Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում վերջին մի քանի ամիսներին նորից է ակտիվացել պաշտոնական Թեհրանը, ինչն արտացոլվել է նաև իրանցի տարբեր քաղաքագետների հրապարակումներում։ Դեռևս հունվարի վերջերին Երևան ձեռնարկած իր այցի ժամանակ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է այդ հարցում անհրաժեշտ օգնություն ցույց տալու Հայաստանին և Ադրբեջանին։ Նա նշել էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն Իրանի դրացիներն են ու բարեկամները։ Այն ժամանակ Մոթաքին հայտարարել էր. «Մենք խաղաղություն ու կայունություն ենք ցանկանում տարածաշրջանում։ Բոլորս հիշում ենք 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները։ Նմանօրինակ իրադարձությունները չպետք է կրկնվեն, քանի որ դրանք բացասաբար ազդեցին տարածաշրջանի անվտանգության, էներգետիկ և փոխադրական ենթակառուցվածքների վրա։ Իրանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման օգտին»։ Հայաստանի փորձագետների գնահատումներով` դա լուրջ ազդանշան էր այն բանի, որ Իրանը փորձում է ակտիվանալ Հարավային Կովկասի քաղաքական դաշտում։ Մինչև Մոթաքիի այցը Երևան, 2009 թվականի վերջերին Ադրբեջանի արտգործնախարարության ղեկավար Էլմար Մամեդյարովը Թեհրանին առաջարկել էր միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման խնդրում։ Իրանական կողմն ընդունել էր առաջարկությունը։ Միանգամայն հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է անվստահության ու կասկածի մթնոլորտ հարուցել Հայաստանի և Իրանի փոխհարաբերություններում։ Հայաստանում երբեք աննպաստ ակնկալիքներ չեն եղել Իրանի քաղաքականության առնչությամբ, բայց Թեհրանի այդ նախաձեռնությունը, այսպես թե այնպես, ամենևին տեղին չէր թվում հատկապես տարածաշրջանի ներկայիս քաղաքական իրավիճակում։
Միանգամայն ակներև է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի ակտիվացումը բնավ չի ժխտում այն հանգամանքը, որ Թեհրանին ձեռնտու է առկա ստատուս քվոյի պահպանումը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը ներկայիս սահմաններում, այսինքն՝ այն սահմաններում, որոնք նշված են ԼՂՀ Սահմանադրության մեջ, ավելի քան ձեռնտու է Իրանին, քանի որ ապահովում է հուսալի բուֆերի առկայությունն Ադրբեջանի և Իրանի հյուսիս-արևմտյան նահանգների միջև, որտեղ գերակշռում է թյուրքալեզու բնակչությունը։ Դրա հետ մեկտեղ Իրանը խիստ մտահոգված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավման հավանականությամբ, ինչը կարող է փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Թեհրանում երկար ժամանակ այն կարծիքին էին, որ ԱՄՆ-ը փորձում է Թուրքիային ներգրավել կովկասյան գործընթացներում, այդ թվում՝ ղարաբաղյան գործընթացում։ Դա բացատրվում է նրանով, որ իրանցի քաղաքական գործիչներն ու ֆունկցիոներները վաղուց խնդիր ունեն հասկանալու միջազգային քաղաքականության մեջ ամրագրված նոր իրողությունները։ Առկա են շատ լուրջ խնդիրներ ինչպես քաղաքական գործընթացները վերլուծելու, այնպես էլ համապատասխան նյութերն ու զեկույցները բարձրագույն քաղաքական ղեկավարությանը հասցնելու հարցում։ Այս առնչությամբ կարող են կասկածներ ծագել, բայց նման իրավիճակն իրոք դարձել է իրանական վարչակազմի հատկանիշը։
Թեհրանին ձեռնտու չէ ԼՂՀ-ին առնչված հակամարտությունը, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» հիման վրա կարգավորելը։ Իրանը դեռևս այն տեսակետին է, որ տարածաշրջանում պետք է ներկա լինեն միայն տարածաշրջանային ուժերը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այսինքն, Իրանի իշխանությունները միշտ բացառել են որևէ արևմտյան ուժի ներկայությունը տարածաշրջանում։ Հետևաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ըստ այն մոդելի, որը սահմանված է «մադրիդյան սկզբունքներով», և որը նախատեսում է արևմտյան խաղաղարար ուժեր տեղաբաշխել հակամարտության գոտում, Իրանն ընկալում է որպես այդ ուժերն իր սահմանների մոտ տեղաբաշխելու մտադրություն, ուստի միշտ կընդդիմանա դրան։ Մյուս կողմից ակներև է, որ Իրանը, ցանկանալով ցույց տալ տարածաշրջանային խաղացողի իր ուժը, ակտիվացնում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ առաջարկելով իր՝ որպես միջնորդի, ծառայությունները հակամարտության կարգավորման գործում։ Դրանով իսկ Իրանը ցանկանում է ցույց տալ, որ տարածաշրջանային հարցերին պակաս չափով չի մասնակցում, քան Թուրքիան։ Հետաքրքրական է, որ մինչ օրս Իրանը միայն մեկ անգամ է փորձել իրականացնել իր միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ։ Դա 1992 թվականին էր։
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը, մեկնաբանելով Իրանի արտգործնախարարության ղեկավար Մանուչեհր Մոթաքիի այն հայտարարությունը, որ Թեհրանը Բաքվին և Երևանին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տարբերակը, նշում է, որ «Բաքուն արդեն ունեցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Թեհրանի նախաձեռնության դառը փորձը։ Ժամանակին՝ 90-ականների սկզբին, երբ Իրանը փորձում էր կանգնել բանակցային գործընթացի գլուխ, գրավվեց Շուշին։
Իրանը հսկայական օգնություն է ցույց տալիս Հայաստանին, և եթե չլիներ Թեհրանը, ապա այսօր Երևանը շատ ավելի բարդ դրության մեջ կլիներ։ Պարենամթերքի, էներգապաշարների, շինանյութերի և այլ ապրանքների մեծ մասը Հայաստանին մատակարարում է հենց Իրանը։ Այլ խոսքով` Հայաստանը «շնչում է» միայն Թեհրանի շնորհիվ։ Իրանը Երևանի վրա ճնշում չի գործադրում գրավյալ հողերն ազատագրելու նպատակով, թեպետ նման ճնշման լծակներ Թեհրանն ունի, ուստի Բաքվի և Երևանի միջև միջնորդություն իրականացնելու Թեհրանի նախաձեռնությունը «շարժվող գնացք նստելու» փորձ է։ Այն պետությանը, որն ի լուր բոլորի հայտարարում է մահմեդականների միաբանվելու կարևորության մասին, վայել չէ Հայաստանին օգնելը»։
Միանգամայն բնական հարց է ծագում. այդ դեպքում ինչի՞ հետ է կապված պաշտոնական Բաքվի ոչ միայն համաձայնությունը Թեհրանի միջնորդական նախաձեռնությանը, այլև ընդհանրապես նման միջնորդություն իրականացնելու խնդրանքը, որը ներկայացվել էր 2009-ի վերջերին։ Մեր կարծիքով` այստեղ պատասխանը կարող է լինել միայն մեկը. Բաքուն փորձում է Բրյուսելին, Վաշինգտոնին և Անկարային ցույց տալ, որ եթե նրանք պատշաճ ուշադրություն չդարձնեն Ադրբեջանի ազգային պետական շահերին, երկրի արտաքին քաղաքականությունը միանգամայն կարող է վերակողմնորոշվել դեպի Մոսկվա և Թեհրան։ Մեզ թվում է` Բաքվի կողմից դա, խոշոր հաշվով, խաղ է, քանի որ բավականաչափ մեծ է Ադրբեջանի կախվածությունն արևմտյան էներգետիկ շուկայից։ Դա ձեռնտու է Թեհրանին, և այնտեղ որոշեցին միջնորդի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում, որպեսզի չափավորեն Թուրքիայի չափից ավելի «տարածաշրջանային ախորժակը», որը, բացի այդ, ձգտում է ձեռք գցել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոն։ Այսպիսով, մենք հնարավորություն ունենք հետևելու Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը Հարավային Կովկասում, որը նպատակամղված է՝
l ուժերի հաշվեկշռի սառեցմանը տարածաշրջանում,
l Լեռնային Ղարաբաղի հակամարտության սառեցմանը, այսինքն` ներկայիս ստատուս քվոյի պահպանմանը,
l Հարավային Կովկասում Արևմուտքի խաղաղապահ ստորաբաժանումների հայտնվելու կանխարգելմանը։
Առաջին հայացքից Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցության համար մղվող բարդ պայքարում Թեհրանը ճկունություն ու համառություն է դրսևորում իր շահերը պաշտպանելու գործում և որոշ հաջողությունների է հասնում տարածաշրջանում։ Մինչդեռ իրականում Թեհրանի խնդիրը եղել և մնում է այն, որ նա այդպես էլ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ չհասավ խոշոր, սկզբունքային պայմանագրի՝ համանման նրա, որ գոյություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Օրինակ, Իրանն ու Հայաստանը կնքել են ավելի քան 100 պայմանագիր, որոնք, անշուշտ, քաղաքական և տնտեսական կարևոր նշանակություն ունեն, այդ թվում՝ պայմանագիր տարածաշրջանում պատերազմի դեպքում երկու պետությունների դիրքորոշումների մասին։ Բայց «Մեծ պայմանագրի» բացակայությունը, որը կուղղորդեր Հայաստանի և Իրանի ռազմավարական փոխհարաբերությունները, թույլ չի տալիս ավելի սերտ հարաբերություններ կառուցել, որոնք քաղաքական կոնսուլտացիաների ռեժիմ ենթադրեին։ Իրանցիները վաղուց են համոզվել, որ մշտապես բախվում են նման պայմանագրի բացակայությանը, բայց դարձյալ փորձում են Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել առանց «Մեծ պայմանագրի»։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների հետ վերջերս տեղի ունեցած շփումները երևան հանեցին հետևյալը.
l ԱՄՆ-ը ինչքանով է դադարել Թուրքիայի և Հայաստանի փոխհարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված լինելուց,
l Թուրքիայի հետ պայմանագիրը վավերացնելու հարցի քննարկումից Հայաստանի հրաժարվելը ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակների վրա, ինչպես կարող է հանգեցնել քաղաքական նոր իրավիճակի առաջացմանը Հայաստանում, արտգործնախարարության ղեկավարի և այլ պաշտոնյաների հրաժարականի հնարավորությունը,
l ինչպիսին են Ռուսաստանի դերն ու դիրքորոշումը պայմանագիրը վավերացնելուց Հայաստանի հրաժարման խնդրում, Հայաստանն ինչքանով է այդ որոշումը համաձայնեցրել ռուսների հետ,
l ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը արդյոք կարագացնե՞ն ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը,
l նոր իրավիճակը կարո՞ղ է հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման, արդյոք դա կհանգեցնի՞ Ռուսաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների վատթարացմանը, արդյոք դա բխո՞ւմ է ԱՄՆ-ի շահերից, ամերիկացիները որքանով ներկա կլինեն Հարավային Կովկասում պատերազմի վերսկսմանը,
l ինչպե՞ս կարող են դիտվել Հայաստանում Իրանի տեղն ու դերը` Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների այդ այցը պայմանավորված էր Թուրքիայի հետ պայմանագրի վավերացման գործընթացը դադարեցնելու մասին Հայաստանի նախագահի հայտարարությամբ։ Դա մեծ հետաքրքրություն է հարուցել և զգալիորեն «հանգստացրել» իրանցի քաղաքական գործիչներին, ինչպես հասկանալի է դարձել շփումների ընթացքում։
Ներկայումս Իրանի ղեկավարները փորձում են նոր քաղաքականություն ձևավորել Ռուսաստանի նկատմամբ, որը ներառեր խնդիրների լուծման այլընտրանքային տարբեր հնարավորություններ, որոնք նախկինում լուծվում էին Ռուսաստանի մասնակցությամբ կամ աջակցությամբ։ Օրինակ, տեղեկություններ կան, որ Իրանի քաղաքական ղեկավարությունը հրահանգ է ստորագրել առաջիկա երկու-երեք տարում երկրի գիտական և արտադրական կազմակերպությունների կողմից «Փեթրիոտ» հրթիռի համանման տարբերակ ստեղծելու մասին։ Իրանցի մասնագետները պնդում են, թե այդ ռազմատեխնիկական խնդրի լուծումը հնարավոր է, և արդեն ներկայացրել են իրենց առաջարկները։ Նաև ջանքեր են գործադրում ստեղծելու երկրորդ-երրորդ կարգի մարդատար ինքնաթիռ ներքին չվագծերում փոխադրումներ իրականացնելու համար։ Այս օրինակները ցույց են տալիս, որ Իրանը ձգտում է ինչ-որ չափով նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։ Դրա հետ մեկտեղ իրանցի դիվանագետները ջանքեր են գործադրում տարածաշրջանային քաղաքականության մեջ, նախ և առաջ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, երկրի համար նոր դիրքեր ձեռք բերելու նպատակով, ինչը կարող էր ճնշման գործոն լինել Ռուսաստանի հետ երկխոսության ժամանակ։ Ղարաբաղյան թեման շատ կարևոր խնդիր է տարածաշրջանում, և Թեհրանը կցանկանար ակտիվ դերակատարություն ստանձնել դրանում։
Այդ առնչությամբ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս իրանցի դիվանագետները Երևանում և Բաքվում փորձում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական գործիչներին ու փորձագետներին առաջարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին Իրանի մասնակցության գաղափարը։ Ընդսմին հիմնականում բերվում է հետևյալ փաստարկը. ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում հանգուցալուծման մոտենալու դեպքում Իրանը, չմասնակցելով բանակցություններին, չի կարող հանդես գալ Հայաստանի շահերի պաշտպանությամբ։ Իրոք, այդ գործընթացին Իրանի մասնակցությունն անչափ ցանկալի կլիներ Հայաստանի համար, նկատի առնելով, որ Թուրքիան, ԱՄՆ-ի և Ռուսաստանի որոշակի համաձայնությամբ, փաստորեն, դարձել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման մասնակիցն ու օրինականորեն պատասխանատու դերակատարը։ Ժամանակի ընթացքում Հայաստանը մեծապես շահագրգռված կլինի այդ հարցում Իրանի մասնակցությամբ, քանի որ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացումն արդեն անհնար է կանխել անգամ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության համատեղ ջանքերի դեպքում։ Իրանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության մեջ ստատուս քվոյի պահպանմամբ, և կցանկանար նվազագույն երաշխիքներ ստանալ, որ Հայաստանի քաղաքականությունը կարող է Իրանի դիրքորոշման հետ քիչ թե շատ համաձայնեցված լինել` Լեռնային Ղարաբաղի հողերի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու խնդրում։ Այդ տարածքներն անչափ կարևոր են Իրանի համար և դիտվում են որպես Կովկաս-կասպյան ուղղությամբ ռազմավարական նշանակություն ունեցող, քանի որ բուֆեր են ապահովում Իրանի թյուրքալեզու բնակչությամբ հյուսիս-արևմտյան նահանգների և Ադրբեջանի միջև։ Իրանն այն կարծիքին է, որ ինքը քիչ չի նպաստել Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, նրա փոխադրական հաղորդակցությունների և վառելիքի, հումքի ու պարենամթերքի մատակարարումների ապահովմանը և կարող է խոսել գործընկերոջ իրավունքով։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը Իրանի մասնակցության վերաբերյալ այդ առաջարկություններն արդեն արվել են Հայաստանի արտգործնախարարությունում, և պետք է ենթադրել, որ դրանք կընդունվեն։ Դրա հետ մեկտեղ հարց է ծագում. Իրանի այդ ձգտումները որքանո՞վ են ուղղված Ռուսաստանի շահերի դեմ։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ է բերել իրանցի դիվանագետների այն խոսքերը, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, տեղի է ունենում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումների որոշակի համաձայնեցում, և Ռուսաստանը սկզբունքորեն համաձայն է, որ Դաշտային Ղարաբաղի հողերը վերադարձվեն Ադրբեջանին։ Ընդ որում, առայժմ հասկանալի չէ, թե Ռուսաստանն ինչպես է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր մտցնելու հեռանկարին։ Իրանի համար առավել մեծ սպառնալիք է այդ զորքերի հնարավոր մուտքը Իրանի հյուսիսային սահմանից, այն դեպքում, երբ այդ տարածքները կվերահսկվեն Ադրբեջանի կողմից։ Առայժմ ակներև է, որ Իրանը նպատակ ունի թույլ չտալու ուժերի ստեղծված փոխդասավորության փոփոխություն տարածաշրջանում, բայց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման օրինական մասնակից դառնալու ձգտումը կարող է նշանակել նաև Ռուսաստանի հետ երկխոսության մեջ նոր դիրքեր ձեռք բերելու ցանկություն, ընդ որում՝ արդեն միանգամայն այլ քաղաքական ոճավորումով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ