Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
28.04.2020 | 00:23
ՀԱՑԻ ԽՆԴԻՐ
...Մի՛ շտապեք կարծիք կազմել, թե ենթավերնագրի հարցում շտապողականություն է ցուցաբերվել, հետն էլ` վրիպում։ Մինչդեռ խոսքը Պերճ Պռոշյանի համանուն ստեղծագործության մասին չէ, այլ Վանաձորում տիրող իրավիճակի, որտեղ ոչ թե հացի սով է սկսվել, այլ թանկացման։ Եվ դա երեկ չի արձանագրվել, ոչ էլ պայմանավորված է կորոնավիրուսով, իսկ ոմանց ասելով` բիզնես շահով։ Այ, հենց այստեղ էլ դնենք հարցականներ ու մանրամասնենք հացի խնդիրը. որքա՞ն է այն «ջուր քաշել»։
Առաջին թեթև «վիրուսը» 2,5 ամիս առաջ էր, ու լոռեցին համբերատար գտնվեց։ Միտինգներ չարեց, փողոցներ ու խանութներ չփակեց, Լենինի դամբարանին նամակներ չգրեց, անգամ հույս ու հավատի «ներարկիչ» վարչապետին չդիմեց, ինքն իր յուղով տապակվեց։ Հաշվեց ալյուրի, էլեկտրաէներգիայի, իր չարչարանքի գինը և վերհիշեց հացթուխի գործը։
Իմ զրուցակիցներից մեկը` նախկին հրուշակագործ Անահիտ Հարությունյանը, չդժգոհեց, կեսկատակ, կեսլուրջ խոստովանեց, որ եթե հացի գնի բարձրացումը շարունակվեց, տնային պայմաններում իր թխած հացը կվաճառեր մտերիմներին, հարևաններին, ու դեռ մի բան էլ օգուտ կքաղեր` բազմանդամ ընտանիքի օրվա հացի ծախսը զրոյացնելով։ Գուցե։
Տիկնոջ ու նրա նմանների «փայփայած» երազանքը երբ օրեր անց փոխակերպվեց դժգոհության ալիքի, տեղի ինքնակառավարման մարմինները հարեհաս գտնվեցին. կլոր սեղանի շուրջ հավաքվածներն ու հաց արտադրողներից մի քանիսը չկիսեցին մյուսների կարծիքը։ «Ալյուրը թանկ ներկրվելու դեպքում մենք ինչքա՞ն վնասով աշխատենք։ Եթե հացը էժանացնենք, տակ ենք տալու. նշանակում է փակվենք, գնա՛նք։ Հնարավոր չէ նման պայմաններում դիմանալ մրցակցությանը։ Մեր արտադրական ծավալները մեծ չեն, հազիվ օրվա հարցերն ենք լուծում։ Շուկայում մի ոտնաչափ տեղ ենք գտել, մնում է դա էլ կորցնենք...»,- գրեթե այսպես արտահայտված միամիտ հացագործները, այնուամենայնիվ, լոռեցիավարի ասած, խալխի գլուխը մի բան գցեցին։ Դժգոհությունը մարեց։ Ժամանակավոր։ Եվ շատ կարճ։
ԽՈՍՏՈՒՄՆԱԽԱՌԸ ԹԹԽՄՈՐ
Վերևներում թե ովքեր և որքանով իմացան, գործուն ինչ աջակցություն եղավ. դժվար է հավատալ, այլապես հացի խնդիրը դարձյալ օրախնդիր չէր դառնա։ Իսկ դրա լուծումը, անշուշտ, ինքնակառավարման մարմինների հետ կապ չունի. ոչ նրանց «հագով» է, ոչ էլ գործառույթներում տեղավորվող։ Ռազմավարական նշանակություն ունեցող պարենամթերքի հարցը պետության հոգածության թիվ 1 խնդիրն է ու դրա համար կան համապատասխան կառույցներ, որոնք շուկայում ոչ թե անխոս դիտորդներ են` տեսնող ու նկատող, փաստերը համադրող ու եզրակացություններ անող... Իսկ արտակարգ դրության պայմաններում խաղի կանոնները խախտող տնտեսավարողների վրա մատ թափ տալուց կամ վարույթներ հարուցելուց զատ, կոչված են վիրահատական միջամտություններ կատարելու։
Շատ թե քիչ նորմալ երկրներում այս հարցը դրված է ի սկզբանե և լուծված մեկընդմիշտ. հաշվարկված է յուրաքանչյուր բնակչին հասնող պարենամթերքի օրվա չափաբաժինը, վաճառակետերի դիսլոկացիան, հեռավորությունը սպասարկողի և սպասարկվողի միջև անգամ տևողությունը, նկատի են առնված պետություն-մասնավոր հատվածի հարաբերությունը, փոխադարձ վստահությունն ու աջակցությունը... և գծագրված` ռիսկայնությունը, որի բացասական ազդեցության դեպքում տերն ու կրողը պետությունն է, ոչ թե անհատը կամ իրավաբանական անձը։ Եթե չկա այս ամենը, մնացածը` ինչ որ կա, ոչինչ է, լավագույն դեպքում` ածանցված։
Փաշինյանի կառավարության ամեն մի անդամ, կարծում եմ, ոչ պակաս գիտի (իհարկե` տեսականորեն, իսկ պրակտիկայում... «եփվելու» իմունիտետը` զրո), թե ինչ է նշանակում արտակարգ դրությունում չգործել իրավիճակին համարժեք, բայց, չգիտես ինչու (շատերիս համար) գնում են երևույթների հետևից, հաճախ` ուշացումով և միայն հետո փորձում խնդիրը լուծել տեղում։
Այս իշխանությունը ունա՞կ է քթից առաջ տեսնելու, ինչպե՞ս է պատկերացնում COVID-19-ի տևականությունը։ Վարչապետի նմա՞ն. «Մեր պիկը, կարծում եմ, մարտի 30-ին էր. և մենք պետք է ստեղծված նոր իրավիճակից հաղթանակած դուրս գանք»։ Ծեծված միտքը 2008 թ. լսել ենք Տիգրան Սարգսյանից։ Եվ ի՞նչ։ Դուրս եկանք ճգնաժամի տակի՞ց, թե՞ հպարտորեն տակին մնացինք։ Այսօր աշխարհը ուս ուսի տված նախապատրաստվում է սպասվելիք մեծածավալ արհավիրքների, տարատեսակ ճգնաժամերի, իսկ մենք... Հեռու չգնանք։ Մեր տեսածից հարցնենք։
Ի՞նչ կարող է տեղի ունենալ վաղը, եթե վանաձորյան հացի խնդիրը տարածում ունենա և, ընդհանրապես, առաջին անհրաժեշտության ապրանքների ու սննդամթերքի գնաճը գլուխ բարձրացնի։ Գնալու են քաջածանոթ բացատրության-պատճառաբանության ճանապարհո՞վ, թե՞ կիրառելու են «թաքնված» գործիքակազմով զսպաշապիկ հագցնելու տարբերակը։
Հեղափոխական քայլականներին, որ մինչև հիմա հաջողվել է, անուղղելի լավատեսության քարոզարշավն է։ Երկրորդը, որ նույնպես հրաշալի է ստացվում, ամեն ինչում նախկին իշխանություններին անարգանքի սյունին գամելն է, «տրյուկ», որով թեթևացնում են իրենց պատասխանատվության բեռը։ Բայց ոչ միշտ։ Որպես բացառություն, վանաձորյան հացի խնդրի շուրջ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի օպերատիվ մոտեցումն էր` տեսավ, հաղթեց ու... գնաց։ Իսկ մեկ շաբաթ անց, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, բոլոր քայլականների նման, սեփականաշնորհելով Նիկոլ Փաշինյանի մտքի «մարգարիտները», «փիլիսոփայեց»` առանց հանրապետականներին դատափետելու. «Հայաստանի ամբողջ շուկան վերահսկվում է։ Առանձին սննդամթերքների չնչին տեղաշարժերը ազդեցիկ չեն և կապված են բեռնափոխադրումների և առաջին հերթին արտարժույթի փոփոխության հետ։ Վանաձորում վաճառվող հացը հանրապետությունում ամենաէժանն է (իսկ դուք քաշը հաշվի առե՞լ եք- Վ. Մ.)։ Մի քանի տնտեսավարողների կողմից երկու հացատեսակի գնի բարձրացումը կապ ունի մի քիչ ալյուրի բարձրացման, փաթեթավորման, ծավալների կրճատման հետ. չեն գործում դպրոցներ, մանկապարտեզներ... Բայց վերջնական վերլուծությունը կներկայացնենք առաջիկայում, ուսումնասիրությունը դեռ ընթացքում է։ Եթե շաբաթներ առաջ ձուն 20-25 դրամ էր, իսկ այսօր` 40-50, դա դեռևս չի նշանակում թանկացում։ Գին որոշողը շուկան է, և ներկայիս գինը ճիշտ ինքնարժեքն է»։
Անդրադառնալով հնդկաձավարի, ոսպի, շաքարի, ձեթի, նարնջի... և առանձին մսամթերքների գնի փոփոխությանը, պաշտոնյան ոչ միայն մտահոգիչ չհամարեց, այլև վստահեցրեց. «Մենք ամեն ինչ վերահսկում ենք, շուկայում խախտումներ անողները զգուշացվում-պատժվում են, վարույթներ ենք հարուցել», իսկ վանաձորյան հացի առնչությամբ տղամարդավարի անկեղծացավ. «Դեռ հասկանալու խնդիր կա»։
Չենք կասկածում։ Հասկանալու խնդիր նաև հանրությունն ունի, ազգովի։ ՈՒ ո՞նց հասկանանք վարչապետի մեկնաբանությունն այն մասին, որ շուկան չպետք է դիտարկել միակողմանի։ Եթե թանկացել է ասենք վարունգը կամ հնդկաձավարը, «բա ինչու՞ չեք ասում, որ բենզինն էլ էժանացել է»։ Նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, կարծում եմ, հանցագործություն արած չենք լինի, եթե հորդորենք` «ժողովուրդ ջան, գարեջրի փոխարեն հանգիստ խղճով բենզին կամ դիզվառելիք խմեք»։ Կամ նախարար Տիգրան Խաչատրյանի ուղղորդումը. «Եթե հնդկաձավարը թանկացել է ու չեք կարողանում գնել, փոխարինիչ գտեք»։
...ՈՒռաա՜, բոլորիդ խելամիտ խորհուրդներն ընդունված են, պատճառաբանությունները` հարգված, ու մի հացի փոխարեն վաղվանից, ամեն քայլափոխի տեսնելով ձեռք ենք գցելու երկու ձու։ Ի՞նչ անենք թե «բալը» թանկ է։ Մի՛ ձգվիր այնտեղ, որտեղ չես հասնի։ Մեկ կգ իմբիրի (կոճապղպեղի) տասնապատիկ կամ քառապատիկ աճը աշխարհով է։
Ի՞նչ անի իմքայլական հայ պաշտոնյան։ Նա հո չի՞ կարող մտածել հարևան երկրի «ոչ հպարտ ու ազատ» քաղաքացու պես։ Դրա ապացույցը մատուցեց նաև պետական այր Գեղամ Գրիգորյանը, պատասխանելով. «Վրաստանը ինչպե՞ս է կարողանում կարգավորել գնաճը` հօգուտ ժողովրդի» հարցին.
-Գինը շուկան է որոշում, պետությունը չի կարող և իրավունք չունի խառնվելու գնի կայունացմանը։
Ավելին, ՏՄՊՊ նախագահի «դասախոսությունից» դժվար չէր կռահել, որ հարևանի «բախչեն» անհարկի քար գցելուց բացի մի տեսակ անիմաստ է «քիթը խոթել» ուրիշ տեղ, այս դեպքում` շուկա, որտեղ գործում են խաղի հստակ և ինքնակարգավորվող կանոններ։ Չվիճենք։ Բայց սա հենց այն է, որ կոչվում է գրոսմայստերական փախուստ կամ պարզապես, անցավ գլուխը ցավի տակ չդնել։ Դե, իհարկե, մեր իշխանավորները գլուխ չդրեցին նաև համաճարակի սկզբնական շրջանում, և այսօր ունենք այն, ինչ առկա է։ «Սխալը սխալի» հետևից գնացող Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 4 անգամ քիչ է մեզանից, իսկ մահացածներինը` 6 անգամ։
Եվ ուրեմն` հեղափոխական իշխանություն, ի դեմս, օրինակ, 500 հազար դրամ աշխատավարձ և աննախադեպ հավելավճար ստացող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, ոչ թե տրտնջացեք ձեզ բաժին հասած բախտից, վաստակած գումարի չափից, այլ քայլ արեք, ու այսուհետև վանաձորցիներին և ընդհանրապես հանրությանը հուզող բնամթերքի խնդրին մի՛ «բրնձեք» բառամթերքով։ Ժողովուրդը լալակռինչ չէ, ընդամենը պահանջում է, որ ամեն պաշտոնյա իր տեղում լինի, առանց սև ու սպիտակ տարանջատման, և մի քիչ էլ` ամոքող։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ