ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Մտորումներ օրվա թեմայով

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Մտորումներ օրվա թեմայով
21.01.2014 | 12:47

Ադրբեջանական դիվերսանտների գրոհը կասեցրած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Տեսնես ի՞նչ են զգում նրանք, ովքեր չեն ծառայել, վառոդի հոտը չեն զգացել, զինվորական համազգեստն էլ հագել են միմիայն նկարվելու համար, բայց պարգևատրվել են անհասկանալի ծառայությունների դիմաց: Տեսնես այդ մարդիկ կամ մարդուկները, գոնե հիմա, գեթ մեկ վայրկյան նայելով Արմեն Հովհաննիսյանի նկարին, կամաչե՞ն, կզգա՞ն, որ իրենք արժանի չէին այդ պարգևներին, թե՞ կշարունակեն իրենց «պորշ» ներկայությամբ թունավորել մեր կյանքը: Դիրքերում տղերքը մեզ համար կյանքի գնով խաղաղությունն են ապահովում, իսկ մենք այստեղ, մեղմ ասած, կղկղանքի մեջ ենք: Չգիտեմ, կա՞ արդյոք վիճակագրություն, թե քանի պաշտոնյայի որդի է այսօր ծառայում դիրքերում: Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի որդուց բացի, էլ ո՞ր նախարարի կամ պատգամավորի որդիներն են ծառայել սահմանային դիրքերում: Էլ չեմ խոսում այն պատգամավորների ու նախարարների մասին, որ չեն էլ ծառայել և թեթև կրակոցի դեպքում, ժողովրդական խոսքով ասած, «մկան ծակը փողով կառնեն»: Արմեն Հովհաննիսյանը իր կյանքի գնով պաշտպանեց երկրի սահմանները և հերոսացավ ժողովրդի կամքով: Փա´ռք նրա ծնողներին, նրանց ծնող ժողովրդին, բայց այդ նույն ժողովուրդը հանդուրժում է նաև անարժան մեդալակիրներին, որոնց անունները, ուզենք, թե չուզենք, որպես պարգևատրվածների գրվելու են մեր ՀԵՐՈՍ տղաների անունների կողքին: Ուզում եմ ասել` արդար չէ: Այս երկիրը չի կարող երկար գոյատևել այսքան անարդարության մեջ: Միևնույն է, նրանք չեն հրաժարվելու այդ մեդալներից ու կոչումներից: Գոնե սրանից հետո դադարեցնել է պետք «սիրով զբաղվելը»: Պարգևատրեք արժանավորին, մի գցեք մեդալի վարկը կամ մի խառնեք հերոսներին դրանց հետ: Արյունը ափսոս է:

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ