38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վրաստանի չեզոք գոյությունը կարող է երաշխավորել միայն ԱՄՆ-ը

Վրաստանի չեզոք գոյությունը կարող է երաշխավորել միայն ԱՄՆ-ը
05.06.2009 | 00:00

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԼՈԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Կան երկրներ, որոնք իրենց որոշիչ աշխարհաքաղաքական դիրքի պատճառով դարձել են միջազգային պայքարի սուբյեկտներ։ Եթե այդ երկրները, ընդունելով այդ իրողությունը, դրան զուգահեռ կարողացել են պահպանել իրենց իրական սուբյեկտ լինելը, ապա նրանք վերածվում են միջազգային և տարածաշրջանային խաղերի կարևոր մասնակիցների։ Եթե ոչ, ապա այդ պետությունների ճակատագիրը նախանձելի չէ, չնայած նրանց նկատմամբ առկա մեծ ուշադրությանը և արտաքին ակտիվ ներգործությանը։ Այդպիսի պետության դասական օրինակ է Սիրիան, որի վրա ազդեցություն ունենալու համար ընթանում է երկարատև և բազմակողմ պայքար, և որը, սակայն, կարողացել է պահպանել իր ինքնուրույնությունը։ Եվ ընդհակառակը, Աֆղանստանը վերածվեց ուղղակի «պոլիգոնի» հնարավոր փորձարարությունների և բավական վտանգավոր բնույթի նախաձեռնությունների համար, քանի որ գործնականում դադարել է սուբյեկտ լինելուց։
Վրաստանի առջև էլ կանգնած է հիմնահարցը, թե որքանո՞վ երկիրն ընդունակ կլինի մնալ իբրև սուբյեկտ` միջազգային տրանզիտային նախագծերի առկայության պայմաններում։ Հնարավոր է, որ սա հիմնական խնդիրն է, որ կանգնած է վրաց հասարակության առջև, ինչը նրա կողմից միգուցե մինչև վերջ չի գիտակցվում։ Բայց այստեղ մեծ դրամատիզմ չկա, և եթե վրաց հասարակությունն ընկալի այդ իրողությունն իբրև քիչ թե շատ օգտակար ու բարենպաստ հանգամանք, այլ ոչ թե անհաղթահարելի պրոբլեմ, հնարավոր է Վրաստանին հաջողվի ավելի արագ հասկանալ իր տեղն ու դերը ժամանակակից աշխարհում, իբրև մի երկրի, որի համար անհրաժեշտ է իրագործել ավելի բազմակողմ քաղաքականություն։ Սակայն այս երկիրը մեր հարևանն է և դեռևս գտնվում է աշխարհում իր տեղի որոնման գործընթացում` փորձելով հասկանալ իր հիմնախնդիրների լուծման ուղիները, իսկ դա Հայաստանի համար բարձր ռիսկայնության գործոն է և ենթադրում է անկայունություն տարածաշրջանում։ Վրացիները բավական բարձրացրել են իրենց արևմտականացման նշաձողը և չեն պատրաստվում հրաժարվել միակողմանի աշխարհաքաղաքական կողմնորոշումից։ Այս բազային հանգամանքն ինքնին պայմանավորում է հայ-վրացական հարաբերությունների խնդրահարույց լինելը։ Քանի որ որքան էլ համարժեք լինեն ձևական հռչակագրային մոտեցումներն ընդհանուր արժեքների և հիմնական ուժային կենտրոնների հետ համագործակցության առումով, երկու երկրներն էլ ընդգրկված են բավական հակասական խաղերում, ինչը ոչ միշտ է հստակ արտահայտվում քաղաքակիրթ երկխոսության ժամանակ, բայց, այսպես թե այնպես, իր դրսևորումն է ունենում համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության «կտրուկ շրջադարձերի» պարագայում։ Սակայն սրանք միայն արտաքին գործոններն են, որոնք միևնույն ժամանակ համադրվում են ավելի բարդ ներքին խնդիրներին, որոնք առկա են Վրաստանում և, հնարավոր է, ավելի շատ են ազդում հայ-վրացական հարաբերությունների վրա։
Ոչ այնքան հասկանալի և իմաստավորված պատճառներով վրաց էլիտան բոլոր հնարավոր գեոտնտեսական մոդելներից մեծ ոգևորությամբ ընտրեց տրանզիտային-սերվիսային մոդելը, որը հենված է Վրաստանի` իբր ավանդական դերակատարության վրա միջազգային առևտրի ու ծառայությունների համակարգում։ Իրականում այդ գործառույթը Վրաստանին վերապահվել է իմպերիալիզմի դարաշրջանում, երբ կայսերական սահմանների ու շահերի կոնֆիգուրացիան կանխորոշում էր երկրի համար տրանզիտային-սերվիսային գործառույթները, ընդ որում, բավական համեստ ձևաչափում, քանի որ վրաց ժողովրդի կենսագործունեության հիմնական ուղղությունները մնում էին գյուղատնտեսությունն ու արտադրության ավանդական ճյուղերը։ Վրաց էլիտան մեծ հույսեր է կապում միջազգային լայն տրանզիտային գործառույթների հետ, բայց, ինչպես ցույց տվեցին ժամանակը և կոմունիկացիոն ծրագրերի իրագործման գործընթացը, չնայած արևմտյան առաջատար տերությունների շահագրգռվածությանը, այդ ծրագրերը դուրս չեկան տարածաշրջանային շրջանակներից։ Այդ հանգամանքը, այսպես թե այնպես, հանգեցրեց Վրաստանի լուրջ կախվածությանը Թուրքիայից ու Ադրբեջանից, որոնք Վրաստանի հետ հարաբերություններում հանդես են գալիս իբրև միասնական դաշինք։ Անկարայում ու Բաքվում Վրաստանը դիտարկում են իբրև կարևոր օղակ իրենց աշխարհաքաղաքականության մեջ` միասնական քաղաքական և գեոտնտեսական տարածություն ձևավորելու համար բարենպաստ նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից։ Սխալ կլիներ ենթադրել, թե Վրաստանում չեն գիտակցում վտանգները, որոնք առաջանում են այս դաշինքի պարագայում, մանավանդ որ Ռուսաստանն ու Թուրքիան ցուցաբերում են եթե ոչ հակաամերիկյան դաշինք ձևավորելու ձգտում, ապա, համենայն դեպս, ջանքերը որոշակիորեն համակարգելու ցանկություն։ Անկասկած, Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ ջանքերի պարագայում խնդիրներից մեկն էլ դառնալու է Վրաստանի դերի նվազեցումը տարածաշրջանում։ Այս հակասական հանգամանքները Վրաստանն ավելի շատ են ներքաշելու թուրք-ադրբեջանական քաղաքականության որոշակի ուղեծրի մեջ, և ոչ մի կապվածություն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության քաղաքականությանը չի ազատի Վրաստանին Թուրքիայից ու Ադրբեջանից ունեցած կախվածությունից։ Բոլոր ենթադրությունները, թե Թուրքիան ու Ադրբեջանն էլ իրենց հերթին կախված են Վրաստանից` կոմունիկացիոն առումով, հիմնավոր չեն, քանի որ ժամանակի ընթացքում Վրաստանն այս երկու պետությունների հետ կապված կլինի ավելի կոշտ ֆորմալ և ոչ ձևական պայմաններով ու պարտավորություններով։
Եթե անգամ Վրաստանը շահագրգռված չլինի Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության իրագործմամբ, ստիպված կլինի դա անել` գիտակցելով դրա վնասակարությունն իր երկարաժամկետ շահերի տեսանկյունից։ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական էքսպանսիան Վրաստանի նկատմամբ միայն առաջին քայլերն է կատարում, և ապագայում Վրաստանը կդառնա այս երկու պետությունների տնտեսության մի բաղադրիչը։ Արևմտյան հանրության տնտեսական շահերի դիտարկումը Վրաստանի վերաբերյալ թույլ տվեց պարզել, որ այդ շահերը կա՛մ շատ սահմանափակ են, կա՛մ հանգում են միայն որոշ խնդիրների լուծման։ Կովկասյան-կասպիական էներգետիկ համալիրի զարգացումն ավարտելու առումով, ըստ էության, մնացել են վերջին նրբերանգները, և դրա ձևավորումը մոտենում է ավարտին։ Այդ նախագծերի իրագործումը Վրաստանին քիչ բան չի տվել և զգալի չափով նախանշել է նրա գեոտնտեսական դերը տարածաշրջանում, բայց այդ ծրագրերը հնարավորություն չտվեցին լուծել ամենակարևոր տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրները։ Հարկ է ընդգծել, որ Թուրքիան կամ Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, բացարձակապես շահագրգիռ չեն Վրաստանում նյութական արդյունաբերության ժամանակակից ոլորտների ստեղծմամբ կամ մրցունակ արտադրությունների ձևավորմամբ։ Տրանզիտային-սերվիսային մոդելը Վրաստանի դեպքում դարձել է սոցիալական ու քաղաքական առումով միանգամայն «լեգիտիմ»` ԱՄՆ-ի ու եվրոպական քաղաքականության շնորհիվ, և դա միանգամայն ձեռնտու է Վրաստանի հարևաններին։
Այդ «թուրքական» գեոտնտեսական մոդելին ինչ-որ չափով այլընտրանք կարող է դառնալ Վրաստանի ներգրավումը հայ-իրանական գեոտնտեսական վեկտորի շրջանակներում, ինչը կարևոր բաղադրիչ կլիներ Վրաստանի քաղաքականության մեջ։ Նկատի ունենալով այդ ուղղությամբ Եվրամիության, Ռուսաստանի, կենտրոնասիական պետությունների հետաքրքրությունը, այն կարող էր հաջողությամբ մրցակցել թուրք-ադրբեջանական «նախագծի» հետ։ Սակայն այդ հեռանկարն առայժմ բացարձակապես որոշակի չէ, չունի կոնկրետ լուծումներ և համապատասխան պայմանավորվածություններ։ Միաժամանակ ակնհայտ է, որ ժամանակի հետ ԱՄՆ-ը նույնպես շահագրգռված է լինելու այդ կոմունիկացիոն և գեոտնտեսական ուղղությանը Վրաստանի միանալու հարցում։ ԱՄՆ-ն ավելի, քան արևմտյան որևէ այլ պետություն, գիտակցում է, որ հաղորդակցության արդի համակարգը և համագործակցությունն այդ դաշտում, նույնիսկ իրենց ակտիվ մասնակցության պայմաններում, սահմանափակ են և չունեն մանևրի դաշտ։ Ինչի արդյունքում էլ դա հանգեցրել է Թուրքիայի անվերահսկելի դառնալուն` արագացնելով այդ երկրի վերածումը տարածաշրջանային տերության, ինչը ոչ մի առումով ձեռնտու չէ ամերիկացիներին։
ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, իբրև Վրաստանի առաջատար գործընկերներ, որոշիչ դեր են խաղացել և խաղալու են նրա անկախության ու կենսագործունեության ապահովման առումով։ Սակայն արևմտյան հանրությունը չի լուծել և չէր էլ պատրաստվում լուծել Վրաստանի անջատված տարածաշրջանները նրա վերահսկողության ներքո վերադարձնելու հարցը։ Երկու համաշխարհային ուժային կենտրոններն էլ արեցին ամեն հնարավորը ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանին պաշտպանելու և աջակցելու համար, և վրաց հասարակությունը հասկացավ, որ արևմտյան շահերն այստեղ նշանակալի են, բայց... սահմանափակ։ Դեռևս ռուս-վրացական պատերազմից շատ առաջ Վրաստանին հաղորդվեցին համոզիչ ազդակներ, որ նրա ինտեգրացիան արևմտյան հանրություն ունիվերսալ բնույթ ունի, բայց ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունն անհասանելի են իր համար։ Դա չէր կարող չհանգեցնել վրաց հասարակության կողմից արտաքին քաղաքական իրողությունների որոշակի վերաիմաստավորման, և ընդդիմության բողոքի ելույթները 2009-ի գարնանը, անկասկած, շատ կողմերով պայմանավորված են Արևմուտքի իրական դիրքորոշման գիտակցումով։
Դա հնարավորություն է տալիս Ռուսաստանին հատկապես երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով կառուցել գործնականում անխոցելի համակարգ Վրաստանի լոկալացման և շրջափակման առումով, ինչը, անկասկած, ազդեցություն կունենա նրա տնտեսական ու սոցիալական զարգացման վրա։ Որքան էլ Վրաստանն ու Հայաստանը փորձեն միմյանց նկատմամբ իրագործել Ռուսաստանի դիրքորոշմանը «համարժեք» քաղաքականություն, Վրաստանը հիանալի հասկանում է, որ Հայաստանը Ռուսաստանի գլխավոր և իմաստավորված դաշնակիցն է տարածաշրջանում, առանց որի ռուսական ռազմավարությունը կդառնար անհույս ու վնասակար։ Ռուս-վրացական պատերազմն ուներ լոկալ և ոչ շարունակական բնույթ, և դրա մեջ ընդգրկված էին սահմանափակ ռուսական ուժեր։ Բայց եթե տեղի ունենա լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմ, ապա, իհարկե, Հայաստանը կներքաշվի դրա մեջ, և հասկանալի է, թե ում կողմում, եթե անգամ փորձի խուսափել դրանից։ Այդ իսկ պատճառով, չնայած բազմաթիվ դրական իրադարձություններին հայ-վրացական հարաբերություններում և Վրաստանի փորձերին` վերանայել Հայաստանի` իբրև տարածաշրջանային գործընկերոջ նկատմամբ մոտեցումները, այդ թվում` «Արևելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը, միևնույն է, Վրաստանի համար մնում է որպես Ռուսաստանի մերձավոր դաշնակից։ Հայ-վրացական մերձեցման համար շատ ավելի նշանակալի գործոն է դառնում այն իրողության ըմբռնումը, որ Թուրքիան Հարավային Կովկասում կարող է ունենալ միայն երկու ռազմավարական գործընկեր` Ռուսաստանն ու Ադրբեջանը, իսկ Վրաստանին վերապահված է աննախանձելի դեր։ 2008-ի ամռան ու աշնան իրադարձություններից հետո Վրաստանն իրեն զգաց տարածաշրջանային մեկուսացման մեջ, ինչն ամենից առաջ պայմանավորված էր Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշմամբ, որոնք տարբեր մեկնաբանությամբ իրենց լոյալությունը հայտնեցին Ռուսաստանին։ Շատ բան կախված է լինելու նաև նրանից, թե Առաջավոր և Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի որ պետությունները կդառնան ԱՄՆ-ի առավել առարկայական գործընկերները։
Վրաստանը կորցրել է իր տարածքի 18,1 տոկոսը, և այդ տարածքը զգալիորեն դատարկված է վրաց բնակչությունից։ Աբխազիան, իր բնական պայմաններից ելնելով, անհամեմատ ավելի մեծ եկամուտներ կապահովեր, քան բոլոր կոմունիկացիոն ծրագրերը։ Վրաստանի սրտում գտնվող Հարավային Օսիայի անջատումը կանխորոշում է վրացական տարածքի աշխարհաքաղաքական և ազգային-տարածքային տարանջատվածությունը, զրկում երկրին տնտեսական զարգացման և արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորություններից։ Կարելի է ենթադրել, որ Վրաստանում շատերը դեռ չեն գիտակցել, թե որքան աղետալի է երկրի ապագայի համար այդ տարածաշրջանների կորուստը։ Չնայած Վրաստանի նախորդ ղեկավարության ակնհայտ մեղավորությանը` համապատասխան արկածախնդրությունների նախաձեռնման առումով, վրաց ժողովուրդը կորցրել է իր հայրենիքի մի մասը և երբեք չի հաշտվի դրա հետ։ Մինչ այժմ վրաց հասարակությունը չէր կասկածում, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը, այսպես թե այնպես, կհանգեցնի այդ տարածաշրջանների վերադարձին Վրաստանի իրավասության ներքո։ Բայց հազիվ թե Վրաստանում որևէ մեկը պատկերացնում է, թե ինչպես է դա հնարավոր անել, և այդ հանգամանքը Սամցխե-Ջավախեթիի ու Քվեմո-Քարթլիի տարածաշրջանների կարգավիճակի շուրջ վրացական իշխանությունների հետ փոխզիջումների տեղ չի թողնում։
Սամցխե-Ջավախեթիում 2008-ի ամռանից հետո իրադրությունը բառացիորեն ռեպրեսիվ է, իշխանությունները նախընտրում են սարսափի մթնոլորտ ստեղծել և ամեն տեսակի ճնշում գործադրել տեղական հասարակական կազմակերպությունների ու նրանց առաջնորդների նկատմամբ։ Ներկայումս իրադրությունն այդ տարածաշրջանում լարված է, և կան խիստ անբարենպաստ սպասումներ։ Վրաց իշխանություններն առհասարակ հրաժարվում են հայկական և, հավանաբար, ադրբեջանական հասարակական կազմակերպությունների հետ երկխոսության ուղիներ որոնելուց։ Ոչ միայն պաշտոնական Թբիլիսիին, այլև վրաց հասարակությանը հնարավոր չէ համոզել, թե Սամցխե-Ջավախեթիի հայությունը Վրաստանից անջատվելու նպատակ չունի։ Վրացիները համոզված են դրանում, ունեն որոշակի ֆոբիաներ, ինչը կարող է հանգեցնել շատ վտանգավոր հետևանքների։ Այս պրոբլեմը դիտարկելով` կարելի է հանգել եզրակացության, որ Արևմուտքի կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններն ամենևին էլ շահագրգռված չեն այս տարածաշրջանում հիմնախնդիրների կարգավորմամբ` արդեն չխոսելով Քվեմո-Քարթլիի մասին։
Վրաստանը ներքաշված է աշխարհաքաղաքական պայքարի երկարատև փուլի մեջ, երբ կառուցողական առաջարկներն ու ազգային տարածաշրջաններում հիմնախնդիրները հաղթահարելու փորձերը տեղ չունեն։ Վրացական վարչակազմի բազմաթիվ ֆունկցիոներներ գայթակղված են հիմնախնդիրների ուժային լուծումով։ Ստեղծվում է տպավորություն, որ այդ տարածաշրջանների հիմնախնդիրները ռեզերվացվում են, որպեսզի հետագայում օգտագործվեն Վրաստանում ընթացող ներքաղաքական պայքարում, ինչն իրավիճակի զարգացման ամենաբացասական տարբերակը կլիներ։ Վրացիների ընկալմամբ` իրենք մատնված են աշխարհաքաղաքական խաղերի քմահաճույքին, և իրենց երկիրն օգտագործվում է բացառապես արտաքին ուժերի շահերից ելնելով։ Այդ իսկ պատճառով ազգային պրոբլեմներից ընդմիշտ ազատվելու խնդիրը կարող է դառնալ կամ արդեն դարձել է նրանց ազգային գիտակցության մասը։ Վրաց հասարակության որոշակի շրջանակներ, որոնք աչքի են ընկնում ծայրահեղ շովինիստական հայացքներով ու գաղափարներով, բարեբախտաբար, երբեք պատշաճ աջակցություն չեն ունեցել վրաց ժողովրդի կողմից ընդհանուր առմամբ, որը միշտ կասկածով է վերաբերվել, թե այդ ուղին կհանգեցնի բարեկեցության ու հիմնախնդիրների լուծման։ Ինչպես հայտնի է, հայերն ու այլ ազգային փոքրամասնություններ ուրախությամբ և հույսով աջակցեցին 2003-ի «վարդերի հեղափոխությանը», հուսալով, որ կստեղծվեն նոր քաղաքական պայմաններ։ Հիմա, երբ Թբիլիսիում նորից հեղափոխական տրամադրություններ են, հայ բնակչությունը կրկին փոփոխությունների հույսեր ունի, ինչը, առնվազն, Վրաստանի իշխանությունների կողմից հանգեցրել է նրա նկատմամբ թշնամության։
Վրաստանի ներքին խնդիրների լուծումը սերտ կապված է նրա արտաքին քաղաքական հիմնախնդիրների լուծման հետ, ինչը պետք է նշանակի ամենից առաջ լարվածության ու հակադրության մակարդակի սկզբունքային նվազեցում։ Վրացական պետությունը չի կարող հետագայում էլ գոյություն ունենալ այսպիսի հրեշավոր արտաքին քաղաքական հակադրության մեջ, այն կարող է ավարտվել նրա լիարժեք փլուզումով։ Միակ իրական ուժն աշխարհում, որ կարող է տեղավորել Վրաստանը քիչ թե շատ կայուն և ոչ հակադիր գոյության շրջանակներում, ԱՄՆ-ն է։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ը շատ կողմերով արդեն իսկ լուծած լինելով իր խնդիրները Հարավային Կովկասում և միաժամանակ գիտակցելով, որ Վրաստանի հակառուսական ռեսուրսը սպառված է, նախընտրի այդ երկրին տալ չեզոք քաղաքական կարգավիճակ կամ ավելի շուտ ստեղծել այդպիսի իրադրություն։ Միայն այդ պայմաններում, երբ Վրաստանը վերջապես դուրս կգա Ռուսաստանի հետ տոտալ պայքարի իրավիճակից, ԱՄՆ-ը կարող է ավարտին հասցնել իր ծրագրերը, այդ թվում` այնտեղ ռազմական բազաների ստեղծման առումով։ Բայց, դրանով հանդերձ, Վրաստանը պետք է այդ հարցում կարողանա համոզել ամերիկացիներին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ