ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Չուղարկված նամակները ժամանակն էլ չի կարդում

Չուղարկված նամակները  ժամանակն էլ չի կարդում
24.12.2013 | 00:58

Ասեմ ի սկզբանե` հրապարակման խորագիրը վերաբերում է մեծամասնությանը, որ ապրում է Հայաստանում ու Հայաստանից դուրս ու ծագումով հայ է: ՈՒ բոլորովին չի վերաբերում փոքրամասնությանը, որ ապրում է Հայաստանում այսօր, իսկ վաղը գուցե և ինքն էլ հեռանա: Օրեցօր առավել հստակ մենք շարժվում ենք դեպի անկախության ինքնաոչնչացում, այս ընթացքով ընդամենն ընթացակարգային հարց է լինելու ՌԴ 83-րդ սուբյեկտի ինքնահռչակումը, որը, իհարկե, կարող է և չընդունվել, որովհետև քամված կիտրոնը նորից չես տնկի: Հայ քաղաքական էլիտան կուլիսներում ու հրապարակավ տրտնջում էր, որ ՌԴ նախագահը Հայաստան չի գալիս: ՀՀ նախագահը գնում է ու գնում, իսկ ՌԴ նախագահը չի գալիս: Եկավ: Գո՞հ եք: Վեց ժամում 30 տարվա հարցեր լուծեց ու գնաց: Պատճառնե՞րը:
1. Հայաստանի Հանրապետությունը իր հռչակման օրից գտնվում է հռչակագրային էյֆորիայում:
2. Հայաստանի Հանրապետությունը չունի իմունիտետ` ազգային դիմադրունակության գենը լեթարգիկ քնի մեջ է:
3. Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ապրել գոյություն չունեցող ԽՍՀՄ-ում, հույսը դնելով Մաքսային միության վրա, որին չանդամակցած` արդեն կորուստներ է տալիս, ինչպես և սկսեց իր գոյությունը ԽՍՀՄ-ում:
4. Իր գոյության 22-րդ տարում երկիրը նորից հանրաքվեի առաջ է, հանրաքվե, որ կայանում է ոչ պաշտոնապես, բայց ոչ նվազ իրավական հետևանքներով: Հանրաքվեի հարցը մեկն է` համաձա՞յն եք լինել անկախ պետություն:
5. Իր գոյության 22-րդ տարում երկրի կառավարման մարմինները պատճենում են Խորհրդային Հայաստանի կառավարման մարմինների գործունեությունը, ընդունվում են միայն ու միայն իշխանության հետ համաձայնեցրած որոշումներ` բնականաբար իշխանության շահերից բխող: Ապացույց` Սահմանադրական դատարանի որոշումները, միջկառավարական համաձայնագրերը, որոնք մշակվում, ընդունվում ու հաստատվում են իշխանության տարբեր թևերի կողմից:
6. Իր գոյության 22-րդ տարում երկիրը սպառում է վերջին ռեսուրսը` մարդկայինը:
7. Ստեղծված իրավիճակը պատային չէ, հնարավորություններ կան իրավիճակը փոխելու:
Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանը Ազգային ժողովում բոլորովին այլ ընթացք էր ունենալու, եթե չլինեին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի առաջարկները: Սա ակնհայտ է, որովհետև երբ խոսում ես տեսական հնարավորությունների մասին` մեկ վիճակ է, երբ ունես այլընտրանք, բայց գնում ես դեպի փակուղի` բոլորովին այլ վիճակ է: Հայաստանին գազ վաճառելը Ռուսաստանի Դաշնության համար միայն ու միայն քաղաքական գործարք է, Հայաստանի փոքր շուկան «Գազպրոմին» կորպորատիվ մեկ միջոցառմանը հատկացված գումար է ապահովում: Հայաստանը պետք է Ռուսաստանին միայն ու միայն իբրև տարածք, որտեղ ռուս զինվորը պաշտպանում է Ռուսաստանի ներկայացվածության իրավունքը տարածաշրջանում, և` իբրև պետություն, որ պարբերաբար պաշտպանում է Ռուսաստանի քաղաքական շահը միջազգային ասպարեզում: Մնացած հարցերը տեխնիկական են Ռուսաստանի համար. Կրեմլը համաձայն է որոշակի թվաքանակով հայ ներգաղթյալներ ունենալ իբրև էժան, բանվորական աշխատուժ և որոշակի գումար ուղարկել Հայաստան` տրանսֆերտի տեսքով: Ընդ որում, որևէ, անգամ ամենաանմեղ անկախական դրսևորման պարագայում հայ ներգաղթյալները հայտնվում են պատանդի կարգավիճակում, տրանսֆերտները կրճատվում են: Ինչո՞ւ որևէ այլ երկրի Հայաստանը այդքան գույք չի օտարում, ինչո՞ւ որևէ այլ երկրի հետ Հայաստանը այդքան երկարամյա համաձայնագրեր չի կնքում: Ոչ այն պատճառով, որ, Ռուսաստանից բացի, որևէ երկիր Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն չունի ու Ռուսաստանի չափ փող չունի: Պարզապես այլ երկրները գործընկերության հիմքում փոխադարձ շահն են ապահովում, չեն առաջնորդվում` «Դու` ինձ, դու` ինձ համար, դու` հանուն ինձ» սկզբունքով, երբ «դու»-ն, բնականաբար, տնտեսապես ու քաղաքականապես թույլ է «ինձ»-ից: Այս գործընկերությունը մի կողմի համար ապահովում է իր շահերի առավելագույն սպասարկում, մյուս կողմի համար` սոսկ ներկայացվածություն: «Սուզանավից դուրս չես թռչի»` սա է ռուսական քաղաքականության սկզբունքը:
Էներգետիկայի նախարարը պնդելով պնդում է, որ խնդրո առարկա համաձայնագիրը ընդամենը կարգավորում է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքը: Բայց նա 30 տարի նախարար չի մնալու, ուստի և պատասխան չի տալու այդ ընթացքում ծագած «ինչու»-ներին, ինչպես պատասխան չի տալիս անցած տարիների «ինչու»-ներին. ինչո՞ւ 2010 թ. թանկացած գազի մասին միայն երեք տարի անց է հայտնի դառնում, ինչո՞ւ սպառողը պիտի վճարի բանակցությունների ընթացքի համար, ինչո՞ւ չի ասվում, որ համապետական ընտրություններից առաջ ապահով կյանքի կամք ունենալու մեջ ընտրողին համոզելու լավագույն ազդակը չէր թանկացած գազը, որ ոչ էլ երեք տարի բանակցել են, ընդամենը Ռուսաստանը որոշել է, իրենք կատարել են: Ինչո՞ւ Իրանից գազ գնելու բանակցություններ չեն եղել, ի՞նչ երաշխիք, որ որևէ համաձայնագրով կաշկանդված չլինելով` Հայաստանը կբանակցի Իրանի հետ և Իրանից գազ կգնի ռուսականից շատ ավելի էժան գնով: Ի վերջո, հարկադրված լինելով ռուսական թանկ գազ գնել ¥հակառակ պարագայում` տուգանք վճարել¤, Հայաստանի ինչի՞ն է պետք իրանական էժան գազը: Ինչո՞ւ Հայաստանը չի համաձայնում Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի շինարարությանը, որն ակնհայտ շահավետ է տարածաշրջանի համար, բայց դեմ է Ռուսաստանի շահին: Ի վերջո, այսքան ու այսպես ռուսական շահը պաշտպանելուն ի տրիտուր ի՞նչ է ստանում Հայաստանը: ՀՀԿ-ի իշխանությո՞ւնը: Իսկ ՀՀԿ-ն եթե 30 տարի էլ իշխի, Հայաստանում մարդ կմնա՞, թե՞ տարեմուտի սեղանին կոկորդիլոսները միայն կհիշեցնեն Հայաստանում որոշ հայերի բնակության մասին:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տարեվերջին հարկ համարեց հիշեցնել իր թոշակառուի գոյությունը. ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստում նա երեք պատճառ գտավ` բացատրելու, թե ինչու Հայաստանում եվրաասոցացումից հրաժարումը հասարակական մեծ ընդվզում չառաջացրեց: Իբրև գիտնական նրա պատճառները վիճարկելի են, իբրև քաղաքական գործիչ` կապիտուլյացիոն: Պատճառի ու հետևանքի տեղափոխությունը առաջին նախագահի պարագայում հիանալի է ստացվում, իսկ առավել հիանալի ստացվում է իր` որպես անքննելի արժեքի առանձնացումը կատարվածից. բոլորը մեղավոր են, իսկ ինքը` իրավիճակի զոհ: Իսկ գուցե նա պատասխաներ այն հարցին, թե ինչո՞ւ էր իր տոհմը հայտնվել Հալեպում, և ինչո՞ւ իր ծննդավայրը դարձավ Սիրիան: Եվ եթե անկեղծ ու շիտակ պատասխաներ, առանց քաղաքական ծեքծեքումների, իրեն էլ պարզ կդառնար, որ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովվել է Մեծ Հայքի ռուսական տիրապետության տակ հայտնված տարածքում, որովհետև այդ տարածքը պետք էր Ռուսաստանին, իսկ ի՞նչ եղան մյուս տարածքները և ինչո՞ւ, ի՞նչ եղավ այդ տարածքների հայ բնակչությունը և ինչպե՞ս հարցին, Թուրքիայից բացի, նաև Ռուսաստանը պիտի պատասխանի: Հակառակ Ռուսաստանի անկոչ պաշտպանության նրա փորձի` ակնհայտ է, որ հակառուսական տրամադրություններ Հայաստանում սերմանում և ամրապնդում է Ռուսաստանի գործող իշխանությունը` իր վարած քաղաքականությամբ: Արևմուտքի ստվերն այսուայնտեղ տեսնելն ընդամենը վախի նշան է, ռուսական վախերը Հայաստան փոխադրելն էլ անարժան զբաղմունք է: Հայկական վախերը միանգամայն բավարար են` ընդմիշտ Ռուսաստանի կրնկի տակ մնալու և եվրոպական երկակի ստանդարտներից տրտնջալու համար` այդ ընթացքում ոչինչ չանելով:
Դեկտեմբերի 23-ին խորհրդարանը վավերացրեց խնդրահարույց համաձայնագրերը 77 կողմ ձայնով: Ընդդիմադիր պատգամավորները առավելագույնը 20 րոպե հետաձգեցին քվեարկությունը ՀԱԿ-ի առաջարկով, գործողությունից հանվեցին քվեարկության քարտերը, և քվեարկությունը կատարվեց հաշվիչ հանձնաժողովի հաշվարկով: Ընդդիմադիր պատգամավորները մի քիչ աղմկելուց հետո լքեցին դահլիճը` ինչը և պետք էր ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին: Իրավիճակի ամբողջ լարվածությունը մատնում էին Հովիկ Աբրահամյանի նյարդային ծիծաղը և իրենց դահլիճից անջատող ապակեպատ միջնորմը ջարդել սպառնացող լրագրողները: Վերջ հերթական հայրենասիրական կատակերգությանը` ընդդիմության կատարմամբ և հայրենապաշտ դրամային` իշխանության կատարմամբ: Առավելագույնը, որ հիմա կարող են անել քվեարկությանը չմասնակցածները, քվեարկությունը կանոնակարգի խախտմամբ անցած հայտարարելն ու որոշումը չընդունելն է, բայց Հայաստանի որևէ ատյանում նրանց ոչ ոք չի հասկանա: Մանդատները վայր դնելու և իրավիճակ փոխելու քայլին նրանք չեն գնա` խիստ կասկածելի համարելով նորից ԱԺ հարմարավետ դահլիճում հայտնվելու հեռանկարը: Թեպետ դա ստեղծված իրավիճակում միակ սահմանադրական ելքն է` իրավիճակ փոխելու և հետագա նույնաբովանդակ համաձայնագրերն ու որոշումները կանխելու համար: Իսկ ժողովուրդը գործողության մեջ չի մտնում: Առայժմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Սա է 2013-ի քաղաքական դաշտի պատկերը: Ի՞նչ կլինի 2014-ին` Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման առումով: Հայ-թուրքական հարաբերությունների առումով: Դեպի Ռուսաստան Հայաստանի ընթացքի առումով: Հայաստանի եվրաինտեգրման առումով: Տարածաշրջանում ու աշխարհում ուժերի փոխհարաբերությունների առումով: «Ժամանակը ցույց կտա» պատասխանը կրավորական կեցվածք է մատնում: Չուղարկված և չստացված նամակները ժամանակն էլ չի կարդում: Կրավորական կեցվածքի արգասիքը 2013-ի Հայաստանն է: Իսկ ընդհանրապես, սովորեցնել հնարավոր չէ, սովորել հնարավոր է: 2014-ը դեռ կարող է ամեն ինչ փոխել: Բարի Կաղանդ ձեզ, հնարավորինս առանց պատրանքների:

Դիտվել է՝ 2897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ