(սկիզբը՝ այստեղ)
Եվ այսպես, 1964 թ. հոկտեմբերի 16-ին խորհրդային ժողովուրդը տեղեկացավ, որ այսուհետ իր «առաջնորդը» լինելու է Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը, այսինքն` հենց նա է դարձել ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար (շուտով այդ «առաջին» բառը կփոխարինվի ավելի «ուժեղ»` «գլխավոր» բառով): (Ոչխարի հոտին էլ կոլխոզի վարչությունը երբեք չէր տեղեկացնում, թե վաղվանից ով է լինելու հոտի չոբանը: Համեմատությունը կոպիտ է, բայց, ըստ էության, նույն վերաբերմունքն էր):
Եվ սկսվեց շուրջ 18 տարի տևած մի երկարատև շրջան, որը հետագայում պետք է կոչեին լճացման տարիներ: Այդ ամբողջ ժամանակահատվածում եթե եղել են կարևոր և ուշագրավ իրադարձություններ, ապա բոլորն էլ բացասական բնույթի և վատ հետևանքներով: Իհարկե, եղել են պալատական ինտրիգներ, պաշտոնազրկումներ, խարդավանքներ, փոքր ու մեծ դավեր, բայց որքան էլ դա զարմանալի է, Բրեժնևը, որ երբեք չէր փայլել ոչ խելքով, ոչ արիությամբ, ոչ ակտիվ պետական-քաղաքական գործունեությամբ, նույնիսկ իր «առաջնորդության» երկրորդ «խաղակեսում», երբ հայտնվել էր ֆիզիկական ու մտավոր կատարյալ անճարակ վիճակում, ինչ-որ բնազդով, թե վեցերորդ զգայարանով ղեկավարվելով, կարողանում էր ազատվել բոլոր պոտենցիալ մրցակիցներից և «բարեհաջող» կառավարեց մինչև իր մահկանացուն կնքելը:
Ստեղծվել էր այն աստիճանի անտարբերության մթնոլորտ, որ ժողովրդին գրեթե ոչինչ չէր հետաքրքրում, ոչինչ չէր հուզում կամ ուրախացնում: Իշխանավորները թքած ունեին ժողովրդի վրա, ժողովուրդն էլ՝ իշխանավորների: Արտաքնապես թվում էր` ամեն ինչ կարգին է, նորմալ, թվում էր` այդպես էլ պիտի հավերժ շարունակվի: Բայց իրականությունը բոլորովին այլ էր:
Ոչ մի բան այնպես չի ապականում և այլասերում հասարակությունը, ինչպես սուտն ու կեղծիքը: Եվ 70 տարի այդ ստի ու կեղծիքի մեջ ամբողջությամբ թաթախված ու թաղված երկիրը խեղդվում էր համատարած կաշառակերությունից, իրավապահ մարմինների կատարյալ այլասերվածությունից, ազգամիջյան հարաբերություններում առկա, բայց դեռ թաքնված լարվածություններից, որոնք քայքայում-սասանում էին պետության հիմքերը։ Շարունակվող այդ գործընթացը անխուսափելիորեն հանգեցնելու էր ԽՍՀՄ-ի փլուզմանը:
Բրեժնևին հաջորդած հինգերորդ «առաջնորդ» Յուրի Անդրոպովը փորձում էր, խստություններ մտցնելով, կարգուկանոն հաստատել երկրում: Իհարկե, դրանից էլ ոչինչ չէր ստացվելու, քանզի ժամանակները բոլորովին այլ էին, և համակարգի հիվանդություններն այնքան շատ էին ու խոր, որ սաունաներում «օբլավաներ» սարքելով կամ նմանատիպ ուրիշ գործողություններով, ինտերնետի և համակարգիչների դարում դժվար թե առաջընթաց ապահովես:
Անդրոպովից հետո Կոնստանտին Չեռնենկոյին երկրի վեցերորդ «առաջնորդ» կարգելը ողջ աշխարհին ցույց տվեց, որ լրիվ «տեղ ենք հասել»: Թե ինչպես կարելի է 280 միլիոն բնակչություն ունեցող երկրում առաջնորդ դարձնել մի մարդու, որի կարողությունների նշաձողը նույնիսկ ուժերի ծաղկման շրջանում ոչ մեծ փոստային բաժանմունքի կամ նման մի ուրիշ հիմնարկի պետ աշխատելը կարող էր լինել, անհասկանալի հանելուկ է, որի պատասխանը կարող են տալ միայն նրան ընտրած լենինյան քաղբյուրոյի մյուս ոչուփուչ անդամները: (Շատերը չէ, որ գիտեն հետևյալ պատմությունը. երբ 1964 թ. հուլիսին Անաստաս Միկոյանը դարձավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, շատ շուտով համոզվեց, որ քարտուղարության պետ Կոնստանտին Չեռնենկոն գործից «գլուխ չի հանում» և շտապեց ազատվել նրա ծառայություններից: Դա մի քիչ տարօրինակ էր, քանի որ «թղթաբանության» մեջ Չեռնենկոն իսկական «գրոսմայստեր» էր, դա նրա տարերքն էր: Ի միջի այլոց, նման մի պատմություն էլ կապված է քաղբյուրոյի մեկ ուրիշ «կարկառուն» ներկայացուցչի հետ: Պատերազմի ժամանակ, 1942 թ., երբ Միկոյանը ԽՍՀՄ սննդի արդյունաբերության ժողկոմն էր, նրա տեղակալներից մեկը Նիկոլայ Պոդգոռնին էր: Միկոյանը որոշում է կոնկրետ հանձնարարությամբ նրան գործուղել Վորոնեժ։ Պետք էր հսկել շաքարի գործարանի էվակուացիայի կազմակերպումը: Պոդգոռնին չի մեկնում Վորոնեժ, փորձում է խաբել Միկոյանին և զեկուցում է, որ եղել է տեղում և ամեն ինչ կարգին է: Անաստաս Իվանովիչը շատ շուտ բացահայտում է խաբեությունը և նրան անմիջապես հեռացնում է զբաղեցրած պաշտոնից: Միկոյանը տանել չէր կարող ստախոսներին, փչաններին: Տարիներ հետո նույն այս Պոդգոռնին, լինելով Խրուշչովի և Բրեժնևի մտերիմը, դարձավ քաղբյուրոյի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, փաստացի երկրորդ դեմքն էր երկրում, իսկ Չեռնենկոն նույնիսկ «առաջնորդ» դարձավ: Ահա այսպիսի բաներ. իրոք որ անքննելի են գործերն Աստծո: Ո՞վ կարող էր գուշակել կամ ո՞ւմ մտքով կանցներ, թե ինչպիսի չար կատակներ կարող է անել ճակատագիրը):
Այստեղ ուզում եմ մի փոքր զվարճացնել իմ ընթերցողներին, բնագրով նրանց մատուցելով մի փոքրիկ զավեշտ մեր օրերի ամենաշատ ընթերցվող գրողներից մեկի՝ Սերգեյ Դովլաթովի
«Записные книжки»-ից:
«У Хрущева был верный соратник - Подгорный. Когда-то он был нашим президентом. Через месяц после снятия все его забыли! Хотя формально он был много лет главой советского правительства.
Впрочем, речь не об этом. В 63-м году он посетил легендарный крейсер «Аврора». Долго его осматривал.
Беседовал с экипажем. Оставил запись в книге почётных гостей. Написал дословно следующее: «Посетил боевой корабль. Произвел неизгладимое впечатление!»:
Հիմա երևի համոզվեցիք, սիրելի ընթերցողներ, որ մեր հարազատ երեսփոխաններից շատերը այդ Նիկոլայ Պոդգոռնու համեմատությամբ ինտելեկտուալ գիգանտ են:
Լճացման տարիներին ԽՍՀՄ-ը իր ղեկավարների շնորհիվ կամ պատճառով (երկու բառն էլ երևի ճիշտ կլինի) դարձել էր ծաղրուծանակի առարկա համայն աշխարհում: Խորհրդային մարդկանցից թաքցնում էին, որ, օրինակ, բանակցությունների ժամանակ «դորոգոյ» Լեոնիդ Իլյիչը օգտվում էր «շպարգալկաներից»: Բրեժնևը ԽՍՀՄ-ը «առաջնորդեց» ԱՄՆ-ի հինգ նախագահների օրոք՝ 36-րդից մինչև 40-րդը. Լինդոն Ջոնսոն, Ռիչարդ Նիքսոն, Ջերալդ Ֆորդ, Ջիմի Քարտեր, Ռոնալդ Ռեյգան: Որքան հիշում եմ, թվարկվածներից առաջինի և վերջինի հետ նա անձնական շփումներ չունեցավ, բայց մյուս երեքի հետ մի քանի անգամ հանդիպեց և բանակցություններ վարեց: Հիմա, հարգելի իմ ընթերցող, խնդրում եմ լարեք ձեր երևակայությունը և կողքից «դիտեք» այդ բանակցությունները: Դիցուք, Ջիմի Քարտերը հարց է ուղղում իր դիմաց նստած Բրեժնևին: Վերջինիս կողքին նստած Անդրեյ Գրոմիկոն սեղանին դրված թղթապանակում անմիջապես գտնում է մեծ-մեծ տառերով տպված տվյալ հարցի պատասխան «շպարգալկան» և մեկնում Բրեժնևին, որը գռմռալով ու ճպճպացնելով կարդում է այն, իսկ հեռուստաէկրաններից բոլորիս գոնե դեմքով ծանոթ Վիկտոր Սուխոդրեևը թարգմանում է «Բրեժնևի խոսքը» անգլերեն: Այս ամենը այն աստիճանի անհավանական է, որ իմ հարգելի ընթերցողներից ոմանք կարող են մտածել, թե ես պարզապես չարախոսում եմ կամ զրպարտում: Ի՞նչ կարող եմ ասել, եթե ոչ` Աստված մեզ դատավոր:
Նման ողբալի ու «զվարճալի» վիճակ էր «թանկագին» Լեոնիդ Իլյիչի «առաջնորդության» վերջին 7-8 տարիներին: Ոչ մեկի վեջը չէր, ոչ ոք վերևներում չէր ասում, որ այդպիսի խայտառակություն չի կարելի թույլ տալ, որ վաղուց ժամանակն է այդ «ավերակին» առոք-փառոք ճանապարհելու պատվավոր հանգստի: Քաղբյուրոյում բոլորին ձեռք էր տալիս «ստատուս քվոն». Բրեժնևն իր տեղում է, իրենք էլ՝ իրենց: Ինչպե՞ս չհիշենք Շառլ դը Գոլին, որը վերջին ելույթներից մեկի ժամանակ ընդամենը մեկ անգամ «սայթաքելով», որոշեց, որ հասել է իր հեռանալու ժամանակը և հարմար առիթ ստեղծելով, հրաժարական տվեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնից:
Անկեղծ ասած առանձնահատուկ ցանկություն չունեմ մանրամասն լուսաբանելու Բրեժնևի կուսակցական կարիերան և կենսագրությունը: Դա այն ժամանակների համար բավականին սովորական էր և տիպական: Բրեժնևը ենթակա չէր սայթաքումների, քանզի զգուշավոր, նույնիսկ վախկոտ մարդ էր, ունակ չէր որևէ կարևոր նախաձեռնության հեղինակ դառնալու, որովհետև նման քայլերը, անշուշտ, ռիսկի տարրեր կարող էին պարունակել, որոնք նա երբեք չէր կարող անել: ՈՒ առանց որևէ ռիսկի, կամաց-կամաց, անցնելով կուսակցական կարիերայով պայմանավորված գրեթե բոլոր աստիճաններով, նա եկավ-հասավ ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին, դառնալով մեր երկրի չորրորդ «առաջնորդը»: Եվ հենց այդ գորշ, բացարձակ միջակությունը կարող էր զբաղեցնել այդ պաշտոնը, քանզի ցանկացած վառ, տաղանդավոր անհատականության առաջ քաղբյուրո կոչվող «սրբերի» ակումբի դռները փակ էին շատ ամուր: Դեռ «առաջնորդ» դառնալուց առաջ Բրեժնևի հետ հանդիպած մարդիկ, կուսակցական և տնտեսական գործիչները զարմանում էին, թե ինչպես է միջակ ունակությունների և սահմանափակ մտահորիզոնի տեր այդ մարդը հասել այդպիսի բարձր դիրքի:
Արտաքին շահեկան տեսքով, վայելչակազմ, սիրալիր և բարյացակամ Լեոնիդ Բրեժնևը կրթված մարդ չէր: Նա իր գրություններում, նշումներում, մակագրություններում բազմաթիվ սխալներ էր անում (обесзкуражить, Бон (Бонн-ի փոխարեն), хокей (хоккей), Ново Сибирск, Веньгрия, Дюсендорф, Чаушестку, Шерванадзе, Кисенджер и т.д., и т.д.):
Որքան ավելի վեր՝ իշխանության օլիմպոս էր բարձրանում Բրեժնևը, այնքան ավելի տեսանելի էր դառնում նրա ձեռքերից այդ իշխանության «պլստալը»: Պլստալը պլստում էր, բայց չէր ընկնում, քանի որ իրականում այն տնօրինում էին նրա մերձավորագույն զինակիցներ Անդրոպովն ու Չեռնենկոն: Տոտալիտար համակարգը կարող էր աշխատել, գործել առանց անձնավորված դիկտատոր-առաջնորդի: Կուսակցական ապարատի ամենազորությունը գլխավոր քարտուղարներին դարձնում էր կուսակցական մեքենաների խամաճիկներ: Արդյունքում երկիրը միշտ պատմական մեծ ուշացումով էր ոտք դնում ապագայի ճանապարհին:
(շարունակելի)
Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ