Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՎՆԱՍԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է, Ո՛Չ ԱՎԵԼԻ, Ո՛Չ ՊԱԿԱՍ, 40 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

ՎՆԱՍԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է, Ո՛Չ ԱՎԵԼԻ, Ո՛Չ ՊԱԿԱՍ, 40 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
12.03.2010 | 00:00

Կա վրացական մի հին ասացվածք. «Եթե քեզ բռնում է արջը, ապա անվանիր նրան հայրիկ, գուցե բաց թողնի»։ Վերջին ժամանակներս ռուս-վրացական հարաբերություններն իրենց ողջ սկանդալայնությամբ, և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինելով հանդերձ, կարծես մտնում են ավելի հանգիստ ու պրագմատիկ փուլ։ Անշուշտ, առայժմ կողմերից ոչ մեկը չի խոսում «եղբայրության» մասին, բայց լարվածության թուլացման միտումներ, այնուհանդերձ, կան։
Այսպես, առաջին և թերևս բազային «ճեղքումը» Վերին Լարս-Կազբեկ մաքսային անցակետի բացումն էր։ Այս կարևոր տրանսպորտային հանգույցը փակվել է 2008-ի օգոստոսյան պատերազմից շատ ավելի շուտ։ Բայց հենց դա էլ ժամանակին դարձավ սպասվող փոթորկի նախանշաններից մեկը։ Եվ թեպետ որոշ քաղաքական գործիչներ Վրաստանում նշում են, թե անցակետի բացումը սկզբունքորեն բխում է միայն Հայաստանի շահերից, իսկ Վրաստանի քաղաքացիները դրանից չեն օգտվում, այնուհանդերձ, փաստն ինքնին վկայում է կողմերի դիրքորոշումների որոշակի մեղմացման մասին։ Չնայած այն բանին, որ վրացական ԱԳՆ-ն հավաստիացրեց «ադրբեջանական գործընկերներին», թե այդ անցակետով և Վրաստանի տարածքով ոչ մի փամփուշտ չի մտնի Հայաստան, այնուհանդերձ, պետք չէ անտեսել, որ համապատասխան համաձայնագիր գոյություն ունի։ Ռազմական տրանզիտի վերաբերյալ այդ փաստաթուղթը ստորագրվել է 2006-ին և մասն է ռուս-վրացական այն պայմանավորվածությունների, որոնց համաձայն ռուսական բազաները դուրս բերվեցին Վրաստանից։ Մատնանշված է, որ համաձայնագիրը վերաբերում է առաջին հերթին Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական բազայի սպասարկմանը։
Բնութագրական է, որ Վերին Լարսի բացմանը հետևեցին «բարի կամքի» այլ արտահայտություններ ևս։ Վերականգնվեց օդային և տրանսպորտային ուղիղ հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, արդեն խոսվում է վրացական ապրանքները ռուսական շուկա վերադարձնելու հնարավորության մասին։ Հիշեցնենք, որ 2006-ից վրացական հանքային ջրերի և գինիների մուտքը Ռուսաստան կասեցված է։ Մոսկվան այն ժամանակ դա պատճառաբանեց «սանիտարական» շարժառիթներով, սակայն երևույթի քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր։ Լարվածության որոշակի թուլացում է նկատվում նաև հումանիտար ոլորտում։ Մասնավորապես, Ռուսաստանում վրացիների միության ներկայացուցիչները վերջերս հայտարարեցին, թե վրացազգիները Ռուսաստանում «որևէ պրոբլեմ չունեն»։ Միխեիլ Սաակաշվիլին էլ օրերս բնութագրական «ռևերանս» արեց ռուսական ինքնասիրությանը` հայտարարելով. «Մենք պետք է պահպանենք նաև ռուսաց լեզուն։ Վրաստանը չի կարող վատ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Չէ՞ որ մենք խելագարներ չենք»։ Այս հանգամանքը բավականին շոյիչ էր Մոսկվայի համար և կարծես դարձավ փոխհատուցում այն բանից հետո, երբ ՈՒկրաինայի նոր նախագահը հերթական անգամ «ֆռռացրեց» Ռուսաստանին` հրաժարվելով ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու իր նախընտրական խոստումից։
Հարկավ, առայժմ կարելի է խոսել ռուս-վրացական հարաբերություններում «սառցադաշտային կլիմայի» մեղմ փոփոխությունների մասին։ Բացասական հանգամանքները դեռ շարունակում են գերակշռել։ Վրաստանի նախագահը, օրինակ, իրեն չզրկեց Ռուսաստանին «Միստրալ» տեսակի ռազմանավեր վաճառելու Ֆրանսիայի որոշումը, ինչպես նաև ֆրանսիական օպերատոր ընկերությանը քննադատելու հաճույքից, որը կասեցրել է Ռուսաստանի տարածքում վրացական «Առաջին կովկասյան հեռուստաալիքի» հեռարձակումը, քանզի այն վրացական կողմի գլխավոր հակաքարոզչական զենքերից մեկն էր և հեռարձակվում էր ռուսերեն։
Ամենագլխավոր հարցում` Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների առնչությամբ, որևէ տեղաշարժ չկա և դեռ երկար ժամանակ չի լինի։ Վրացական մամուլի հրապարակումներն այն մասին, թե Վլադիմիր Պուտինն իբր դեմ չէ այդ խնդիրների լուծմանը Վրաստանի օգտին, պարզապես ֆանտաստիկայի ոլորտից են կամ էլ պարզունակ քաղաքական քարոզչություն։ Ռուսական ներկայիս իշխանությունն ակնհայտորեն երբևէ չի դիմի այդպիսի քայլի։ Մանավանդ որ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ Ռուսաստանի ռազմական դաշինքը զարգանում է «հարվածային տեմպերով», մեծանում է ռուսական զորամիավորումների ներկայությունն այդ տարածքներում` երկարաժամկետ հեռանկարի հաշվառումով։ Օրինակ, վերընտրվելուց անմիջապես հետո Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը ստորագրեց համապատասխան պայմանագիրը` ռուս-աբխազական համատեղ զորամիավորումների ստեղծման մասին, որը ուժի մեջ է լինելու 49 տարի։ Մոդեռնացվելու է վաղուց ի վեր Աբխազիայի տարածքում գոյություն ունեցող Գուդաութայի ռազմաբազան, որտեղ այսօր արդեն գտնվում է 1700 ռուս զինվորական։ Թեպետ, մյուս կողմից էլ, ամերիկացիները ժամանակ չեն կորցնում, և վերջերս ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմածովային ուժերն անցկացրին համատեղ զորավարժություններ, լուրեր են շրջանառվում, թե Պենտագոնը մտադիր է Վրաստանում ստեղծել երեք բավականին խոշոր ռազմահանգրվան և դրանցում տեղակայել շուրջ 25 հազար ամերիկյան զինծառայողների։ Սաակաշվիլին արդեն առաջարկել է Պենտագոնին` օգտագործել վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներն ամերիկյան ռազմատրանսպորտային նավերի համար, իսկ վրացական օդանավակայանները պատրաստ են ընդունելու ամերիկյան ռազմական օդուժը` Աֆղանստան թռչելու ճանապարհին միջանկյալ լիցքավորման։ Տարբեր տվյալներով` այսօր Վրաստանը լուրջ դեր է կատարում դեպի Աֆղանստան ռազմական տրանզիտի հարցում, և բոլոր տեսակի ռազմական բեռների շուրջ 80 տոկոսը, որ նախկինում տեղափոխվում էր Պակիստանով, այսօր Քաբուլ է հասնում Վրաստան-Ադրբեջան-Թուրքմենստան գծով։ Եվ միայն բեռների 20 տոկոսն է տեղափոխվում Ռուսաստանով, այն էլ` ոչ ռազմական նշանակության։
Ռուս-վրացական հարաբերություններում կան նաև այլ, գուցե և ավելի քիչ վտանգավոր, սակայն նշանակալի «խութեր»։ Վրաց խորհրդարանականները 2008-ի օգոստոսյան պատերազմի պատճառով Վրաստանին հասցված վնասը Ռուսաստանի կողմից փոխհատուցելու մասին հրատապ հայցադիմումներ են պատրաստում միջազգային դատարաններ ներկայացնելու, և այդ վնասը գնահատվում է, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, 40 մլրդ դոլար։ Համակարգված հոսքով Ստրասբուրգի Եվրոպական դատարան են ուղարկվում հիմնականում մասնավոր անձանց, հատկապես փախստականների հայցադիմումները։ Թեպետ Վրաստանը, որպես պետություն, նույնպես մտադիր է Ռուսաստանին դատական հայցեր ներկայացնել 1990-2008-ին Վրաստանի տարածքում «ռասայական խտրականության» քաղաքականություն վարելու համար։ Այդ կապակցությամբ համապատասխան դիմումն արդեն ուղարկված է Հաագայի միջազգային դատարան։ Ռուսական կողմից հիմնական արձագանքը դրսևորվում է հեգնական քմծիծաղով, և չնայած դրան, վրացական և ռուսական ԶԼՄ-ներում կանխատեսումների պակաս չկա, թե ռուսական հատուկ ծառայությունները մահափորձ են նախապատրաստում Վրաստանի գործող նախագահի դեմ։
Հավատա՞լ, թե՞ չհավատալ այս պնդումներին, թերևս յուրաքանչյուր անհատ ընթերցողի գործն է, թեպետ, իհարկե, Սաակաշվիլին ռուսական իշխանությունների համար շարունակում է նույն դերը կատարել, ինչ կարմիր փալասը` ցուլի։ Փետրվարին Ռուսաստանի նախագահը Վրաստանի իր գործընկերոջն անցանկալի անձ հայտարարեց, թեպետ այդպիսի նորմը միջազգային պրակտիկայում կիրառվում է օտարերկրյա դիվանագետների, բացահայտված լրտեսների ու նման կարգի անձանց, բայց ոչ որևէ երկրի նախագահի նկատմամբ։ Բնութագրական են նաև Մոսկվայի շփումները վրացական ընդդիմության հետ։ «Մենք պատրաստ ենք ընդունելու բոլորին, ովքեր գալիս են ոչ թե անիմաստ պայքարի կամ ստի համար, այլ ռուս-վրացական հարաբերությունների մթնոլորտում իրական փոփոխություններ մտցնելու»,- վերջերս հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Եվ Մոսկվան կարծես փնտրել-գտել է «իշխանության այլընտրանքային կենտրոն» դառնալու պատրաստ մարդկանց։ Ռուսաստանի վարչապետի ընդունելությանն են արժանացել ոչ միայն նախկին վարչապետ և ներկա ընդդիմադիր գործիչ Զուրաբ Նողաիդելին, այլև խորհրդարանի նախկին խոսնակ, ոչ անհայտ Նինո Բուրջանաձեն, որն այսօր գլխավորում է «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցությունը։ Կրեմլում նա արժանացել էր Վլադիմիր Պուտինի բավականին ջերմ ընդունելությանը, թեպետ հայրենիքում` միայն սեփական նախկին համախոհների դատապարտմանը։ Ամեն դեպքում, վրաց ընդդիմադիրներն ամեն կերպ ընդգծում են, որ իրենք «վրացամետ» են, և Ռուսաստանում ոչ թե դաշնակիցներ են որոնում` Սաակաշվիլուն իշխանությունց հեռացնելու համար, այլ փորձում են «օգտակար լինել ռուս-վրացական խաթարված հարաբերությունների վերականգնմանը»։ Ռուսաստանն իր հերթին հույսեր է կապում այս տարվա մայիսին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հնարավոր փոփոխությունների հետ, նկատի ունենալով, որ ամերիկյան վարկերն արդեն սպառվել են, և այդ պարագայում փոփոխությունների հնարավորությունը դատարկ հռետորաբանություն չէ։
Այնուհանդերձ, դժվար է միանշանակ պնդել, թե իշխանափոխության «բյուրեղյա երազանքը» հնարավոր կլինի մայիսին իրագործել։ Բոլոր նրանք, ովքեր ուշադիր են հետևում Վրաստանում զարգացող ներքին իրադարձություններին, նշում են, թե անկանխատեսելիության գործոնը կա։ Միևնույն ժամանակ, ընդդիմության ավելի հեռանկարային համարվող գործիչներին և հատկապես ընդդիմությունը միավորելու ընդունակ համարվող հիմնական թեկնածու Իրակլի Ալասանիային հազիվ թե առիթ կլինի տեսնել Կրեմլի միջանցքներում։ Նրա ու իր համախոհների համակրանքները բոլորովին այլ ուղղվածություն ունեն, և միանգամայն հավանական է համարվում, որ ընդդիմության այս թևը կնախընտրի գործնականում չխանգարել Սաակաշվիլուն, այլ նախապատրաստվել 2012-ի նախագահական ընտրություններին։
Այդքանով հանդերձ, ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի համար այսօր հրատապ անհրաժեշտություն է։ Ամենից առաջ Ռուսաստանը ձգտում է ընդգրկվել և եվրասիական այլ պետությունների էլ ներքաշել Եվրոպայում ձևավորվող նոր համագործակցության մեջ, որ սկսել է որոշակի ձև ստանալ հատկապես Մոսկվա-Բեռլին-Փարիզ համագործակցության արդյունքում։ Բացի այդ, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան սպասարկելու անհրաժեշտությունն է դրդելու Մոսկվային որոշ կառուցողական քայլերի։ Մասնավորապես, հոդվածի սկզբում նշված հայտնի պայմանագրի համաձայն, ռուսական կողմը նախօրոք պետք է տեղեկացնի վրացիներին, թե ինչ կարգի զինատեսակներ և զինամթերք ու ինչ քանակությամբ է պատրաստվում տեղափոխել Վրաստանով Հայաստան։ Իսկ սա արդեն նշանակում է, որ վրացական իշխանությունները, այսպես թե այնպես, ուղղակի շփման մեջ պետք է մտնեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Իսկ դա երկրի նախագահի գործունեության ոլորտն է, հետևաբար Մոսկվան, ուզած թե չուզած, հարկադրված է լինելու համագործակցել իր բազմիցս մատնանշած «անհավասարակշիռ խելագարի»` Սաակաշվիլու հետ։
Վերջերս Տոմսկում մի աղջնակ հարցրել է Ռուսաստանի նախագահին, թե արդյոք Սաակաշվիլուն չե՞ն դատելու։ «Ամեն ինչ իր ժամանակին»,- լակոնիկ նշել էր Մեդվեդևը։ Եվ այս հանգամանքն ամենևին մխիթարական չէ, եթե ինչպես պետական մակարդակում, այնպես էլ երկու կողմերի հասարակ բնակչության մեջ կան նման տրամադրություններ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ