ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԻՆՏԵԳՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԻՆՏԵԳՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
27.09.2011 | 00:00

Երեկ Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական եռօրյա համաժողովը, որն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի ֆինանսական աջակցությամբ։ Գիտաժողովին մասնակցում է 120 պատվիրակ Հայաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, Կանադայից, Ռուսաստանից, Ղազախստանից: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, գիտության պետական կոմիտեն, ՌԴ ժամանակակից կրթության կենտրոնը, ինչպես նաև Լեհաստանի և Հայաստանի մի շարք կազմակերպություններ։
Գիտաժողովի նպատակն է դիտարկել ոլորտում առկա խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղղությունները:
Համաժողովի բացմանը մասնակցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեր երկրի տնտեսության ապագան տեսնում է մարդկային ներուժի զարգացման և մրցունակ քաղաքացիական հասարակության կայացման մեջ: Վարչապետի խոսքով՝ անցած 20 տարիներին մեր երկրի համար կրթական ոլորտի զարգացումը եղել է ծրագրային առաջնահերթությունների թվում, և ոլորտում իրականացվող բարեփոխումների նպատակը կրթական համակարգի բարելավումն ու զարգացումն է:
Փոխհամագործակցության միջոցով միջազգային կրթական շրջանակներին ինտեգրվելը համարելով կարևոր հանգամանք՝ գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ դա անհրաժեշտ է մրցունակ կրթական համակարգի ստեղծման և զարգացման համար, որն ունակ կլինի հասարակությանը տալու տնտեսական համակարգի պահանջներին համապատասխանող որակյալ կադրեր. «Մենք պետք է գիտակցենք, որ բոլորս միջազգային սոցիալ-մշակութային համակարգի մասն ենք և կրթական ոլորտում համագործակցությունը ժողովրդավարական պետության խաղաղ և կայուն զարգացման կարևոր գործոններից մեկն է»:
Նշելով, որ որակյալ և մատչելի կրթության ապահովման պատասխանատուն կառավարությունն է, Տիգրան Սարգսյանն ասաց, որ ներկայում գործադիրը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետական և մասնավոր կրթական հաստատություններին հավասար հնարավորություններ տրամադրելու համար: Նրա խոսքով` կրթական համակարգի զարգացումը պետք է լինի ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում:
«Վստահ ենք, որ մինչ 2020 թվականը մեզ կհաջողվի ստեղծել որակյալ և մրցունակ կրթական համակարգ` ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Սրա հետ մեկտեղ, մենք հույս ունենք դառնալու եվրոպական կրթական համակարգի արժանի գործընկերը: Վստահ եմ, որ այս կոնֆերանսը թույլ կտա նորովի դիտարկել կրթական ոլորտի խնդիրները, պահանջներն ու զարգացման հնարավորությունները»,- ասաց վարչապետը:
Բացման խոսքով ելույթ ունեցավ նաև պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով կարևորեց կոնֆերանսը՝ որպես համալսարանական կրթական համակարգերի միջև կապերի վերականգնման կարևոր փուլ։ Ինչպես նշեց ԵՊՀ ռեկտորը, մաթեմատիկայի, ֆիզիկայի ու բուհական մանկավարժությանը վերաբերող հետաքրքիր զեկույցներին, կլոր սեղաններին, քննարկումներին, կարծիքների փոխանակմանը կարևորվում է նաև դասախոսների ու ուսանողների մասնակցությունը:
Գիտաժողովի հայաստանյան կողմի կազմակերպական մասի ղեկավար Արա Իսպիրյանի խոսքով՝ միջազգային այս գիտաժողովն անցկացվում է 3 տարին մեկ անգամ. սա 4-րդն է: Ըստ նրա՝ այս օրերի ընթացքում գիտնականները միմյանց հետ կքննարկեն տարբեր՝ «Բուհերում գիտական ուսումնասիրություններ մաթեմատիկայի ոլորտում», «Կիրառական մաթեմատիկայի խնդիրները», «Գիտական ուսումնասիրություններ ինֆորմատիկայի ու կրթության ոլորտում՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործում», «Բարձրագուն կրթության խնդիրները», «Հանրակրթության արդիական խնդիրներն» ու «Մաթեմատիկայի դասավանդման խնդիրները» և ոլորտի այլ թեմաներ: Գիտաժողովը հնարավորություն կտա հաղորդակից դառնալու գիտական նորություններին, իսկ մասնակիցներին՝ մասնագիտական թեմաների լուսաբանում, որտեղ ներկայացվում են տեսակետներ ու կատարված աշխատանքներ:
Նշենք, որ մինչ համաժողովի բացումը ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը երեկ ընդունել է միջազգային գիտական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ ԿԳՆ պատվիրակությանը: Պարոն Մկրտչյանը կարևորել է համաժողովի կազմակերպումը Հայաստանում և նշել, որ այն կնպաստի միասնական կրթական բովանդակության ձևավորմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների արդի ուղղությունները:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ