ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԿԱ՛Մ ԴԵՊԻ ԱՍԻԱ, ԿԱ՛Մ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

ԿԱ՛Մ ԴԵՊԻ ԱՍԻԱ, ԿԱ՛Մ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ
21.06.2011 | 00:00

Ինչ վերաբերում է թուրքական քաղաքականությանը Կովկասում, ապա ԱՄՆ-ը լիովին հստակեցրել է իր մոտեցումներն ու հնարքները, դրանք ներկայացնելով հանրության ուշադրությանը, այն նկատառումով, որ այդ նյութերը կարելի է քննության առնել ոչ թե անմիջական տեսքով, այլ վերլուծական ձևով։ Միանգամայն ակնհայտ է, որ Կովկասում Թուրքիայի դերի մեծացումը ոչ մի կերպ չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, որը չէր ցանկանա որևէ խոչընդոտ ունենալ իր քաղաքականության իրականացման ճանապարհին։ Իսկ Թուրքիան ամենևին էլ այդ տարածաշրջանում դաշնակցի վերաբերմունք չի դրսևորել ԱՄՆ-ի հանդեպ։ ԱՄՆ-ը վաղուց արդեն Վրաստանում իր ռազմաքաղաքական ներկայությունը, այդ թվում ռազմաբազաների հնարավոր տեղակայումը, այլընտրանք է համարում Թուրքիայում իր ռազմաբազավորմանը։ Անկարան միշտ անհանգիստ է եղել Վրաստանում ռազմաբազաներ ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության առնչությամբ։ Ադրբեջանի վերաբերմամբ ևս ԱՄՆ-ը աշխատել է ամեն կերպ թույլ չտալ, որ նա «անամպ» հարաբերություններ ունենա Թուրքիայի հետ, առավել ևս` դաշինք ստեղծի։ Միաժամանակ ԱՄՆ-ը չէր պատկերացնում, թե ինչ կերպ կարելի է Ադրբեջանը հեռու պահել Թուրքիայից և, հնարավոր է, պաշտպանելով Ադրբեջանում «կառավարող ընտանիքին», ցանկացել է պաշտպանել նրա ինքնուրույնությունը, կանխել Ադրբեջանի վրա Թուրքիայի չափազանց մեծ ազդեցությունը։ Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը «նեղացավ» Թուրքիայից, Թուրքիան էլ, Ադրբեջանն օգտագործելով որպես պահեստային տարբերակ Հայաստանի հետ բանակցություններում, ցույց տվեց, թե ինքը որքան անտարբեր է իր մերձավորագույն դաշնակցի ճակատագրի հանդեպ։ ԱՄՆ-ը, այսպես թե այնպես, շատ բանի հասավ Թուրքիայից Ադրբեջանը հեռու պահելու հարցում` տարածաշրջանային սկանդալի նախադեպ ստեղծելով։
Ջորջ Բուշի վարչակազմը Կովկասում Թուրքիայի ազդեցության սահմանափակման բավականին հետևողական քաղաքականություն էր վարում, քանի որ մտադիր էր ռազմավարական միջանցք բացել` ռազմաբազավորում ապահովելու և ռազմավարական այլ խնդիրներ լուծելու համար։ Փորձագետներն ընդգծում են Բուշի և Օբամայի քաղաքականության գնահատման սկզբունքային տարբերությունը` Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության առումով։ Բուշի քաղաքականությունը ենթադրում էր Վրաստանի ու Ադրբեջանի խնդիրների լուծում` առանց Թուրքիայի մասնակցության։ Կովկաս-կասպյան էներգետիկ համակարգի պաշտպանության կարևորագույն հարցերը ԱՄՆ-ը լուծեց առանց թուրքական մասնակցության, հենվելով կովկասյան երկու պետությունների հետ համագործակցության վրա։ Բարաք Օբաման, Հարավային Կովկասում և Սև ծովում չունենալով ռազմավարական բնույթի ծրագրեր, սոսկ կատարում է այդ պետություններում անվտանգության պահպանման նախկին պատասխանատու առաջադրանքները, ինչը ռազմավարական խնդիր չես համարի։ ՈՒստի Օբամայի վարչակազմի մարտավարությունը ոչ թե տարածաշրջանային գործընթացների կառավարման նախկին եղանակներով Թուրքիայի ազդեցության զսպումն է, այլ, ավելի շուտ, տարածաշրջանում նոր դիրքեր ձեռք բերելու ճանապարհին Անկարայի դեմ խոչընդոտներ չհարուցելը։ Այդ մարտավարությունը, անկասկած, միտված է Թուրքիայի և Ռուսաստանի շահերի բախմանը, շահեր, որոնք խիստ հակասական են։ Ինչպես Մերձավոր Արևելքում, Սև ծովում ու Հարավային Կովկասում ԱՄՆ-ի շահերը ենթադրում են Թուրքիայի բախում իր հակառակորդների հետ, ընդ որում, ոչ միայն այնպիսի խոշոր տերությունների, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը։ Ո՛չ ՈՒկրաինան, ո՛չ Վրաստանը, ո՛չ Հայաստանը չեն կարող անտարբեր նայել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով թուրքական նվաճողական ծրագրերի ծավալմանը։ Վրաստանը Թուրքիայից պաշտպանված էր զգում միայն ԱՄՆ-ի հովանու ներքո, նույնը` Ադրբեջանի պարագայում։ Հայաստանի համար, փաստորեն, այլընտրանք չի եղել` ինչպես «տեղավորվել» ռուսական քաղաքականության ուղեծրում, սակայն նա էլ էր զգում ԱՄՆ-ի որոշակի աջակցությունը։ Հարավային Կովկասի և Սև ծովի հանդեպ ԱՄՆ-ի ուշադրության ցուցադրական թուլացումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ նոր հարաբերությունների ուղիներ կորոնեն, թեև տարբեր պատճառներով, Թուրքիայի կողմից սպառնալիքների սլաքն ուղղված է թե՛ Հայաստանին, թե՛ Վրաստանին։ Իրանն արդեն անհանգստացած է Կովկասում Թուրքիայի ակտիվացմամբ, բայց Թուրքիային դիմակայող գլխավոր ուժը մնում է Ռուսաստանը։ Այսպիսով, Կովկասի արձակումն ազատ նավարկության տարածաշրջանի պետություններին, այդ թվում` Ռուսաստանին և Թուրքիային, կնետի հակասությունների սրման, հնարավոր է նաև առճակատման հնարավոր հորձանուտ։
Հետաքրքրական է այն տեղեկությունը, որ մի քանի տարի առաջ Ադրբեջան այցելած ԱՄՆ-ի կենտրոնական զինվորական հրամանատարության ղեկավար Չակ ՈՒոռլդը Ադրբեջանի զինվորական հրամանատարների հետ զրուցելիս իրազեկել է, որ Պենտագոնում անցկացված նմանակային զորախաղերը ցույց են տվել, որ, Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմական գործողությունների բոլոր տարբերակների հաշվառմամբ, Ադրբեջանը հաջողության ոչ մի հնարավորություն չունի։
Կարևոր նշանակություն ունեն պետական կառույցների հետ սերտ կապեր ունեցող ամերիկացի փորձագետներ Ֆիոնա Հիլի, Ջեյմս Քոլինսի գնահատականները։ Հիլը ԱՄՆ-ի կառավարության` Եվրասիայի, այդ թվում` Թուրքիայի և Կովկասի գծով բարձրաստիճան խորհրդատու է, բարձր պաշտոն է զբաղեցրել հետախուզության ազգային խորհրդում։ Զենո Բարանը եղել է Ջ. Բուշի վարչակազմում ԱՄՆ-ի քաղաքականության թուրքական ու կովկասյան ուղղությունները մշակողների խմբի կազմում։ Ջեյմս Քոլինսը` Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը, զբաղվում է Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով, լավ իրազեկ է Թուրքիայի խնդիրներին, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ նրա հարաբերություններին, տարածաշրջանային քաղաքականության նրբություններին։
Ֆիոնա Հիլի գնահատմամբ` Թուրքիան պատմական կարևոր փուլ է ապրում, փորձելով իր շուրջը ձևավորել ազդեցության, տնտեսական ու քաղաքական գործակցության մի ընդարձակ գոտի, բացառելով լարվածությունն իր սահմանների մոտ և հարևան տարածաշրջաններում։ Թուրքիան տնտեսական մեծ կարողություն ունի և ձգտում է դառնալ նախկին օսմանյան տարածքի առաջատարը։ Նա իր մտադրությունները չի թաքցնում, և առայժմ տարածաշրջանի պետությունները դրա մեջ մեծ վտանգ չեն տեսնում, ընդհակառակը, ձգտում են ստանալ որոշ առավելություններ, մուտք ունենալ թուրքական շուկա և թուրքական ներդրումներ ապահովել։ Բալկանները սնանկացած են ու հսկայական դժվարություններ են կրում, և, պատշաճ օգնություն չստանալով Եվրամիությունից, կցանկանային փոխշահավետ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Թուրքական նոր բուրժուազիան, այսպես կոչված, «անատոլիական վագրերը», մեծ հաջողությամբ են յուրացնում շուկաներն ու տնտեսական իրողությունները ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավարևելյան Եվրոպայում։ Այդ երկրներում կան հակաթուրք ուժեր, որոնք վախենում են Թուրքիայի ազդեցության աճից և վարում են նրան դիմակայելու քաղաքականություն։ Բայց այդ ուժերն այնքան էլ ազդեցիկ չեն, և հիմնականում հակաամերիկյան կողմնորոշում ունեն։ Հարավային Կովկասի պետությունները նույնպես շահագրգռված են Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ և շատ զիջումներ են անում տնտեսական շահ ստանալու համար։ Խոսել ինչ-որ նվաճողականության կամ տարածաշրջաններում ազդեցություն հաստատելու փորձերի մասին` տեղին չի լինի կամ, առնվազն, իրականությանը չի համապատասխանի։ Նախկինում, երբ վարչակազմի քաղաքականությունն ավելի ակտիվ էր և ավելի լայն ռազմական ներկայության խնդիրներ կային ծառացած, ինչպես նաև Իրաքում ու Սև ծովում ծագած դժվարությունների ներգործությամբ, ԱՄՆ-ը շահագրգռված չէր և փոքր-ինչ զգուշանում էր թուրքական ազդեցության աճից, ինչը կարող էր խոչընդոտ դառնալ ամերիկյան ռազմավարության իրագործման ճանապարհին։ Դա հանգեցրեց այն բանին, որ Թուրքիան փորձեց միավորել ջանքերը Ռուսաստանի հետ և դիմակայել ամերիկյան քաղաքականությանը։ Այժմ, երբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնային նպատակները փոխվել են, անիմաստ է հակադրվել Թուրքիայի ազդեցության տարածմանը։ Եթե Թուրքիայի քաղաքականությունը դիտարկելու լինենք անվտանգության տեսանկյունից, ապա դրանով պետք է մտահոգ լինեն, առաջին հերթին, այդ տարածաշրջանների պետությունները։ Դրանց մի մասը դարձել է ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ և իր անվտանգությունն ապահովված է համարում, մյուսներն ունեն նշանակալի զինված ուժեր, և, վերջապես, երրորդ խմբի պետությունները, ինչպիսին Հայաստանն է, պաշտպանական պարտավորություններով կապված են Ռուսաստանի հետ։ Փորձագետը նշում է, որ առայժմ տարածաշրջաններից ահազանգեր չկան Թուրքիայից բխող իրական սպառնալիքների վերաբերյալ։ Միաժամանակ, Հիլը նշում է, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի քաղաքականությանը, և, իհարկե, նրա տարածաշրջանային քաղաքականությունը համարում իր քաղաքականության ճանապարհին հնարավոր խոչընդոտների մաս։ Վաշինգտոնը հասկանում է, որ Թուրքիայի չափից դուրս հզորացումը կարող է հանգեցնել այն բանին, որ նա կփորձի նոր դիրքեր գրավել և իր կամքը թելադրել մի շարք հարցերում։ ԱՄՆ-ը պատրաստ է ամենաարմատական միջոցները ձեռնարկելու, եթե խնդիրներ առաջանան այդ տարածաշրջաններում, բայց այժմ չի կարելի համարել, թե նման սպառնալիքներն իրական են։ Հիլի կարծիքով` Թուրքիան մեկ անգամ արդեն փորձել է ցատկ կատարել իր աշխարհաքաղաքականության մեջ և ազդեցություն սահմանել Կենտրոնական Ասիայում, ինչը ձախողվեց, քանի որ Թուրքիան անհրաժեշտ տնտեսական պաշարներ չուներ։ Ոչ ոք չի կարող պնդել, որ այժմ Թուրքիան ունի այնպիսի պաշարներ, որոնք նրան թույլ կտային ազդեցություն սահմանել հարևան տարածաշրջաններում։ Թուրքիայի տնտեսական վիճակը քաջ հայտնի է, այն ավելի շատ դժվարություններ ունի, քան կարող է թվալ։ Անկարան զգալի օգնություն է ակնկալում միջազգային ֆինանսական կազմակերպություններից, բայց չի ստանում։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը մտադիր չեն այդչափ զգալի ֆինանսական օգնություն տրամադրել Թուրքիային այն պայմաններում, երբ հստակ չեն այդ երկրի արտքաղաքական և ներքաղաքական նպատակները, հասկանալի չէ, թե ինչ հեռանկար ունեն Թուրքիայի կառավարող շրջանակները։
Դեսպան Ջեյմս Քոլինսը հանդես է գալիս որպես Ջ. Բուշի վարչակազմի քաղաքականության քննադատ, բայց և հավանություն չի տալիս Բ. Օբամայի արտաքին քաղաքականությանը։ Քոլինսը կարծում է, թե Օբաման, ըստ էության, հանձնում է այն դիրքերը, որ ԱՄՆ-ը նվաճել է վերջին երկու տասնամյակում։ ԱՄՆ-ի նախկին ծրագրերը տարածաշրջաններում կասեցվել են, բայց չեն մոռացվել։ Փորձագետի պնդմամբ` իրականում ոչինչ չի վկայում, թե ԱՄՆ-ը սահմանափակում կամ թուլացնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Կովկասում։ Կովկասի հանդեպ ուշադրությունը նվազել է, բայց այս տարածաշրջանը բախտի քմահաճույքին չի թողնվել։ ԱՄՆ-ի բոլոր առանցքային կառույցներում կան մարդիկ, ովքեր հասկանում են տարածաշրջանային քաղաքականության նշանակությունը և ներկա իրավիճակը համարում են դադարի շրջան` Իրաքի և Աֆղանստանի խնդիրների վերջնական լուծումից, ինչպես նաև Չինաստանի զսպման քաղաքականության ծավալումից առաջ։ ԱՄՆ-ի շահերը Եվրասիայում նույնպես մեծ են, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները դեռևս բավականաչափ հավասարակշռված չեն։ ԱՄՆ-ի դեսպանը Հարավային Կովկասում ռազմաբազաների ստեղծման առնչությամբ կարծիք է հայտնել, որ նման հեռահար ծրագիրը չի կարելի լրիվ բացառել։ Ջ. Քոլինսի կարծիքով` ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերանայման և առաջնային ուղղությունների փոփոխման մասին ցանկացած խոսակցություն դատարկ բան է։ Պաշտոնական Վաշինգտոնի առջև առաջվա նման ծառացած են Չինաստանի զսպման, իսլամական արմատականության, նավթի պաշարների վերահսկման, ՆԱՏՕ-ի ամրապնդման և անդրատլանտյան հարաբերությունների զարգացման, Հեռավոր Արևելքի ժողովրդավարական պետությունների, ինչպես նաև Հնդկաստանի հետ դաշինքի ստեղծման խնդիրները։ Առանձնակի նշանակություն ունի Իրանի խնդիրը։ Այս հարթության մեջ ԱՄՆ-ի առջև ծառացած է Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Ամեն ինչ կախված է Ռուսաստանի և Թուրքիայի հավակնություններից ու ձգտումներից` կողմնորոշվելու կա՛մ դեպի Ասիա, կա՛մ դեպի Եվրոպա։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ