13.10.2024|
12:16
Յոթ տարի չէի եղել մերոնց գերեզմանին։ Հիմա մտել էի գերեզմանոց ու շվարած կանգնել, շուրջս էի նայում։ Գերեզմանոցն անճանաչելի էր դարձել՝ արևադարձային ջունգլիների նման աճել էր, փակել բոլոր ճանապարհները, տապանաքարերն իրար գլխի ելած, իրար հրմշտելով, խառը-խուռը, մի ոտի տեղ չկա, որ անցնես։ Ես, մի տեսակ, հետ էի վարժվել. Ամերիկայում, Ֆրանսիայում մի քանի անգամ առիթ եղել էր գերեզմանոց գնալու. գերեզմանները հավասար շարքերով, ասես քանոնով գծած լինեն, հանգիստ քայլում ես, մոտենում քո ուզած գերեզմանին։ Իսկ ստեղ․․․ Քարից քար թռնելով, ուրիշի գերեզմանները տրորոլով սկսեցի փնտրել մեր գերեզմանը։ Շուրջն ամեն ինչ փոխվել էր, ոչ մի կերպ չէի գտնում։ Հա պտտվում եմ ու պտտվում, արդեն նկատում եմ, որ նույն տեղով նորից եմ անցնում, իսկ մեր գերեզմանը չկա ու չկա։