Դիլեման, որը վերջին շրջանում հնարավորություն էր տվել դրսևորվելու նույնիսկ ամենա«ճ» կլասի ուժերին` առավել ֆրոյդիստական-ենթագիտակցական կողմերով, վերջապես հանգել է իր տրամաբանական հանգուցալուծմանը:
Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը շուտով կառարկայանա: Պատվիրակությունների «տեսքով»:
ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ
Ասել էինք` Սերժ Սարգսյանը հաստատ կգտնի խաղը նրբագեղ կարգավորելու, ՀԱԿ-ի կողմից պայմանավորվածությունների խախտումը «շըտըկելու», ընդդիմության հետ դժվարորեն սկսված երկխոսությունը երկրի համար անչափ կարևոր այս փուլում շարունակելու ձևը:
Այո, պատվիրակություն կազմելու քաղաքական որոշումը, ըստ էության, կայացվել է: Սերժ Սարգսյանի կողմից:
Պատվիրակությունը կլինի կոալիցիոն: Երկուական անդամից բաղկացած (տեղյա՞կ է պահել այդ մասին Սարգսյանն իր կոալիցիոն գործընկերներին, թե ոչ, չգիտենք, հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանի զարմիկի հարսանիքին նա ժամանել է երջանկությունից հալվող Գագիկ Ծառուկյանի հետ, որն ամեն կերպ ցանկացել է բոլորին ցուցանել, թե ինչքան լավ են իր ու «թագավոր ախպոր» հարաբերությունները, ընդ որում, դրանից առաջ նրանք նաև «համատեղվել» են քաղշին նախարար Վարդան Վարդանյանի դստեր բավականին «շինիչ» հարսանիքին, այնպես որ, փորձագետները ԲՀԿ մասով չեն բացառում տեղեկացված լինելու հանգամանքը: Իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ վերջերս Սերժ Սարգսյանի առավել ակտիվացած հարաբերությունը նույնպես կայացած փաստ է, ուստի չի բացառվում, որ նա ևս տեղյակ լինի Սերժ Սարգսյանի ձիու քայլերի կասկադից):
Նախնական տվյալներով` ՀԱԿ-ի հետ երկխոսության իշխանական պատվիրակության կազմում ՀՀԿ-ն կներկայացնեն Դավիթ Հարությունյանը (երկու Դավիթը շատ չի՞ մի երկխոսության ժամանակ. այն նույնիսկ շատ է մենախոսության դեպքում), Գագիկ Մինասյանը, ՕԵԿ-ը` Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ից կլինեն Վարդան Բոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը (ասում են` ՀԱԿ-ում հատկապես ոգևորված են վերջինիս թեկնածությամբ):
Այս պահին քննարկվում է հարցը` պատվիրակությունը «ներսի՞ց, թե՞ դրսից»: Այն է` երկխոսության «մահվան մասին» չափազանցված լուրը ոչ և՞ս կհամարվի, պատվիրակության կազմը կհրապարակայնացվի մինչև ԵԽԽՎ ամառային նստաշրջանն ու կազանյան հանդիպո՞ւմը, թե՞ դրանից հետո:
Ըստ ամենայնի` «մինչև»: Շաբաթվա վերջին Սերժ Սարգսյանը կայցելի որևէ «տեղ» (մենք փորձեցինք ճշտել, թե ուր է գնալու ուրբաթ-շաբաթ օրերին Սերժ Ազատիչը, նախագահականի մամլո ծառայությունից տեղեկացրին` «առայժմ ոչ մի տեղ». հիշենք, սակայն, որ Սերժ Սարգսյանը չի սիրում «պայմանավորվածությունները» խախտել) և մինչև Ստրասբուրգ մեկնելը կհայտարարի-կշարադրի երկխոսության մասին իր թեզերը և, կատարած ժողովրդավարական քայլերով, բարեփոխումների լայնածավալ փաթեթով կմեկնի Եվրոպա` ելույթի, Զարուհի Փոստանջյանի հարցերին «պատասխանելու», այնտեղից էլ` Կազան, բանակցելու ժողովրդավարական արժեքներից ոչինչ չհասկացող, բացարձակ ընդդիմություն չունեցող, միայնակ Մեհրիբանի հետ երկխոսող Իլհամ Հեյդարի Ալիևի հետ:
ԴԵԼԵԳԱՏՆԵՐ ԿԱՅԻՆ ԱՅՆՏԵՂ` ՄՈՐԹԵՐԸ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ
Բայց մենք «վերադառնանք» Հայաստան` նորածին պատվիրակության «մահճի» մոտ:
Ասել ենք` ընդդիմության, նաև միջազգային հանրության հետ ներքաղաքական առաջին պարտիան Սերժ Սարգսյանը խաղաց սպիտակներով` «նա բիս», արձանագրելով գեղեցիկ ոչ-ոքի:
Քաղբանտարկյալների ազատումից հետո Լևոնը փորձեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և սկսեց սպիտակներով: Կազմեց պատվիրակություն: Ասել ենք` խախտելով խաղն ու պայմանավորվածությունը, բայց, միևնույն ժամանակ, մանևրի բավականին լայն դաշտ ապահովեց Սերժ Սարգսյանի համար` ոչ միայն վերջինիս համարելով միակ խաղացողը (համարյա` միակ տղամարդ), այլև վերջինիս համար երկխոսության թեմայի շուրջ տրանսֆորմացիոն հսկայական դիապազոն ապահովեց:
Հասկանալի է` Սերժ Սարգսյանն առաջիկա օրերին սպասվող ուղերձում, բացի դրսևորվելիք բարի կամքից (ասենք առանց վարանելու` ներքաղաքական այս մի տուրնեն հավասարազորների մաստեր-կլաս էր, որն էլ մեզանում քաղաքական նոր մշակույթի գեղեցիկ դրսևորույթ դարձավ. Քոչարյանի ժամանակ նման բանի մասին ուղղակի անհնար կլիներ երևակայելն անգամ, ուր մնաց` իրականություն դարձնելը), կանդրադառնա նաև երկխոսության թեմային, առարկային, «շարունակականությանը»:
Կարծում ենք` այն կառնչվի երկրի ներքին-սոցիալ-տնտեսական-բարեփոխչական հեռանկարներին, չի բացառվում նաև` որոշակի կադրային խնդիրներին (ինչն առաջին հերթին ձեռնտու է հենց Սերժ Սարգսյանին` ոչ միայն ԵԽԽՎ-Կազան ֆոնին, այլև առաջիկայում սպասվող ընտրությունների, այդ թվում` քաղաքականապես հզոր լինելու «ֆոնին»):
Ամենևին պատահական չէ, որ երկու կողմի պատվիրակություններում էլ տնտեսական բլոկն ահագին հետաքրքիր է. Գագիկ Մինասյան, Վարդան Բոստանջյան (խոսակցություն կա, որ, հնարավոր է, Հեղինե Բիշարյանը բազմազբաղվածության պատճառով հրաժարվի, այդ դեպքում նրա տեղը, ըստ ամենայնի, դարձյալ տնտեսական ներկայացուցիչ կզբաղեցնի):
ՀԱԿ-ի պատվիրակության «տնտեսականը» ոչ անհայտ Վահագն Խաչատրյանն է, իսկ ընդհանրապես, եթե անդրադառնանք պատվիրակության կազմերի ձևավորմանը, ապա պետք է արձանագրել` նույնիսկ այդ հարցում իշխանությունն ու ընդդիմությունը շատ հավեսով են «երկխոսել»` ի շահ ընդհանուր գործի:
Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատվիրակությունները (որոշակի բացառությամբ) կազմված են ոսկերչական նրբագեղությամբ: Հարցին, թե ինչպես եղավ, որ ընդդիմադիր թիմում, բացի Վահագն Խաչատրյանից, ասենք, Հրանտ Բագրատյանը ևս չներառվեց, ՀԱԿ-ի էլիտայից հնչեց հետևյալ պատասխանը. «Մենք ցանկացել ենք հարց լուծել, Բագրատյանը մեծ տնտեսագետ է, սակայն փոքր-ինչ օդիոզ ֆիգուր է, հանդուրժողության պակաս ունի, իսկ կոնֆլիկտներ մեզ պետք չեն»:
Դո՛ւք ասացիք:
ՀԱԿ-ի քաղաքական թիմն էլ, ըստ ամենայնի, նույն սկզբունքով է ձևավորված: Այն, որ Լևոն Զուրաբյանը (դե չէ, Ռուսաստանի «բարձրագույն իշխանության» մոմենտը նկատի չունենք, ոչ էլ նրա վերջին ու մշտական այցերը ոչ անհայտ «կրեմլիստ» Սմբատ Կարախանյանին), շատ մեծ փորձ ունի իշխանության հետ բանակցելու (չէ, հիմա էլ ամենևին ուրիշ բան նկատի չունենք. դե, ասենք, Գագիկ Հարությունյանի միջոցով սկսված բանակցություններն իշխանության «թևիկների», իսկ որ ամենակարևորն է` «թևի» հետ. հիշո՞ւմ եք` ինչ էր ասում նախագահ Տեր-Պետրոսյանը, երբ փոխնախագահ Գագիկ Հարությունյանին նշանակում էր ՍԴ նախագահ. «Բոլոր այն թղթերը, որ ինձ էր ներկայացնում Գագիկը, այդ թղթերի տակ Գ. Հարությունյան ազգանունը տեսնելիս, ես ստորագրում էի առանց վերապահության և շատ վստահ». հա՜` «ըդիկ Գագիկի ջարդելն էր». ու, փաստորեն, այդպես շարունակվում է մինչև այսօր):
Իշխանական բլոկում, փաստորեն, թույլ է արտքաղաքական սեկտորը, ի տարբերություն ընդդիմության, ուր ներկայացված է մարդ-նավատորմ Դավիթ Շահնազարյանը` Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան հարցով հատուկ դեսպանորդը, նախկին ԱԱ նախարարը (որը, ի դեպ, Սերժ Սարգսյանի հետ «համատեղ», նստեցրել է դաշնակներին), որը կարող է նաև հայ-թուրքականի մասով ևս «դեսպանորդել»` սպասվող բանակցությունների ընթացքում:
Ադեկվատ ֆիգուր իշխանական պատվիրակությունում, ասացինք, չկա, ինչն էլ նշանակում է` Սերժ Սարգսյանը բացառապես իր «պրիարիտետն» է համարել արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը:
Ինչը նույնպես նորմալ է:
Եվ ապա, իշխանական-կոալիցիոն էլիտայում գեոպոլիտիկայից լրջորեն հասկացողների (ականջը կանչի Արմեն Աշոտյանի, մի պատգամավոր կար էն «նեղ օրերին պառլամենտում, որի հետ կարող էինք գեոպոլիտիկ հարցեր քննարկել, նրան էլ տարան-դրին գործադիրում) լուրջ դեֆիցիտ կա: Ինչն էլ թուլացնում է իշխանական պատվիրակության հմայքը:
Բայց հո՞ այնտեղ է ոչ անհայտ «մույս» (բարև ձեզ, Վարդան Մինասիչ, Ձեզ չե՞ն ընդգրկել «ոևէ» պատվիրակության կազմում. մի տխրեք, գուցե Դավիթ Հարությունյանը Ձեր փոխարեն էլ բանակցի) Դավիթ Հարությունյանը:
Սեփական գործադիր իշխանության հետ վերջին շրջանում մատրոսավարի քյալլա տվող Դավիթ Հարությունյանը պատվիրակությունում է, որպեսզի անվերջ պտտի սկավառակը, որ ա՛յ, ՀԱԿ, ա՛յ, Լյով, ա՛յ, Վահագ (քաղաքապետ Վահագն Խաչատրյանի ժամանակ «վունդերկինդ», Վանոյի խորհրդական, երիտասարդ, խոստումնալից Դավիթ Հարությունյանը, որը համարվում էր «ներդրված» Վանոյի կողքին, դեռ քաղաքապետարանում չէ՞ր, դեռ չէ՞ր «դավաճանել հարազատ Վանոյին), արտահերթ ընտրությունների մասին Սահմանադրության մեջ «կետ» չկա, հիմք չկա, նորմ չկա, առիթ չկա, անհրաժեշտություն չկա:
ՈՒ այդպե՜ս շարունա՜կ։
Մինչև հերթական ընտրություններ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ