ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԿԱ ՀՍՏԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱ ՀՍՏԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ. ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է

ԿԱ ՀՍՏԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱ ՀՍՏԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ. ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է
15.03.2011 | 00:00

Մարտի 17-ի նախօրյակին իշխանությունը լիքը մեսիջներ ուղարկեց: Բոլոր ուղղություններով: Յուր «տեսլականներով» առլեցուն: Փորձեց պատասխանել օդում թափառող հարցերին:
Չանտեսվեց ոչ ոք: Նույնիսկ պարոն Օսկանյանը:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿՈՌԵԿՏՆ Է ԼԱՎ
«Սկսած» ուրույն «երկխոսության» օրը իշխանությունը թիրախավորել էր ոչ միայն ընդդիմության մի քանի թևերը (նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հեռուստատեսությամբ նույնքան հետաքրքիր պասաժ ունեցավ), այլև «դատաստանն սկսել էր սեփական տնից»՝ տնտեսական խնդիրների քննարկումից, «կուժ ասեմ՝ կուլա լսիր»-ից մինչև միջազգային կազմակերպություններ:
Ասենք միանգամից. Սոչիի ու Ռիգայի հանդիպումներին հաջորդող իշխանական այս պասաժները որքան անհրաժեշտ էին իշխանությանը, նույնքան էլ՝ ընդդիմությանը: Նույնիսկ՝ ընդդիմությանն ավելի:
Ինչպես հավեսով ու ժպտալով մեր ընդդիմադիր ընկերներն են ասում, Սերժի էդ ելույթները փրկություն էին ընդդիմադիրների համար, տղերքը վախենում են՝ մարտի 17-ին ի՞նչ է լինելու. բա որ էդքա՜ն ժողովուրդ եկավ, կամ ավելին եկավ, ի՞նչ են անելու. նախ՝ վերահսկողության, հետո էլ ապագա ծրագրերի հաշվով, հո չե՞ն կարող էդքան մարդու ամեն անգամ տանել-պտտել Երևանի քուչեքով ու տուն ուղարկել (ասում են՝ Ստեփան Դեմիրճյանն էլի հիշել է իր հայտնի ասացվածքը՝ իմ ժամանակ, որ ես ժողովրդին տուն էի ուղարկում, ասում էին՝ անճարակ է, հիմա իրենք որ ուղարկում են, ասում են՝ «հեռահար ստրատեգներ» ենք):
Իսկապես խնդիր կա, չէ՞: Ահա և Սերժ Սարգսյանը փրկօղակ պատրաստեց ու նետեց և՛ իշխանություններին, և՛ ընդդիմադիրներին:
Բայց դեռ «սեփական տան դատաստանի» ու Րաֆֆիի մասին:
ԷՆ ՀՈՎԻ՞ԿՆ ՈՒՐ ԷՐ
Չէ, ինքը Լոնդոն ավելի ուշ գնաց, այնտեղ ոգեցունց հայտարարություն անելու՝ մենք խարիզմատիկն եք: ՈՒստի լրիվ կարող էր և մասնակցել (տնտեսությունը նախ և առաջ օրենքներ է) այդ կարևորագույն խորհրդակցությանը: Չկար (՞):
Մի խոսքով, տնտեսական բլոկի ու երկրի «պատասխանատուներին» հավաքած, Սերժ Սարգսյանը՝
ա) վիրտուալ երկխոսություն սկսեց ժողովրդի, իմա՝ ընդդիմության հետ:
բ) Գծագրեց երկրի առաջնահերթություններն ու անելիքները՝ «նպատակադրումներում որոշ ճշգրտումներ» մտցնելով:
դ) Պատասխանեց քաղաքական հարցերից ամենանուրբին. մտադիր չէ, առավել ստույգ դեռ (ըստ ամենայնի՝ մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտ) մտադիր չէ փոխել վարչապետին:
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում, սկսած ընդդիմադիրների միտինգից, մինչև «մեր գեղի ՄԱԿ-ի մատյաններ», փորձ էր արվում վարչապետի ռուսական ֆավորիտ «գտնել, բերման ենթարկել» ու տանել դեպ վարչապետանոց:
Իշխանական տնտեսական բլոկի «հանրահավաքի»՝ վարչապետի կողմից փակումը, ալավերդին նրա մոտ «թողնելը» եկան հավաստելու՝ կմնա:
Իսկ ընդհանրապես, նուրբ հայացքից չէր կարող վրիպել Սերժ Սարգսյանի՝ կառավարության ղեկավարի նկատմամբ ստանձնած մասամբ «հոգևոր հոր» (Աստված օգնական, Նավասարդ սրբազան, էդ «Բենթլին» էս պասի օրերին Ձեր ինչի՞ն էր պետք. նետեք արտաքին խավարը, Ձեզ համար երկնքում գանձեր դիզեք) պահվածքը. «Ասվածը նախկին ծրագրերի և բյուջեով նախատեսված ցուցանիշներին չի վերաբերում, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են… Ես ուրախ եմ, որ կառավարությունն իրեն անսխալական չի համարում, պարբերաբար անդրադառնում է այն հարցերին, որոնք որոշակի ու հարակից խնդիրներ են առաջացնում»:
Մի խոսքով՝ անսխալական դառնաք:
Անցանք ընդդիմությանն ու Օսկանյանին:
ԷՆ Ո՞Վ ՆԱՅԵՑ ԼԻՍԱԾԱԿԻՑ
Այո, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ նույն «տնտեսական» օրը «Հայլուրի» տաղավարում էր: Եվ դա «Հայլուրի» երկրորդ թռիչքն էր «նա լունու»: Առաջինը Տեր-Պետրոսյանի միտինգի դեմք առ դեմք ցուցադրումն էր, նույն միտինգի մասին մեկ «Հայլուրում» 2 (երկո՜ւ) անգամ, ընդ որում «էպեջա» դրական շեշտադրումներով, լրահոսը:
Ահա և Րաֆֆին («ինչը՜խ» նիհարել է, էդ շորերն «ինչը՜խ կսազան իրեն». իսկական նախագահի թեկնածու) ուղիղ եթերում էր: Հարցնում եք՝ ինչ էր անում նա՝ «աղմուկի մեջ վայրենի՞»: Չէ՛, «Հայլուրը» նկատի չունենք (խելքներս հո հացի հետ չե՞նք կերել. նկատի ունենք Հանրապետության հրապարակի հայտնի «աղմուկը»). Րաֆֆին հանդես էր գալիս մեկնիչի դերում և «ծաղկում» էր սույն դիպվածը՝ լիքը նախշելով իշխանություններին: Ամա՜՝ խիստ կոռեկտ: Առ այն, որ արդեն ինչքան ժամանակ է, մեկը՝ ԿԳԲ-ից (բա հո ՑՌՈՒ-ից չէ՞ր լինելու) նկարում ու նկարում է իրենց՝ նույն տեղում, նույն ժամին, այդ թվում և՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Ինչո՞ւ կնկարիս, եղբայր»: «Ինչո՞ւ չես ներկայանա, պարոն լեյտենանտ»: «Ինչո՞ւ չես հասկընա, քանի որ դու ԿԳԲ-ից ես, մենք էլ քո նկատմամբ չարաճճիություններ պիտի անենք. դավայ աղջիկներ», մեկնում էր ՀՀ առաջին ԱԳ նախարարը:
Մի խոսքով, Րաֆֆին շատ անկեղծ, բավականին բորբոքված-դոշ տված պաշտպանեց իր թիմին, և, մեր կարծիքով, նրա իմիջն այդ օրը լիքն ու ահավոր բարձրացավ (բարի օր, պարոն Գեղամյան, էս ինչքա՜ն ժամանակ, Արտաշես Մամիկոնովիչ, չեք զանգում, չեք հարցնում մեր օր ու հալից. համարյա՝ Սերժ Սարգսյանի հետ հայտնի հեռուստադեբատի ժամանակներից):
Չէ՜, մենք նկատի չունենք, որ Րաֆֆին այդ օրը բարձրացնում էր իր իմիջը՝ ընդդեմ «մույս» (անհամբեր շարժումներ մի արեք, պարոն Օսկանյան, Ձեզ հետ ձեռքով ենք բարևելու, երբ հասնենք «ստագֆլյացիային». այս տերմինը, ի շարս իր այլ եզրույթների` «մույս, օքուպեշըն, տան լվացք», օրերս է կիրառել Մինասիչը. նվազագույն աճի պայմաններում սղաճը բնութագրելու համար. ասա՝ ինչի՜ն է պետք):
Մի խոսքով՝ ի դեմս Րաֆֆու հայլուրային տաղավարման՝ դեմոկրատիկ ու ժառանգական «թեմաներ» ևս ունեցանք՝ նույն օրը, նույն ժամին՝ միտված երկխոսության սկսմանը:
ՈՒ կարծես՝ էնպես ոչինչ:
ՍՏԱԳՖԼՅԱՑԻԱ, ՊԻԳՄԵՆՏԱՑԻԱ` ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ-ՄԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
ՈՒրույն պատասխանելով ընդդիմության 15-կետանոց «բարաթին» (ա՛յ, որ սամթը գտնեն ու 17-ից հետո էլ «step by step» տարբերակով բանտարկված տղերքին ազատեն, ընդամենն ութ հոգի են, ապա, կարծում ենք, «կոռեկտից» «կառուցողական» երկխոսության անցումի «լավը» կողջունեն ոչ միայն ընդդիմադիրները, այդ առնչությամբ տագնապող հայ հանրությունը, այլև «միջազգայինները» բան չեն ունենա ասելու այս կամ այն ամբիոնից, այս-այն համալսարանում), Սերժ Սարգսյանը հաճելին օգտակարի համակցությամբ արեց առաջին կարևոր քայլերը (նկատեք. մեր նյութում չենք անդրադառնալու տնտեսական սեգմենտներին, բացառապես խնդրի քաղաքական մասն ենք դիտարկելու՝ տնտեսությունը թողնելով տնտեսագետներին):
Այնուհանդերձ, մեկ դիտարկում այդ առնչությամբ անհրաժեշտ է: Վիրտուալ կապ տեսնելով ընդդիմության 15 կետերի հետ, որոնց գերակշիռ մասը տնտեսական իրատեսական և ոչ իրատեսական պահանջ է, Սերժ Սարգսյանն իր թիմին խստորեն և կոնկրետ («Պարոն Դավթյան, խնդրում եմ կոնկրետ գործով զբաղվեք, պարոն Վարդանյան, ցույց տվեք Ձեր շինարարական լոկոմոտիվը…) հասկացրեց. վերջին կարմիր քարտն է ցույց տալիս գործադիրին, սրանից հետո տապալումների համար «հետևանքներ» պետք է լինեն, ինչպիսիք, թող եզրակացնեն իրենք՝ «խեղդվողները», որովհետև իրենց փրկությունն այլևս ընդդիմադիրների «ձեռքերում» է:
Չնայած «հետևանքներ» արդեն իսկ կան: Դրա ականատեսը կլինենք հարկամաքսային համակարգերում (չլինի՞ օլիգաթափ, մոնոպոլաթափ է սկսվելու. բարև ձեզ, հարգարժան, սիրելի, թանկագին պարոն Օսկանյան) սկսվող տեղաշարժերին: Ավելին՝ խնդրո առնչությամբ դիմելու են միջազգային կառույցներին՝ «առանց ամաչելու» (պարոն Օսկանյան, մի քիչ էն կողմ քաշվեք, պիտի տիկին Յովանովիչին բարևենք այս առիթով). «Մարդիկ փոփոխություն են ուզում, մենք էլ ուզում ենք արագացնել այդ փոփոխությունները» (աչքներիս՝ Սերժ Սարգսյանն էլ է ուզում բարևել Վարդան Մինասիչին, թե՞ ընդդիմությանն է բարևում. հա էլի՝ ընդդիմությանն է բարևում). «Հաճախ քննադատության մեջ լուրջ դիտարկումներ ու առաջարկներ են լինում: Դրանք պետք է անպայման օգտագործել: Մենք պատրաստ ենք ցանկացած բարի խորհուրդ, ցանկացած օգտակար խորհուրդ ընդունելու: Ճիշտ խորհուրդ տվողներին, օգտակար խորհուրդ տվողներին մենք նաև պարտավոր ենք ներգրավել մեր աշխատանքներում»: (Հրանտ Բագրատյանին գործ կտա՞ն, թե՝ էնպես, ասում-խոսում են՝ «երկխոսության կոնտեքստում»):
Հասանք քաղաքականին: Սերժ Սարգսյանը կարծում է, որ ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացները «ճիշտ հունով են գնում»: Սա «միտինգավոր» մեր սրտին անհրաժեշտ մխիթարա՞նք, թե՞ իրական գնահատական է: Փորձենք հասկանալ: Խոսքի շարունակության մեջ կարծես ուրույն պատասխան է հնչում նաև վերջերս (ինչպես նշել է նույն Սերժ Սարգսյանը՝ կոալիցիոն «օջախացված» հավաքում) առ նրանք, ովքեր պնդում էին, որ ամեն բան պետք է լինի վերկուսակցական՝ «արբիտրային»: «Համարում եմ, որ գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձևաչափեր են ձևավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն: Հանրահավաքներն անցնում են կոռեկտության սահմաններում, և ճիշտ ճանապարհը դա է»:
Կարծում ենք՝ կոնտեքստը բացել պետք չէ (պարոն Օսկանյան, տեսնո՞ւմ եք՝ ինչ մեծ բեռից ենք Ձեզ ազատում. էլ մարտի մեկ չի լինի, էլ ստիպված չեք լինի ասուլիս տալ արտաքին քաղաքականության հետ բացարձակ կապ չունեցող, ներքին՝ այդքան ցավոտ թեմայով, «գործուն զղջումի» ու այլնի կարիք նույնպես չի լինի), որովհետև նույն ջրով երկու անգամ չի «անցցվում»՝ տիեզերաբանորեն, և անցյալի դասերից սովորել, իսկապես, պետք է:
Ասել է` Սարգսյանը հստակ վեկտորում է՝ կա հստակ իշխանություն, կա հստակ ընդդիմություն. երրորդն ավելորդ է, և անցյալին վերադարձ չի լինելու: Իշխանությունն անելու է ամեն ինչ, որ խաղը չփսորվի, ընդդիմության և իշխանության համար մնա կոռեկտության սահմաններում:
Գուցե, գուցե իսկապես ընդդիմության հետ «հեռավոր» խաղի նուրբ կոդեր էլ կային Սերժ Սարգսյանի խոսքերի մեջ, սակայն ինքնավստահության այն դոզան, որը կար, հաստատ տեղ չի թողնում կարծելու, որ ոչ միայն «անցյալի», այլև մնացած, այդ թվում և՛ արաբական, և՛ «այլական» սցենարները Հայաստանում այս փուլում նույնպես տեղ չեն ունենալու, և դա՝ ոչ միայն Սերժ Սարգսյանի կողմից «չարված ռևերանսի» պատճառով. «Փա՜ռք Աստծո, շատ պարագաներում և՛ այս կողմում, և՛ այն կողմում կան մարդիկ (տեսնես ովքե՞ր են էդ մարդիկ. չէ՜, պարոն Օսկանյան, էդ հաստատ ես ու Դուք չենք), ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա Հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների և քաղաքական նկրտումների միջև», այլ որ (ի դեպ, նկատեցի՞ք՝ մեկ փոքրիկ պարբերությունում Սերժ Սարգսյանը երկու անգամ կրկնեց՝ պիտի անենք ամեն ինչ, որ անցյալի, իմա՝ մարտի 1-ի սխալները չկրկնվեն. երկրորդ անգամվա կրկնությունը, այո, արդեն արաբստանների պահով է), այլ որ, ժողովուրդ ջան, ի՜նչ «արաբստան», ի՜նչ «ֆլան-ֆստան», եթե ոստիկան պարոն «Բազազը» Հայաստանում է՝ Երևանի սրտում. հիշո՞ւմ եք՝ ինչ ասաց նա «Ազատություն» ռադիոկայանին. որ ես լինեի Եգիպտոսում, այնտեղ ևս հեղափոխություն չէր լինի:
Փաստորեն, մազից պրծանք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ