Վերջին օրերին էլեկտրոնային լրատվամիջոցները և սոցիալական ցանցերն ակտիվորեն քննարկում են Երիտասարդների համաշխարհային օրվա առթիվ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած համերգին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքը։ Վարչապետը մեղադրվում էր ոչ սթափ վիճակում ելույթ ունենալու մեջ։
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Համերգին Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել ոչ թե բեմից, որտեղ գտնվում էր ձայնային ամբողջ տեխնիկան, այլ շրջադարձային տրիբունայից։ Բանն այն է, որ ձայնային ազդակը շրջադարձային տրիբունայից բեմ հասնելու համար հարկավոր է որոշակի ժամանակ։ Նրանք, ովքեր երբևէ գործ են ունեցել ձայնային տեխնիկայի կամ գոնե միկրոֆոնի հետ, այդ ամենը կարող են հեշտությամբ հասկանալ։ Ընդ որում, ձայնը տեղ հասնելու ընթացքում արձագանքել է։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան ոմանք փորձում են ներկայացնել։
Ես ինձ վարչապետի փաստաբանը չեմ համարում, պարզապես ներկա եմ եղել համերգին, և ցավալի է, որ ինչ-ինչ մարդիկ կամ ուժեր փորձում են մանիպուլյացիայի ենթարկել հանրությանը և չեղած բանը ներկայացնել որպես իրականություն։ Ցավալի է նաև, որ շատերը, առանց խորամուխ լինելու հանգամանքների մեջ և առանց դույզն-ինչ մտածելու ու գիտակցելու, ջուր են լցնում ոմանց ջրաղացին։ Իսկ ինչո՞ւ նույն ելույթը չէր կարելի վերագրել, ասենք, վարչապետի հոգնածությանը, մանավանդ որ, ուսումնասիրելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը (http://gov.am), կարելի է տեսնել, որ այդ օրը՝ նոյեմբերի 10-ին, վարչապետը բավականին հագեցած աշխատանքային գրաֆիկ է ունեցել և խմելու, առավել ևս, հարբելու ժամանակ ուղղակի չէր ունենա։ Պատասխանը միանշանակ է. որովհետև մարդկանց պետք էր ներկայացնել այնպես, ինչպես ներկայացվեց։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ