ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԵՐԲ ԱՐՋՆ Ու ԳԱՅԼԸ ԲԱՐԵԿԱՄԱՆՈՒՄ ԵՆ

ԵՐԲ ԱՐՋՆ Ու ԳԱՅԼԸ ԲԱՐԵԿԱՄԱՆՈՒՄ ԵՆ
25.03.2011 | 00:00

Մենք` հայերս, շատ դյուրազգաց ենք, անգամ ամեն մի մանրուք շատ մոտ և ցավոտ ենք ընդունում մեր սրտին: Հավանաբար, դա նրանից է, որ անմնացորդ նվիրվել գիտենք և այդպիսի վերաբերմունք էլ պահանջում ենք ուրիշից, մոռանալով, որ քաղաքականության մեջ (վերջին հաշվով մեծ շահի մեջ) նվիրում գոյություն չունի: Թուրքիայի վարչապետի այցը Ռուսաստան 1921 թվականի Մոսկվայի խայտառակ պայմանագրի խայտառակ վավերացումն էր, լոկ այն տարբերությամբ, որ վավերացնողը ժամանակակից դեմոկրատ Մեդվեդևն է: Փոքր շեղվենք և ասենք մենք մեզ, որ բոլշևիկները չկան, թեպետ հանուն ճշմարտության այն էլ ասենք, որ պայմանագրի կնքումից տարիներ հետո Ստալինն ասել էր, թե թուրքերը մեզ խաբել են, և պետք է հողերը հետ վերադարձնել: Այսօր նոր Ռուսաստան է: Ի՞նչն է փոխվել ռուս-թուրքական հարաբերություններում հօգուտ մեզ։ Ինչո՞ւ 90 տարի հետո նկատվում է ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացում: 90 տարի առաջ այդ երկու պետություններից և ոչ մեկը միջազգային հանրության կողմից ճանաչված չէր, թույլ էր, պայքարում էր ինքնահաստատման համար: Երկուսի շահերը համընկան, եղբայրացան (ի հաշիվ հայ ժողովրդի), և հետո եղավ այն, ինչ պիտի լիներ: Պրոլետարիատի առաջնորդն էլ, վիրավորված իր խաբված վիճակից, Ստամբուլին միջազգային պոռնիկ անվանեց: Հետո Թուրքիան սկսեց սերտաճել Արևմուտքի հետ, և միայն ֆոն Պապենի շատախոսության արդյունքում (թուրքական բանակը, ինչպես իրենք էին ասում, երկու միլիոն սվինը, պատրաստ էր հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա) Թուրքիայի հարձակումը հետաձգվեց: Ամբողջ սառը պատերազմի տարիներին Թուրքիան միշտ եղել է Ռուսաստանի հակառակ ճամբարում: Այսօր էլ նա փաստացի այդ նույն ճամբարում է: Հետևաբար, այսօր ինչպե՞ս բացատրել երկուստեք մերձեցումը: Ներկա Ռուսաստանը տնտեսապես թույլ պետություն է. էներգակիրներ, անտառանյութ ծախելուց բացի, արտաքին շուկայում որևէ լուրջ արտադրանք չի վաճառում: Հա, մեկ էլ դարեր շարունակ փառաբանվող ռուսի ոգին` զենքը: Երբեմն ԱՄՆ-ի հետ տնտեսապես մրցակցող Ռուսաստանը մղվել է հետին պլան: Ազգային հարցը Ռուսաստանում առկա է, այն երբեք չի կարող հասնել ԽՍՀՄ-ի տնտեսական մակարդակին առանց ՈՒկրաինայի, Անդրկովկասի և Միջին Ասիայի: Արևմուտքը Ռուսաստանի հետ հաշվի չի նստում (արաբական աշխարհի դեպքերը դրա վառ ապացույցն են), բայց վախենում է: Թուրքիայի առջև փակ են Եվրոպայի դռները: Քրդական հարցը խրված է Թուրքիայի կոկորդում, սպասվում է նրա պառակտումը: Երբեմնի «հավատարիմ շունը» (ամերիկացի մի դիվանագետի` Թուրքիային տված բնորոշումից է) Ամերիկայի համար էն չէ: Իսրայելա-թուրքական հարաբերություններն էլ էն չեն: Առկա պայմանները երկու պետություններին մղում են մերձեցման: Կոպիտ ասած` արջն ու գայլը ժամանակավորապես եղբայրանում են: Դա չէ վիրավորականը մեզ համար: Վիրավորականն այն է, որ գայլն արջին է մատուցում 90 տարի առաջ կնքած պայմանագրի պատճենը: Կողքից նայողին թվում էր, թե արջն այդ պայմանագիրը պետքարան գնալիս օգտագործել էր, և գայլն էլ հիմա դրա պատճենն է հրամցնում: Բոլշևիկյան Ռուսաստանը չկա, ի՞նչն է փոխվել: Ոչինչ: Ռուսը նույնն է: Հիմա փորձեմ տալ ռուսի քաղաքական պորտրեն: Ո՞վ է այսօր ռուսի բարեկամը:
Արևելյան Եվրոպայի սլավոնները ռուսի բարեկա՞մն են: Սերբերին ռուսները չծախեցի՞ն, այն էլ` ստոր ձևով: Մեկ անգամ ռուսական կենտրոնական հեռուստատեսությամբ քաղաքական մեկնաբանը վերլուծում էր առկա ռուս-բուլղարական հարաբերությունները: Զրույցին մասնակից պատմաբանը թունոտ նշում էր, որ Բուլղարիայում սկիզբ է դրվել ռուս-բուլղարական դարավոր բարեկամության նախկին մոտեցումների վերանայման: Նրանք մեղադրում են ռուսներին, որ վերջիններս, իրենց նպատակներին հասնելու համար, բուլղարներին թշնամացրել են հարևան ժողովուրդների հետ: Հիշում եմ. ԽՍՀՄ-ի տարիներին Մոսկվայում վերապատրաստման ժամանակ ծանոթացել էի համակուրսեցի մի ռուսի հետ: Փողոցներում լոզունգներ էին գրվել Օսիայի` Ռուսաստանին կամավոր միանալու 250-ամյակի կապակցությամբ: Ռուսը, անթաքույց հեգնանքով, իրենց սիրելի բառն օգտագործելով, ասաց. «Եթե մենք ամենուրեք ազատարարներ ենք, ապա ինչո՞ւ են մեզ այդքան ատում ազատագրվածները: Հավանաբար, ինչ-որ բան այն չէ»: «Պատճառը, երևի, ռուսի մեջ է, բարեկամությունը, ազնվությունը, նվիրվածությունը չգնահատելու մեջ է»,- ասացի: Վալերան համաձայնեց:
Դատախազությունում մի լուսահոգի Նորիկ Թորոմանյան կար: Ամեն անգամ, նեղ շրջանակներում զրույցի ժամանակ խնդրում էր, ասելով` ստուգող ռուսին եթե ռեստորան եք տանում, ապա բորշչն առանց մսի թող լինի, ավելիի դեպքում նա չի գնահատելու:
Մեդվեդևը հանդիպման ժամանակ իր վարքագծով վիրավորում էր մեզ, բայց ես չեմ նեղանում նրա պահվածքից: Ես նեղանում եմ մեր պահվածքից, որ տարիներ շարունակ Աբովյանի իմաստուն խոսքը, պահին ասված անկեղծ խոսքը թութակի պես կրկնում և երբեք չենք բացահայտում աբովյանական ոգու ողբերգությունը, երբ ընդամենը մի քանի տարի հետո, տեսնելով, թե ինչպես է ռուս չինովնիկը հայ գյուղացուց կաշառք պահանջում, ակամա ինքն իրեն հարցնում էր` մի՞թե սա էր մեր երազածը: Քրիստոնյա Ռուսաստանի ուժեղ ձեռքի ներքո ժամանակավորապես կիսանկախ պետություն ստեղծելը մինչև հզորանալը. ահա սա էր Աբովյանի մտածելակերպը: Ի՞նչ իմանար ազնիվ մարդը, որ Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցած հայկական հողերը Ռուսաստանը հարբեցողի պես պիտի մսխի ու մսխի: Շագրենի կաշվի պես, Ռուսաստանի ցանկությամբ և մեր մեղքով (մեղքի բացատրությունը` քիչ հետո), հայկական տարածքները պիտի սեղմվեին հօգուտ վրացու, թուրքի, ադրբեջանցու` դարավոր թշնամի դարձնելով մեզ նրանց հետ: Հետո էլ խոսում են անգլիական ստոր դիվանագիտության մասին: Մենք դեռ պիտի շարունակենք հավատալ, որ առանց մեծ եղբոր (իսկ նա դրանից ավելի է ամբարտավանում) կյանք չունենք: Մեր ահավոր ռուսասիրությունը մեր մեծ բարդույթն է, որից միայն մենք ենք տուժում, իսկ ռուսի մեջ այդ ֆոնին առևտրականի հոգեբանություն է ձևավորվել: Եթե ռուսը պետք է մեզ, ապա ոչ ոք թող չմտածի, թե մենք անպետք իր ենք, բայց, հանուն քրիստոնյա հավատքի, ռուսը պաշտպանում է մեզ: Քրիստոնեական մարդասիրությունը ռուս կառավարողից հեռու է: Մեր չգոյության պայմաններում Ռուսաստանի սահմանը վաղուց Ստավրոպոլից սկսված կլիներ: Ո՞րն է ելքը: Փորձենք ռուսին սիրել ինչպես ուրիշին, փորձենք հավատալ մեզ, դաստիարակենք մեզ, որ ռուսը հանուն իր շահի է գործում և հանուն իր շահի կարող է ողջ Հայաստանը ծախել: Դարավոր ռուսական կողմնորոշումը ողբերգական է եղել ոչ միայն Արևելահայաստանի, այլև ամբողջ հայության համար: Այսօր էլ Ռուսաստանը խաղում է Ղարաբաղի հարցում: Չհակադրվենք ռուսին, բայց հասկանանք, որ նա մեր լավը չուզող բարեկամն է:
Մենք լիարժեք պետություն կարող ենք դառնալ միայն այն ժամանակ, երբ հույսներս բացառապես մեզ վրա դնենք:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ