ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԻՍԼԱՄՆ Ի ԶՈՐՈՒ Է ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ԷԹՆԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԻՍԼԱՄՆ Ի ԶՈՐՈՒ Է ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ԷԹՆԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
16.12.2011 | 00:00

Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՏՎԱԾԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄԸ
Ներկայիս Թուրքիայի տարածքում բնակվող իսլամացած հայերի խնդիրը դեռ տարիներ առաջ սկսեց ակտիվորեն շրջանառվել մեզանում, իսկ երբ ՀՀ նախագահը Նյու Յորքում հայտարարեց, թե պետք չէ լեզվական, մշակութային և կրոնական տարբերություններ դնել աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայության մեջ, այն դարձավ որոշ կազմակերպությունների կողմից հաճախակի հրավիրվող սեմինարների ու կոնֆերանսների հրատապ թեման: Մամուլը ևս հեղեղվեց խնդրին վերաբերող հոդվածներով: Ցավալիորեն, սակայն, այս բացառիկ կարևորություն ունեցող թեմայի շուրջ ծավալվող թե՛ քննարկումները, թե՛ հրապարակումները զուրկ էին գիտական հիմքից ու առավելապես կրում էին սիրողական բնույթ: Եվ ոչ միայն: Դրանցում նկատելի էին դառնում վտանգավոր միտումներ. մերժվում էր ազգային ինքնագիտակցության ձևավորման գործընթացում լեզվի, կրոնի, հայրենիքի` ազգային ինքնության հիմնաքարերի կարևորությունը, խորամանկորեն թելադրվում այն միտքը, թե հայ լինելու համար էական չէ կրոնական պատկանելությունը, պարտադիր չէ հայոց լեզվի իմացությունը, ու առանձնապես կարևոր չէ Հայաստանում բնակվելը: Նման քննարկումների հաճախակի կազմակերպումը հանգեցրեց նրան, որ ազգային ինքնությունը խաթարող վտանգավոր գաղափարները, որոնք տարիներ առաջ շատ ավելի վախվորած էին հնչում, այսօր համարձակորեն ներկայացվում են իբրև բացարձակ ճշմարտություններ:
Հայության «դավանաբանական հատվածներին» վերաբերող կոնֆերանսներում, ուշադրություն դարձրեք, շեշտադրվում է իսլամացած հայերի, կաթոլիկ հայերի, լուսավորչական հայերի, ավետարանչական հայերի, բողոքական հայերի… տարանջատվածությունը. հարց է ծագում. ի՞նչ նպատակ են հետապնդում հայության հոգևոր հատվածականությունն անվերջ մեջտեղ բերող, այն առավել սրող «գիտական» կոնֆերանսները: Եվ ինչո՞ւ, հատկապես, այսօր, երբ պետականությունը վերագտած հայ ժողովուրդն իրեն նետվող մարտահրավերներից դեռ սեփական մեջքը չշտկած, այնքա՜ն կարիք ունի հոգևոր միասնության:
Օրերս հայության դավանաբանական հատվածներին վերաբերող հերթական գիտաժողովն էր հրավիրվել սփյուռքի նախարարության, «Հիքսոս» և «Նորավանք» հիմնադրամների նախաձեռնությամբ: Հրավիրյալներ կային նաև սփյուռքից, սակայն զարմանալիորեն բացակայում էր Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը: Մայր Աթոռի դիվանից տեղեկացանք, որ կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ պատշաճ համագործակցություն չի եղել, հետևաբար վերջինս նպատակահարմար չի համարել իր մասնակցությունը: Բավարարվենք ընդամենը փաստի արձանագրմամբ, քանզի խնդրին կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ: Իսկ այժմ`

«ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՅ ՉԿԱ, ՉԻ ԼԻՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՄԱԾՈՒՆԸ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՍԵՎ»
Իսլամացած հայերին վերաբերող քննարկումներում առանձնանում են հետևյալ հիմնական հարցերը` հային բնորոշելու համար գերակայությունը տալ էթնի՞կ, թե՞ կրոնական պատկանելությանը, ինքնության անաղարտությունն ազգային անվտանգության կարևորագույն հիմնախնդիրներից մեկը համարելով, արդյոք, կարելի՞ է Թուրքիայում բնակվող 1915թ. ստիպողաբար մահմեդականություն ընդունած հայության ժառանգներին հայեր համարել: Իսլամացած հայերին առնչվող այս ու այլ հարցերի շուրջ գիտական շրջանակներում առկա դիրքորոշումների իրարամերժությունը գրեթե վերաճել է հակամարտության: Այն հաճախ «համեմվում» է միմյանց հասցեագրված անձական վիրավորանքներով: Մինչդեռ, ազգային կարևորագույն խնդիրներում նման «հակամարտություններն» ուղղակիորեն փոշիացնում են մեր ներուժը, քանզի մի կողմ է մղվում գիտականությունը` ասպարեզը թողնելով դիլետանտներին:
Եվ այսպես:
«Մեզանում շատ հաճախ արմատացած է այն մտածելակերպը, թե հայ կարող է համարվել միայն քրիստոնյան, ըստ այդմ՝ այլակրոն կամ կրոնափոխ հայ հասկացությունը բացառվում է: Իսլամացած հայերի և նրանց սերունդների գոյությունը փաստ է, և առնվազն անարդար կլինի անտեսել տարատեսակ դժվարությունների մեջ իրենց հայկական ծագման հիշողությունը պահպանած մարդկանց»: Սա թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ կարծիքն է, որը «չափից ավելի հնացած» է համարում այն հակափաստարկը, թե հայը պետք է լինի միայն առաքելական եկեղեցու հետևորդ, իսկ նա, ով այդպիսին չէ, ուրեմն հայ չէ կամ հայ է որոշ վերապահումներով: «Թեև Հայ առաքելական եկեղեցին մեր ազգի, ինքնության, պատմության մեջ կարևորագույն և առանձնահատուկ դեր ունի, սակայն էթնիկ և կրոնական պատկանելությունները, այնուամենայնիվ, տարբեր են, և մենք հայ էինք նաև մինչև 301 թվականը»:

Կրոնական և դավանանքային միասնությունը մերժող թուրքագետն իր դիրքորոշումների ճշմարտացիությունը հաստատելու համար հաճախ է դիմում հայ վիպասան Րաֆֆուն, մեջբերելով գրողի հետևյալ միտքը. «Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց, և ոչ էլ լուսավորչականությունը մեզ իրավունք է տալիս հայ կոչվելու»: Ցանկացած գնահատական արժեքավոր է, եթե այն հնչում է իրավիճակի ճշգրիտ վերլուծության հիման վրա: Եվ ուրեմն, արդարացվա՞ծ է արդյոք կրոնական և դավանանքային միասնությունը մերժող սույն պնդումը, երբ մեր հարևան երկու երկրներում` Թուրքիայում և Ադրբեջանում, փութաջանորեն քարոզվում է «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կրոն» գաղափարաբանությունը: Ադրբեջանական քարոզչամեքենան լծված է «ազգային իսլամ» հասկացության քարոզչությանը, այսինքն, սրանք էլ են սկսել գիտակցել, որ էթնիկ ինքնության ուժեղացման համար վճռորոշ դեր ունի կրոնի ազգայնացումը։ Պատկերը նույնն է և Վրաստանում, ուր վրաց կաթողիկոսը վարում է կրոնի շուրջ վրաց ազգը համախմբելու հստակ քաղաքականություն:
Մերժելով իսլամացած հայերի հայադարձումն ու վերաինտեգրումը հայ հասարակությանը, պատմաբան ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նկատում է. «Իրականում մահմեդական հայեր չկան, ինչպես և չկան քրիստոնյա թուրքեր: Կան ընդամենը նրանց սերունդները, ովքեր ժամանակին հայ են եղել, իսկ հետո մահմեդականություն ընդունել ու թուրքացել: Հետևաբար, մահմեդականություն ընդունած հայերը հայկական ինքնագիտակցության կրողներ չե՛ն և չե՛ն կարող լինել»: Քաղաքագետն իր հոդվածներում հակադարձում է այն պնդումներին, թե կրոնը պետք է տարբերակել ազգային ինքնությունից. «Բայց ինչպե՞ս, եթե կրոնն ազգային ինքնագիտակցության կարևորագույն շերտն է: Այդ շերտի անտեսումը կամ, առավել ևս, փոխարինումը մահմեդականով, կարող է աղետալի հետևանքներ ունենալ հայության համար: Քանզի իսլամը ոչ միայն կրոն է, այլև մշակույթ, գաղափարախոսություն, կենսակերպ»,- զգուշացնում է Այվազյանը: Պատմաբան ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸ կարծում է, որ այս հարցում ակնհայտ է չիմացությունը, քանզի քչերին է հայտնի, որ կրոնափոխություն ասվածը ենթադրում է աշխարհայացքի ու ինքնության փոփոխություն: Պատմաբան ԹԱՄԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ իր հերթին հայտարարում է. «Մահմեդական հայ չկա, չի լինում, ինչպես մածունը չի լինում սև», և հակառակը պնդողներին ուղղում հետևյալ հարցադրումը` պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կրոն է իսլամը. «Այն աշխարհընկալում է, կենսակերպ, աշխարհայացք, ազգակերտիչ գործոն: Իսլամ դավանելը նշանակում է ումային պատկանել: Իսկ ուման ընդհանուր իսլամական եղբայրության գաղափարն է»:
Այսպիսով, հիմնվելով գիտական հետազոտությունների վրա, հայ պատմաբանները հանգում են կարևորագույն հետևության. քանի որ իսլամի դեպքում կրոնական գիտակցությունը շատ ուժեղ է ազդում մարդու ազգային ինքնագիտակցության վրա, հետևաբար, իսլամի ընդունումը նշանակում է հեռացում հայությունից, ասել է թե` իսլամացած հայերն այլևս չունեն ազգային ինքնագիտակցություն: Ի վերջո, փաստ է, որ մեր ինքնության պայքարը դարերով եղել է հակաիսլամական:

ԵՆԻՉԵՐԻՆԵՐԸ ԵՎՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵԻՆ
Ազգային ինքնության աղճատվածությունը լրջագույն մարտահրավեր է` ուղղված ազգային անվտանգությանը: Արձանագրելով այս փաստը, նկատենք, սակայն, որ իսլամացած հայերին հայ հանրությանը վերաինտեգրելու կողմնակիցների մոտ գրեթե բացակայում են ազգային անվտանգության տեսանկյունից խնդրի խորքային վերլուծությունները: Փոխարենն առաջին պլան են մղվում ռոմանտիկ տեսությունները, ինչպես, օրինակ, Թուրքիայում ապրող իսլամացած հայերի ինքնագիտակցության զարթոնքը կարող է կանխորոշել այդ երկրի փլուզումը: Նույն տրամաբանության շարունակությամբ ասվում է, թե իսլամացած հայերի ներուժը կարելի է ծառայեցնել ի նպաստ հայության ազգային շահերի: Սակայն խնդիրը ազգային անվտանգության դաշտում դիտարկողները հնչեցնում են լրջագույն հակափաստարկներ:
Գևորգ Յազըճյանը համոզված է, որ իսլամացած հայերի միջոցով իսլամի մուտքը Հայաստան քաղցկեղի վտանգ կստեղծի: 20-30 տարի հետո նրանք կկլանեն ամեն ինչ, իսկ մեր պետությունը պատրաստ չէ դիմագրավելու այդ վտանգին. «Պարզ խոսենք, մենք չունենք ամուր ազգային անվտանգության համակարգ: Եթե Թուրքիայում այս հարցերով զբաղվում է ազգային հետախուզությունը, որ կոչվում է հոգեբանական պաշտպանության գլխավոր վարչություն, ՀՀ-ում ո՞վ է զբաղվում այս հարցերով, չգիտենք»:
Արժեքավոր վերլուծություն է ներկայացնում Արմեն Այվազյանը, նկատելով, որ հայ մշակույթը մեծապես արգասիքն է հայ ազատագրական գաղափարախոսության, պատմաբանը արձանագրում է այն փաստը, որ մահմեդականություն ընդունելով, հայը ոչ միայն հերքում էր ազատագրական պայքարի և գաղափարախոսության հետ թեկուզ չնչին իսկ կապ ունեցող հայոց պատմությունն ու մշակույթը, այլև համաձայնում է դառնալ թշնամու գաղափարախոսության կրողը: «Կարո՞ղ եք արդյոք օրինակ բերել թեկուզ մեկ մահմեդական «հայի», որը երբևէ մասնակցել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Կարո՞ղ եք նշել թեկուզ մեկ «հայ» մահմեդականի անուն, որը ներդրում է ունեցել հայ մշակույթի մեջ: Այդպիսի օրինակներ դուք չեք գտնի»: Փոխարենը պատմության էջերում հիշատակվում են հայ ազգային-ազատագրական շարժման դեմ կռիվ տված հայկական ծագում ունեցող մահմեդականների` ենիչերիների անունները: Չնայած իրենց հայկական ծագմանը, իսլամի ոգով դաստիարակված այդ մահմեդական «հայերը» զենքը ձեռքին կռվել են հայերի դեմ: Պատմությունը վավերացնում է. «Նրանք ամենակատաղին էին, ստորն ու ամենաանմարդկայինը»: Խնդրի առնչությամբ իր վրդովմունքը չի թաքցնում ակադեմիկոս ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ, հիշեցնելով, որ մահմեդական հայ էր նաև սուլթան Համիդը, որը ձեռնարկեց հայերի հիմնավոր կոտորածները Մուշում, Սասունում, Կիլիկիայում և պատմության մեջ մնաց «Կարմիր սուլթան» անունով:
Հիշենք նաև ծագումով հայ, իսլամ ընդունած Մելիք Ասլանովին, որը, լինելով Ադրբեջանի 1-ին Հանրապետության նախարարներից մեկը, մեծ դեր ունի հայերի կոտորածների կազմակերպման գործում:
Մերօրյա պատմությունը ևս նման փաստերի պակաս չունի: Շատերին է հայտնի Հադրութի շրջանի Տող գյուղի պատմությունը: Այս գյուղի բնակիչները գիտենալով, որ 18-րդ դարի վերջին մահմեդականություն ընդունած ու թուրքացած իրենց նախնիները հայեր են եղել, Արցախյան ազատամարտի օրերին, սակայն, զենքը ձեռքին կռվում էին արցախահայության դեմ: Սա հավաստումն է այն փաստի, որ իսլամն ի զորու է չեզոքացնելու էթնիկ հիշողությունը:
Փաստերը հաստատում են, որ իսլամացած «հայերը» երբեմն շատ ավելի մեծ վնաս են հասցրել իրենց էթնիկ հանրույթին, քան դա արել է բուն թշնամին:

ՇՈՈՒՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՎ` ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է «ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻՆ»
Ի տարբերություն մեզ, Թուրքիայում ազգային ինքնությանն առնչվող խնդիրները ոչ թե հրապարակային քննարկումների տիրույթում են, այլ ազգային անվտանգության: Վերջին շրջանում թուրքական մամուլի էջերում հաճախ են տեղ գտնում «Ծպտյալ հայերը թուրքական պետության հիմնախնդիրն են» վերնագրով հրապարակումներ: Ակնհայտ է, որ փորձ է արվում զգոն պահելու թուրք հանրությանը` բացատրելով, թե ինչպիսի վտանգներ կարող են երկրին պատճառել Թուրքիայում իրենց ինքնությունը թաքցրած «ծպտյալ հայերը»: «Ենի Չաղ» պարբերականի հեղինակը, օրինակ, ահազանգում է. «Ցանկանում ենք ասել, որ նրանք, ովքեր թաքցրել են իրենց ինքնությունը և պաշտոններ են զբաղեցնում, իրենց մեջ ունեն ծպտյալ ապստամբ ոգի թուրք հանրության նկատմամբ»։ «Օտարերկրյա գաղտնի ծառայությունները նրանց միջոցով կարող են լուրջ վնաս հասցնել Թուրքիային, հարկ է վնասազերծել նրանց»:
Իսկ մենք դեռ բանավիճում ենք:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. - Ի դեպ, երկու տարի առաջ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպված և պատվիրված միջոցառումից հետո թուրքական որոշ լրատվամիջոցներում լուրեր էին սպրդում այն մասին, թե բացի այն, որ հայկական եկեղեցու վերականգնմամբ Թուրքիան նպատակ ունի Եվրոպայի աչքում ժողովրդավարական երկիր երևալու, կա նաև մյուս կարևոր նպատակը` բացահայտել ծպտյալ հայերին:

Դիտվել է՝ 1441

Մեկնաբանություններ