ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՐՄԱՎԻՐՅԱՆ ԽԱՂԵՐԻ «ՑՈՒՆԱՄԻՆԵՐԸ»

ԱՐՄԱՎԻՐՅԱՆ ԽԱՂԵՐԻ «ՑՈՒՆԱՄԻՆԵՐԸ»
25.03.2011 | 00:00

(կամ քաղաքապետի ձախողված ընտրություններ)
«Ոստիկանության որևէ գործողություն, հասարակության հիմնարար ու համընդհանուր արժեքների տեսանկյունից քննելիս, մեկնաբանությունների տեղիք չպետք է տա»։
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ, 3-րդ հանրապետության 3-րդ նախագահ

ՈՒՄ ՄԱՀՆ Է ԳՈՒԺՈՒՄ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ
(բարեփոխման բարեխեղումների օրագիրը)
Երկրի գոյության։ Նախագահական հեղինակության։ Այլ կերպ` երկրի նախագահական ինստիտուտի։ Զի բարեփոխումները նախագահի գլխավոր խնդիրն են, խաղաքարտը, հեռանկարն ու հեղինակության պահպանման, հավելման և համաժողովրդականացման առհավատչյան։
Խոսքը վերաբերում է նախագահի անձին, անցյալին (անցած ճանապարհին) և ապագային։ Խոսքը վերաբերում է այն զարհուրելի ֆարսին, որ ընթացք է առել վերջին երկու-երեք տարիներին և կոչվում է «Առաջ, Հայաստան»։ Անշուշտ, հանրային ամենատարբեր շերտեր ամենատարբեր ձևով են ընկալում Հայաստանի առաջընթացը։ Եվ այսօր հասարակական բոլոր շերտերը, խավերն ու դասերն անխտիր դժգոհության բարձրագույն շրջափուլ են թևակոխել։
Մի բան, որ չի եղել տնտեսական-բարոյական-դասակարգային դաժանագույն պատմափուլում` 1990-1995-ին։ Քանզի երկիրը պատմական մեծագույն առաքելության իրագործման սրբազան խնդիրն էր լուծում` պատմական հայրենիքի նշանակալից մի հատվածի ազատագրմամբ։
Մի բան, որ անգո էր անգամ քաղաքական ամենահեղհեղուկ 96-ին ու 98-ին։
1996-ին բացարձակ ճշմարտություն էր` երկրի անկախացման, ազգային զարթոնքի և պարտադրված պատերազմի պայմաններում հանրային գիտակցության կողմնորոշիչն ու մտքերի տիրակալը` Լ. Տեր-Պետրոսյանը, ինչ-ինչ շրջադարձային վրիպումների վերջնարդյունքում ակնհայտորեն կորցրել է վերահսկողությունը, իրականում չափազանց նսեմացուցիչ (եթե չմոռանանք նրա անհավանական հավակնոտությունը) դերակատարում է ստանձնել, կամա-ակամա ի հայտ գալով «անգլիական թագուհու» կարգավիճակում` ուժային կառույցների առաջնորդների բեմականացման մեջ։
1998-ին շատ շատերի համար, թերևս, որքան սպասելի, նույնքան էլ անհավանական էր առաջին նախագահի պարտադրված հրաժարականը։
Հետո Դեմիրճյան-Սարգսյան «պատմական դաշինքը» գլխատվեց։ Ժամանակ անց ակնհայտ էր` երկրորդ նախագահի` «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» նշանաբանը չափազանց գործնական հենքի էր խարսխվում` «ժողովուրդը» քրեականացված օլիգարխն էր, վարչաչինովնիկական ապարատը, երկրորդ նախագահի մերձավորագույն շրջապատը` օժտված գրեթե բացարձակության հասնող արտոնյալ ամենաթողությամբ և տնտեսական մենաշնորհատիրության գիշատչական անգթությամբ։ Մեր տեսանելի անցյալին անդրադարձը հրապարակագրային հնարք չէ։ Սա «ընդամենը» սթափության կոչնակ է. անգամ այն, ոչ խնկարկելի տարիներին հանրությունը հստակ գիտեր անցյալը, կասկածներ չուներ ներկայի, անվերապահ հոռետեսության ապագայի նկատմամբ։
Այսօր բառացիորեն վտանգված է պետականությունը։
Զի երկրի նախագահի ցանկացած հրովարտակ ակնթարթորեն այլասերվում է։
Տնտեսական ճգնաժամի մեղմմանը նպատակաուղղված նրա հորդորները թլփատվեցին հայոց շուկայական ջունգլիի շերխանների ձեռամբ։
Մինչ այդ նորընտիր նախագահը հորդորակներ հղեց առ հայոց մամուլ` պարկեշտության, վեհության, անանձնական ուրախության կոչերով։
Պատասխանը սպասել չտվեց. հրապարակ իջավ չարագույժ օրաթերթը, որ գերազանցեց ինքն իրեն, ռեկորդներ սահմանելով զազրախոսության, վայրահաչության, անպատկառ անպատասխանատվության ոլորտներում։ ՈՒ ինչն է խիստ տիպական. շրջանառվող լուրերի պնդմամբ` օրաթերթի բուն հովանավորը հենց բարեփոխիչ-նախագահի մերձավոր թիկնազորից է։
Այսպիսով Ազատիչին հակադարձում են ամենուր։
Այսպիսով արմատական փոփոխություններն անհրաժեշտ են օդի ու ջրի պես։
Հակառակ պարագայում բարեփոխման հրովարտակները վերաձևվում են բարեխեղման թուղթ ու գրի։ Եվ գուժում են բարեփոխիչի և նրա ազնիվ, նվիրական, հայրենակարոտ ձեռնարկումների մահը։
Վերստին հիշեցնեմ. տողերիս հեղինակն այն անձանց թվում է, ովքեր անկեղծորեն հավատում են Ազատիչի անկեղծությանը` վերափոխելու հայոց նորանկախ պետական տունը` հիմնարկեքի` 20-րդ հոբելյանին ընդառաջ։
Սակայն արևելյան իմաստուն առածն ուսուցանում է. «Որքան էլ ասես հալվա, բերանդ, միևնույն է, չի քաղցրանա»։
Իսկ գերմանացի նշանավոր փիլիսոփան` Իմանուիլ Կանտը, մի առիթով ահա թե ինչ է իմաստասիրել. «Երբ արդարությունը վերանում է, չի մնում կյանքին իմաստ հաղորդող և ոչ մի բան»։
Որևէ կասկած չկա, որ երկրիս նախագահը, ավելի քան որևէ մեկը, քաջատեղյակ է. նրա մերձավորագույն շրջապատն ու քաղաքական հենարանը, մեղմ ասած, այնքան էլ ոգեշնչված չեն հիմնարար բարեփոխումների մեկնարկով, ընթացքով, առավել ևս` հաղթական ավարտով։ Եվ ահա իմ (և կարծում եմ` շատերի) խորին համոզմամբ` նորանկախ հանրապետության լավագույն նախարարի, ավելի վաղ Արցախի դիմակայության հանգուցային առաջնորդի նախագահությունը տապալվում է յուրաքանչյուր քայլափոխի։ Հատկապես տնտեսավարող-մենաշնորհատերերի և ոստիկանական համակարգի ուժերով։
ԱՐՄԱՎԻՐՅԱՆ ԳՈՒԺԿԱՆՆԵՐ
(ելի՛ր, ում կյանքը անիծել է)
Օրեր առաջ մարզային խունտան հերթական անգամ ժանիքները ցույց տվեց հանրապետությանը։
Արմավիր հինավուրց ոստանի բնակիչներին։
Օրենքին և օրինականությանը։
Բարոյականին ու բանականին։
Ի վերջո, Ձեզ, բարեփոխիչ իմ նախագահ։
Մարզային խունտայի հերթական զոհն Արմավիրի քաղաքապետի ընտրություններում իրական հաղթանակ տոնած անկուսակցական թեկնածու Սևակ Մինասյանն էր և նրան սատարող ընտրազանգվածը ջախջախիչ մեծամասնությամբ։
Այս անգամ խունտայի գլխավոր գործիքը Արմավիրի ոստիկանությունն էր` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Եսայանի անմիջական-«գործուն» հրամանատարությամբ։
Վերհիշենք իրադարձությունների ընթացքը։
ԿԸՀ-ում ընտրությունների օրը մեռյալ լռություն էր։ Արմավիրում, արդեն ընտրատեղամասերի բացումից մեկ ժամ անց պարզվում է գործող քաղաքապետ Խլղաթյանի և նրան սատարող մարզային ՀՀԿ-ի մարտավարությունը` ընթանալ բացարձակ դիմադրության ճանապարհով։ Այսինքն, խեղանդամել ընտրությունները` բիրտ ուժի նպատակային կիրառմամբ, կաշառքով, իրականության նենգափոխմամբ։
Արմավիրում տնետուն ընկած կառանվում էին «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները։ Խլղաթյանական ակտիվը ձայն էր գնում օրվա առաջին կեսին 10 հազար դրամով, օրավարտին` արդեն 25-30 հազարով։ «Փառք ու պատիվ» խլղաթյանականներին, մարդիկ «հաշվի էին առել» տնտեսական ճգնաժամի հետևանքները, և ընտրակաշառքը նկատելիորեն բարձրացել էր։
Քաղաքի թիվ 21/02, 21/04, 21/05, 21/06, 21/10 և այլ ընտրական տեղամասերում արտաքուստ հարաբերական անդորր էր, հանձնաժողովականները գոհ էին ընթացքից, վստահված անձինք` զարմացած ու զայրացած։ Հատկապես Խլղաթյանի գլխավոր հակառակորդ Սևակ Մինասյանի կողմնակիցները։
Նրա վստահորդներին արգելվում է տեղամասերում նկարահանումներ կատարել։
Սակայն սա ամենևին չի արգելափակում մարդկանց բավականին աչալուրջ լինել և կանխել խլղաթյանականների ապօրինի գործողությունները։ Պատճառը մեկն է` Ռուբեն Խլղաթյանն Արմավիրի պատուհասն է նշանակման առաջին իսկ օրից։ ՈՒ քաղաքացիների դժգոհությունը նրա հանդեպ տարիների փորձություն է անցել։
Եվ ահա Սևակ Մինասյանին սատարողներն Արմավիրի տարբեր հատվածներում կանխում են ընտրակաշառքի մի քանի դեպքեր։ Ոմն Տիգրան Ավետիսյանի, ընտրակաշառք բաժանելիս, «բերման է ենթարկում» Մինասյանի վստահված անձ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ։ Տիգրան Ավետիսյանը տեսախցիկի առջև խոստովանում է մեղքը։ Անուշավան Ալեքսանյանն օրինախախտ ստահակին հանձնում է ոստիկանությանը։ Ռ. Խլղաթյանի միջամտությամբ, սակայն, Տ. Ա.-ն ազատ է արձակվում, Անուշավանը` ձերբակալվում։ Ընդ որում, «մարդ առևանգելու» մեղադրանքով։
ՈՒշագրավ մի հանգամանք. Ս. Մինասյանի կողմնակիցները նման մի քանի դեպք են արձանագրում, ամրագրում փաստերը, տեսանկարահանման և փաստական ապացույցները ներկայացնում ոստիկանության մարզային բաժանմունք և տեղեկացնում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանին, էլեկտրոնային փոստով էլ` ՀՀ ԿԸՀ-ին և «Հանուն ժողովրդավարության ընկերակցություն» դիտորդական առաքելությանը։ Մամուլում եղան հրապարակումներ, մասնավորապես, որ ընտրության հաջորդ օրը Մինասյանի կողմնակիցները և առհասարակ բիրտ ուժի ներկայությունից զայրացած բնակիչները փակում են Երևան-Արմավիր մայրուղին, փորձելով գոնե այս կերպ «ուշքի բերել» սանձարձակ տեղական քյոխվաներին։ Խլղաթյանի «թասիբը քաշողի» դերն ստանձնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նշան Հախնազարյանը, որը նախ սպառնալիքներով, հետո էլ գլուխ թլսորելով ապակողմնորոշում է ցուցարարներին, առ այն, թե մարզի խիստ վրդովված ղեկավարությունն ամեն բան իր տեղը կդնի, մեղավորները խստագույնս կպատժվեն և այլն և նման այլ շատ վերամբարձ-բարեխնամ ցնդաբանություններ։
Հասկանալի է, ցուցարարները նրա խոսքին ականջ չեն էլ դնում։ Կարևոր մի հիշեցում. մայրուղու մի հատված ազատ է թողնվում` հատուկ նշանակության ծառայությունների հրշեջ, շտապօգնության և այլ մեքենաների բնականոն աշխատանքը չխաթարելու նպատակով։ Այսինքն, գործ ունենք եզակի քաղաքակիրթ քաղաքացիական ընդվզման դեպքի հետ։ Այն սկսվեց 14.00-ին և պետք է ավարտվեր մեկ ժամ անց, սակայն ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետ Տիգրան Եսայանի հրահանգով ոստիկանության ծառայողները «հրով ու սրով» ազատում են մայրուղին, մարդկանց վրա գրոհելով մահակներով, աքացիներով և բռունցքներով։ Ի դեպ, Տիգրան Եսայանն ամենուր ներկայանում է քաղաքացիական հագուստով, հավանաբար, սադրելով ինչ-ինչ ուժային գործողություններ իրեն չճանաչողների կողմից։
Եսայանն իր հրոսակախմբի արժանի ղեկավարն է ու անմիջականորեն մասնակցում է գործընթացին, օրինակ ծառայելով, այսինքն` բռնցքամարտի իր ունակությունները գործադրելով քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանի դեմքին։ Կեցցե՛ս, գնդապետ Եսայան, և Թամամյանի տարոսը քեզ։
Այստեղ տեղին է վերհանել մի բան, մի ճշմարտություն։ Եվ այն ներկայացնել Սերժ Սարգսյանի ուշադրությանը։
Ինչո՞ւ, ո՞ւմ հրավերով և ի՞նչ հեռահար նպատակներով են Արմավիր ժամանում ոստիկանության հատուկ ստորաբաժանումները։
Ինչո՞ւ և ո՞ւմ հրահանգով է կանաչ ճանապարհ հարթվել ապօրինությունների անմիջական մասնակիցների և դրանք պարտակողների առջև։ ՀՀԿ մարզային կազմակերպությա՞ն։ Ամենայն հավանականությամբ։
Ինչո՞ւ մարտի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում Ռուբեն Խլղաթյանի նախընտրական շտաբի մերձակայքում կատաղի հրավառություն էր, շտաբի ներսում` խնջույք։ Եվ սա այն դեպքում, երբ համաձայն նախնական հաշվարկների` հաղթել էր Սևակ Մինասյանը` 150 ձայնի առավելությամբ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Կարծես թե հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումները հույս են ծնում երկրիս քաղաքացիների հոգում։ Ինչի լավագույն առհավատչյան Արմավիրի ավագանու անդամ, «Եռասյուն» ՍՊԸ-ի իրավաբան և իր բարեգործական նախաձեռնություններով շատերի հարգանքը վայելող Սևակ Մինասյանի առաջադրումն էր Արմավիրի քաղաքապետի «թափուր» պաշտոնում։ Ինչու թափո՞ւր։ Քանզի կրկնում եմ. քաղաքի նկարագիրն ու վիճակը պարզորոշ հուշում են` Արմավիրը պարզապես և de facto չունի քաղաքապետ։ Եվ սա, ինչպես ընդունված է ասել, «բժշկական» ճշմարտություն է։
Բացի վերոնշյալից, մարզային ոստիկանապետ Տիգրան Եսայանը, ամենայն հավանականությամբ, վառ երևակայության տեր է և արդեն իսկ իրեն տեսնում է ոստիկանական ավելի ծանրակշիռ աշխատասենյակում, գեներալական ուսադիրներով զարդարված։
Իսկ ինչո՞ւ ո՛չ։ Չէ՞ որ մինչ օրս ոստիկանության այն բարձրաստիճան սպաները, ովքեր ակնհայտ օրինախախտումները, պաշտոնական չարաշահումները հնարամտորեն զուգակցում են բռունցքների գործադրմանը, պարտադիր պաշտոնական առաջխաղացում են ունենում։
Իհարկե, մեր հետաքննությունը շարունակվում է։ «Իրատես de facto»-ի մարտի 29-ի համարում կներկայացվի մեր հեռախոսազրույցը Սևակ Մինասյանի օգնական և Արցախի ազատամարտի վետերան Դմիտրի Մարտիրոսյանի հետ, որը մասնավորապես փաստեց. «Մենք անպարտելի ենք, որովհետև մեր թիկունքում մեր ժողովուրդն է, Արմավիրի ողջ բնակչությունը։ Իսկ մականունավոր իշխանիկ Ռուբեն Խլղաթյանին` նույն ինքը` «Շոռ», նույն ինքը` «Շախտի Ռուբո», հավատացեք, ոչ ոք չի սատարում»։
Երեկ մամլո ասուլիսով հանդես եկավ «Հանուն ժողովրդավարության ընկերակցության» առաքելության ղեկավար Արմեն Ծատուրյանը, որը նշեց, թե Արմավիրում դիտորդական առաքելություն է իրականացրել 30 դիտորդ։ Նրա նշած հիմնական խախտումների թվում էր այն հանգամանքը, որ ընտրության օրը, ժամը 10.30-ին, այցելելով ԿԸՀ, այնտեղ, օրվա հերթապահ ոստիկանից բացի, ոչ ոքի չի հայտնաբերել։ Ըստ էության, պարոն Ծատուրյանը կրկնեց բոլոր այն օրինախախտումները, որոնք, մասնավորապես, նշված են մեր նախորդ («Իրատես de facto», թիվ 19) հրապարակման մեջ։ Ըստ նրա հաշվարկների, զարմանք էր հարուցում հետևյալը. երեկոյան, ընտրության ավարտից մեկ ժամ առաջ, ընտրողների հոսքը տեղամասեր կտրուկ ավելանում է, մեկ ժամում ընտրական տեղամաս է ուղևորվում 1400 քաղաքացի։ Նաև նշվեց ոստիկանության կողմնակալ վերաբերմունքն ընտրական ողջ օրվա ընթացքում, երբ ընտրակաշառքի փաստով ձերբակալվածները ոստիկանությունից բաց են թողնվել, և զարմանալիորեն ձերբակալվել է կաշառքի բաժանման փորձը կանխող, Ս. Մինասյանի վստահված անձ Անուշավան Ալեքսանյանը, ում դեմ, ի դեպ, քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասով։ Ըստ առաքելության ղեկավարի, իրենց ձեռքում բազմաթիվ իրեղեն ապացույցներ կան, որոնք կներկայացվեն համապատասխան կառույցներին։

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ