ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԻ ԿՀԱՐԹԻ ԴԵՊԻ «2023 Թ. ՄԵԾ ԹՈՒՐՔԻԱ»

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԻ ԿՀԱՐԹԻ ԴԵՊԻ «2023 Թ. ՄԵԾ ԹՈՒՐՔԻԱ»
06.05.2011 | 00:00

Դեռ անցյալ տարվա աշնանը, երբ Թուրքիայի Սահմանադրության ուղղումների հանրաքվեում երկրի ընտրող բնակչության կեսից ավելին (50 միլիոնի մոտ 60 տոկոսը) նվիրական «այո»-ն ասաց ոչ միայն բանակի իշխանության սահմանափակումներին, այլև, ըստ էության, նորամուծության գլխավոր ճարտարապետին` վարչապետ Էրդողանին, արդեն պարզ դարձավ, որ իսլամականները երկիր են եկել լրջորեն և երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ։ Եվ ահա օրերս հայտնի դարձավ, որ, տարբեր հարցումների համաձայն, խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու 1,5 ամիս հետո, գործող վարչապետի կուսակցությունը կհավաքի ձայների 47-50 տոկոսը։ Հարցումը, որի արդյունքները հրապարակվել են «Սաբահ» թերթում, Էրդողանի կուսակցության համար կանխատեսում է ձայների 49 տոկոսը` չորս տարի առաջ կայացած նախորդ ընտրություններում նրա ստացած 47 տոկոսի դիմաց։ Մնացած բոլոր կուսակցությունները, այդ թվում` ընդդիմադիրները, անհուսալիորեն հետ են մնում։ Եթե նկատի առնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում տոկոսային արգելքը 10 տոկոսն է, ապա երկու, ամենաշատը երեք կուսակցություն կարող է հաղթահարել այդ արգելքը։ Ընդ որում, ինչն ամենակարևորն է, ոչ մի հիմք չկա կասկածելու պատկերի օբյեկտիվությանը։
Խիստ հատկանշական է, որ հունիսին կայանալիք ընտրությունների կապակցությամբ ներկայացնելով իր կուսակցության մանիֆեստը, Էրդողանը հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կմշակի նոր սահմանադրություն, որը կնպաստի երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական բարգավաճմանը։ «Մենք անմիջապես կսկսենք աշխատել նոր սահմանադրության նախագծի վրա` հանուն ժողովրդավարության և ազատության»,- ասել է Էրդողանը կուսակցության Անկարայի կենտրոնակայանում ունեցած ելույթում։ 1982 թ. զինվորական վարչակազմի օրոք ընդունված ներկա Սահմանադրության քննադատները համարում են, որ այն ունի դրույթներ, որոնք սահմանափակում են քաղաքական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` ազգային փոքրամասնությունների խոսքի ազատությունն ու իրավունքները։ Թուրքիայի անկախության մասին Լոզանի պայմանագրի համաձայն, որն ստորագրվել է 1923-ին, այդ երկրում փոքրամասնությունների պաշտոնական կարգավիճակ ճանաչված է հրեաների, հայերի և ուղղափառների համար, մինչդեռ կաթոլիկների, բողոքականների, քրդերի ու սիրիացիների իրավունքներն առանձնապես նկատի առնված չեն։ Բայց ինչքան էլ Էրդողանը պճնվի պահպանողական ժողովրդավարի պատմուճանով, որքան էլ իր կուսակցությունը հայտարարի եվրոպական քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների մահմեդական վարկած, հասկանալի է, որ «փոքրամասնություններն» ու նրանց նկատմամբ հոգատարությունը միայն պերճախոս հռչակագիր են այդ քաղաքական գործչի շուրթերին, որը հակված է գավառական «հերոս սիրեկանի» դերակատարմանը։ Չէ որ Թուրքիայի գերժամանակակից վարչապետի խելքին փչել է քրդական բողոքների վերջին ալիքների մթնոլորտում հայտարարել, որ «Թուրքիայում քրդական հարց գոյություն չունի», որ քրդերը չեն շահագործվել Թուրքիայում, և երկրում երբեք չի եղել ու չի լինի քրդերի խտրականություն։ Ընդ որում, Էրդողանը հայտարարել է, որ ինքը մտադիր է բոլոր խնդիրները կարգավորել «մեր քուրդ եղբայրների» հետ ամբողջ երկրում, ազատության և դեմոկրատիայի միջոցով, միևնույն ժամանակ ընդգծելով, որ խոստումը կիրականացվի երկրի նոր սահմանադրության ընդունմամբ։ Եվ, որ ամենագլխավորն է, վարչապետը բոլորին հավաստիացրել է, որ նոր սահմանադրությունն ուղի կհարթի դեպի «2023 թ. Մեծ Թուրքիա»։ Հետաքրքրական է, որ հենց 2023 թվականին է երկիրը տոնելու Քեմալ Աթաթուրքի հիմնադրած ժամանակակից աշխարհիկ Թուրքիայի 100-ամյակը։
Այսինքն, թեև առայժմ ամենևին պարզ չէ, թե ինչպես է փոքրամասնությունն ապրելու այդ երևակայական «մեծ Թուրքիայում», միարժեքորեն պարզ է միայն մեկ բան, այն, որ այս ամբողջ կեղծ փայլի հետևից երևում են նոր «հիմնադիր հայր» դառնալու Էրդողանի կրքոտ ցանկության «երկար ականջները»։ Իսկ դրա համար հարկավոր են նոր հիմնական օրենք և ավելի լայն լիազորություններ։ Հիշեցնենք, որ ամառային հանրաքվեի ժամանակ (ի դեպ, այն ժամանակ երկրի կրոնական գործիչներն ակտիվորեն պաշտպանեցին սահմանադրության փոփոխությունները) արմատական փոփոխություններ կրեց դատական իշխանության համակարգը։ Հենց նա էր մինչ այդ իսլամականների գլխավոր «թշնամին», ավելին, դատարանները շարունակ փորձում էին, ճիշտ է` անհաջող, արգելել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, նրա ղեկավարներին հեռացնելով կառավարությունից։ Բայց գլխավորն այն է, որ դատական բարեփոխման ուղղումների փաթեթում թաքցված էր գլխավոր վտանգը սպաների անձեռնմխելի «համքարության» համար, որը, փաստորեն, բացառում էր նրանց քաղաքական դերակատարությունը։ Քաղաքացիական դատարաններն այն ժամանակ իրավունք ստացան դատելու զինվորականներին` պետության դեմ կատարած հանցագործությունների համար։ Ընդունված 26 ուղղումների մեջ կան, օրինակ, այնպիսիք, որոնք կրճատում են զինվորական դատարանների լիազորություններն ու վերացնում 80-ականների հեղաշրջման կազմակերպիչների անձեռնմխելիությունը։ Ընդ որում, ինչպես նշում են փորձագետները, ուղղումները ենթադրում են փոփոխություններ գերագույն դատարանի դատավորների նշանակման ընթացակարգերում, որոնց մի մասը կնշանակվի նախագահի և օրենսդիրների կողմից` գործադիր իշխանության ներկայացուցիչների կազմից։ Այսինքն, ակնհայտ է, որ մեկ կախյալ և գաղափարականացված դատական իշխանությանը պետք է փոխարինելու գար ոչ պակաս կախյալ և ոչ պակաս գաղափարականացված կառույց։ Բայց, դատելով Էրդողանի վերջին հայտարարություններից, այս ամենն էլ դեռ քիչ է նրա համար, թեև թուրքական ընդդիմությունն իր վարչապետին վաղուց արդեն միայն «սուլթան» է անվանում։ Որպես մի հետաքրքիր և կարևոր հանգամանք նշենք, որ երբ վերջերս Թուրքիայի հեռուստառադիոհաղորդումները վերահսկող մարմինը կինեմատոգրաֆիստներին նախազգուշացում հասցեագրեց 450 տարի առաջ մեռած սուլթանի «անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման» համար, որը էկրանին ներկայացվել է որպես ոգելից խմիչքների ու կանանց հանդեպ թուլություն ունեցող մարդ, շատերը համարեցին, որ Էրդողանն ավելի ու ավելի է ձգտում հավասարվել իր կայսերական նախորդներին։ Սակայն դառնանք հիմնական, և թվում է, շատ կարևոր հարցերին. «Իսկ ի՞նչ է թաքնված շատ գեղեցիկ խոստումների հետևում», «Ինչո՞ւ այդքան կարևոր է հենց հիմա փոխել Սահմանադրությունը», «Արդարացվա՞ծ է, արդյոք, այդ վտանգավոր քայլը, երբ երկրում դեռ ուժեղ են քեմալականները»։ Չէ՞ որ նրա ակտիվության հերթական ալիքը, որը նախատեսված է ընտրախավի իսլամական մասի համար, վարչապետից հիասթափեցնում է ազատականներին, որոնք թեև բնակչության մեծ խումբ չեն կազմում, սակայն քիչ ազդեցություն չունեն երկրի մտավոր կյանքի վրա։ Ազատական շրջանակներում Էրդողանին և «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ցուցաբերված աջակցությունը վերջին տասնամյակում կարևոր դեր է խաղացել, լրջորեն ամրապնդելով վարչապետի դիրքերը երկրի ներսում ու արտասահմանում։ Բայց հիմա, ինչպես երևում է, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսում է կորցնել իր ընտրախավի այդ կարևոր մասը։ Բացի այդ, ազատական շրջանակների փաստարկներն առանցքային դեր են խաղացել կառավարող կուսակցությանը արևմտյան ղեկավարների աչքում օրինական տեսք տալու հարցում` սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո «չափավոր իսլամի» նրանց որոնումներում, այդ պահից ի վեր դառնալով երկրի արևմտյան գնահատականների հիմք։ Բայց հիմա որոշ ազատականներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Եվրոպայում սկսում են կասկածել նման փաստարկումների ճշմարտացիությանը։
Մանիֆեստում, որ հանդիսավորապես ներկայացրեց Էրդողանը, չի հիշատակվում կառավարման նախագահական ձևին երկրի անցման մասին։ Այդուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ վարչապետն ապագայում կպայքարի նախագահի պաշտոնի համար, ձգտելով մնալ իշխանության մեջ։ Չէ՞ որ եթե կուսակցությունը հունիսին հաղթի երրորդ անգամ, ապա, կանոնադրության համաձայն, Էրդողանը չի կարող քվեարկվել 2015 թ. կայանալիք հաջորդ ընտրություններում և նրան ոչինչ չի մնում անելու, քան հավակնելու նախագահի աթոռին։ Ընդ որում, ավելի մեծ լիազորություններով, քան հիմա է։ Բայց դրա համար հարկավոր է փոխել Սահմանադրությունը։ Իսկ այդ քայլը շատ փորձագետներ համարում են «Էրդողան-Գյուլ» միության պառակտման քայլ, որը կուժեղացնի հակասությունները բուն կառավարող կուսակցության ներսում։ Այսինքն, ամեն ինչ իրականում թե՛ շատ պարզ է, թե՛ շատ նենգամիտ։
Ինչևէ, Թուրքիայում քաջատեղյակների մեծամասնությունը նշում է, որ անգամ իշխանության գլուխ «Արդարություն և զարգացում» կուսակցության գտնվելու ութ տարիներից հետո շարքային մարդիկ դարձյալ, հանձին Էրդողանի, տեսնում են ոչ թե «պետության ղեկավարի, այլ ժողովրդի պաշտպանի»։ Նրանց համար ավելի կարևորը «այն հեքիաթանման կերպարն է, որն իր մարմնավորումն է գտել Էրդողանի անձի մեջ. դա համեստ, իր կրոնից և իր դասից չամաչող մարդու նկարագիրն է, որի ոտքերի տակ է հիմա ընկած ամբողջ աշխարհը»։ Եվ «ծառայից իշխան» դարձած այդ մարդու վերելքի ամբողջ պատմության մեջ նրանք գնահատում են «կայունության և Մեծ Թուրքիայի» մասին իրենց երազանքները, ասում է մեկնաբան Նիհալ Կարասան։ Նա, ի դեպ, ընդունում է, որ այդ երազանքը ոչ միշտ է համահունչ ժողովրդավարական զարգացմանը, գոնե այնպիսի կտրուկ հակասություններ ունեցող երկրում, ինչպիսին Թուրքիան է։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ