ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մի օգտատիրոջ գրառումներից

Մի օգտատիրոջ  գրառումներից
22.06.2012 | 12:50

Ֆեյսբուքահայության մեջ կռիվ էր ընկել: Դրանցից մեկը` նախկին սիրիահայ, պատեհապաշտ, մի օր առաջ իր պատի վրա գրել էր. «Նորանկախ Հայաստանում, երբ կառուցվում էին երկաթբետոնե պատեր, դուք ո՞ւր էիք: Ես բուռ-բուռ մասնակցություն եմ ունեցել բետոնի շաղախին, դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ պատկան մարմիններն այդ մասին վաղուց են արձանագրել, բայց ես չէի իմանում շաղախի բաղադրությունը` դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Մեկ ուրիշը, շատ զայրացկոտ, օգտագործելով ժամանակակից բանաստեղծներից մեջբերումներ` չտեսնելով պատից կախ, տեսնելով ճակտից կախ, բուռն ընդվզել էր` սեռական բնույթի հայհոյանքների իր օրապահիկը գրելով իր պատի վրա. «Քեզպեսները ե՞րբ պետք է գլխի ընկնեն, որ ձուկը գլխից չի հոտում, այլ հոտեցնում են. էս ինչե՞ր ես պատմում, ո՞վ կհավատա քեզ, այ պատանի, ամբողջ կյանքդ պատրանքներով ես ապրել, հետո հայտնվել ես Հայաստանում ու քո չիմացած շախմատն ես խաղում` միշտ պատային իրավիճակ ստեղծելով, այ օգնական պատշար, գոնե գիտե՞ս, շարածդ պատ չի, արածդ շաղախ չի, վարպետներիդ նպատակներն էլ հայաքանդ…»
Մեկ ուրիշն այնքան էր զայրացել վերջինիս գրառումից, որ համարձակվել էր իր պատյանի վրա գրել. «Պատահում է, երբ մարդ հայրենիքի մասին երազներ է տեսնում դրսերում, երբ… քնած է լինում սիրուհու հետ, իսկ սեփական կնոջ հետ քնած ժամանակ հայրենիքի մասին երազներ չեն տեսնում, հայրենիքից հեռանալու մասին երազներ են տեսնում… Բայց ինչո՞ւ եմ պատմում այս ամենը. ասեմ, ես արդեն քանի-քանի տարի պարտքերի մեջ խրված եմ, էս ընթացքում լավ էլ լողալ եմ սովորել` մեկից վերցնում` մյուսին եմ տալիս, ու վերջը չի երևում, երբ երևա, պարտքալողս թողած, կանցնեմ վաստակած հանգստի: Բայց ոչ մեկը, մինչև անգամ վերջին պարտքատերս` քավորիս ընկերոջ օլիգարխը, ինձ չասաց` անպատասխանատու մարդ ես, դրանից բխող բոլոր հետևանքներով: Հիմա ի՞նչ է պատահել, հիմա ո՞վ է իր իմացած շախմատը խաղում, բոլորն էլ ուրիշների ձիու քայլերով են տուն-տեղ պահում, հայրենիք չարաշահում, թե հայրենիքին կոկորդից բռնած մինչև ո՞ւր կտանեն, Աստված գիտի: Դեռ լավ է, որ Ադամի մատները (պատառաքաղ) չենք խրում հայրենիքի կոկորդի մեջ, չնայած մի քանի այդպիսի անհայրենիքի տեսնողներ եղել են` երկաթբետոնե մատներով…»:
Իսկ բոլորովին… ծանոթ մեկը իր պատյանի վրա ոչ միայն համարձակվել էր գրառումներ անել անգլատառ հայերենով, այլև վերջերս ստիպողաբար ինքնամեկուսացած (մինչ իրեն մեկուսացնելը) մի քաղաքական պատարագիչի շահը պաշտպանել` նրան ողջ (մնացած) հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով` մատաղ (մատաղվող) սերնդի կրոնադաստիարակչական աշխատանքները օտար, ամայի ափերում կազմակերպելու համար. «Նա այն հազվագյուտ պատգամաբերներից է մեզանում, որ ճիշտ ժամանակին և խորապես ըմբռնեց Հայ եկեղեցու հայապահպան նշանակությունը` դրանից բխող բոլոր հետևանքներով, և կանգ չառավ ոչ մի խոչընդոտի առաջ` կազմակերպելով բազմաթիվ կրոնատենչ երիտասարդաց անվճար ուսումը այնպիսի պայմաններում, որ նրանք տեխնոլոգիապես հեռու լինեն հայրենիքից»:
…Իսկ ֆեյսբուքահայության պարտադիր առօրյան շարունակվում է. նրանցից շատերն իրենց պատյանների վրա նորանոր գրառումներ են անում` փորձելով գտնել հայի վերջին խելքին համապատասխան այնպիսի որակումներ` համեմված լեզվաոճական սխալներով և տառասխալներով, որոնց շնորհիվ, եթե ոչ իրենք, ապա հայությունը մի օր, ի վերջո, պատենազերծ կլինի` դրանից բխող բոլոր հետևանքներով…

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 4757

Մեկնաբանություններ