ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Պատմությունը հպարտանալու կամ դառը ճակատագիրը ողբալու համար չէ միայն

Վարդգես ՕՎՅԱՆ. Պատմությունը հպարտանալու կամ դառը ճակատագիրը ողբալու համար չէ միայն
21.05.2013 | 22:49

Երբ լուրջ-լուրջ վերլուծություններ ու կարծիքներ եմ կարդում առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը բարձրացրել է կամ «Եվրատեսիլ» կոչվող շոուում Հայաստանի ներկայացուցչին 2 միավոր է տվել, Ադրբեջանին՝ 12, ներառյալ նաև՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում «ռազմավարական դաշնակցի» հայտարարությունը, ըստ որի՝ Ղարաբաղյան խնդրում «Ռուսաստանի համար ստատուս-քվոն անընդունելի է» և այլն, մնում եմ տարակուսած հարցադրումներից՝ «մեր մեծ բարեկամ», «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանն ինչո՞ւ է այդպես անում...
Այդ հարցի պատասխանն իմանալու համար ընդամենը պետք է ճանաչել դիմացինին։ Տվյալ դեպքում՝ Ռուսաստանին։ Իսկ նրան ճանաչելը դա ռուս ընկերոջ հետ բաժակ զարկելը չէ միայն և ոչ էլ ռուս ժողովրդի ազնիվ զավակ ու տղամարդ լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ մեր ժողովրդի մասին ասված հիանալի խոսքերը։
Պարզապես պետք է դիմել սեփական պատմությանը, այլ ոչ թե այն ամուր փակել ու բանալին դնել գրպանում։ Պատմությունը հպարտանալու կամ դառն ճակատագիրը ողբալու համար չէ միայն։ Պատմությունից սովորաբար նաև դասեր են քաղում, որպեսզի ոչ միայն անցյալի սխալները չկրկնեն, այլև նոր սխալներ չգործեն։
1828 թվականից ի վեր, երբ «ռուսի օրհնած ոտքը» մտել է Հայաստան ու այն դարձրել իր գաղութը, կարճ ժամանակ հետո պարզ է դարձել, որ այդ երկրին Հայաստանը պետք է միայն որպես տարածք՝ առանց բնիկ ազգաբնակչության։ Առայսօր ոչինչ չի փոխվել, որովհետև Ռուսաստանն առաջին հերթին կայսրություն է, որ դարեր ի վեր ընդարձակվել է ոչ միայն արևմուտքից արևելք, այլև՝ հյուսիսից հարավ՝ մինչև Կամչատկա և Հայաստան, ճանապարհին ոտնատակ անելով կամ միաձուլելով բազում մանր-մունր ցեղերի ու ժողովուրդների։
Թե այդ կայսրությունն ինչքան է գոյատևելու, դժվար է գուշակել։ Թերևս մեզ համար դա չէ էականը, այլ այն, որ այդ ընթացքում մեր երկիրն ավելի շուտ չվերանա աշխարհի քարտեզից։ Ի տարբերություն մեզ, ռուսները բազմամիլիոն ազգ են, կայսրության փլուզումից հետո առնվազն երկու ՈՒկրաինայի չափ պետություն մնալու է։ Մեր պարագայում գլխավոր խնդիրն այն է լինելու, որ ոտնատակ չընկնենք ու ընդմիշտ կորցնենք մեր մատնաչափ երկիրը։ Հատկապես երբ դրա շատ դառը փորձն ունենք՝ Արևմտյան Հայաստանի կորուստը։
Վերջապես եկեք հասկանանք, որ այսօր Հայաստանի ու Ռուսաստանի միջև «բարեկամությունն» ընդամենը ստրուկի և տիրոջ բարեկամություն է։ Դրա թարմ վկայությունները՝ էներգակիրների մենաշնորհը Ռուսաստանին հանձնելը, սեփական տարածքի մի որոշ մասը երկարաժամկետ ու առանց վարձավճար նրան հանձնելը՝ ռազմաբազաների համար։ Որքան գիտեմ, Կիրգիզիան իր տարածքում տեղադրված ռազմաբազաների համար վարձավճար է ստանում թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ՌԴ-ից...
Սա լուրջ հոդվածի թեմա է։ Այս պահին ավելի ծավալվելու ցանկություն ու ժամանակ չունեմ։ Եզրափակեմ՝ մեր բոլոր դժբախտությունների ու սխալների պատճառները պետք չէ ուրիշ տեղ փնտրել։ Այն մեր մեջ է։ Քանի դեռ ինքներս չենք ուզում ձերբազատվել մեր մեջ նստած ստրուկից, քանի դեռ ազգային արժանապատվություն, ինքնասիրություն հասկացությունները մեզ համար վերացական ինչ-որ բաներ են, մեր դռանն ուղտի պես միշտ չոքած է լինելու ոտնատակ ընկնելու և որպես ազգ ու երկիր վերանալու վտանգը։

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ