ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ

Որպեսզի չստացվի  այնպես, ինչպես միշտ
25.02.2014 | 01:09

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ տևական ժամանակ ոչինչ չէր ասել մեր կյանքի ու վարքի մասին, 2rd.am-ին տված հարցազրույցում պարզաբանել է իր տեսակետները Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ: Տևական լռությունը երկրորդ նախագահը արդյունավետ է օգտագործել. նա տվել է չքաղաքականացված գնահատական, որ ավելի շատ հարևանում է ոչ թե «Եղավ՝ ինչ եղավ»-ին, այլ «Եղավ՝ ինչ չպիտի լիներ»-ին: Ռոբերտ Քոչարյանը տնտեսագիտական գնահատական է տվել փաստին և, որ ավելի կարևոր է, փաստի հետևանքներին, որոնցից խուսափելու համար առաջարկել է ամենաարդյունավետ դեղատոմսը՝ չշտապել և աշխատել հանգիստ, նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը, որովհետև ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար: Իսկապես Ռուսաստանի և Հայաստանի մաքսային օրենսդրությունները, ելնելով երկրների տնտեսության առանձնահատկություններից և աշխարհաքաղաքական դիրքից, տրամագծորեն տարբեր սկզբունքներով են գրվել և աշխատել: Համադրումը, որ անխուսափելի է Մաքսային միությունում, հանգեցնելու է ոչ միայն գների աճի, այլև տնտեսության կառուցվածքի փոփոխության նոր պայմաններում: Եվ Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի չափազանցում, ավելին՝ կան հարցեր, որոնց չի էլ անդրադառնում, թեպետ այդ շրջանակում են (օրինակ՝ իրո՞ք Հայաստանը ստանում է արտահանման շուկա, որտեղ իր արտադրանքը սպառում կունենա, կամ՝ Հայաստանն ինքը չի՛ դառնա սպառման շուկա ՄՄ անդամ երկրների համար՝ ի վնաս տեղական արտադրողի): Տնտեսագետներն առավել հիմնավոր ու փաստարկված կարող են անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահի տեսակետներին՝ հաշվարկների ու փաստաթղթերի զինանոցով: Այնուամենայնիվ, չկարողանալով խուսափել հարցը չքաղաքականացնելու գայթակղությունից, չեմ կարող չհարցնել՝ իսկ ինչո՞ւ է ՀՀ երկրորդ նախագահը իր ճիշտ և իսկապես մտահոգ գնահատականները ներկայացնում հիմա՝ սեպտեմբերի սկզբից համարյա կես տարի անց: Իրավիճա՞կ է փոխվել: Հայաստանո՞ւմ: Հայաստանից դո՞ւրս: Թե՞ նրան մտահոգել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների լույսի արագություն հավաքելը: Արդյո՞ք այն պատկերը, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, չկար կես տարի առաջ: Հետևելով երկրորդ նախագահի խորհրդին՝ հարցազրույցը երկրորդ անգամ կարդալուց հետո էլ ես չստացա հստակ պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը դե՞մ է, թե՞ կողմ է Մաքսային միությանն անդամակցելուն: Ավելին՝ ակնարկելով ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի գնալու, այն էլ ակտիվ քարոզչությամբ, փաստին, որը գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց և Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի դարձրեց, նա նկատի ունի այլևս մենակ գնալու հնարավորությո՞ւնը: Առանց ՎՈՒԱՄ-ի: Թե՞ դա պարզապես կորած շանսի արձանագրում է, որ նույնպես գնահատական է, մանավանդ երբ հնչում է մի մարդու շուրթերից, ով երբեք ու ոչ մի հարցում Ռուսաստանին «ոչ» չի ասել: Համենայն դեպս, ստորագրված համաձայնագրերը դա են վկայում: Արդյո՞ք ամբողջ հարցազրույցի տրամաբանությունը դա չէ՝ ի՞նչ կորցրինք և ո՞ւր ենք գնում: Համեմատեք և գնահատեք: Հետո չասեք, թե չեմ ասել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. - Այս այլընտրանքային մեկնակետեր թողնող հարցազրույցը անխուսափելիորեն ձևակերպում է ևս մեկ հարց՝ համարենք սա միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ տեսակետը, թե՞ ԲՀԿ-ի, որ այդպես էլ միայն Վարդան Օսկանյանի շուրթերով է անդրադառնում Մաքսային միությանը, մի քիչ էլ Նաիրա Զոհրաբյանի շուրթերով՝ Եվրամիությանն ասոցացմանը, բայց սֆինքսի պես լռում է՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի:

Դիտվել է՝ 1509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ