«Լույս» վոկալ հնգյակը Վենետիկում կայացած «Venezia in Musica» երգչախմբային մրցույթ-փառատոնում (Վենետիկ, Իտալիա, ապրիլի 28-մայիսի 1) արժանացել է երկու ոսկե դիպլոմի` ժողովրդական և հոգևոր երաժշտություն անվանակարգերում:
«Venezia in Musica»-ին այս տարի մասնակցել է 26 երգչախումբ 17 երկրից, որոշ երկրներ ներկայացել են մի քանի երգչախմբով: Հայաստանը հեղինակավոր այս նախագծին մասնակցում է առաջին անգամ, ի դեպ` հնգյակով: «Լույս» վոկալ հնգյակի մեներգչուհի ՀԱՍՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ երբ հայտ են ներկայացրել, պատկերացում իսկ չեն ունեցել, որ մրցույթ-փառատոնին մասնակցում են 30-100 երգչից բաղկացած երգչախմբեր: Հայկական հնգյակի մասնակցությունը, այնուամենայնիվ, հաստատվել է: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն ի սկզբանե արտահայտել են իրենց հիացմունքը խմբի նկատմամբ` համարելով նրանց լուրջ մրցակից:
«Լույսը» նոր-նոր է վերադարձել արտերկրից: Այս հաղթանակից հետո խումբը ստացել է հավաստագիր, ըստ որի` առաջիկա հինգ տարիներին կարող է մասնակցել միջազգային ցանկացած փառատոնի:
«Venezia in Musica»-ի մրցութային և համերգային ելույթներին «Լույսը» ներկայացրել է Կոմիտաս վարդապետի հոգևոր և աշխարհիկ ստեղծագործությունները, ինչպես նաև մեկ իտալական աղոթք, որը մրցույթում պարտադիր պայման է:
Հասմիկ Բաղդասարյանի խոսքով` փառատոնին մասնակցում էին այն երկրները, որտեղ երգչախմբային արվեստը համարվում է առաջնային (Շվեդիա, Իտալիա, Ֆինլանդիա, Էստոնիա և այլն), մրցույթի հանձնաժողովում ընդգրկված էին աշխարհահռչակ դիրիժորներ` Ռենզո Ցիլիա (Մալթա), Էննիո Կլարի (Իտալիա), Քոլին Մավբի (Մեծ Բրիտանիա), Բատտիստա Պռեդալի (Իտալիա), Ռոմանս Վագանս (Լատվիա):
«Լույս» հնգյակի «Ամպել ա կամաց-կամաց», «Էն դիզան, առնեմ երթամ», «Սուրբ, սուրբ» և կոմիտասյան այլ գոհարներն անտարբեր չեն թողել օտարերկրացիներին. թե՛ հանձնաժողովը, թե՛ ունկնդիրը հատուկ ուշադրության են արժանացրել հայկական խմբին` ընդգծելով ձայնային հնարավորությունները և երաժշտական ազդեցությունը:
«Համերգները կազմակերպվում էին Վենետիկի գեղեցկագույն եկեղեցիներում (Սան Ստեֆանո, Սանտա Մարիա դե Միրակոլի, Սան Բենեդետտո),- ասաց Հասմիկ Բաղդասարյանը:- Համերգային մասը ավարտելուց հետո շատ երկար ժամանակ ծափերը չէին դադարում: Ներկաներից շատերն ասում էին` մենք հիմա հասկացանք, թե ինչ երաժշտություն է հնչում դրախտում»:
Հավելենք, որ «Լույս» հնգյակը ներկայանում է հիմնական վանքերում: Ավելի հաճախ համերգներ են ունենում արտերկրում: Ներկայացնում են միայն հայկական հոգևոր և ժողովրդական երաժշտություն:
Ասում են` դրսում Կոմիտասին ավելի լավ գիտեն, քան մեզ մոտ: Որքանո՞վ են հայ երգն ու երաժշտությունը ծանոթ օտարերկրացուն: Մեներգչուհու խոսքով` կան մարդիկ, որ անգամ Հայաստանի անունը չեն լսել, բայց քիչ չեն նաև նրանք, որ շատ լավ ծանոթ են մեր պատմությանը, երաժշտությանը, մշակույթին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ