Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին

Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին
13.05.2024 | 19:15

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոչ միայն նրանց նկատմամբ ոստիկանությունն աննախադեպ բիրտ ուժ է կիրառել: Անգամ մայթերից են մարդիկ բերման ենթարկվել:

Հերթական անգամ ոստիկանությունը չի խորշել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ բռնություն կիրառել:

Այսպես՝ ABC Media-ի օպերատոր Մհեր Դավթյանին ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին, առանց հետ նայելու՝ հեռացել է, իսկ Թումանյան փողոցում ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (կարմիրբերետավորներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել «24News.am»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։

Բնականաբար, Քննչական կոմիտեն, որն այնքան ուշադիր է կառավարող ուժի գրասենյակում գործող լրատվամիջոցի ու առհասարակ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական աշխատանքը «խոչընդոտելու» ցանկացած փորձի նկատմամբ ու անհապաղ քրեական վարույթներ է հարուցում, որևէ հաղորդագրություն նշված դեպքերի վերաբերյալ չի տարածել:

Հատկանշական է, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու վերաբերյալ, ինչի մասին արել են հրապարակային հայտարարություն:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը, ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ Քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային:

Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու:

Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից:

Միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորում ենք ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ ոստիկանների կողմից դրսևորվող վարքագիծը և տալ առարկայական գնահատականներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ