Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՔԱՄԵԼԵՈՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՔԱՄԵԼԵՈՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
12.03.2010 | 00:00

Զորանոցային սոցիալիզմի կառուցման առաջին տարիներին ԽՍՀՄ-ում մի կարգախոս էր շրջում. «Ամեն խոհարարուհի կարող է պետություն ղեկավարել»։ Այսօր հետխորհրդային ցանկացած երկրում այս կարգախոսը հիշում են ընդամենը որպես «անեկդոտ», բայց, արի ու տես, որ Հայաստանի «քաղաքական էլիտայի» շատ դեմքերի համար այն շարունակում է մնալ որպես մտածողության ձև` համարժեք գործելակերպ պարտադրելով։ Եվ ո՛չ այն պատճառով, որ վերջիններս լավ են յուրացրել խորհրդային կրթական համակարգի դոգմաները, այլ այն պատճառով, որ դեմ չեն հիշյալ «անեկդոտը» վերածելու իրականության` իրենց ձեռնտու տարբերակով։
Կասկած չունենալով, որ սոցիալական հիմնախնդիրների տակ կքած միջին վիճակագրական հայը երբևէ ինքն իր առաջ չի դնի` «ով ով է» հարցը, քանզի անդառնալիորեն վերածվել է հիշողությունը կորցրած մանկուրտի, «ազգիս ջոջերը» ոգևորությամբ աշխատում են հիշյալ «անեկդոտը» կյանքի կոչելու ուղղությամբ։ Ճիշտ և ճիշտ տեղին է փոքրիկ մի շեղում թույլ տալ թեմայից։ Ասիայում հին սովորություն կար` գերու հենց նոր սափրած գլխին նրա ոտքերի առաջ սպանված ուղտի կաշվի մի կտոր են քաշել ու կապկպած վիճակում թողել անապատում։ Որոշ ժամանակ անց զոհը կորցրել է հիշողությունը և վերածվել նոր տիրոջն անսահմանորեն նվիրված իդեալական ստրուկի։ Փաստենք, որ այս կարգի ստրուկները գնահատվում էին ավելի թանկ, և անցնենք բուն նյութին։
Ինչ վերաբերում է հայոց գոմահոտ «ֆյուրերների» սեղանների թերմացքով սնվողներին, նրանք, ինչպես միշտ, քառաձայն երգչախմբով փառաբանում են պետության գլուխ հայտնված «խոհարարուհուն»։ Սա նոր իրողություն չէ, սակայն կրկին դրան անդրադառնալու առիթ ներկայացավ, երբ «ազգիս ջոջերից» մեկը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հրապարակային «էկզեկուցիայի» ենթարկեց գիտության և կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանին։ Սույն «դարակազմիկ իրադարձությունն» անմիջապես տիրաժավորվեց խորհրդարանի խոսնակի կողմից վերահսկվող հեռուստաընկերություններով ու ԶԼՄ-ներով։ Պատկերացնո՞ւմ եք, մեր պետականության «հիմնասյուներից» մեկին, իր խիստ կասկածելի կրթվածությամբ հանդերձ, դուր չի եկել «խորհրդային այլանդակ կրթություն» արտահայտությունը և Հայաստանի կրթական համակարգը, տվյալ դեպքում` դպրոցը, համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելու քաղաքականությունը։
Անկախ նրանից` խորհրդային կրթական համակարգը լավն էր, թե վատը, ժամանակը նոր պահանջներ է թելադրում պետություններին, այդ թվում` կրթական ոլորտում։ ՈՒ եթե երկիրդ, թեկուզ ձևականորեն, ժողովրդավարություն է հռչակել կամ էլ, իրոք, ձգտում է ժողովրդավարության, առաջին հերթին դա ենթադրում է ազատ մտքի ու սեփական կարծիքի գոյության իրավունք, եթե անգամ այդ կարծիքը խիստ վիճարկելի է։ Խորհրդարանի խոսնակը, սահմանադրորեն ամրագրված իր կարգավիճակի թելադրանքով, պարզապես պարտավոր է կարգավորել Ազգային ժողովի նիստերի, ինչպես նաև քաղաքակիրթ բանավեճերի անցկացումը, հատկապես, եթե որևէ թեմայի շուրջ հասարակական լսումներ են կազմակերպվել։ Այսինքն, նրա գործն այս դեպքում ժողովրդավարական նորմերի պահպանումն է, բազմակարծության ապահովումը և ոչ երբեք գավառական մակարդակի վիրավորանքներով բանավիճողներին «նախշելը», ովքեր, ի դեպ, կրթական ցենզով շատ ավելի բարձր սանդղակի վրա են։ Սակայն Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ չէ, որ փորձում է ամբոխահաճո պահվածքով դրսի իր տերերին ներկայանալ որպես խորհրդային (իմա` ռուսական) «լավագույն ավանդույթները» կրծքով պաշտպանող գործիչ։ ՈՒ չենք զարմանա, եթե ոչ հեռավոր անցյալում ՀՀՇ-ական, հետո` երկրապահ, հիմա էլ հանրապետական դարձած այս գործիչը, հեռավոր հյուսիսից համապատասխան պատվեր ստանալով, այժմ էլ հանդես գա «կայսերապաշտության» ու «ստալինիզմի» դիրքերից։ Հասկանալի չէ միայն, թե Հայաստա՞նն ինչ կապ ունի այս ամենի հետ։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
Հ. Գ. -Մանրամասները` երեքշաբթի օրվա` մարտի 16-ի համարում։

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ