Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հող չտալու արվեստը

Հող չտալու արվեստը
10.02.2024 | 10:39

1996-ի վաղ գարնանը, տամուկ ու սրսփուն օրով գնում էինք Կարս` Ազգային Ժողովի պատվիրակությանը ճանապարհելու Անկարա: Ինչպես հին ու մոռացված ժամանակներում՝ Գյումրիով անցանք սահմանը, և մեր երթը հուզախռով էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք անցնում այդ ճանապարհով և առաջին անգամ էինք տեսնելու Կարսը, որտեղ Չարենցը թողել էր Կարինե Քոթանջյանին և իր տունը գետափին` շինած անտաշ քարով:

Մեր ուշադրությունն այնքան սևեռ էր, տեսանելի ամեն ինչի հանդեպ, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Կարսի օդակայան, որտեղ մեզ ուղեկցող թուրքական անվտանգության և ոստիկանության աշխատողները հրավիրեցին օդակայանի պետի սենյակ` մի բաժակ թեյի: Թալին անունով Պոլսում ծնված թարգմանչուհին, որ Կարսում թուրք ինժեների կին էր, հրաշալի էր խոսում արևմտահայերեն և փորձում էր մեզ համար տաք ու հարազատ մթնոլորտ ստեղծել:

Ես թեյ չեմ սիրում, սուրճ էլ ոչ ոք չառաջարկեց, ուստի դռների մոտ նստած, մեկուսի ծխում էի` հետևելով երկուստեք քաղաքավարի զրույցին, երբ մեր վարորդներից մեկը կիսաբաց արեց դուռը և ինձ հրավիրեց դուրս: Նա ինձ ցույց տվեց ձեռքի մոմլաթե տոպրակը և շինարարությունից առաջացած սևահողի հսկայական բլուր և ասաց, որ ուզում է մի բուռ հող վերցնել, տանել, շաղ տալ իր պապի գերեզմանին: Պապը ծնունդով կարսեցի է եղել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս:

Ես կատակեցի` այ տղա, երևի իրենք մեր պատմական հողերն են հասկացել, ոչ թե մի բուռը, և իմ հերթին դուրս հրավիրեցի Թալինին, որ բացատրվենք: Ոստիկաններն ուշադիր լսեցին և ասացին` ո՛չ, հող չի կարելի տանել: Մի քիչ հետո կմտնեք Կարս, խանութներում ամեն ինչ կա, գնեք՝ ինչ ուզում եք: Ոստիկանը խոսում էր հանգիստ, նույնիսկ բարեկիրթ, բայց միջադեպն այնքան անսպասելի էր, որ ես ցնցված էի, ու չկար ոչ մի ասելիք…

Պատվիրակությունը ճանապարհելուց հետո մենք գնացինք Կարս, տեսանք Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին, Կարսի հին բերդը: Նույնիսկ ինչ-որ ռեստորանում խմեցինք ու երբ շատ խնդրեցինք, մեզ թույլ տվեցին տեսնել Անին…

Մեզ հետ էր նաև իմ Անի աղջիկը, որ համբուրում էր մեր կիսավեր եկեղեցիների պատերն ու լաց լինում՝ մեզ հսկող ոստիկանների զարմացած հայացքների ներքո։

Դժվար օր էր։ Բոլորս առաջին անգամ էինք Անին տեսնում։ Անի աղջիկս լաց էր լինում, մենք՝ տղամարդկանցով, մեր ներսում էինք լալիս։

Ես հնագույն աշխարհների բազմաթիվ հուշարձաններ էի տեսել, բայց դրանցից ոչ մեկը կիսավեր Անիի տպավորությունը չէր թողնում։ Դա զարմանալի մեծ քաղաք էր՝ շրջապատված անառիկ պարիսպներով, որոնց վրայով նույնիսկ ինքը՝ Արևելքի մեծ զինվոր Լենկ Թեմուրը, երկու անգամ փորձեց ու չկարողացավ անցնել։

Եվ Բագրատունյաց վագրը մնաց մենակ, բայց կանգուն, ափսոս, սակայն, քանդված-թալանված մայրաքաղաքը հսկելու։

Վագրը, սակայն, մեղավոր չէր։ Մեղքն անցյալում էր, երբ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը՝ անհասկանալիորեն սուրբ հռչակված, Անին ոսկով վաճառեց Բյուզանդիային՝ այդ նույն վագրի հայացքի տակ։ Չգիտեմ՝ ինչպես էր վագրը նայում Անիի հզորության օրերին, սակայն մեր օրը տխուր էր վագրը…

Իմ հող, իմ երկիր, իմ վագր… մտածում էի ես, երբ հեռվում մնացող մեծ քաղաքի վրա անձրև էր գալիս։

Եվ երբ արդեն վերադառնում էինք, սահմանի մոտ նույն ոստիկանը ժպիտով ինչ-որ բան ասաց հող ուզող վարորդին, որը թուրքերեն գիտեր: Հարցրի` ի՞նչ ասաց, վարորդը երկար լռեց, հետո պատասխանեց. ասում է` մեքենաների անիվներին ցեխ է կպել, տար պապիդ գերեզմանին շաղ տուր:

Հետո պատվիրակությամբ վերադարձանք տուն…

Բայց ես մի բան սովորեցի՝ հող չտալու… արվեստը։

Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3842

Մեկնաբանություններ