Եվրոպական առաջատար պետությունները չէին կարող անտարբեր մնալ ՆԱՏՕ-ի ընդլայնման նկատմամբ և ձգտեցին ցուցադրել իրենց պատրաստակամությունը` հովանավորելու մի շարք պետությունների` ՆԱՏՕ-ին նրանց ինտեգրման ընթացքում։ Դրա հետ մեկտեղ, որոշակի մտադրություններ չունենալով Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ, եվրոպական երեք առաջատար տերությունները չկարողացան նրանց կոնկրետ առաջարկություններ անել «հովանավորության» իրականացման վերաբերյալ։ Ֆրանսիան (Ժ. Շիրակի Ռումինիա կատարած այցի ժամանակ) խոստացավ Ռումինիան բերել ՆԱՏՕ։ Գերմանիան որոշակի ոգևորությամբ ընդունեց Լեհաստանի, Չեխիայի և Հունգարիայի մուտքը ՆԱՏՕ, իր համար ո՛չ միայն դաշնակցային հարաբերություններ ապահովելով մերձակա արևելյան հարևանների հետ, այլև մեծացնելով իր քաղաքական ազդեցությունը։ Մեծ Բրիտանիան երբեք շահագրգռված չի եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ, բայց հարկադրված էր համաձայնել Կենտրոնական Եվրոպայի երկրների «եռյակի» ընդունմանը դաշինք։ Այդ «ոչ լիարժեք հովանավորությունը» շահավետ եղավ ԱՄՆ-ի համար, որը ՆԱՏՕ-ին անդամակցության հավակնորդներին ֆրանսիացիների ու գերմանացիների տված «խոստումներն» օգտագործեց սկզբունքային որոշման համար։ Սակայն հայտնվելով ՆԱՏՕ-ի ծիրում, Կենտրոնական և ամբողջությամբ վերցրած Արևելյան Եվրոպայի պետությունները դարձան ոչ թե Ֆրանսիայի ու Գերմանիայի «մասնավոր» գործընկերներ, այլ ԱՄՆ-ի։ Այդ պետությունները դեռ մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելն ամերիկացիների կողմից օգտագործվում են եվրոպացիների հետ երկխոսելիս։ Հեռանկարում Արևելյան Եվրոպայի երկրների այդ գործառույթը կուժեղանա։ Ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի երկրների, արևելաեվրոպական ազգերը, լինելով քրիստոնեական քաղաքակրթության կրողներ, կարող են դառնալ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների համար կամավորների մատակարարներ։ Ինչպես հայտնի է, այդ երկրների (Վրաստանի ու Ադրբեջանի, հիմա արդեն նաև Հայաստանի) մի շարք ղեկավարներ առաջարկել են ոչ մեծ խաղաղարար զորամիավորումներ ստեղծել ՆԱՏՕ-ի երկրների օգնությամբ։ Չցանկանալով մասնակցել ուղղափառ Սերբիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի ձեռնարկած քայլերին, Հայաստանը որոշում ընդունեց ՆԱՏՕ-ի հովանու ներքո խաղաղարար գումարտակ ստեղծել Հունաստանի օգնությամբ` դաշինքի կողմից օգտագործման համար։ Այդուամենայնիվ, փորձագետների գնահատմամբ, Հայաստանը զրկվեց շատ հնարավորություններից ու ռեսուրսներից, որոնք կարող էր ձեռք բերել ՆԱՏՕ-ի հետ ավելի ակտիվ գործակցության դեպքում։
Չնայած արագ արձագանքման կորպուսի ձևավորմամբ եվրոպական ծրագրերի սահմանափակությանը և առհասարակ քաղաքական ինքնուրույնության ճանապարհով Արևմտյան Եվրոպայի բավական դանդաղ ընթացքին, ԱՄՆ-ը կարող է հայտնվել ապագայում եվրոպացիների անակնկալ որոշումների առջև և կձգտի ընդլայնել եվրոպական աշխարհը, «առանձնացած պատկառելի Եվրոպային» նոր մասնակիցներ ավելացնել, հույս ունենալով նրանց օգնությամբ ազդեցություն գործել Եվրամիության վրա։
Գերմանիան Արևելյան Եվրոպայի երկրների առջև առանձնակի պարտավորություններ չի ունեցել ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հարցում, և բավարարված է առաջին «եռյակի» ընդունմամբ։ Գերմանիայի պաշտպանունակության ամրապնդման գործում իրական դեր կունենա Բալթիկ ծովում գերմանա-դանիա-լեհական բանակային զորախմբի ստեղծումը։ Գերմանական քաղաքականության զարգացման տվյալ փուլում նրա արևելյան սահմաններին ստեղծված իրավիճակը միանգամայն բավարարում է նրան, և հետագայում ՆԱՏՕ-ի տարածումը դեպի արևելք կարող է Գերմանիան ներառել այնպիսի խնդիրների լուծման ոլորտ, որոնք հակասում են արևելքում նրա ունեցած շահերին։ Արևելքում Գերմանիայի ունեցած ռազմավարական շահերը չեն նախատեսում բալթյան երկրներում նրա ազդեցության մեծացում, որոնք արդեն այժմ դարձել են նրա տնտեսական գավառները, այլ նպատակ են հետապնդում փոխվստահելի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, նրան ներգրավել եվրոպական քաղաքականության մեջ և մոտենալ Կալինինգրադի մարզի հարցի ավելի առարկայական քննարկմանը։
Ֆրանսիան, որ հավակնում է եվրոպական առաջատար երկրի դերի, հասկանում է, որ առանց ակտիվ մասնակցության այնպիսի հրատապ հարցում, ինչպիսին ՆԱՏՕ-ի ընդլայնումն է, կարող է կորցնել քաղաքական դիրքերը։ Բայց Հարավային Կովկասի առնչությամբ Ֆրանսիան լուրջ ակնկալիքներ չունի։ Տարածաշրջանում Ֆրանսիայի մերձավոր գործընկեր Հայաստանը չի ձգտում մոտ ժամանակներս մտնել ՆԱՏՕ, այսինքն` Հայաստանի գծով խնդիր չկա։ Ադրբեջանն իր յուրովի դիրքորոշումն ունի և նույնպես չի կարող իր դժգոհությունը հայտնել Ֆրանսիային ՆԱՏՕ-ին անդամակցության խնդիրների առնչությամբ։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Ֆրանսիան այդ երկիրը համարում է ԱՄՆ-ի խամաճիկ ու բնավ շահագրգռված չէ վերջինիս ՆԱՏՕ ընդունելու հարցում։ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության «ձգձգումը» Ֆրանսիայի քաղաքականության արդյունավետ հնարք է, բայց ԱՄՆ-ի հետ «քաղաքական սակարկության» համար։ Ֆրանսիան ու Գերմանիան խիստ երկյուղում են ՆԱՏՕ-ում «ամերիկյան թևի» ուժեղացումից` ի հաշիվ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այն երկրների, որոնք ձգտում են իրենց աշխարհաքաղաքական նշանակությունն ընդգծել Ռուսաստանի հետ առճակատման հունում։ 2009-ի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ՈՒկրաինան ու Վրաստանը վերջնականապես պարզեցին մոտակա և միջնաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ի մեջ հայտնվելու իրենց հնարավորությունները։ Բայց մինչ այդ` 2008-ին, Վրաստանի նախագահ Սաակաշվիլին եղել էր Եվրոպայի երեք մեծ մայրաքաղաքներում` Փարիզում, Բեռլինում և Լոնդոնում, ուր նրան բավականին հստակ բացատրել էին, որ առայժմ Վրաստանի ընդունումը ՆԱՏՕ բացառվում է։ 2010 թ. ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության թեման հիմնովին անհետացավ ասպարեզից և մնաց սոսկ լրատվամիջոցների շահարկումների ոլորտում։
Մեծ Բրիտանիան նվազագույն ոգևորություն է հանդես բերում ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնման հարցում, նրան հետաքրքրում է ամբողջ եվրոպական քաղաքականությունը, մայր ցամաքում ուժերի հավասարակշռության պահպանումն ու Եվրամիությունում որոշումների ընդունման վրա արդյունավետ ազդեցության հնարավորությունը։ ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնումը կարող է հանգեցնել Եվրոպայում Գերմանիայի կամ Ֆրանսիայի ուժեղացմանը, ինչպես նաև կամրացնի ԱՄՆ-ի դիրքերը։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կհանգեցնի ռազմական ծախսերի ավելացմանը, ինչն ամենից շատ է անհանգստացնում Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու հանրությանը։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնպես կարևոր քաղաքական ուղղություն են։ Դրա հետ մեկտեղ, Մեծ Բրիտանիան կարծում է, որ դաշինքի կազմում առաջին «եռյակի» ընդունման և ՆԱՏՕ-ի ընդլայնման հետագա փուլի միջև պետք է դադար լինի, երբ հնարավոր կլինի քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման առաջին փուլի արդյունքները։ Մեծ Բրիտանիան համարժեք դիրք գրավեց նաև հետագայում, շարունակելով ընթանալ ամերիկյան քաղաքականության հունով և առանց առանձնակի ցանկության, բայց հավանություն էր տալիս ՆԱՏՕ-ի մեջ բալթյան և բալկանյան երկրների ընդգրկմանը, ուստի հակված ենք կարծելու, որ Մեծ Բրիտանիան խոչընդոտներ չի հարուցի նաև Հարավային Կովկասի պետությունների հարցում։
Ներկայումս դժվար է ասել` արդյոք գոյություն ունի՞ Հարավային Կովկասի նկատմամբ ՆԱՏՕ-ի ավարտուն և ամբողջական քաղաքականություն։ Արևմտյան ընկերակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման որոշ փորձ ունի` նկատի ունենալով նրանց ընդունումը Եվրախորհուրդ, ընդ որում, հետևյալ հերթականությամբ. նախ Վրաստանը, իսկ այնուհետև Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մոդելը, որ հաշվի է առնում քաղաքական հիմնախնդիրները տարածաշրջանում, կարող է կիրառվել նաև ՆԱՏՕ-ին այդ պետությունների ինտեգրման գործընթացում։ Համենայն դեպս, ՆԱՏՕ-ի մեջ Հարավկովկասյան պետությունների ներառումը շատ ավելի խնդրահարույց է թվում, քան Կենտրոնական Եվրոպայի ու Բալկանների։ Հարկ է նշել, որ Արևելյան Եվրոպայի երկրների օգտագործման համար առաջադրված և տարածված այն փաստարկը, թե Ռուսաստանը գլխավոր խոչընդոտն է ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության ճանապարհին, այնքան էլ հիմնավորված չէ։ Ռուսաստանի քաղաքականությունը, ըստ երևույթին, հարմար փաստարկ է դարձել, բայց իրականում առաջատար եվրոպական պետությունները չեն ուզում ընդլայնել ՆԱՏՕ-ի կազմն ու պատասխանատվության գոտին, առավել ևս, այնպիսի տարածաշրջանի ընդգրկմամբ, ինչպիսին Կովկասն է։ Այսինքն, Ռուսաստանի գործոնը լիովին բացառել չի կարելի, բայց այն ամենևին էլ միակն ու առանցքայինը չէ։
Միջազգայնորեն ճանաչված անկախության ձեռքբերման պահից ի վեր Հարավային Կովկասի պետությունների փոխհարաբերություններն առավելապես ձևավորվում էին հակամարտությունների և նոր, չճանաչված պետությունների առաջացման պայմաններում։ Տարածաշրջանային հակամարտությունները խորանում էին շահագրգիռ երկրների` առաջատար պետությունների և միջազգային քաղաքական ու տնտեսական կազմակերպությունների մասնակցությամբ։ Հարավային Կովկասը սևեռուն ուշադրության կիզակետում հայտնվեց տարբեր տերությունների աշխարհաքաղաքական շահերի պատճառով, ինչը պայմանավորված էր համապատասխան աշխարհառազմավարական խնդիրներով։ Եվրամիությունը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փորձում էին դիրքեր ձեռք բերել կամ պահպանել ունեցածը տարածաշրջանում` կիրառելով Հարավային Կովկասի խնդիրների համակարգային լուծման ինչ-որ նախաձեռնությունների վրա հիմնված հայեցակարգային տարբեր մոտեցումներ։ Որոշակի առումով, Թուրքիան և Իրանը, որպես տարածաշրջանային մակրոտերություններ, նույնպես փորձում էին Հարավային Կովկասը «շաղկապել» իրենց ռազմավարական նպատակներին ու խնդիրներին։ Օրինակ, եվրոպական ընկերակցությունը փորձում էր և հիմա էլ փորձում է տարածաշրջանում արմատավորել ազգային ինքնիշխանությունները հաղթահարող պետական, իսկ ավելի ճիշտ, միջպետական կառուցվածքի կազմակերպական ու քաղաքական-գաղափարախոսական նոր համակարգ։ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն աշխատում են Հարավային Կովկասում ստեղծել անվտանգության քաղաքական պայմաններ` առաջնային համարելով նավթի ու գազի հաջող արդյունահանման ու փոխադրման ապահովումը։ Ընդ որում, երկու տերություններն էլ, տարածաշրջանում ստեղծած լինելով միջտարածաշրջանային ու միջազգային նշանակության էներգետիկ համալիր, ձգտում են անվտանգության տվյալ համակարգը դարձնել ինքնաբավ, անկախ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության ծրագրերից ու խնդիրներից։ Ռուսաստանն աշխատում է պահպանել իր դիրքերը տարածաշրջանում, բայց նոր դիրքերի ակտիվ նվաճումը տեղի է ունենում ավանդական դիրքերի կորստյանը զուգահեռ, ինչը չի կարող գնահատվել այլ կերպ, քան վնասակար վիճակ։ Թուրքիան ու Իրանը չունեին Հարավային Կովկասը պատշաճորեն կլանելու քաղաքական ու տնտեսական կարողություն, թեև բավական լուրջ դիրքեր էին ձեռք բերել տնտեսության և քաղաքականության մեջ։ Այդ տարածաշրջանային մակրոտերությունները հարկադրված են իրենց շատ քայլեր համաձայնեցնել համապատասխանաբար ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ։ Ներկայումս Հարավային Կովկասի երկրները բավական խոր են ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ, ակտիվորեն մասնակցում են համաշխարհային առևտրին, նրանց հիմնական առևտրական ու տնտեսական գործընկերներն են Եվրամիության պետությունները, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ը, որոշակի չափով Չինաստանը, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի պետությունները։ Գործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների և պարտավորեցնող հարաբերությունները Եվրախորհրդի հետ հնարավորություն են տվել Հարավային Կովկասի պետություններին լիովին վերափոխելու տնտեսությունը, ներառյալ օրենսդրությունն ու մենեջմենթը, լիարժեք հարաբերություններ հաստատելու վարկային և ներդրումային ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ, տնտեսության զարգացման արագ տեմպերն ուղեկցվում են արդյունաբերության շարունակվող թերզարգացմամբ, տնտեսական կառուցվածքային դեֆիցիտի պահպանմամբ, տնտեսության մեջ և վերամշակման ճյուղերում կառուցվածքային համամասնությունների անարդյունավետ մակարդակով։ Իրենց երկրների սահմաններից դուրս է գտնվում Հարավային Կովկասի երկրների աշխատունակ բնակչության 20-40 տոկոսը։ Արտաքին գործընկերները շահագրգռված չեն Հարավային Կովկասի երկրներում տնտեսության համամասնական զարգացմամբ, թեև արևմտյան տերություններն ու Ռուսաստանը, անկասկած, շահագրգռված են որոշակի տնտեսական ու սոցիալական ստանդարտների ձեռքբերմամբ, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության ապահովման համար։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում հետապնդում են բացարձակապես մեկ աշխարհատնտեսական նպատակ` նավթ ստանալ, ինչին ենթարկված են մնացած բոլոր խնդիրները։ Տարածաշրջանի պետություններին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը միտված է կայունության ու անվտանգության ապահովմանը, ինչն անհրաժեշտ է նավթի արդյունահանման ու փոխադրման համար։ Եվրոպական ընկերակցությունն ավելի ընդարձակ ու սկզբունքային նպատակներ է հռչակում. դա սոցիալ-տնտեսական ստանդարտների ապահովումն է, բայց նա պատշաճ հնարավորություններ չունի այդ խնդիրների իրացման համար։ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Հարավային Կովկասում իր քաղաքական ազդեցությունը հաստատելու լայն խնդիրների իրականացմանը, օգտագործելով աշխարհատնտեսական լծակները։ Արևելյան գործընկերության նախագծի առնչությամբ եվրոպացիների նախաձեռնությունը կոչված է ինչ-որ չափով տարածաշրջանի երկրների համար հատուցել այն հիասթափությունները, որ նրանց գլխին թափվել են Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ընթացքում։ Թուրքիան և Իրանը ձգտում են նվազագույն ծախսերով տարածաշրջանում ծավալել իրենց շահերի համար ընդունելի ենթակառուցվածքային նախագծեր։ Հարավային Կովկասը դարձել է համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության հինգ «բևեռների»` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Թուրքիայի և Իրանի ազդեցության համար բավականին լարված քաղաքական պայքարի ասպարեզ։ Տարածաշրջանում կարևոր դեր է խաղում Մեծ Բրիտանիան որպես ԱՄՆ-ի գործընկեր։ Ներկայումս հետխորհրդային հասարակական արժեքներն ու առաջնայնությունները, փաստորեն, լիովին սպառվել են, բայց, շուկայական հարաբերությունների արժեհամակարգին զուգընթաց, պահպանվում են ավանդական և անգամ նահապետական նորմատիվներ ու կանոններ։ Հարավային Կովկասի երկրները, ընդհանուր առմամբ, պատկանում են հասարակության անցումային տեսակների շարքին, ընդ որում, սոցիալական և քաղաքակրթական լուսանցքայնությունը դրսևորվում է ինչպես քաղաքական գործընթացներում, այնպես էլ հանրային առաջնային հարցերում։ Դրա հետ մեկտեղ տարածաշրջանի երկրների հասարակություններն աչքի են ընկնում ստեղծագործական մեծ օժտվածությամբ, ինչը հիմնվում է խոր ու հնամյա ավանդույթների, ազգային հարուստ մշակույթի և հումանիզմի վրա։ Հատկանշական է կրոնի դերի վերականգնումն ու արդիական տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ