ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԿԱ՛ՆԳ ԱՌ», ՔՈՉԱՐՅԱՆ, «ԴՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԵՍ»

«ԿԱ՛ՆԳ ԱՌ», ՔՈՉԱՐՅԱՆ, «ԴՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԵՍ»
22.10.2010 | 00:00

Աստանայում սպասվող գործընթացի շրջանակներում, ոնց երևում է, ոչ միայն ընդդիմությանն են ասել` հետ քաշվել, չխանգարել, այլև, փաստորեն, հետ է քաշվում (՞) Քոչարյանը:
Նույնիսկ Չավուշօղլուին է ասվել` հետ քաշվել: Այո, ոչ մի «ինքնաթիռային և չվերթային» պատճառ էլ չկա: Նրա ներկայությունը ժողովրդավարությանը նվիրված հայաստանյան ֆորումում «անցանկալի» էր` միջազգային բոլոր հարթակներից հնչող «նոն ստոպ» հայտարարությունների ֆոնին, որոնցով գծվում է ղարաբաղյան, հայ-թուրքական նոր «ճանապարհային քարտեզը»` Աստանայում սպասվող զարգացումներից առաջ:

Ինչպես նկատում եք, ճնշումների շատ հետաքրքիր մոդիֆիկացիա է կիրառում Արևմուտքը: Ռուսաստանն առայժմ չի մասնակցում այդ խաղին, եթե չհաշվենք Մեդվեդևի Դովիլում արած հայտարարությունը, որը ոչ այնքան Ղարաբաղին, որքան Մերձդնեստրին էր առնչվում:
Բայց ամեն բան հերթով:
Այո, Արևմուտքը հար ու նույն, հոգնեցնող անվամբ` «ղեկավարվող քաոսի» սկզբունքով է առաջնորդվում, որի բաղկացուցիչներում կա բավարար մահակ, ասենք, «Պզոյի» գործի տեսքով, կան քաղաքական գործիքներ, ասենք, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հղած մեսիջն առ այն, որ Հայաստանը պետք է «չափավորվի» և վարվի ՄԱԿ-աբար` Իրանի հետ հարաբերություններում։ Հարցնում եք` ինչո՞ւ այդպես կտրուկ, երբ Իրանը մեր միակ և առայժմ ապահով դուռն է դեպ արտաքին աշխարհ: Շատ պարզ: Օրակարգում է հայ-թուրքական սահմանի բացումը: Բացառելով իրանյան դուռը` հեշտացվում է թուրքական դռան ճռճռոցի հեռանկարը։ Ընդ որում, չի բացառվում, որ Արևմուտքը մինչև դեկտեմբերի 1-2-ն առավել կոշտացնի իր հայտարարությունները` իրանյան «գետնին» վրա (ոչ, Մալայզիան այլ կինոյից է. հիշենք, որ այնտեղ հայտարարություն էր հնչել` իբր Իրան-Հայաստան-Դուբայ նարկոտիկի օդային տրանզիտի մասին): Չի բացառվում նաև, որ «համանման» քաղաքական գործիք` գազի, Լարսի փակման տեսքով, կիրառվի նաև հայ-վրացական սահմանի «երկարությամբ», ուր վիճակն այս պահին նույնպես լավագույններից չէ:
Մյուս կողմից, Արևմուտքն առաջ է շարժվում բավականին նուրբ քաղտեխնոլոգիաներով, նաև` փքակարկանդաբլիթներով: Այլևս չենք անդրադառնալու օրվա մեջ հազար անգամ, բոլոր հնարավոր հարթակներից հնչող հայտարարություններին, որոնց առատությունից մարդու գլուխ է պտտվում. ալքիմիկ և խաչաձև այդ հայտարարություններով փորձ է արվում Աստանայում ստանալ հռչակագիր, իսկ հայտնի է, որ համայն մարդկության պատմության մեջ որևէ ալքիմիկոսի այդպես էլ չի հաջողվել պղինձը վերածել ոսկու:
Նուրբ քաղտեխնոլոգիաների շարքում է, ինչպես ասացինք, Չավուշօղլուի հետքաշումը, Հայաստանում ժողովրդավարության մասին «հուշ-երեկոյի» անցկացումը` քաղբանտարկյալների և ընդդիմադիրների զոլավոր շալվար-ֆուֆայկաների ֆոնին, և այդ «թույն» ֆոնին առնվազն հայտնի կենդանին պիտի լինես, որ չհասկանաս` ինչ «թամամ» խոսք են ասում արևմտացիք:
Հասանք բլիթներին: Ի դեպ, օրեր առաջ մեզ հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մի բարձրաստիճան պաշտոնյա առանց երկիմաստության ասաց` այնքա՜ն անսպասելի բաներ կարող են լինել:
Մտրակաբլիթային «շլյագերների» շարքում ամենաբլիթայինը, թերևս, մեր հուսո, չէ, լուսո աստղն է, որ բարձրանում է ու բարձրանում` դեպ հորիզոն, ու, փաստորեն, մոգերով պետք է գնալ նրան երկրպագելու: Բանն այն է, որ Եվրասիայի էներգետիկ հարցերի պետքարտուղարության հատուկ պատվիրակ Ռիչարդ Մորնինգսթարն ասել է (ինչ շատ է խոսում վերջերս նա)` վատ է, շատ վատ, որ Հայաստանը չի մասնակցում տարածաշրջանի էներգետիկ պրոյեկտներին. պետք է «մտածել» այդ ուղղությամբ:
Հիշենք, որ Հայաստան ժամանած, հայոց փողոցները Նալբանդյան Էդիկի հետ չափչփած Հիլարիի այցի ժամանակ Հայաստանում էր նաև Մորնինգսթարը, ով նույն օրը հանդիպել էր Նալբանդյանի հետ, և այդ հանդիպումը ռուսական հայոց էմիսարների ու ադրբեջանականների մեջ ահավոր խոր տագնապ էր առաջացրել: Մի նուրբ դետալ ևս. Հիլարին ՀՀ նախագահականում ասուլիսի ժամանակ ասել էր` ԱՄՆ-ը լրջորեն մտածում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի մասին: Մի խոսքով, գլուխ չցավեցնենք. նոր «ճանապարհային քարտեզը», հայ-թուրքականն ու ղարաբաղյանն ունեն նաև «Նաբուկոյի» գերակայության խնդիրը, և, ինչպես միշտ, չի բացառվում Հայաստանով նրա անցնելու հնարավորությունը, եթե ընդհանրապես այն իրականանա:
Բլիթների հաջորդ կոնտեքստը շատ ավելի ներքաղաքական է, բայց մինչ այդ մի քիչ դիտենք ամերիկա-ռուսական վերջին զարգացումները:
Այսպիսով, քանի «քեռին»` Մեդվեդևը, «սաղ է», և եվրոպական անչափ լուրջ «վոյաժների» մեջ (ընդ որում, այն աստիճան «սաղ», որ ռուսական լրատվամիջոցների «զագալովկաներում» հարց են տալիս` կարո՞ղ է Պուտինը, այո, Պուտինը, արժանապատվորեն և կենդանի լքել իր պոստը և հեռանալ. սա` ի միջի այլոց, և` «մի՛ մոչիր, որ չմոչվես» շարքից), ակնհայտորեն վայելելու է միջազգային հանրության աջակցությունը:
Սերնդափոխվող, մոդեռնացվող, կառավարման նոր մոդելներ նախընտրող «միջազգայինը», այո, ահավոր շատ է օգնում Մեդվեդևին` կայանալու, շարունակվելու: Մինչ այս պահը (կարծում ենք` հետայսու ևս) միջազգայինն օգնելու է նաև այդ խաղի տրամաբանության մեջ սահուն մտած Սերժ Սարգսյանին։ Էստեղ պետք է պաուզա տանք ու բացատրենք Տիգրան Սարգսյանի (ում այդպես համառորեն ցանկանում է փոխարինել Քոչարյանը) ֆենոմենը (չենք խոսում մյուս փոխարինիչների մասին, որոնք մեզ հետ զրույցում «կենդանի» կերպով ու անթաքույց ասում են` դեռ կտեսնեք, որ «վարչապետ կդառնամ»):
Այսպիսով, որպես ֆունկցիայի ու խաչմերուկի բանաձևում, Սերժ Սարգսյանը շատ լավ է հասկանում Տիգրան Սարգսյանի ֆենոմենը, և այդ նույն պատճառով վերջինս պաշտոնավարելու ու պաշտոնավարելու է: Նույն միջազգային խաղի տրամաբանությանը համապատասխանելու և «հարակից» պատճառներով մեկ անգամ ևս կարդացեք նրա «Հրաժեշտ զենքին», չէ, խառնեցինք, «Պետության վախճանը», «Ինչպես իրականացնել հեղափոխություն» հոդվածները։
Մի քիչ էլ դիտենք Ռուսաստանն ու անցնենք տարածաշրջան: Իսկ «դիտում» ենք, որովհետև մեկընդմիշտ (դե, գոնե 49 տարով) մեր պորտալարը կապված է նրանց հետ, և այնտեղ ինչ կատարվեց` իր արտածումներն է ունենալու մեզանում:
Այսպիսով, ամենահետաքրքիրն օրերս Դովիլում Մեծ եռյակի (հասկանալի է` ԱՄՆ-ը խառն է Չինաստանով, Իրաքով, Աֆղանստանով, Մեդվեդևով զբաղվում են Անգելան ու Սարկոզին, նրանք պիտի գործեր գլուխ բերեն, Ռուսաստանին տանեն իրենց տուն) հանդիպման օրերին տեղեկատվություն եղավ, որ Ռուսաստանը զորքը հետ է քաշում Վրաստանի համար վիճելի տարածքից` Պերևի գյուղից:
Շա՜տ հետաքրքիր է, չէ՞: Շարունակությամբ Ռուսաստանն ասաց` համաձայն է Լիսաբոնում ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովին (հիշենք, որ այնտեղ զուգահեռ ընթանալու են ԵՄ-ՆԱՏՕ և ՆԱՏՕ-ի գագաթաժողովները), Եվրոպան էլ իր հերթին ասաց` միասնական պաշտպանության և անվտանգության Ռուսաստանի արած առաջարկի նկատմամբ ուշադիր է և, թերևս, ընդունի այն (՞):
Մի խոսքով, ԵԱՀԿ համանախագահող երկրների խաղն այս պահին խիստ սինխրոն առաջ է գնում: Մինչև ուր` կերևա:
Աստանայի և Ղարաբաղի հարցով մինչ այս պահը ոչ մի տեսանելի հայտարարություն, սակայն, Ռուսաստանը չի արել (հետևաբար, կարո՞ղ ենք եզրակացնել, որ համաձայնություն այդ հարցում չկա ԵԱՀԿ-ում բոլորի միջև. ով` ինչպես), բայց ասացինք, որ Մեդվեդևը Դովիլում ասել է` Ռուսաստանն ունի պոտենցիալ` սառեցված հակամարտությունները կարգավորելու համար, բայց շատ բան կախված է կողմերից` հավելել է նա:
Հիմա դիտենք «կախված» կողմերին` վերջապես անդրադառնալով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին: Այո, նա ևս հետ է քաշվում: Նախ, ինչպես ասացինք, Մեդվեդևի խաղի պարագայում (բոլորիս աչքի առջև է Մեդվեդևի հայացքն ամռանը` նախագահականի ճաշին Քոչարյանի հետ բաժակ բաժակի խփելու պահին. այն անչա՜փ խոսուն էր, եթե չասենք` ավելին) Քոչարյանն անելիք չունի: Պուտինն էլ (որի հետ հույսեր է կապում հայ «չինովնիչայի» ինչ-որ մասը, որպես Քոչարյանի վերադարձի երաշխիք) այս պահին հաստատ այլ անելիքներ ունի, քան Քոչարյանին վարչապետ, այնտեղից էլ դրական սալդոյով նախագահ դարձնելը:
Ընդ որում, ամենևին էլ պատահական չէր, որ առաջինը «Պզոյին» արձագանքեց հենց էքսնախագահի գրասենյակը` նկարով-բանով:
Եվս մեկ անգամ հիշենք` հստակ ինֆորմացիա կար, որ Քոչարյանը պետք է հոկտեմբերին ասեր` գալի՞ս է, թե՞ հը՜-ը: Դա լսելու փոխարեն, լսեցինք «Պզոյի» «նկարի» մասին:
Հոկտեմբերն ավարտվում է:
Չկասկածեք, անդրօվկիանոսյան «պզոյացումը» (չորս տարի խումբը գործել է ամերիկյան «ֆեդերալ բյուրոյի» աչքի առաջ, ամերիկյան գիտակները գործը վարել են մեկ տարի, հետևել և ուղիղ հոկտեմբերին, ընդ որում, Աստանայից առաջ, ինչպես կասեր հայտնի մեկը` անմեղության կանխավարկածից «ելնելով» կամ չելնելով` բացահայտումներ են արտածել) ոչ միայն արտաքաղաքական օգտագործման է, այլև ներ (ինչպես ամերիկյան քաղաքական շահն ու կոնյունկտուրան կպահանջեն` հարկավոր պահին այդ մահակը առաջ-հետ կարվի):
Ի դեպ, Աստանայից առաջ Սերժ Սարգսյանի ձեռքերն ազատելու համար Արևմուտքը, իրականում «մսյե» Ֆասիեն հարկ համարեց նաև հայտարարել, որ մադրիդյան սկզբունքները կողմերն ընդունել են 2007-ին, և համապատասխան պայմանավորվածությունները եղել են հենց այդ ժամանակ:
Դառնալով «կողմերին», ասենք, որ նրանք պատմահենություն կոչվող շատ հետաքրքիր խաղի մեջ են հայտնվել։ Պատմական վեճ են սկսել, երբ վեճ, որպես այդպիսին, ընդհանրապես չկա, և հայ էթնոսի պատմությունն այսօր չէ, որ գրվում ու գրվել է:
Իսկ չե՞ք մտածել` ինչու են վիճում: Փաստորեն, արդեն առաջին դեմքերով ցույց է տրվում, որ կողմերը (հիշենք Մեդվեդևին. «Բայց շատ բան կախված է կողմերից»), հասարակությունները պատրաստ չեն հռչակագիր ստորագրելու։ Դեռ չի հասունացել պահը:
Այն էլ` ինչպես պատրաստ չեն:
Այն էլ` ինչպես դեռ չի հասունացել պահը:
Տե՛ս երկու նախագահների հեռակա բանավեճը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ