ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԱՐՑ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԵ՛ ԱՐԱԲՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ, ԹԵ՛ ՊԱՌԱԿՏՄԱՆ ԳՈՐԾՈՆ

ՀԱՐՑ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԵ՛ ԱՐԱԲՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ, ԹԵ՛ ՊԱՌԱԿՏՄԱՆ ԳՈՐԾՈՆ
29.03.2011 | 00:00

Թունիսում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների առաջին օրերը Ֆրանսիայի շահերի դեմ անգլո-սաքսոնների հնարավոր խարդավանքների տպավորություն էին գործում, թեև այդ կարծիքի կողմնակիցներն այդպես էլ բավականաչափ փաստարկներ չգտան այդ վարկածի հիմնավորման համար։ Նկատի էր առնվում, որ ամերիկացիներին, չգիտես ինչու, դուր չեն գալիս Ֆրանսիայի կայուն դիրքերը Մաղրիբում (Արաբական Արևմուտքի տարածաշրջան), և նրանք կցանկանային փոխել շեշտադրումներն այդ շրջանում, բայց թե որն է այդ փոխատեղման իմաստը, և այն էլ այս պահին, դժվար է ենթադրել։ Այդուամենայնիվ, արաբական հեղափոխությունների շարքի դեմ հանդիման Արևմտյան ընկերակցության առաջատար պետությունների, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները չէին կարող քննության չառնել հնարավոր հեռանկարները, իրենց երկրների տեղն ու դերը ապագայում։
Եգիպտոսի և Թունիսի իրադարձությունները միանգամայն ձեռնտու էին ԱՄՆ-ին և տարածաշրջանում ու Եվրոպայում նրա ունեցած գործընկերներին, ու միայն Լիբիան դարձավ արաբական «Վանդեա», որին պետք է հարկադրել ենթարկման, և որքան կարելի է շուտ։ Վաշինգտոնում և Լոնդոնում շատ լավ են հասկանում, որ ներկա արաբական հեղափոխությունների «իդեալները» անհասանելի պատրանք են, և շեշտը դնում են երկրների մեծ մասում ընդունելի վարչակազմեր կարգելու վրա, որոնք լինեն կանխատեսելի և ունենան հասկանալի մտադրություններ։ Գլխավոր շեշտադրումը Եգիպտոսն է, և հեղափոխության «սուր» փուլի ավարտը արաբական հասարակության խաղաղեցման, Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի մտադրությունների ու նպատակների հետ նրա մասնակի հաշտության կարևորագույն գործոն կդառնար։
Լիբիայի առնչությամբ փորձեր են ձեռնարկվում կազմավորելու երկու «փունջ»` ԱՄՆ-Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա, որոնք միջազգային ընկերակցությանը, նախ և առաջ ՆԱՏՕ-ին, ներշնչեցին, որ անհրաժեշտ է ռազմական միջամտություն ցուցաբերել լիբիական իրադարձություններին։ (Ընդ որում, Ֆրանսիան ջանում էր առաջ պոկվել, «ճանաչելով» Բենգազիի նոր վարչակարգը, հասկանալով, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի որոշակի մտադրությունների հաջողության դեպքում Ֆրանսիայի դիրքերը Մաղրիբում սպառնալիքի տակ կհայտնվեն։ Ֆրանսիան քիչ ջանք ու միջոց չի գործադրել Միջերկրածովյան միության կայացման համար, որը համարվում է մի ինչ-որ ֆրանսամետ դաշինք, երկյուղելով, թե անգամ այդ, դեռևս շատ անկայուն, նախագիծը փուլ կգա Մաղրիբի երկրների կողմից նախկին «ինքնիշխանությունը» լրիվ կորցնելու և անգլո-սաքսոնական բլոկին ենթարկվելու պատճառով։ Միաժամանակ պարզվում է, որ ո՛չ Չինաստանը, ո՛չ Ռուսաստանը պատրաստ չեն և դեռ երկար պատրաստ չեն լինի ավելի ակտիվորեն ու բովանդակալի միջամտելու այդ տարածաշրջանային խաղերին։ Ռուսաստանը սահմանափակվում է սոսկ Լիբիայի գործերին ռազմական միջամտության մասին հայտարարություններով, բայց ավելի ու ավելի է դրսևորում իր թուլությունը։ Չինաստանը բացահայտորեն ուշացել է և նախընտրում է պաշտպանել իր, դեռևս համեստ, տնտեսական դիրքերն արաբական աշխարհում, իսկ Սուդանի առնչությամբ, որտեղից Չինաստանը նավթ է ստանում նախընտրելի պայմաններով, երևում է, նա ԱՄՆ-ի հետ արդեն համաձայնության է եկել այդ երկրի հարավային նահանգների ինքնիշխանացման շուրջ։ Այսինքն, արաբական պետությունների հետ ԱՄՆ-ի նոր հարաբերությունների ստեղծման ճանապարհին կանգնած է, փաստորեն, միայն Ֆրանսիան, որի համար Մաղրիբի հետ հարաբերությունները ոչ միայն հեղինակության, այլև իրական անվտանգության հարց են։
Ֆրանսիան փորձում էր իր մերձավորարևելյան ծրագրերին հաղորդակցել իր մերձավոր գործընկեր Գերմանիային, որի հետ փոխըմբռնում ունի այնպիսի երկրների առնչությամբ, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը, որտեղ երկու առաջատար եվրոպական երկրներն էլ ունեն քաղաքական և տնտեսական շահեր։ Ֆրանսիան և Գերմանիան լիակատար փոխըմբռնման են հանգել և համաձայնեցնում են իրենց քաղաքականությունն Իրանի և Թուրքիայի առնչությամբ, բայց միջերկրածովյան նախագծի, այդ թվում նաև` Մաղրիբի խնդիրների առումով երկու գործընկերները համաձայնեցում չունեն։ Բեռլինում բավականին արագ ու միարժեք արձագանքեցին Լիբիայի, ինչպես նաև շրջանի այլ երկրների առնչությամբ Ֆրանսիայի ձգտումներին։ Գերմանիան իրեն շատ լավ է զգում առաջին հերթին Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում, ուր նա առիթ է ունենում դիմակայելու ամերիկացիներին ու բրիտանացիներին, և որտեղ Ֆրանսիան չդարձավ նրա հետևողական գործընկերը և, օրինակ, չպաշտպանեց, նույնիսկ խիստ բացասաբար վերաբերվեց «Արևելյան գործընկերություն» նախագծին։ Բայց եթե Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում Ֆրանսիան և Գերմանիան շատ ավելի հաճախ են իրենց քաղաքականությունը համաձայնեցնում և չեն ձգտում հակասություններ ցուցադրել, ապա Միջերկրածովյան նախագծի առնչությամբ «Եվրոպական մեծ տանդեմի» մասնակիցները լուրջ տարաձայնություններ ունեցան։ Ֆրանսիան լավ է հասկանում Գերմանիայի հետ համագործակցության սահմանները, այդ թվում` աշխարհաքաղաքական շրջանակները, ուստի և Սան Մալոյի պայմանագրի (եվրոպական զինված ուժերի նախագիծ) նմանությամբ, վերջերս Մեծ Բրիտանիայի հետ կնքեց ոչ այնքան սպասելի ռազմական պայմանագիր։ Պետք է նշել, որ եթե անգամ Գերմանիան արտքաղաքական հավակնություններ ունենար Մերձավոր Արևելքի կամ այլ տարածաշրջանների առնչությամբ, միևնույն է, նա դրա համար անհրաժեշտ ուժ չունի։ Գերմանական բանակը չունի ծովային ուժեր և հեռահար ինքնաթիռներ, այդ թվում ռազմափոխադրական, ինչպես նաև ավիակիրներ և այլ ռազմանավեր։ Մոտ ապագայում Գերմանիան մտադիր չէ, համենայն դեպս, երբեք չի հայտարարել այնպիսի ուժեր ստեղծելու մասին, որոնք հնարավորություն ընձեռեին քիչ թե շատ ինքնուրույն ռազմական կամ խաղաղարար գործողություններ իրականացնելու իր ափերից հեռու ընկած տարածաշրջաններում։
Երկու պետությունների զինված ուժերի փաստական միավորում ենթադրող ֆրանս-բրիտանական պայմանագիրը, որը շատ է հիշեցնում Անտանտը, որոշակի ազդանշան է ոչ միայն Գերմանիային, այլև Ռուսաստանին և անգամ ԱՄՆ-ին, որոնք այդ իրադարձությունն ընկալեցին որպես երկու հին գաղութատիրական պետությունների փորձ` պահպանելու իրենց դիրքերը տարբեր տարածաշրջաններում։ Իրադարձությունները երկար սպասել չտվեցին, և Լիբիայում տեղի ունեցող գործընթացներն առիթ դարձան ֆրանս-բրիտանական պաշտպանական նախագծի իրականացման համար։ Տվյալ դեպքում, Մեծ Բրիտանիան նախընտրում է միանգամայն շահեկան ձեռնարկ, այսինքն, մասնակցում է թե՛ ամերիկյան, թե՛ ֆրանսիական ծրագրերին, ինչպես նաև դիվանագիտական ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանի առանցքային պետությունների` Թուրքիայի ու Եգիպտոսի առնչությամբ, դրանով իսկ ձեռք բերելով նոր, նախկինում կորցրած դիրքեր։ Ֆրանսիան ևս օգտվում է Մեծ Բրիտանիայի ծրագրերից, և ինքն է ակտիվ հարաբերություններ հաստատում միջերկրածովյան երկրների հետ։ Իհարկե, Ֆրանսիան, ինչպես միշտ, ձգտում է Եվրամիությունը կապել իր ծրագրերի հետ, և այս անգամ այդ ծրագիրը պետք է գործի. եվրոպացիները, համենայն դեպս, չկարողացան մի կողմ քաշվել լիբիական իրադարձություններից։ Բայց ասել, թե եվրոպացիները լիովին կընթանան ֆրանսիական քաղաքականության հունով, հազիվ թե արդարացված լինի։
Հնարավո՞ր է, արդյոք, արաբական աշխարհի նոր բաժանում, երբ առանձին պետություններ կողմնորոշվում են դեպի ուժի համաշխարհային տարբեր կենտրոններ։ Անտարակույս, արաբական պետություններում տեղի ունեցող այդ հեղափոխությունները նախ և առաջ կրում են սոցիալ և սոցիալ-քաղաքական բնույթ, և արաբների համար առայժմ կարևոր չէ, թե տվյալ դեպքում աշխարհաքաղաքական ինչ նախապատվություններ են ենթադրվում։ Դրան զուգընթաց, արաբական պետությունների համար վաղուց արդեն առանձնակի ընտրություն չկա արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, բացի Արևմտյան ընկերակցությունից, եթե անգամ Ֆրանսիայի դերն ինչ-որ չափով մատնանշում է այդ ընտրությունը և ենթադրում ԱՄՆ-ից կախման որոշ թուլացում։ Տեղի ունեցող հեղափոխությունները չեն կարող չհանգեցնել աշխարհում և տարածաշրջանում արաբական աշխարհի և առանձին խոշոր արաբական երկրների տեղի ու դերի վերանայման։ Ինչ խոսք, արաբական հեղափոխությունները կհանգեցնեն արաբական պետական ազգայնականության ուժեղացմանը, բայց, երևի, ոչ թե ամբողջատիրության, բաասականության (Արաբական սոցիալիստական վերածնության կուսակցության արաբերեն հապավմամբ` ԲԱԱՍ) կամ իսլամական քաղաքական ոճի հիմքի վրա, այլ ավելի շուտ կուժեղացնի «Ֆրանսիական տարբերակը», այսինքն, արաբական պետական ազգայնականությունը։ Ներկայումս, չնայած քաղաքական տրամաբանության առկայությանը և արաբների շրջանում միավորման անհրաժեշտության գիտակցմանը, այդ ուղղությամբ իրական քայլեր չկան։ Արաբական ներկա վարչակարգերը դեռևս հեռու են նման նպատակներից, նրանց մտահոգում են իշխանության պահպանումն ու Արևմտյան ընկերակցության հետ իրենց հարաբերությունների կարգավորումը, ինչը նրանց հնարավորություն է տալիս էլի որոշ ժամանակ մնալու իշխանության ղեկին։ Հնարավոր է, որոշ երկրներում կնախընտրեն վերականգնել սահմանադրական միապետությունը, հնարավոր է նաև, որ իշխանության գան միանգամայն անհամարժեք ազատական կողմնորոշման խմբեր. թե՛ մեկը, թե՛ մյուսը ենթադրվում են որպես «անցումային» փուլեր կամ էլ արաբական պատմության մի ինչ-որ կիսադարման։ Բայց, ցանկացած դեպքում, իսլամական ոճը կամ, ավելի ճիշտ, «իսլամական կառավարումը» կկրի սահմանափակ բնույթ, թեև շարիաթը կպահպանվի լիովին` որպես հանրության բարոյախոսական կանոնների ժողովածու։ Շարիաթը` որպես պետական կառուցվածքի բազային պայման, կունենա կարևոր նշանակություն, բայց ամենևին ոչ աղավաղված ձևով։ Արաբական հասարակության խնդիրն է որոշել արդիականացման և շարիաթի զուգորդումը։ Ամեն երկիր կընտրի իր առանձնահատուկ հասարակական-քաղաքական կարգը, բայց ընդհանուր առմամբ արաբական պետականության հիմքը պետք է դառնա պետական ազգայնականությունը։ Դա, հնարավոր է, որոշ ժամանակ կպահանջի արաբական վերնախավերի կողմից նպատակների առաջնայնություններն ավելի լավ հասկանալու համար, բայց վաղ թե ուշ տեղի կունենա երկու իրադարձություն. նախ, արաբական պետությունները կնախընտրեն արտքաղաքական հավակնությունների սաստկացումը, ավելի մեծ չափով կպաշտպանեն արաբական աշխարհի անկախությունը, այդ թվում` հարևան խոշոր ոչ արաբական պետությունների` Թուրքիայի և Իրանի հավակնություններից։ Իսրայելական գործոնը կշարունակի մնալ արաբների միավորման կարևոր հանգամանք, բայց հնարավոր է, որ արաբները նախընտրեն թուլացնել լարվածությունը կամ առհասարակ կարգավորեն հարաբերությունները Իսրայելի հետ, և դրանով իսկ մեղմեն դրանք, ինչպես նաև աշխարհում արաբների դրությունը դարձնել ավելի քիչ խոցելի ու սահմանափակ։ Երկրորդ, արաբական պետությունները, կամ առնվազն արաբական պետությունների մեծ մասը, նախընտրում են ստեղծել շատ թե քիչ համերաշխ բլոկ կամ դաշինք, և միջազգային ասպարեզում հանդես գալ համատեղ կամ համախմբված։ Արաբական աշխարհի այս վիճակը, որը պետք է լուծի տնտեսական և սոցիալական բարդագույն խնդիրներ, ինչպես նաև անվտանգության խնդիրներ, ենթադրում է, որ արաբները պետք է շահագրգռված լինեն ժամանակակից աշխարհի բազմաբևեռայնությամբ։ Ժողովրդավարության զարգացումը, բոլոր խնդիրներով հանդերձ, միաժամանակ կհանգեցնի ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ արաբական պետությունների մերձեցմանն ու հարաբերությունների կարգավորմանը, բայց միաժամանակ կշահագրգռի զարգացնելու առնչությունները Ռուսաստանի, Հնդկաստանի ու Չինաստանի, ինչպես նաև ուրիշ շատ պետությունների ու տարածաշրջանների հետ։ ՈՒստի արաբական պետություններն արդեն այժմ Ֆրանսիային և մյուս եվրոպական պետություններին, ինչպես նաև, հնարավոր է, Ռուսաստանին ու Չինաստանին, ազդանշաններ են հաղորդում Մերձավոր Արևելքի վերաբերյալ նախաձեռնություններ ընդունելու պատրաստակամության մասին։
Ներկայումս արաբական աշխարհի առաջնային խնդիրն Իրաքի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի, Լիբիայի, Սուդանի պետական ամբողջականության պահպանումն է, իռեդենտիզմի (չազատագրված հողերի) խնդիր է առաջանում Մարոկկոյում և Ալժիրում` բերբերների մտադրությունների կապակցությամբ, Եգիպտոսում ղպտիների խնդիրներն են ծառանում, ցեղային խնդիրները պահպանվում են Եմենում, իսկ պաղեստինցիները, հնարավոր է, կնախընտրեն Գազայի հատվածն անջատել Արևմտյան ափից... Այս սպառնալիքները հնարավոր է չեզոքացնել միայն ժողովրդավարական քաղաքականության հիմքի վրա։ Բայց դա բավարար չէ։ Անհրաժեշտ է խթանել արաբական պետական ազգայնականության քաղաքականությունը, որը կհաղթահարի դավանական, ազգամիջյան և ցեղամիջյան հակասությունները։ Կասկած չկա, որ այդ խնդիրները մեծ մասամբ կախված են նախ և առաջ Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև նրանց գործընկերների արտաքին ազդեցությունից, այդ թվում` բուն արաբական պետություններից ու տարածաշրջաններից։ Թուրքիան ևս չի կարող մի կողմ քաշվել` Մերձավոր Արևելքում ունենալով ազգային քաղաքական և դավանական շահեր։ ՈՒստի այդ աշխարհաքաղաքական հարցը կարող է դառնալ թե՛ արաբների միավորման, թե՛ նրանց պառակտման գործոն։ Հնարավոր է նաև մեկ այլ սցենար, երբ արաբները ցանկանան արաբական աշխարհի վերաձևում, նոր պետությունների գոյացում, շատ հնարավոր է դաշնության գաղափարի զարգացումը, այսինքն, տարբեր մակարդակի ինքնավարությունների ձևավորումը։
20-րդ դարում արաբական պետությունները նախընտրել են պաշտոնական և ոչ պաշտոնական դաշինքների մեջ մտնել ոչ արաբական պետությունների հետ. Բաղդադի պակտ, համագործակցություն Իրանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի հետ։ Վերջին երեք տասնամյակում Իրանը վարում է հետևողական և համառ քաղաքականություն, նպատակ ունենալով դառնալու արաբական աշխարհի շարժիչ ուժ, ինչը հավակնոտ, բայց միանգամայն իրագործելի խնդիր է, քանի որ շիական գործոնը կարևոր ու վճռորոշ է Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Բահրեյնի համար։ «Շիական գոտու» ստեղծումն իրողություն է դարձել, և հնարավոր է, որ Իրանը կարողանա իր հետ համագործակցությամբ շահագրգռել առավելապես սուննի բնակչությամբ մյուս արաբական պետություններին։ Թուրքիան նոր օսմանական քաղաքական ու տնտեսական տարածություն կազմավորելու երկարաժամկետ նախագիծ է որոճում։ Այս երկու ոչ արաբական պետությունները կարող են նաև միավորիչ դեր կատարել արաբների համար սկզբնական փուլերում, բայց հետագայում արաբական պետությունները, անկասկած, կուժեղացնեն հակազդեցությունն այդ տարածաշրջանային խաղացողներին։
Քննության առնելով արաբական պետությունների ոչ այնքան հեռավոր անցյալն ու ներկա խնդիրները, արդարացված կլիներ սպասվող հեռանկարին ավելի համեստ գնահատական տալը։ Արաբական հարցի ծավալման շրջանակներում շատ ավելի հավանական է թվում, որ ոչ թե նա կդառնա ուժի շոշափելի կենտրոն, այլ ավելի շուտ ուժի ուրիշ կենտրոնների պայքարի ընդարձակ ասպարեզ։ Արաբական աշխարհի իրական համախմբում կարող է կատարվել ավելի խոր ժողովրդավարացման, տարածաշրջանի երկրների միջև բնական հարստությունների, այդ թվում` ջրի և ագրարային պաշարների վերաբաժանման, տնտեսական պլանավորման միջպետական մարմինների ու ավելի էական ֆինանսական և մարդասիրական հաստատությունների, միջարաբական զինված ուժերի (գոնե սահմանափակ ձևաչափով), արտաքին քաղաքականության մշակման և իրականացման կառուցվածքների, բազմագործառույթ ենթակառուցվածքների ստեղծման պայմաններում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ