ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ղարաբաղյան դիմակայումով կասեցվեց հայոց մեկդարյա ցեղասպանությունը

Ղարաբաղյան դիմակայումով  կասեցվեց հայոց մեկդարյա  ցեղասպանությունը
23.04.2013 | 12:06

1894-ի Սասունի ջարդերով սկսվեցին հայերի զանգվածային տեղահանումներն ու կոտորածները Արևմտյան Հայաստանում, որոնց թիվը 1896-ին արդեն անցնում էր 300000-ը: Իսկ 1915-ին թուրքական իշխանությունների համար ստեղծվեց առավել հարմար պահ և իրավիճակ (Առաջին աշխարհամարտը)` իրագործելու ավելի մեծ մասշտաբի, երկրով մեկ, համատարած ջարդեր, որոնք շարունակվեցին մինչև 1923 թ., բերելով հայերի` մեկուկես միլիոն զոհ:

1920-ին ստորագրված Սևրի հաշտության պայմանագրով՝ միավորված անկախ հայկական պետությունը ստանալու էր ավելի քան 161000 քառակուսի կմ տարածք, ունենալով ելք դեպի Սև ծով: Սակայն Ռուսական հեղափոխության ծնունդ` Խորհրդային պետությունը և Թուրքիան, իրենց սեփական շահերից ելնելով, վիժեցրին այն և նորանկախ Հայաստանի առաջին Հանրապետությունը բաժանեցին իրենց միջև, ինչը հետագայում ցավալի նախադեպ հանդիսացավ Մոլոտով-Ռիբենտրոպ նենգ ու դավադիր պայմանագրի համար:
Ավելին, Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ տարիներից սկսած, հավատալով Թուրքիայի կեղծ խոստումներին ու նենգ խարդավանքներին (որ վերջինս Ռուսաստանի աջակցությամբ պատրաստ է ողջ Մերձավոր Արևելքի ժողովուրդներին հավաքելու Հոկտեմբերյան հեղափոխության դրոշի ներքո)` Խորհուրդների ղեկավարները շարունակում էին Թուրքիային զոհաբերել հայկական նոր տարածքներ «մի թիզ» մնացած Հայաստանից, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) և Նախիջևանը, նվիելով այն թուրքական մյուս պետությանը՝ Խորհրդային Ադրբեջանին:
Լինելով «մեկ ազգ, երկու պետություն»` թուրքերը դարերով երազել են միավորվել մեկ պետության մեջ, և այն էլ՝ ի հաշիվ Հայաստանի տարածքի, ինչը, թերևս, Հայոց ցեղասպանության հեռանկարային ծրագրի գլխավոր «դրույթներից» էր: Սակայն նրանց բաղձալի միավորումը, հետագայում՝ «Մեծ Թուրանի» իրագործումը, կանգնեցրեց Զանգեզուրի «պարանոցը», որն այդպես էլ մնաց թուրքերի կոկորդում կանգնած...
Այդ մոլուցքով գայթակղված, թուրքական իշխանությունները, հայերի՝ իրենց պատմական հայրենիքում զանգվածային բնաջնջումն ու տեղահանումը լրիվ ու «անմնացորդ» իրագործելուց, նրանց ողջ ունեցվածքը (անշարժ և շարժական գույքը, ֆինանսաբանկային և առևտրաարդյունաբերական, մշակութային և այլ կառույցներում ունեցած հսկայական հարստությունը) բռնազավթելուց ու ամբողջությամբ կողոպտելուց, հայկական առաջին անկախ հանրապետության տարածքի զգալի մասի (Կարսի և Արդահանի նահանգների) անեքսիայից, և վերջապես Արցախն ու Նախիջևանը Հայաստանից Ադրբեջանի օգտին զավթելուց հետո, Թուրքիայում իրականացված ցեղասպանության՝ սեփական, բավականին «հարուստ» և հսկայական փորձը, նույն ծրագրով ու բովանդակությամբ, նույն հայատյաց քարոզչական «դրոշով», «փոխանցեցին» ադրբեջանական իշխանություններին, որոնք անցած 70 տարիներին, առաջին իսկ օրից, անմիջապես սկսեցին իրագործել և շարունակել հայերի ցեղասպանությունը, տեղահանումները, «սպիտակ ջարդը», հույս ունենալով` լրիվ «դատարկել» մեր տարածաշրջանը հայերից:
Դրա վառ ապացույցն է, որ այսօր Նախիջևանում չի մնացել ոչ մի հայ ընտանիք, երբ մինչ նրա նվիրումն Ադրբեջանին այնտեղ բնիկ հայերը բացարձակ մեծամասնություն էին: Բարեբախտաբար, այդ նույնը չհասցրին իրականացնել Արցախում, սակայն այդ 70 տարում, ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքական գործունեության պատճառով, իրենց հայրենիքը լքեցին տասնյակ հազարավոր հայորդիներ:
ԽՍՀՄ փլուզումից դեռևս երկու տարի առաջ Արցախը, նույն Միության գործող Սահմանադրության համապատասխան, ազգերի ինքնորոշման դրույթով, օրինական ճանապարհով հռչակեց իր անկախությունը: Սակայն Ադրբեջանի իշխանությունները, չհաշտվելով նախկինում իրենց ստացած «ընծայի» կորստի հետ, 1988-ին (ԽՍՀՄ ղեկավարության լուռ համաձայնությամբ) հայերին պատժելու նպատակով, նախ Սումգայիթում, ապա Բաքվում կազմակերպեցին և օրեր շարունակ իրագործեցին հայերի հերթական ջարդերն ու կոտորածները, ինչին բացարձակապես չէին «միջամտում» իրավապահ մարմիններն ու կառույցները:
Չբավարարվելով այդ, միայն թուրքերին հատուկ՝ հրեշավոր, դաժան կոտորածներով, որոնք ոչնչով չէին տարբերվում Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանությունից, Ադրբեջանի ղեկավարությունը 1991-ին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ ծավալեց Արցախի անզեն ժողովրդի դեմ։ Չնայած մարդկային մեծ զոհերին, հայերը, այնուամենայնիվ, կարողացան ոչ միայն արժանավայել դիմակայել, այլև ծնկի բերել թշնամու բանակը, ազատագրելով Արցախի մեծ մասը (1994 թ.), որով և ընդմիշտ ու անդարձելի կասեցվեց, վերջ դրվեց մեկ դար (1894-1994 թթ.) տևած Հայոց ցեղասպանությանը։
Այսպիսով, Արցախյան պարտադրված պատերազմում՝ հայերի նպատակադրված սպանդն ու բնաջնջումն իր ողջ էությամբ և իրողությամբ ինքնըստինքյան հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների իրագործած Հայոց ցեղասպանության հենց անմիջական և ուղղակի շարունակությունը, նրա բաղկացուցիչ մասը, «եզրափակիչ ակորդը», նրա մեծ շղթայի վերջին օղակը։
Հետևապես, Արցախում հայերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների իրականացրած, բոլոր առումներով իսկական, դասական ցեղասպանությունը` անջատել, առանձնացնել հայոց հարյուրամյա ցեղասպանության պատմության ողջ զարհուրելի իրադարձությունների իրողություններից, առավել ևս դրան անմիջապես նախորդած՝ Սումգայիթում և Բաքվում իրականացված ցեղասպանությունից, դարձնելով այն միջազգային ատյանների առանձին, անջատ, ամեն ինչից զատված և մեկուսացված քննարկման հարց, և այդքանից հետո, ինչ-որ տեղ մեղադրել հայերին և պահանջել նրանցից վերադառնալ Ադրբեջանի ենթակայության տակ, առնվազն անհեթեթություն ու անմտություն է և, բնականաբար, այն պետք է որ մտներ փակուղի, ինչին ականատես ենք արդեն երկու տասնամյակ: Այնինչ, տրամաբանությունն ու բանականությունը հուշում են, որ արցախյան հիմնահարցը ինքնին, անքակտելիորեն կապված է Թուրքիայում և Ադրբեջանում Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման և նրա ճանաչման հարցի հետ, կազմելով նրա անբաժան մասը: ՈՒստի և, իրականում, այդ հարցը պետք է լուծվի միայն և միայն Հայոց ցեղասպանության հարցի միջազգային քննարկման շրջանակներում, նրա հետ մեկտեղ, որպես մեկ ամբողջական, իրար հետ սերտորեն կապված, մեկը մյուսին լրացնող հարց:
Սակայն դա երբևէ չի նշանակում, որ Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող քննարկվել և լուծվել առանձին՝ առանց արցախյան հիմնահարցի քննարկման:
Կասկածից վեր է, որ Ադրբեջանում իրագործված ցեղասպանության և «սպիտակ ջարդի» գլխավոր ճարտարապետը, «պատվիրատուն» ու հովանավորը, հետևապես դրա հետևանքների հիմնական պատասխանատուն, մեծ առումով եղել և այսօր էլ մնում է նույն ինքը՝ Թուրքիան, որը ջանք ու եռանդ չի խնայում հերքելու, մոռացության տալու ցեղասպանության հարցը:
Պատահական չէ, որ մոտ չորս տարի առաջ սկսված և, բարեբախտաբար, մինչ օրս այդպես էլ ընթացք չստացած հայտնի բանակցությունների առիթն ու պահը Թուրքիան անմիջապես և մեծ հմտությամբ կարողացավ օգտագործել` ոչ երկրորդական դերակատարություն ստանձնելու Արցախի (և ոչ միայն նրա) հիմնահարցի կարգավորման գործում, մեզ քաջ հայտնի նախապայմանով` «սահմանների բացում` հայերի կողմից Արցախի հետ հանձնման և հայ-թուրքական ներկայիս սահմանների ճանաչման փոխարեն», ակնկալելով կրկին ձեռք բերել 1920-ականներին երբեմնի ունեցած մեծ և հզոր լծակները` Հայաստանն իր քաղաքական ազդեցության և կախվածության դաշտ բերելու, անմիջական մասնակցություն ունենալու արցախյան հիմնահարցի միջազգային քննարկումներին, օգտագործելով այն՝ ձգձգելու, միջազգային հանրության ուշադրությունից շեղելու, «խճճելու» և հնարավորինս մեկուսացնելու ցեղասպանության ճանաչման հարցը՝ դրանով իսկ խուսափելու ցեղասպանության ծանր պատասխանատվությունից:
Ի՞նչ տարածքի հետ հանձնման մասին են խոսում թուրք-ադրբեջանական իշխանությունները, երբ մեր պատմական հայրենիքի առյուծի բաժինը (այն 4-5 անգամ գերազանցում է ներկայիս Հայաստանի տարածքը) այսօր դեռևս գտնվում է գերության մեջ` Թուրքիայում և Ադրբեջանում: Կամ` ի՞նչ է նշանակում «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում»: Դա մի շինծու բառակապակցություն է՝ հարցը միտումնավոր ձգձգելու նպատակով: Կա միայն մեկ՝ Արցախի անկախության ճանաչման հարց, իր իսկ պատմական հայրենիքում, որտեղ նա արդեն 18 տարի է` ինչ ապրում է անկախ, խաղաղ և առաջադիմում՝ մարդու իրավունքների միջազգային բոլոր օրենքներին համապատասխան:
Ցավալի է և անարդար, որ այսօր ինչպես Արցախի ինքնորոշման, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերի լուծումը մեծ առումով պայմանավորված է մեծ տերությունների` միմյանց հետ և նրանց միջև գոյություն ունեցող միջազգային հարաբերությունների առկա իրավիճակից և հետագա հնարավոր դրսևորումներից, ինչպես նաև մեր տարածաշրջանում նրանց` ներկայիս և հեռանկարում ակնկալիք շահերից, որոնք դրդում են նրանց տուրք տալու ադրբեջանական իշխանություններին՝ հայ ժողովրդի արյան գնով ազատագրված հայրենի տարածքները երկրորդ անգամ, հենց այնպես՝ «սկուտեղի վրա», նվիրել հայերի ցեղասպանությունն իրագործած մի ազգի, որն այսօր էլ սպառնում է նրան նոր ագրեսիայով:
Այսօր ազգամիջյան խնդիրներ ունեցող ժողովուրդներն արդեն հասկացել են, որ միջազգային բարձր ատյաններում նույն հարցի համար գոյություն ունեն երկակի ստանդարտներ:
Մեզ համար դրա ցայտուն օրինակներից են մոտ մեկ դար առաջ, իր սեփական օրրանում իրագործված Հայոց ցեղասպանության` այսօր դեռևս ճանաչված չլինելու և այդ նույն ցեղասպանությունից 25-30 տարի ուշ, այն էլ օտար երկրի տարածքում իրագործված հրեաների ցեղասպանության վաղուց արդեն ճանաչված լինելու փաստերը:
Սակայն, այսօր հղանում է շատ լուրջ մտավախություն և վտանգ, որ արցախյան հիմնահարցը կարգավորող երկրները, երկար տարիներ չգտնելով հարցի ճիշտ և արդարացի լուծման բանալին (միգուցե պայմանավորված մեծ երկրների շահերով), ցավոք, կարող են գնալ նրա լուծման` Հայաստանի համար լրիվ անընդունելի տարբերակին, բնականաբար, ի հաշիվ Արցախի ժողովրդի անկախության, կամ ազատագրված հայկական բոլոր տարածքների հանձնման, ինչը, բնականաբար, հայ ժողովուրդը կընկալի որպես մեծ երկրների կողմից բացահայտ սադրանք և հրահրում (միտումնավոր, թե ոչ) պատերազմական գործողությունների վերսկսման` Ադրբեջանի կողմից, համընդհանուր հրդեհի բռնկման` մեր տարածաշրջանում:
Այդ նոր, ավելի մեծ և սարսափելի ողբերգությունից խուսափելու նպատակով, այսօր, թեկուզ և բավականին ուշացումով, համայն հայությունը, հանձինս մեր իշխանությունների, ի լուր ողջ աշխարհի քաղաքակիրթ ազգերի և նրանց երկրների ղեկավարների, պետք է հանդես գա պաշտոնական հայտարարությամբ և նրանց դատին ներկայացնի այսօր` Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ 20 երկարուձիգ տարիներ դեռևս շարունակվող, սակայն այդպես էլ ոչ մի լուրջ և շոշափելի արդյունք չարձանագրած, ներկայիս, գուցե և ավելի մշուշոտ ու հեռանկար չունեցող բանակցությունների իրական պատկերը, Ադրբեջանի իշխանությունների մշտական մերժողական կեցվածքն ու դիրքորոշումը Մինսկի խմբի՝ հարցի կարգավորման բազմաթիվ առաջարկներին, որին հակառակ՝ նրանք վերջին տարիներին մեծ թափով վերազինում են բանակը և բացեիբաց՝ ի լուր միջազգային բարձր ատյանների, հայտարարում իրենց մոտալուտ ագրեսիայի մասին` Արցախի ժողովրդի դեմ:
Նույն նամակով դիմել Արցախի հիմնահարցով զբաղվող երկրների նախագահներին՝ պահանջելով, որ նրանք մեկ անգամ ևս ծանոթանան և հարցի հետագա քննարկումների ժամանակ անվերապահորեն հաշվի առնեն Արցախյան թնջուկն իրականում ծնած հիմնական և ծանրակշիռ, պատմական գործոնների ու իրադարձությունների բուն պատճառներն ու հետևանքները՝ անմիջականորեն կապված Արևմտյան Հայաստանում և Ադրբեջանում մեկ դար շարունակ հայերի բնաջնջման, ցեղասպանության, տեղահանման, սպիտակ ջարդի հետ` իրենց իսկ պատմական հայրենիքի տարածքում:
Պատմական այս բացահայտ և անհերքելի փաստարկները լուրջ հիմք են և լրիվ բավարար են, որպեսզի արցախյան հիմնահարցի բանակցություններում (թեկուզ և ուշացած) բարձրացվի և միաժամանակյա քննարկման դրվի Հայոց ցեղասպանության (թեկուզ և միայն Սումգայիթում ու Բաքվում) ճանաչման հարցը, հակառակ դեպքում մեր կողմի մասնակցությունը նրան եղել և մնում է անտրամաբանական, անիրատեսական, անհիմն և անընդունելի:
Իսկ մեզ՝ ողջ հայությանս, մնում է ապավինել մեր հավաքական ուժին, միաբանվել, հզորացնել մեր երկիրը, կտրուկ բարձրացնել նրա վարկանիշն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում, ինչը թույլ կտա մեզ համարձակ հանդես գալ միջազգային ատյաններում, խուսափել և պաշտպանվել արտաքին աշխարհի կողմից ներկայացված, թերևս, անարդար և անհեթեթ պահանջներից, թելադրանքներից և պարտադրանքներից:
Օգտվելով մեզ համար միջազգայնորեն բարենպաստ, հարմար պահից և իրադարձությունից (գուցե և այսօր) շրջանառության մեջ դնենք Սևրի՝ ավելի քան 90 տարի առաջ անարդար «սառեցված» պայմանագրի վերականգնման, վերահաստատման հարցը միջազգային դիվանագիտական ասպարեզում՝ հրավիրելով համաշխարհային հանրության ուշադրությունը հարցի վրա, ակնկալելով նրանց հնարավոր միջամտությունն ու օգնությունը` ուղղելու պատմության հորձանուտներում և նրա քմահաճույքով մեզ «պարգևված» այդ չարամիտ և դաժան փորձությունը, որը հետագայում շատ ճակատագրական դարձավ հայ ժողովրդի համար:

Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ
Ռոբերտ ՇԱՄԻՐՅԱՆ
Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3141

Մեկնաբանություններ