլես, Շեքսպիր, ալք` չէր խաբում, նա, ինչպես միշտ և ամեն ինչում` ճշմարտախոս էր:
Եվ այսօր շատերը կան, որ զրուցում են ինչպես մեզ հայտնի, այնպես էլ թե մեզ, թե իրենց անհայտ անհատների հետ:
Զրուցում են: Չեն մենախոսում: Զրուցում են:
Երանի նրանց: Ում այսօրվա մարդը իրեն որպես զրուցակից է ընտրում: Որովհետև դա էլ է գոյությունը շարունակելու կերպերից մեկը: Ով գիտի, գուցեև` ամենակարևորը:
Արարիչը մեզ այնպիսին է ատեղծել, որ մեր յուրաքանչյուր միտք, գործ, քայլ` ողջ կյանքը, կարիք ունի քննարկումների-ճշգրտումների-հաստատումների: Ու կամա թե ակամա յուրաքանչյուրս փնտրում-գտնում ենք մեզ համար այն մարդուն կամ մարդկանց խումբը, ում հետ հարաբերակցվում ենք նույն այդ ճշգրտումների կամ էլ, պարզապես, ինքնահաստատման համար:
Ու մենք փնտրում ենք մեր այդ ինքնահաստատումը մեզ նմանների մեջ, անցյալի, ներկայի, ապագայի:
Մենք փնտրում ենք մեր այն զրուցակցին, ով շատ ավելի հարազատ կլինի մեզ, կլրացնի մեր անկատարությունը ու մեզ հետ ճամփա կելնի մեզ ուզած տեղը` ճամփով-ժամանակին: Սկզբում էդպես, հետո էլ կարող է մենք իր ուզած տեղը-ճամփով-ժամանակին գնանք: Բայց սկզբում մենք ենք ցանկանում նրան տանել մեզ հետ` որպես մեր ճամփի ուղեկիցը: Հետո, եթե բախտներս բերի և մենք արժանի լինենք` մենք ինքներս կարող ենք դառնալ նրա ուղեկիցը:
Իր ճամփի: Որն, անշուշտ, շատ ավելի հետաքրքիր է, հարուստ և ավելի մեծ բացահայտումներով լի:
Սրանք մեր որոնումներն են:
Ու այն, որ մենք կարող ենք դառնալ ինչ-որ մեկի ուղեկիցը` երկրորդ մակարդակ է խորհրդանշում ընդամենը:
Բայց կա նաև երրորդ` ամենաբարձր ու, երևի թե, երանելի մակարդակը, երբ քեզ են որոնում-գտնում որպես զրուցակից:
Բայց դրան արժանանալ է պետք:
Եվ` ոչ միայն:
Իսկ դրա համար հենց էսօր պետք է մտածել այն մարդկանց մասին, ովքեր վաղը մեզ որպես զրուցակից են ընտրելու: Ովքեր ցանկանալու են զրուցել մեզ հետ:
Կարծես թե չենք խուսափելու որևէ մեկի զրուցակիցը լինելու մեր` ի վերուստ տրված առաքելությունից:
«Ինչու՞» հարցի պատասխանը Երկիր կոչվող էս մոլորակի վրա չէ, որ հասկանալու ենք:
Մեզ մնում է ով-ինչ-ինչպես հարցերը որոնել:
Մեր ողջ կյանքով:
Ու` մահով նաև:
Որը կյանքի մեկ այլ դրսևորում է պարզապես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Մահից 9 ամիս առաջ այս տողերը գրելիս` ի՞նչ է նկատի ունեցել, այն հարցը չէ, որի պատասխանը հասկանալու ենք այս կյանքում ու Երկրի վրա: Գրել է` գրվել է: Ու մեզ թողել է հավատալու ու հետևելու հանձնառությունը: Ոչ բոլորին: Նրանց, ովքեր կարողանում են հասկանալ:
Ճիշտ չէ, թե 2009-ի մայիսի 19-ից հետո Այդին Մորիկյանը ոչինչ այլևս չի գրել: Եթե նրան կարդացել են ու հասկացել, ուրեմն հենց այդ պահին նա շարունակել է գրել ու լինել այն զրուցակիցը, ում հետ հաղորդակցելը երրորդ մակարդակի երանություն է: Այդպես: Ու` միշտ: ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՒՄ ԼՍՈՒՄ ԵՆ: ՈՐՈՎՀԵՏև ՄԱՀԸ ԿՅԱՆՔԻ ՄԵԿ ԱՅԼ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է ՊԱՐԶԱՊԵՍ: