ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԹԱՍԻԲԻ՞ Է ԳՑՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԹԱՍԻԲԻ՞ Է ԳՑՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
29.11.2011 | 00:00

Արտքաղաքական և ներքաղաքական զագացումների պակաս չկա: Շատ ժամանակ չես էլ հասցնում հետևել դրանց «ենթա և չենթա» տեքստերին: Առայժմ` ներքաղաքական «ենթա-չենթայից»:
ՊՐԵԱՄԲՈՒԼԱ
Ներքաղաքական զարգացումների «բոցը» ֆոլկլորի ասպարեզում էր: Լսե՞լ եք վերջին անեկդոտը: Չէ՞: Պատմե՜մ: Օբաման, Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը գնում են Աստծո մոտ: Օբաման ասում է` ուզում եմ նորից ընտրվել, Տեր: «Դժվարությամբ, բայց հնարավոր է»,- ասվում է Օբամային: Մեդվեդևը` ես էլ եմ ուզում երկրորդ անգամ ընտրվել: «Ինչ ասես արեցինք Քեզ համար, Դիմա, շանս չունես, հնարավոր չէ»: Էս ասելուց հետո Աստված շուռ է գալիս Սերժի կողմը, թե` «Դո՞ւ ինչի ես եկել, դո՞ւ ինչ պրոբլեմ ունես, պիտի որ քո մոտ ամեն ինչ շատ լավ լինի»: Դե, ասում է, Սերժը, իրենք գալիս էին, ասի, ես էլ գամ, նորից հիշեցնեմ: Աստված ասում է. «Որ մի հատ ըսենց տվե՛լ եմ, է՜…». անհավատության «մոմենտով», էլի՜:

«ԳԻՇԵՐԸ ՄՏԱՎ ՏԵՂԵՐԸ, ԿԱՏՈՒՆ ԿԵՐԱՎ ԲԵՂԵՐԸ»
Մինչ կանցնենք ՀԱԿ «օրակարգին», անդրադառնանք Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան «երկխոսությանը», որովհետև շաբաթվա «շլյագերը»` ՀԱԿ-ի հանրահավաքից հետո, «Ժառանգության» խորքից Րաֆֆու գրած նամակն էր, որին ՀՀԿ-ն պատասխանեց երկու օրինակից: Ինչն էլ «ենթա-չենթաներ» առաջացրեց` «փոշի սրբող, բեղեր կտրող, անվերջ դատող, անվերջ վազող, համ էլ պառկող» «Ժառանգության» «մոմենտով»: Այն է` այդ ի՞նչ հույժ ուշադրություն է առաջացել նամակ գրող, դրոշ դնող, տակը վճռական մենակ նստող, ծոմ պահող, երբեք օ.գ.գ. չունեցող Րաֆֆու նկատմամբ:
Ի դեպ, վերջին շրջանում Րաֆֆու «բոցերին» ևս մեկ «բոց-տեխնոլոգիա» է գումարվել: Նա «без пяти минут» ՀԱԿ-ից է սկսում իր արմատական «ընդդիմադիրոտությունը». նախորդ անգամ վեր ելավ-գնաց մենակ նստեց Ազատության հրապարակում` ծոմվելու, իրականում` փսորելու ՀԱԿ-ի Ազատության հրապարակ գրավելու «տոնակատարությունը»: Այս անգամ` ՀԱԿ-ԲՀԿ «համագործակցությունից» «без пяти минут» նամակ գրեց` ազգի ու ընտրությունների վիճակը սրտին խստորեն «ծանրացնելով»:
Եվ, այնուհանդերձ, Քըրքի համագյուղացի (բայց ասում են` Քըրքն էլ չի ուզում փող տալ «Ժառանգությանը». վերջինս էլ սոված-ծարավ սրթսրթում էր Իջևանի ընտրություններում) «Ժառանգությունը» ինչու մեկ էլ ու արժանացավ իշխանական այդքան բուռն հակազդեցությանը:
Էս պարագայում ևս պետք է հեռվից գանք. բանն այն է, որ Րաֆֆին և յուր ՌԱՀՀԿ-ն մշտապես եղել են արևմտյան «տեսլականների» գեներացիոն պտուտակը. արդեն իսկ գրել ենք, որ 2007-ի մարտի 9-ին ՌԱՀՀԿ-ում կազմակերպվել էր այդ տարվա մայիսին ընթանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող քննարկում։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն ամերիկյան հետկոմունիստական փորձագետներ էր հրավիրել, որպեսզի վերջիններս լուսավորեն հայ «անփորձներին», թե ընտրությունների ժամանակ ինչ անեն, ումով անեն։
Հրավիրյալներն էին Վալերի Բրանսը և Շարոն Վոլչիկը, որոնք տեխնոլոգիաների նրբությունների մասին դաս էին տվել ներկաներին առ այն, որ եթե անգամ Հայաստանում մայիսին ընտրություններն անցնեն լեգիտիմ և նորմալ. «Միևնույն է, դուք պետք է ասեք, որ այդ ընտրությունները լեգիտիմ չեն, արդար չեն» (հա՛, փորձագիտական սույն «համաժողովը» վարում էր անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը):
Ինչպես ասում են` no comment:
Եվ այնուհանդերձ, Սերժ Սարգսյանի պատասխանը Րաֆֆուն սպասվածից կոշտ էր: Հասկանալի է, «Ժառանգությունն» այդ նամակով բազար էր անում իշխանությունների հետ առ այն, որ եթե այնպես ստացվի, որ սույն բազմաժանր, «վազանցիկ ու վազապառկիկ» կուսակցությունը չմտնի ապագա պառլամենտ (հասկանալի է, եթե չմտավ, ապա Րաֆֆին իզուր է դնելու յուր թեկնածությունը նախագահական ընտրություններում), ապա «Ժառանգությունը» հետընտրական գործընթացների «արդյունքում», անկախ նրանից` ինչպես են ընտրություններն անցել` լեգիտիմ, թե ոչ, փոխվել է օրենսդրությունը, թե ոչ, իշխանությունը որոշել է ամենաարդար ընտրություններն անցկացնել, թե ոչ, հայտարարելու են` «չեն եղել» արդար-ազատ, ինչն էլ կարող է ԵԱՀԿ, միջազգային այլ կառույցների զեկույցների համար «բազարի» տեղ թողնել` Հայաստանի վրա մահակ կիրառելու համար:
Այո, չի բացառվում Րաֆֆիի «գեներացիայում» արևմտյան այլ «ականջներ» ևս լինեն: Աստծու մոտ գնացած ու երկրորդ «սրոկի» չհասած Դիմայի սկսած «սառը» պատերազմը կարող է և իր ուրույն արձագանքն է ստացել այդ նամակում, որ Հայաստանը, ինչպես Բելառուսը, ինքնամոռաց չնետվի ԵվրԱզԷս-ի և ԽՍՀՄ-ի հորձանուտը` Սիրիայում և Իրանում սպասվող «գործընթացների» նախաշեմին, ինչով էլ կխախտվի տարածաշրջանում հավասարակշռողի այն դերակատարությունը, որը ստանձնել է Հայաստանն այս պահին` շատ մեծ դժվարությամբ:
«Համենայն դեպս, դա քեզ չի վերաբերում», «մեսիջեց» Րաֆֆուն Սերժ Սարգսյանը` խորհուրդ տալով վերջինիս` «արդարության» մասին գնահատականներ չտալ, մանավանդ որ թե՛ Սերժի, թե՛ մեր բոլորի հիշողության պատկերում դեռ թարմ են այն գործընթացները, որոնք վարվում էին Րաֆֆու նկատմամբ Քոչարյանի օրոք` ինչ-ինչ «խախտումների» և այլնի հետ կապված` Րաֆֆիենց կողմից «ղեկավարվող» բարեգործական և այլ «գործական» «հիմնարկներում»:

«ՀԱԿ-Ը ԳՆԱՑ ՏԱՆՁԻ, ՎԱԽԵՑԱՎ ԳԼՈՒԽԸ ԽԱՆՁԻ»
Հաջորդ «շլյագերը» Տեր-Պետրոսյանի ելույթն էր (հռչակագիրը, որը «հնչեց» միտինգում, դեժավյուի խոր զգացում առաջացրեց` 2003-ի «Արդարություն» դաշինքի մասով, իսկ կրկնությունը նաև ծերանալու ախտանիշ ունի իր «ենթա-չենթայում»):
Տարընթերցումների հսկայական դաշտ էր Տեր-Պետրոսյանի այս մի ելույթը ևս: Բանաստեղծորեն ասած` «էնիք» բոլոր ջրաղացներին: Ոչ ոք չէր մոռացվել, ոչինչ չէր մոռացվել: Նույնիսկ դրական «պաս» կար Սերժ Սարգսյանի դարպասին: Ինչն էլ նշանակում էր, որ ՀԱԿ-ում այսուհետև և մեկընդմիշտ չգիտեն` ինչ անեն ձախ, ինչ` աջ ձեռքով:
Միտինգի «նոուհաուն» ԲՀԿ-ն էր: Ինչպես մնացած «հաուները», այս մեկը ևս, քարոզչական բլեֆից դենը, այլ էներգետիկա չուներ: Իսկ սկզբում «բանն էր», հետո նոր` «հացը». ՀԱԿ-ական «հաուներն» սկսվել էին Ղարաբաղից. այն է` վաղը, ժամ տասներկուսին ծախվում է Ղարաբաղը: Հետո` «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն «միանում» են ՀԱԿ-ին` Սերժի հրաժարականի «մոմենտով»: Հետո երկխոսությունն էր: Հետո արտահերթ ընտրություններ էին: Հիմա էլ ԲՀԿ-ն է:
Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը հարկ համարում ԲՀԿ-ին առնչվող իր «նոու հաուի» մասին ասել, որ այդ առնչությամբ կոնգրեսում կոնսենսուս չկա: Եվ «դա» ընդամենն իր կարծիքն է: Շատ պարզ. առանց այն էլ ահագին մասնատված ՀԱԿ-ում նոր ու հուժկու փսորում կառաջանա: ՀԱԿ-ում առանց այն էլ շատ-շատ հարցերի հետ կապված սողացող դժգոհությունն ամեն վայրկյան կարող է պայթել (իշխանության այիբների մասին խոսելուն զուգընթաց` ՀԱԿ-ը մոռանում է հետևել համատիեզերական խորհրդին` «ծանեա զքեզ»). «մարտի մեկի ցուցակից» օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի և նրա թիկնապահների անունները հանելն այնքան էլ միանշանակ չի ընդունվել. հիմա՞ ինչ է ասվելու ԲՀԿ-ի մասով, անհայտ է:
Կամ ավելի շուտ, հայտնի է. դժգոհների համար կա «աերոդրոմ», ուր վերջիններս կարող են գնալ երկրորդ պտույտի և փափուկ «պասադկայի» «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն:
Սակայն սա առ ոչինչ է այն տարընթերցման կողքին, որի մասին սևով սպիտակի վրա միտինգավորներին տեղեկացրեց Տեր-Պետրոսյանը` թույլ տալով հաջորդ «կիքսը»: Այն է` այդ իրենց հորդորով է Սերժ Սարգսյանն օլիգարխներին տուն ուղարկել ու հայտարարել, որ ապագա պառլամենտում գործարարներ չեն լինելու (և թե ինչո՞ւ է Սերժը որոշել այդ գործընթացն անել «step by step», հընթացս հարցնում է նաև հիմնադիր նախագահը):
Ճիշտն ասած` չգիտեինք, որ «հայրենական տունը» (որը, ցավոք, տան պատ չդառավ Գռզոյի համար) հենց ՀԱԿ-ն է: Իմացանք:
Ասում-խոսում է այս բոլորը Տեր-Պետրոսյանը, «համագործակցում» ԲՀԿ-ի հետ, հետո էլ հիշում, որ ինքն ընդամենը քաղաքական վերլուծություն է անում: Այնտեղ էլ, ի պատասխան, Վարդան Բոստանջյանն է սեթևեթում` «կարծես, գուցե, նամանավանդ ձիս կապեմ-գամ»: Մնացածն էլ` «փարդի քամակում» եղողները ուրախանում են` հրե՜ս, գնացին զմիմյանս ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն. էս ինչ ենք անում, տղե՜րք, հա՜յ-հարայ:
Չեն գնալու նրանք միասին: Պայմանավորվածությունները այլ են: Դրանց մասին կխոսենք այլ առիթով` ավելի ուշ:
Պարզապես այս պահին Լևոնն իր իմացած «հոգեխանգարմունքային», «չմեռած լեզուներով» նախ փորձում է պահել իր էլեկտորատը` նոր «գաղափարներ» ներարկելով: Ապա փորձում է թասիբի գցել «обижник»ներին, «փարդի քամակիններին», ինչպես նաև Սերժ Սարգսյանին: Վերջինիս, որ ջղայնանա, վերցնի ու միասնական ցուցակով գնա ընտրությունների` ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ:
Որովհետև կոալիցիայի առանձին-առանձին գնալու դեպքում ՀԱԿ-ի առանց այն էլ տրոհված ու նոսրացած էլեկտորատը հայտնվելու է ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի տակ, և ՀԱԿ-ը կհայտնվի շատ բարդ իրավիճակում:
Իսկ եթե ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոնգլոմերատը միասին գնա, իշխանության դեմ համերաշխ պայքարի արդյունքում տատանվողների ահագին ազատ կոնտինգենտ կառաջանա, և ՀԱԿ-ը կփորձի վերցնել այն:
Կընկնի՞ թասիբի Սերժն ու «կկատարի՞» ընդդիմության պահանջը:
«Որ մի հատ ըսենց տվե՛լ եմ, է՜…»:
Իմա, ևս մեկ անգամ տե՛ս Ղարաբաղի ծախման, երկխոսության, ընդդիմության համախմբման, արտահերթ ընտրությունների պահանջների շուրջ մինչ այժմ տեղի ունեցած «զարգացումները»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ