Ընդունելով հանդերձ, որ Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմը ներգրավել է վարձկան ահաբեկիչների խմբավորումներ, միջազգային կառույցները շարունակում են սառնասրտորեն հետևել, թե ինչպես են հայերը խելահեղ հերոսությամբ դիմագրավում թվաքանակով ու սպառազինությամբ բացահայտ առավելություն ունեցող սիամական զույգին:
Ասում եմ՝ սառնասրտորեն, ու նույն պահին էլ մտածում. իսկ այդ ե՞րբ է աշխարհը տաք աչքով նայել մեզ, որ հիմա նայեր: Չէ, դարերի խորքը չեմ գնա, ընդամենը մի քսանվեց տարով հետ կտամ պատմության էջը ու կհարցնեմ այդ նույն պատմության դասագիրքը իրենց շահերին մշտապես հարմարեցնող հեղինակներին. Արցախյան ազատամարտում Ադրբեջանին ջախջախիչ պարտության մատնած ու իր պատմական հայրենիքի մի հատվածը հազարավոր զոհերի կյանքի գնով վերադարձրած հայերին զինադադարի այդ ի՞նչ խայտառակ պայմանագիր կնքել տվեցիք 1994-ին, որ այսքան տարի պատուհաս է դարձել թե՛ մեր, թե՛ վայ-դրկիցի, թե՛ միջազգային հանրության գլխին: Արցախի անկախությունը հենց ա՛յդ պայմանագրով ճանաչելու, նախահարձակ եղած Ադրբեջանին միջազգայնորեն ճանաչված օրենքներով պատերազմական վնասները փոխհատուցելու պարտադրանքի փոխարեն այդ ի՞նչ նվաստացուցիչ փաստաթուղթ ստորագրել տվեցիք հայկական կողմին, որի տակից առայսօր չենք կարողանում դուրս գալ: Համաշխարհային պատմությունը քանի՞ այդպիսի դեպք է հիշում, որ պատերազմի ավարտը վավերացվի ոչ թե պարտված կողմի կապիտուլյացիայով ու հաղթանակած կողմի նվաճումների ամրագրմամբ, այլ ինչ-որ անհասկանալի զինադադարով: Ի՞նչ է, չգիտեի՞ք, որ այդ դադար կոչվածը երկար չի տևելու: Իհարկե գիտեիք, և իհարկե հենց ձե՛զ էր պետք այս տարածաշրջանում մշտապես ունենալ եռացող մի կաթսա, որից սնվելու մեծ կամ փոքր ախորժակի դեպքում բավական է ընդամենը յուղ լցնել կրակին: Ահա և լցնում եք: ՈՒղիղ քսանվեց տարի: Մի լավ խառնում եք կաթսայի մեջ եղածը, ուզածներդ հանում-ճաշակում և հեռատեսորեն խախանդեցնում կրակը, որ անհրաժեշտ պահին նորից բորբոքեք:
Փաստորեն, գցել եք մեզ կրակե օղակի մեջ ու հանգիստ սպասում եք, որ կամ վառվենք-պրծնենք մինչև վերջ, կամ օղակը ճեղքելու անպատկերացնելի մի հնար գտնենք: Այն, որ վառվելուց հետո էլ չենք պրծնում ու հառնում ենք նորից, ձեզ արդեն լավ ծանոթ հայտնի թռչունի պես, դա գիտեք: Մնաց անսպասելի ճեղքումը: Արցախի անկախության ճանաչու՞մ Հայաստանի կողմից: Չէ, դրան դուք սպասում եք, սիամական զույգն էլ է սպասում, և հակաքայլերն էլ, անշուշտ, մշակել են վաղուց: Իսկ, այ, Արցախի վերամիավորումը Հայաստանին, համոզված եմ, շատ ավելի զորեղ հարված կլինի Բաքվին ու Անկարային, քան տասը «Իսկանդերի» անվրեպ խոցում: Ասում եք՝ թուրքերը վայնասու՞ն կդնեն, խստագույն պատժամիջոցնե՞ր կպահանջեն միջազգային կառույցներից:
Իսկ չե՞ք կարծում, որ պարտադրված ու հայաջինջ այս պատերազմով խաչը երեսներիցս արդեն թռցրել են, նաև պարզ հասկացրել, որ ինչպես 1915-ին, հիմա՛ էլ իրենց նավերը չեն կարող բարձրանալ հայոց լեռները: Իսկ դրանք նույն բարձրությունն ունեն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, և հենց էդ բարձրությունից էլ թքած պիտի ունենանք միջազգային կոչվող չեղած կարծիքի վրա, որ արդեն քանի դար հայանպաստ որևէ պայմանագիր չհղացավ: Իսկ չհղացավ, որովհետև թղթե շերեփով էինք մոտենում այն վառվող կաթսային, որից ուրիշները հենց քթներիս տակից երկաթե շերեփով թռցնում էին մեզ հասանելիքը: Քսանվեց տարի առաջ այդ երկաթե շերեփը մեր ձեռքին էր, դիվանագիտորեն հիմարացրին մեզ ու առան ձեռքներիցս: Այսօր պատմության չարխը ֆռացել ու նորից կանգնեցրել է մեզ պատմական վճիռ կայացնելու հրամայականի առաջ: Այս պատեհությունն էլ կորցնենք՝ թղթե շերեփն էլ կառնեն ձեռքներիցս: Չկասկածեք:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ