ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՍՊԻՏԱԿՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԵՎ ՀԱՂԹՈ՞ՒՄ

ՍՊԻՏԱԿՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԵՎ ՀԱՂԹՈ՞ՒՄ
25.03.2011 | 00:00

Շախմատային պարտիայով զբաղված հայոց միտքը տևական ժամանակ փորձում էր հասկանալ` գրո՜ղը տանի, ո՞վ է վերջապես խաղում սպիտակներով:
Սպիտակներով այս պահին, իհարկե, խաղում է կարմիրի մեջ եղող (թե՛ համալսարանական ելույթի, թե՛ երեկվա ասուլիսում տիկին Մարին նրբաճաշակ-էմոցիոնալ կարմիրի մեջ էր. Ղրղզստանում կակաչները նույնպես կարմիր էին կարծես), հաղթական այդ գույնը նախընտրող ԱՄՆ դեսպան տիկին Յովանովիչը:
Այսպիսով, ի՞նչ էր անում ՀՀ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տիկին դեսպանը: Ընդ որում, առաջին անգամ կենտրոն այցելողին միջանցքում «դիմավորում» է Ռոբերտ Քոչարյանը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յ. Սխեֆերի հետ մեծադիր մի քանի լուսանկարներով: Տպավորությունն այնպիսին էր, թե Քոչարյանը դեռ նախագահ է, որովհետև երկար նայելուց հետո նկարների «ավանսցենայում» մի կերպ գտանք ՆԱՏՕ-ի հետ «համագործակցող», Ռուսիո գնահատմամբ՝ «յոթմղոնանոց քայլերով դեպ ՆԱՏՕ գնացող, Հայաստանում թաքնված ամերիկանիզմ, ՆԱՏՕ-իզմ ունեցող» այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանի մեկ-երկու նկարը՝ Օսկանյանի «բարձր հովանու» ներքո:
Այսպիսով, տիկին դեսպանը եկել էր՝ ինչո՞ւ:
Առանցքային մի քանի պատճառներով: Նախ՝ ՆԱՏՕ-ի: Լիբիայում գործողությունների պատասխանատվությունը նույն այդ օրը դրվում էր «ալյանսի» ուժերի վրա, դա ՆԱՏՕ-ի «երրորդ թռիչքն էր դեպ լուսին», Աֆղանստանից ու Իրաքից հետո:
Ինչպես ընդունված է ասել, «նրանք ցանկանում էին դժոխք» (ինչպիսին ունեցան Աֆղանստանում, Իրաքում), «ստացան դժոխք»: Փորձագետները չեն բացառում, որ Լիբիայում նույնը կկրկնվի, ինչ Աֆղանստանում ու Իրաքում: ՈՒստի պետք էր ՆԱՏՕ-ի մունդիրը վսեմ ու բարձր պահել. ոչ այնքան սկսնակ լրագրողներին բացատրելով՝ Լիբիայում ՆԱՏՕ-ն մարդասիրական առաքելություն է իրականացնում (երախտագետ հիշեցմամբ, որ Հայաստանը նույնպես իր պատրաստակամությունն է հայտնել Լիբիայի մարդասիրական օժանդակության «մոմենտով»), մանավանդ որ Սիրիան է արդեն հեղափոխակական խաղի մեջ հայտնվել, իսկ «գլխավոր» հերթում մեր հարևան Իրանն է:
Իրանի մասով մեր հարցն առանձնապես դուր չեկավ տիկին Մարիին: Հարցին պատասխանելիս նա դադարեց ժպտալուց (իսկ մինչ այդ ժպտում էր՝ երկու վայրկյանը մեկ ռեժիմով, ընդ որում, մեր ժպիտները փոխադարձ էին, որովհետև ընդհանուր առմամբ տիկին դեսպանը շարժում է մեր համակրանքը՝ յուր դիվանագիտական պահվածքի մոտեցումների առումով), իսկ նա չէր ժպտում, որովհետև փորձում էր հասկանալ՝ Իրանի մասին հարցը որևէ ուղղորդում ունի՞, եթե՝ այո, ինչպիսի՞:
Արդյունքում, ինչպես սպասվում էր, տրվեց պատասխաններից ամենադիվանագիտականը. Իրանը «միջուկայինի» առումով պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջը, կատարի իր պարտավորությունները:
Մենք «միջուկայինի» մասով բան չէինք հարցրել. մեր հարցն առնչվում էր Իրանում հնարավոր «արաբական» հեղափոխությանը, ինչպես նաև լիբիական-ՆԱՏՕ-ական դեպքերի կրկնությանը: Դեսպանն ասաց, որ հարցը «ենթադրությունների կոնտեքստում» է, ուստի հարցին չի պատասխանի:
Ընդ որում, հետաքրքիր էր այն տեխնոլոգիան, որը տիկին դեսպանը կիրառում էր ոչ հաճելի հարցերի դեպքում (չնայած ի պատիվ իրեն՝ ոչ մի հարց անպատասխան չթողեց. համբերատար, դիվանագիտական ճշգրտությամբ, ասել է՝ գրեթե ոչինչ չասող պատասխաններ տրվեցին բոլորի հարցերին). այսպիսով, ոչ հաճելի հարցերի ժամանակ նա խնդրում էր կրկնել հարցը: ՈՒ մինչ այն կրկնվում, թարգմանվում էր, նա կողմնորոշվում էր՝ ինչ ասել:
Ասենք, հարց հնչեց պետդեպի այն հայտարարության առնչությամբ, որ այսուհետ Լիբիայում ԱՄՆ-ի շահերը պետք է ներկայացնի Թուրքիան, դա այն դեպքում, երբ Թուրքիան (Էրդողան, Դավութօղլու տանդեմով՝ Պուտինի պես) իր անհամաձայնությունն էր հայտնել Լիբիայում կոալիցիոն ուժերի «խաչակրաց արշավանքի» առնչությամբ:
Տիկին դեսպանը «տեղյակ» չէր այդ «նոու հաուին»:
Հա բա. ապրիլի 24-ի շեմին, երբ պարոն Օբաման «հայկական հարցում» «նոու-հաու» չունի, երբ հաստատ ու կրկին արտաբերելու է, «մեծ եղեռն» եզրույթը, հերթական անգամ հիասթափեցնելով հայ լոբբիին, որի ձայներն էլի պետք են իրենց 2012-ին, չէր կարելի, չէ՞, ասել` գիտեք, մենք ընդունեցինք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «բազարը»՝ Լիբիայի հարցում, քարտ բլանշ տվեցինք նրան ոչ միայն այդ, այլև Իրաքի հյուսիսը ռմբակոծելու հաշվով (թերևս նույնպիսի «մարդասիրական» մղումներից ելնելով), համ էլ այս Թուրքիան էն օրը, ախր, «ոչ» ասաց Ռուսաստանի «Հարավային հոսքին». ԱՄՆ «Նաբուկո»-ի պատճառով, մի խոսքով՝ այլ «ճար» չունեինք, համ էլ մարդասիրությունը Եղեռնը, երկու միլիոն մարդու սպանդը ճանաչելը չէ, այլ ուժեղի հետ շախմատային «դոսկայի» վրա «ճշգրիտ» խաղալն է:
Եվ այնուհանդերձ, Լիբիայում կատարվող ՆԱՏՕ-ականության «մարդասիրության» հաշվով հարց հնչեց. իրո՞ք ԱՄՆ-ը կարծում է, որ այդպես է: Տիկին Մարին վկայակոչեց, որ Լիբիայում այդ «մարդասիրությունը» դրսևորելու համար կայացվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի համատեղ որոշում:
Իսկ Իրաքի՞ դեպքում: Չէ՞ որ այդ ժամանակ չկար ՄԱԿ-ի ԱԽ որոշում: Հարց տվող չկար: Բայց երբ տիկին դեսպանը ներկայացնում էր, թե ինչու իրենք «մտան» Իրաք, որովհետև այնտեղ ժողովուրդը հարստահարվում էր բռնապետի կողմից, չկային ժողովրդավարական ազատություններ, այդ ժամանակ արդեն լրագրողներից մեկի (ընդ որում՝ Հանրային հեռուստատեսության) նյարդերը տեղի տվեցին, ու վերջինս հարցրեց. իսկ նույնը կասե՞ք Սաուդյան Արաբիայի մասին։
Ա՛յ այդպես հետաքրքիր «մոմենտներ»՝ ասուլիսի արտաքաղաքական վեկտորում:
Իսկ մենք կարծում ենք բավականին համակրելի, սպիտակներով խաղացող տիկին դեսպանը լրագրողների հետ հանդիպմանն ավելի շատ եկել էր հայաստանյան ներքին հարցերով բացատրություններ տալու, իր հետ էլ բերել էր «համալսարանական» իր ելույթը (WikiLeaks-ի այս դարում երևի մոռացել էին, որ ամենքս մեր համակարգիչներում ունենք տիկին Յովանովիչի այդ օրվա ելույթը՝ ֆաս-անֆաս, «քոփի-փեստ» արած բոլոր դիրքերից. կարմիրով՝ մի հատվածը ընդգծած, սևով՝ մեկ այլ հատվածը, խաղը հասկանալու համար):
Չնայած նման ձեռնարկի ևս մեկ անգամ տիրաժավորումն ամենևին էլ չէր խանգարի, որ հատուկ վատ հասկացողները վերջապես հասկանային քաղաքացիական հասարակության ամերիկյան «պրելեստների» գերակայությունն ու այն դնեին իրենց շարժառիթների, իմա՝ շախմատային խաղի առանցքում:
Եվ ուրեմն, էն ո՜նց էր ԱՄՆ-ը՝ ի դեմս յուր դեսպանի, շնորհակալ այն լրագրողից, որը նրան ուղղեց ընդդիմությանը ֆինանսավորելու, պաշտպանելու («հետաքրքիր զուգադիպությամբ»՝ մեկ-երկու ժամ Յովանովիչի ասուլիսից առաջ Լևոն Զուրաբյանն էր ասուլիս տվել ու ահեղնադղորդ «կոշտացրել» ՀԱԿ-ի դիրքորոշումը. ցուցանելու, որ այդ իրենք են սպիտակներով խաղում՝ բոլորի հետ համաժամանակյա սեանս անցկացնող Սերժ Սարգսյանին այլոց դեմ դիմաց), հայաստանյան ներքին գործերին «խառնվելու» առնչությամբ հնչած հարցից:
Տիկին դեսպանն առաջ-հետ կոնֆիգուրացիայով փորձեց ապացուցել, որ իրենք ընդամենը պաշտպանում են իրենց ամերիկյան արժեքներն ու շահերը: ՈՒրիշ ոչինչ:
Ակնհայտ էր. շախմատային «տախտակի» վրա սպիտակների իրենց խաղը բավարարում էր ասուլիս տվող գրոսմայստերին: Այս պահին: Մաստեր-կլաս էր ցույց տրվել: Հայաստանում ստեղծվել էր շատ հետաքրքիր կոնֆիգուրացիա. ընդդիմությունը՝ ժողովուրդը, բավականին ակտիվ էր, իշխանությունը պատրաստ է բարեփոխումների «հաշվետվողականության», Քոչարյանը բացակայում է թե՛ սցենայից, թե՛ ավանսցենայից:
Պահն էր նրբագեղ նահանջի: Եվ այն տեղի ունեցավ: Բաց պահելով պարտիան հետագայի համար:
Ինչպես համալսարանական ելույթում, այնպես էլ մարտի 23-ի ասուլիսում դեսպանը վկայակոչեց իշխանություններին, Սերժ Սարգսյանին՝ անազատության մեջ գտնվողներին ազատ արձակելու համար, իր ջերմ ուրախությունը հայտնեց հայաստանյան մթնոլորտի լարվածության թուլացման հաշվով, ասաց. մենք «ըսկի՜, ոչ մի կապ չունենք ո՛չ ընդդիմության մարդաշատ հանրահավաքների, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմի հետ». ոչ մի բանի չենք խառնվում, մեր ի՞նչ գործն է:
Դա ձևակերպվեց հետևյալ ֆրազոլոգիայով՝ Հայաստանի ներքին զարգացումները Հայաստանի ներքին «ձեռքի» գործն են, «բա՜յց… մենք հետևում ենք այդ գործընթացներին»:
Նշանակում է՝ գամբիտ չի՞ լինի:
Բոլոր դեպքերում հետաքրքիր մի անեկդոտ. փորձառու շախմատիստը նորելուկին սովորեցնում է.
-Այդպես խաղալ չի կարելի, այլապես ես կվերցնեմ քո թագավորը:
-Հետո՞ ինչ, ես հանրապետություն կհռչակեմ, կշարունակեմ խաղը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ