Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Անցկացվեց «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների փառատոնը

Անցկացվեց «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների փառատոնը
12.06.2012 | 10:27

Այսօր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարական կազմակերպությունը «Էրեբունի» թանգարանի հարակից հրապարակում անցկացրեց «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ցուցադրություն-փառատոնը:

Նշենք, որ հրապարակի 22 տաղավարներում ներկայացվել էին հայկական ազգային կրոնածիսական 13 տոների (Ամանորից մինչև Խաչվերաց) օրվա խորհուրդն իրենց մեջ կրող թխվածքներ, բլիթներ, ավանդական ուտեստներ, ճաշատեսակներ: Միջոցառմանը ներկա էին նաև ուկրաինական և հունական ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` իրենց ավանդական սեղանով և կերակրատեսակներով: Տաղավարներ էին տրամադրվել նաև մշակույթ ներկայացնող առանձին անհատների և կազմակերպությունների, որոնց ցուցադրասեղաններին արվեստի բազմահնար գործեր էին, ձեռագործներ, գորգեր, կավից պատրաստված ամանեղեն, գեղանկարներ, տարատեսակ զարդեր:
«Միջոցառումը նպատակաուղղված է ինչպես մեր հինավուրց ծեսերի ու ավանդույթների պահպանման-զարգացմանը, այնպես էլ հին հայկական խոհանոցին հավատարիմ մնալու գաղափարին: Հայկական ավանդական կերակրահամակարգը մեր ժողովրդի ազգային նկարագրի, առաձնահատկությունների արտացոլողն է, տոհմիկ կենցաղավարության, հյուրասիրության, ինչպես նաև տնտեսաձևերի հաջողության գրավականը: Ներկա համաշխարհայնացման պայմաններում գնալով խիստ կարևոր է դառնում դրա պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցումը: Այդ նպատակով կազմակերպությունը որոշել է փառատոնը դարձնել ավանդական և այն նշել ամեն տարի», -«Իրատես de facto»-ին ասաց կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանը:
Նշենք, որ փառատոնի հարյուրավոր այցելուներ, համտեսեցին հայոց տոնածիսական խոհանոցի բարիքները, իսկ երիտասարդ ազգագրագետները բեմից հյուրերին բացատրեցին տոների ծագումը, խորհուրդն ու նշանակությունը:
Փառատոնն ուղեկցվեց «Կարին», «Սասուն» ազգագրական, հունական «Խավիտոնի» համույթների, ինչպես նաև Երևանի «Մարիոնետների թատրոնի» տիկնիկների երգ ու պարով:
Փառատոնը, որի աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը, «Վասպուրական» հայրենակցական միությունը, «Կոկա-Կոլա» ընկերությունը, արդեն կազմակերպվում է չորրորդ անգամ: Հավելենք նաև, որ փառատոնի անվանումը և խորհրդանիշը կազմակերպիչներն ընտրել են անվանի նկարիչ Գրիգոր Խանջյանի համանուն կտավի հիման վրա:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ