Ակնհայտ է, որ համաշխարհային աշխարհաքաղաքական շերտերի սրընթաց տեղաշարժը, այս առնչությամբ Հարավային Կովկասի նշանակության մեծացումը և, համապատասխանաբար, ելնելով այս կամ այն խոշոր տերության շահերից, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցի հերթական ակտիվացումը, ինչպես երբեք, պահանջում են հայ ազգի բոլոր ռեսուրսների լուրջ հավաքագրում։ Այդ գործընթացը, անշուշտ, պետք է տեղի ունենա պետության համակարգված մոտեցումների և գործողությունների հավաքագրման պայմաններում։ Բայց համազգային սպառնալիքներին համարժեք արձագանքը հնարավոր է դիմադրության լայն ճակատի կազմակերպման դեպքում միայն։ Այս պայմաններում, ինչպես երբեք, պահանջվում է ամբողջ հայության առավելագույն համախմբումն ու ակտիվացումը։
Թեև վերջին տարիներին քիչ բան չի արվել այս ուղղությամբ, այդուամենայնիվ, թվում է, մենք մինչև հիմա լիովին չենք գիտակցում, որ ունենք ազգային անվտանգության համազգային համակարգի բնական ու եզակի մի մեխանիզմ` ի դեմս «աշխարհահայության»։ Կարևոր է ոչ միայն այն, որ պահպանվել է հայ համայնքների մի ընդարձակ ցանց, այլև այն, որ հայկական սփյուռքը լավ կազմակերպված է, բավականաչափ ապահովված և խիստ մտահոգված է հայրենիքի ճակատագրով։ Այս կապակցությամբ դժվար է գերագնահատել ամբողջ աշխարհում ճյուղեր արձակած ավանդական հայկական կուսակցությունների և սփյուռքի մյուս կազմակերպությունների նշանակությունը, որոնք ունեն քաղաքական վիթխարի փորձ, ստեղծել են արդյունավետ լոբբինգային կառուցվածքներ։ Այդուամենայնիվ, թեև դրանց աշխատանքը դժվար է գերագնահատել, սակայն համակարգման եղանակները, ինչպես նաև նոր ինքնատիպ մոտեցումները մշտական նորացման կարիք ունեն։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նորից հեծանիվ հնարելը թանկ հաճույք է։ ՈՒստի մենք կցանկանայինք պատմել աշխարհի ամենաստվարաթիվ չինական սփյուռքի և այն մասին, թե ինչպես է այն փոխգործակցում պետության հետ։
Նրանց անվանում են հուացյաո. դրանք, տարբեր գնահատումներով, շուրջ 80 մլն չինացիներ են, որոնք ապրում են Չինաստանի սահմաններից դուրս` աշխարհի 140 երկրներում, հիմնականում ԱՄՆ-ում, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում։ Ընդ որում, նրանց թվին են պատկանում ինչպես արտասահմանում ժամանակավորապես ապրող ՉԺՀ քաղաքացիները, այնպես էլ ավելի վաղ արտագաղթած չին վտարանդիների սերունդները, որոնք այլ երկրների քաղաքացիներ են։ Խիստ հատկանշական է և մեծապես ուսանելի, որ ավանդական չինական գիտակցության մեջ քաղաքացիությունը վճռորոշ նշանակություն չունի, ավելի կարևոր է նախնիների ծագումը։ Արդեն միայն այն պատճառով, որ Չինաստանում է ծնվել ձեր ապուպապը, ձեզ կհամարեն բնիկ։ ՈՒստի ավանդույթները չեն առանձնացնում հուացյաոներին, ընդհակառակը, չինացիները նրանց ընկալում են որպես իրենց համաքաղաքացիների, որոնք բախտի քմահաճույքով հայտնվել են հայրենիքից հեռու։ Ինչպես այստեղ չհիշես քամահրական անվանումները, որոնցով մենք տարբեր ժամանակ դիմել ենք մեր հայրենակիցներին` էլ ախպար, էլ «ապելսին ծախող»։ Չինաստանում չինացիների վերադարձը հայրենիք, անգամ մի քանի սերունդ հետո, ընդունվում է որպես ընտանիքների երջանիկ վերամիավորում։
Սակայն հանրության շրջանում հարգված ու ցանկալի են նաև այն չինացիները, որոնք նախընտրում են ապրել երկրի սահմաններից դուրս։ Այս ամենով է բացատրվում նաև «չայնաթաունի» հոգեբանական երևույթը, որտեղ չին վտարանդիները, որպես կանոն, կազմում են կուռ բնակատեղիներ, սերունդներ շարունակ պահպանում են իրենց մշակույթը, լեզուն, սոցիալական ու տնտեսական սերտ կապերը համայնքի ներսում և հայրենիքի հետ։ Մեկ ընտանիքի կամ հայրենակցության անդամների միջև ձևավորվում են առանձնակի կապեր` գուանսիներ, որոնք հիմնված են վստահության, մշակութային մերձավորության և ավագների հեղինակության հարգման վրա։ Այս կապերը գործում են չինական սփյուռքի ներկայացուցչի կյանքի և գործունեության բոլոր ոլորտներում, նրան հնարավորություն տալով լուծելու բազմաթիվ խնդիրներ բիզնեսում, ընտանիքում, կրթության մեջ` դուրս չգալով սփյուռքի շրջանակներից։ Այս կապերն առանձնակի նշանակություն են ստացել սփյուռքի չինացիների բիզնեսի զարգացման համար։ Հուացյաոների ստեղծած ընկերությունները համատեղ են տնօրինում բաժնետիրական կապիտալը, խաչվող դիրեկտորատները, գործարար հարաբերություններում օգտվում են միևնույն վարկերի, բանկային, միջնորդ և ապահովագրական ընկերությունների ծառայություններից։ Սա ստեղծում է գործարար շփման կայուն միջավայր, որի շրջանակներում կենտրոնացած են չինական կապիտալի շահերը և որի ներսում, որպես կանոն, այլոց կամ անցանկալի գործընկերների մուտքն արգելված է։ Հենց դա էլ չինական սփյուռքի տնտեսական հաջողության գլխավոր գրավականն է` անկախ բնակության երկրից։ Չինական գործարար ցանցերը, փաստորեն, անմատչելի են արտաքին աննպաստ ազդեցությունների համար, հեշտորեն հարմարվում են շրջակա միջավայրի ցանկացած փոփոխության և, անհրաժեշտության դեպքում, վերականգնվում են նոր վայրում։
Ընդ որում, Չինաստանն ամենևին էլ չի պահանջում նրանց վերադարձը, որովհետև նրանք ոչ պակաս օգուտ կարող են բերել հենց որպես սփյուռք։ Նկատենք` Չինաստանի կառավարությունն անգամ հավանություն է տալիս և պաշտպանում է վտարանդի հուացյաոների բնակության երկրի քաղաքացիության կամավոր ընդունումը` ներկայացնելով մի շարք պահանջներ։ Այսպես, օրինակ, ընդգծվում է, որ թեև «նա պետք է օգտվի տվյալ երկրի քաղաքացու բոլոր իրավունքներից և կատարի նրանց համար սահմանված բոլոր պարտականությունները, սակայն, կորցնելով չինական քաղաքացիությունը, հուացյաոները միաժամանակ «պահպանում են ազգակցական կապերը չին ժողովրդի հետ»։ Իսկ դրա համար, օրինակ, Չինաստանի տարածքում չինական ծագում ունեցող օտարերկրացիների վրա, փաստորեն, տարածվում են բնիկ քաղաքացիներին ներկայացվող մի շարք կարևորագույն իրավունքներ։ Ավելին, ՉԺՀ-ն պաշտպանել է հուացյաոների ներդրումները պետական մակարդակով. սեղմ ժամկետներում ընդունվել են ներդրումները պաշտպանող և հուացյաոներին մայրցամաքային Չինաստանում ներդրումներ կատարելու գործում մեծ արտոնություններ շնորհող մի շարք օրենքներ։
Դրա շնորհիվ հուացյաոների հետ կապված հույսերն արդարացել են։ Փողից բացի, նրանք երկիր են բերել տեխնոլոգիաներ, սկսել են արագորեն զարգացնել արդյունաբերությունը, ֆինանսական ծառայությունները, մեծացել է արտահանության ծավալը, ավելացել են արժույթի պաշարները։ Եվ պատահական չէ, որ փորձագետներից շատերը չինական տնտեսական հրաշքի պատճառներից մեկը համարում են հենց հուացյաոների ներդրումները։ Այսինքն, եթե փոքր-ինչ խտացնենք ասելիքը, ապա թե՛ երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս համարում են` «որտեղ` չինացի, այնտեղ` Չինաստան»։ Եվ դա օգտագործում են ինչպես հարկն է։
Այդուամենայնիվ, Պեկինը սովորաբար խուսափում է սփյուռքից հոսող նյութական ծավալների հրապարակումից։ Այսպես, չին գիտնականները նշում են, որ «միջազգային հարցերի յուրահատկության պատճառով մայրցամաքային Չինաստանը նպատակահարմար չի համարում գնահատական տալը սփյուռքի չինացիների տնտեսության ծավալներին»։ Սակայն օտարերկրյա դիտորդները կարծում են, որ չինական սփյուռքի տարեկան համախառն արտադրանքն անցնում է 2 տրիլիոն դոլարից։ ՉԺՀ-ի սահմաններից դուրս ապրող չինացիները վերահսկում են մեկուկեսից երկու տրիլիոն դոլարի հասնող ավանդներ։ Մալայզիայում բնակչության մեկ երրորդը չինացիներ են և վերահսկում են երկրի ազգային հարստության 70 տոկոսը։ Թաիլանդում նրանց թիվը 15 տոկոս է, բայց վերահսկում են տնտեսության ավելի քան 80 տոկոսը։ Ինդոնեզիայում 4 տոկոս հուացյաոների ձեռքում է տնտեսության 73 տոկոսը, իսկ Ֆիլիպիններում ընդամենը 1 տոկոս կազմող չինացիները տնօրինում են ազգային հարստության 60 տոկոսը։ Սինգապուրի տնտեսությունը լիովին գտնվում է չինական սփյուռքի հսկողության տակ։ Ասիացի 100 միլիարդատերերից 39-ը չինացի է։ Եվ արդեն այսօր չինական սփյուռքի վերին խավի առավել խոշոր դեմքերը ստանում են այնպիսի մականուններ, ինչպիսիք են «Օղակների տիրակալները» (նկատի է առնվում Խաղաղօվկիանոսյան «հրո օղակը»), «Ասիական նոր կայսրեր» և այլն։ Ահա ևս մի քանի բավականին տպավորիչ թվեր. Միացյալ Նահանգներում չինական սփյուռքը 13 մլն մարդուց է բաղկացած, Նյու Յորքի 8 մլն բնակիչներից յուրաքանչյուր 23-րդը չինացի է։
Սակայն նպատակամիտված նվաճողականության կասկածներին տուրք չտալու համար նրանք ամեն ինչ անում են իրենց հարգանքը հավաստելու տեղի կառավարություններին, իսկ հայրենիքի հանդեպ նրանց վերաբերմունքը շատ զգուշավոր է։ Ընդ որում, ընդգծվում է, որ այն, ինչով իրենք զբաղվում են, մաքուր բիզնես է, որն ընդհանուր ոչինչ չունի «Մեծ Չինաստանի» գաղափարի հետ։ Չինական սփյուռքի դավանած գիծը պատկերել է հայտնի քաղաքական գործիչ, ծագումով էթնիկ չինացի, Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուն։ «Տխուր կլինի, եթե մեր շահերը իրարամերժ լինեն։ Ավելին, դա գժտություն և անհամաձայնություն կառաջացնի մեր այն համաքաղաքացիների հետ, որոնք էթնիկ չինացի չեն»,- նշել է նա չին ձեռնարկատերերի համաշխարհային խորհրդաժողովում։ Ներդրումների խնդրի հարթման համար Լի Կուան Յուն անում է մի շարք ինքնատիպ առաջարկություններ. հոգ տանել, որ իրենց բնակության երկրներում նրանց կապիտալ ներդրումները չկրճատվեն Չինաստանում ներդրումներ կատարելու հետևանքով, Չինաստանում ունեցած կապերն օգտագործել տվյալ երկրների հետ նրա առևտուրն ընդլայնելու համար։
Լի Կուան Յուի հետ համամիտ են այն չին գիտնականները, որոնք ընդունում են, որ նոր ալիքի չին վտարանդիներն աչքի են ընկնում ազգային ինքնագիտակցության բարձր մակարդակով։ «Նրանց ազգայնականությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի լիարժեք է դրսևորվում,- նշում է Շանհայի ակադեմիայի հետազոտող ՈՒ Ցյանցզինը։- Սփյուռքի չինացիների ազգայնականությունը թեև սփյուռքի չինական ընկերակցության շարժման գլխավոր ուղղությունը չէ, սակայն նկատելի ուժ է միջազգային հարաբերություններում»։ Բայց հնարավոր վտանգ ներկայացնող հակասությունը հաղթահարվել է, ինչպես համարում է չին գիտնականը, միայն էթնիկ ազգայնականության և քաղաքացիական լոյալության «խոր միաձուլման» միջոցով։ Որպես օրինակ կարելի է վկայակոչել «Էթնիկ չինացիների համաշխարհային դաշնություն» բարձրագոչ անունը կրող կազմակերպությունը, որն ստեղծվել է 1998-ին և համակարգվում է ԱՄՆ-ից ու Ավստրալիայից։ Կազմակերպությունն իր առջև նպատակ է դրել նպաստել սփյուռքի չինացիների բարգավաճմանը, պայքարել նրանց իրավահավասարության, բացասական կարծրատիպերի հաղթահարման, չինական համայնքի ներկայացուցիչների միջև ինքնահարգանքի, սեփական արժանապատվության զգացումի դաստիարակման համար։ Նման պայմաններում առաջին հայացքից անհնար է թվում սփյուռքի վերածումը Պեկինի շահերի ջատագովի։ Ի դեպ, այս վիճակը լիովին ձեռնտու է Չինաստանին, ուստի և նրա «սփյուռքային» գիծն առաջին հերթին պահպանողական բնույթ է կրում։
Այնպես որ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ աշխարհում հուացյաոների դիրքերն ամրապնդվում են չինական տնտեսության աճի համեմատ։ Ընդ որում, չինական սփյուռքի կարողությունն ամենևին էլ սպառված չէ։ Սինգապուրի համալսարանի պրոֆեսոր Դեննի Ռոյայի կարծիքով` արտասահմանում չինական համայնքների առկայությունը Չինաստանի համար երկարաժամկետ առավելություններ է ապահովում Ասիայում տնտեսական կայսրության ստեղծման մրցակցության մեջ և նպաստում է համաշխարհային տնտեսությունում նրա դիրքերի ամրապնդմանը։ Պատահական չէ, որ Չինաստանում ասում են. «Որտեղ արև է ծագում, այնտեղ մենք եղբայրներ ունենք»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից