ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Ես չեմ ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում Ադրբեջանին գերի մնացած Թուրքիա տեսնել»

«Ես չեմ ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում Ադրբեջանին գերի մնացած Թուրքիա տեսնել»
22.04.2013 | 16:36

tert.am կայքը հրապարակել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հարցազրույցը Zaman-ին.

-Հավատո՞ւմեք, որ 1915 թ. Ցեղասպանություն է տեղի ունեցել։ Ինչո՞ւ։
-Թուրքիայում շատերը չգիտեն, որ ցեղասպանություն հասկացության ամենակարևոր պատճառներից մեկը Հայոց Ցեղասպանությունն է։ Ցեղասպանություն հասկացությունը սահմանած Ռաֆայել Լեմքինն ինքն է նշում այդ մասին։ Նա իր հուշերում պատմում է, որ երբ 1921թ.-ին Սողոմոն Թեհլերյան անունով մի հայ սպանել է Թալիաթ Փաշային, ինքն այդ ժամանակ Լեհաստանի համալսարանի ուսանող է եղել։ Թեհլերյանի դատավարության ընթացքում դասախոսին հարցրել է՝ ինչո՞ւ մեկ միլիոն մարդու սպանած մարդուն՝ Թալիաթին, չեն դատել և փոխարենը դատում են մի մարդու սպանած անձի (Թեհլերյանին)։ Դասախոսը պատասխանել է. «Պատկերացնենք մի զույգ, ով հավեր ունի։ Զույգը հավերին կարող է սպանել, իսկ ինչո՞ւ ոչ։ Դու չպետք է խառնվես նման հարցերի»։ Ուսանողի պատասխանը հետևյալն էր. «Բայց մարդիկ հավ չեն..»։
Լեմքինն ասում է՝ ես այդ տերմինն ստեղծել եմ հայերի գլխին եկածը պատմելու համար։ Իսկ մենք քննարկում ենք 1915թ.-ին ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ։

-Հայերն էլ թուրքերին են սպանել, այդ մասին ի՞նչ եք մտածում։
-Բոլոր կոտորածներից հետո վրեժխնդրության դրսևորումներ են լինում։1918-1919թթ.-ին հայ խմբերն Էրզրումում, Երզնկայում, Կարսում վրեժխնդրության ակցիաներ են իրականացրել։ Սպանությունը սպանություն է, սակայն վրեժխնդրության դրսևորումները կարելի է արդարացնել։ Սակայն որոշ խմբերի անկանոն գործողությունների ու մի պետության՝ մեկ միլիոնից ավելի մարդու սպանելու մասին ասել, որ փոխադարձ կռիվներ են եղել, իմաստ չունի։
Օսմանյան կայսրությունը հետևողականորեն ոչնչացնել-չոչնչացնելու պատասխանը 1918թ.-ից հետո տեղի ունեցած գործողություններով չպետք է պայմանավորել։

-Ի՞նչ ճանապարհով պետք է լուծել Հայկական հարցը։

-Նախ, իմ կարծիքով, ոչ թե Հայկական հարցից, այլ թուրքական հարցից խոսելը ճիշտ կլինի։ Ամեն ինչից առաջ թուրքերը պետք է սովորեն խոսել անցյալում տեղի ունեցած դեպքերի մասին։
Պատմությունն իմանալն ու պատմության մասին խոսելը երկու տարբեր բաներ են։ Իմ կարծիքով՝ ամեն ինչի սկզբում ցավը հասկանալն ու կիսելը պետք է լինի։ Պետք է սովորենք հայերից լսել, թե ինչ են ապրել իրենք։ Խնդրի լուծումը երկու մասի կարելի է բաժանել՝ պետական մակարդակ և հանրային մակարդակ։
Պետական մակարդակում նախ պետք է փոխվի կառավարության լեզուն, խոսելաձևը։ Կռվի և խաղաղության ու եղբայրության լեզուները տարբեր են։

Նախ պետք է լուծում գտնելու համար լեզու գտնել։ Դրա համար նախ ինտերնետային էջերում հայերի հանդեպ ատելությունն ու վրեժխնդրություն սերմանող նյութերին վերջ տալ է պետք, ինչպես նաև փակել Ազգային անվտանգության խորհրդի ֆինանսավորմամբ գործող «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման խորհուրդը»։ Քանի դեռ այդ հանձնաժողովը կա, Թուրքիայի՝ Ցեղասպանության հարցում որևէ քայլ կատարելը երազանք կլինի։
Երկրորդ կարևոր քայլը սահմանները բացելը կլինի։ Անցյալի խնդիրների լուծումը միայն և միայն այսօրվա հարաբերությունների կարգավորմամբ է հնարավոր։ Սահմանները փակ պահելով և դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով՝ մարդիկ միմյանց չեն ճանաչի, չեն խոսի, ուրեմն էլ ինչպե՞ս պետք է լուծեն խնդիրները։

Հայ-թուրքական սահմանը բացել է պետք, և եթե այդ սահմանադռանը Հրանտ Դինքի անվանումը տանք, շատ գեղեցիկ ժեստ կլինի։
Երրորդ կարևոր քայլը ներողություն խնդրելը կլինի։
Մեր ժամանակների պետությունների ղեկավարներն ու վարչապետներն անցյալի իրադարձությունների վերաբերյալ ներողություն են խնդրում։ Դրանից նրանք չեն ստորանում, չեն փոքրանում, հակառակը՝ հեղինակություն են ձեռք բերում։

Թուրքիան այդ քայլը պետք է անի։ Իսրայելի կողմից նավի (2010-ին «Մավի Մարմարա» նավի) վրա հարձակման համար ներողություն պահանջող Թուրքիան պետք է տեսնի, որ 1915թ.-ին մեկ միլիոն մարդու սպանության համար էլ հայերը դա են սպասում։

Երկու ժողովուրդների, երկու կողմերի հաշտության համար անհրաժեշտ է դատապարտել դրանք և նշել, որ անընդունելի են եղել։

Չորրորդ քայլը վնասի փոխհատուցումն է լինելու։ Անատոլիական արմատներ ունեցող բոլոր հայերին ինքնաբերաբար քաղաքացիություն շնորհելը կարող է մի քայլ լինել։ Այդպիսի քայլ կլինի հայերին պատկանող մշակութային-կրոնական, պատմական վայրերի վերադարձը, հայ ճարտարապետների կառուցած շինությունների վերակառուցումը, Անատոլիայից ջնջված, ոչնչացված հայերի մշակութային և հոգևոր վայրերը դարձյալ վերակենդանացնելը։ Խորհրդանշական քայլ կարող է լինել Սիսի կաթողիկոսության վերադարձը։ Կամ, օրինակ, ամեն տարի Ապրիլի 24-ին Անկարայի Քոջաթեփե կամ Սուլթանահմեթ մզկիթներում ի հիշատակ 1915թ.-ի զոհերի աղոթքը, համատեղ այլ կրոնական միջոցառումների անցկացումը։

Պետք է ժողովուրդն իմանա ճշմարտությունը, և մոտ 100 տարի տևած սուտն ու ուղեղ լվալու գործընթացի բացասական հետևանքների վերացմանը պետք է օգնեն գիտնականները՝ մամուլի կամ հրատարակչությունների միջոցով։

-Տեղահանության 100-ամյակին ընդառաջ՝ 2015թ.-ին ինչե՞ր եք ակնկալում։

-Եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Իսրայելն իրենց քաղաքականությունը չփոխեն, չեմ կարծում, որ որևէ լուրջ բան տեղի կունենա։ Այս պահին ոչինչ չկա, որը ցույց կտար, որ այս շրջանակները կփոխեն իրենց կեցվածքը։ Կարծում եմ՝ 2015թ.-ին էլ այս շրջանակներում ցույցեր են լինելու, որոնց ընթացքում մարդիկ իրենց հավատացած, իմացած բաներն են կրկնելու։ Հետո կգա ապրիլի 25-ը։

Ես չեմ ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում Ադրբեջանին գերի մնացած Թուրքիա տեսնել։

Թուրքիան պետք է նախևառաջ վերջ տա իր երկրի տարածքից Հայաստան թռիչքներ իրականացնելու համար անգամ Ադրբեջանից թույլտվություն ստանալուն։ Դա ամոթ է։

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունները Թուրքիան չեղյալ համարեց Ադրբեջանի ճնշմամբ։ Կարծում եմ՝ 2015թ.-ին այդ Արձանագրությունները կյանքի կոչելը լավ սկիզբ կարող էր լինել։ Ես հավատում եմ և հույս ունեմ, որ քրդական հարցը լուծելու հարցում համարձակ քայլեր ձեռնարկած Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցով էլ նման համարձակ քայլեր կանի։ Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է ազատվել Ադրբեջանի ազդեցությունից, հայերին լսել և նրանց՝ տարիներ շարունակ չճանաչված, մերժված ցավը հասկանալ։ Այնուհետ միայն կխոսենք այդ ցավերը բուժելու մասին։

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ