Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Վաշինգտոնը, կարծեսՄոսկվային առաջարկում մտրակ կամ քաղցրաբլիթ

Վաշինգտոնը, կարծեսՄոսկվային առաջարկում մտրակ կամ քաղցրաբլիթ
06.03.2009 | 00:00

ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐ
Վաղուց է հայտնի, որ ցանկացած ինտրիգ, իսկ առավել ևս «գաղտնի դավադրություն», որին տեղյակ է դառնում լայն հասարակությունը, իրականում քաղաքականության ճահճացած խնդիրներին հաղորդված թարմացնող ազդակ է։ Առավել ևս, երբ նման «գաղտնիքներն ու սկանդալները» դառնում են հասարակության ուշադրությունը գրավելու և նրա կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու արդյունավետ միջոց։
Հենց այս լույսի ներքո է ներկայանում համաշխարհային քաղաքական կյանքի գլխավոր ինտրիգը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև «գաղտնի նամակագրության» փաստը, որն այնքան սիրով ու աննախադեպ արագությամբ տարածեցին ու մեկնաբանեցին համաշխարհային ԶԼՄ-ները։ Ընդ որում, դա տեղի ունեցավ միաժամանակ երկու մայրաքաղաքներում՝ Մոսկվայում և Վաշինգտոնում, ու այդ փաստն ինքնին շատ հետաքրքիր է, երբ ռուսական «Կոմերսանտն» ու ամերիկյան «Նյու Յորք Թայմսը» և «Վաշինգտոն Փոստը» իրենց էջերում տեղադրեցին Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի միջև «գաղտնի նամակագրության» մասին տեղեկատվությունը։ Իբր երեք շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահի գաղտնի նամակն ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներն անձամբ են հասցրել Մոսկվա։ Եվ իբր այդ նամակում նշված է, թե ԱՄՆ-ն անհրաժեշտ չի համարի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայումը, եթե Իրանը դադարեցնի ատոմային մարտագլխիկների և բալիստիկ հրթիռների նախագծման և կատարելագործման գործընթացը։ Այսինքն, եթե Մոսկվան և Վաշինգտոնն Իրանի հետ բանակցություններում հանդես գան միասնական ճակատով, հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ծրագիրը, որն այնքան ցավագին են ընդունում ռուսները, կարող է և դուրս գալ օրակարգից։ Ըստ ԶԼՄ-ների, Վաշինգտոնն առայժմ այս առաջարկին որևէ պատասխան Մոսկվայից չի ստացել։
Հետագա օրերին արդեն հակաիրանական ռուս-ամերիկյան միասնական ճակատի ձևավորման հարցն ակտիվորեն սկսեց մեկնաբանվել պետությունների ղեկավարների մակարդակում։ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդգծեց, թե ատոմային զենք ստանալու ուղղությամբ Իրանի ջանքերի կրճատումն ինքնին կնվազեցնի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը։ Սակայն ԱՄՆ-ի նախագահը կտրականապես ժխտեց, թե Վաշինգտոնի կողմից այդ կապակցությամբ գործարք է առաջարկել Մոսկվային։ Նա «ոչ ճշգրիտ» համարեց Դմիտրի Մեդվեդևին ուղղված իր նամակի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը և հայտարարեց, թե այդ ուղերձն ընդգրկում է հիմնախնդիրների լայն շրջանակ և վերաբերում է ոչ միայն Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայմանը։ Դմիտրի Մեդվեդևն էլ Իսպանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հաստատեց, որ Բարաք Օբամայի նամակը որևէ գործարքի առաջարկ չի պարունակում, և որ ինքն «անարդյունավետ» է համարում հակահրթիռային պաշտպանության համակարգի շուրջ բանակցություններն Իրանի ատոմային ծրագրի հետ կապելը։ Ռուսաստանի նախագահը հույս հայտնեց, որ ամերիկյան նոր վարչակազմն ավելի «ստեղծագործական և գործընկերային» մոտեցում կդրսևորի այս հարցի հետ կապված, քան Ջորջ Բուշի թիմը։
«Ստեղծագործական մոտեցումը» կարծես իսկապես սկսել է դրսևորվել, որովհետև ոչ այնքան խորամանկ քայլերով ամերիկացիները ռուսներին ներքաշեցին դիվանագիտական խաղի մեջ։ Հիմա, Աֆղանստանի և ատոմային զենքի կրճատման խնդիրներից բացի, Վաշինգտոնը Մոսկվային առաջարկում է օրակարգային դարձնել հակահրթիռային պաշտպանության հարցը՝ դա կապելով Իրանի հետ։ Ընդ որում, դրանով ԱՄՆ-ը Ռուսաստանին կանգնեցնում է լուրջ երկընտրանքի առջև, որովհետև ամերիկացիները պարզ հասկացնում են, որ այս հարցում մերկապարանոց խոստումներով չեն բավարարվի։ Այդ կապակցությամբ Օբամայի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյա նշել է. «Անընդունելի է, եթե ռուսները պատասխանեն, որ իրենք կփորձեն Իրանի հետ կապված խնդիրների լուծման մեջ մասնակցել ու հասնել արդյունքի, բայց դրա փոխարեն մենք պետք է հրաժարվենք հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումից։ Մեզ անհրաժեշտ է, որ իրանական վտանգը միանշանակ չեզոքացվի»։ ՈՒշադրության է արժանի նաև այն, որ այսպիսի բավական պահանջատիրական առաջարկությունը ներկայացվում է Ժնևում ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի և Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումից անմիջապես առաջ։ Մանավանդ որ ապրիլին Լոնդոնում հանդիպելու են արդեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները, և ռուս-ամերիկյան բանակցությունների օրակարգում հինգ կարևոր թեմաներ են՝ ատոմային զենքի վերահսկողությունը, Աֆղանստանը, Իրանը, եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունն ու համաշխարհային տնտեսական ճգնաժամը։
Լավ հայտնի է, որ ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբաման այնքան էլ դրական կարծիք չունի Արևելյան Եվրոպայում տեղակայվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ։ Նա բազմիցս նշել է, թե պատրաստ է աջակցել այդ նախագծին, եթե այն տեխնիկական առումով արդյունավետ և արդարացնի իր հետ կապված մեծ ծախսերը։ Մամուլում տեղեկատվության վերջին արտահոսքերի համաձայն՝ ամերիկյան վարչակազմն այս խնդիրը դիտարկում է մի փոքր այլ համատեքստում, և չի բացառվում, որ ունի ավելի հեռուն գնացող նպատակներ։ Մանավանդ որ դժվար է ենթադրել, թե Սպիտակ տանը կարող են գերագնահատել Մոսկվայի ազդեցությունը Թեհրանի վրա, քանի որ այն, իսկապես, մեծ չէ։ Եվ նկատի ունենալով Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու Վաշինգտոնի նոր հայտերը, Չինաստանի և Եվրամիության լուրջ միջնորդական ջանքերն այս ուղղությամբ, կարելի է ակնկալել, որ Իրանի հետ կապված խնդիրները կարող են լուծվել նույնիսկ առանց ռուսների մասնակցության կամ համաձայնության։ Այսպիսով, «կամ-կամ» իրավիճակ ստեղծելով, ամերիկացիները Մոսկվային կանգնեցնում են Իրանի հետ արդեն ձևավորված որոշակի հարաբերությունները խզելու անհրաժեշտության առջև` դրանով իսկ գործնականում խառնելով Կրեմլի էներգետիկ և աշխարհաքաղաքական ծրագրերը մեր տարածաշրջանում։ Խիստ կասկածելի է, որ Մոսկվան կարող է այս իրավիճակում ԱՄՆ-ին ներկայացնել հակադարձ պահանջ՝ ճանաչել Ռուսաստանի առավելագույն իրավունքը նախկին ԽՍՀՄ տարածքներում գործողություններ ձեռնարկելու առումով, էներգետիկ ռեսուրսների տրանզիտի տեսանկյունից և այլն։ Չնայած այս գաղափարն ակտիվորեն տիրաժավորվում է ռուսական որոշ քաղաքական գործիչների ու փորձագետների կողմից, սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչները վերջերս բազմիցս շեշտել են` Վաշինգտոնի համար ընդունելի չեն Մոսկվայի հավակնությունները՝ «ազդեցության գոտիների» հետ կապված։ ԱՄՆ-ի նախագահն էլ Մեծ Բրիտանիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, թե անհրաժեշտ է թուլացնել արևմտյան երկրների կախվածությունը ռուսական էներգակիրներից։
Այսպիսով, Վաշինգտոնը կարծես Մոսկվային առաջարկում է մտրակ կամ քաղցրաբլիթ։ Ամերիկյան առաջարկությունները ռուսների համար պարունակում են մի քանի վտանգավոր ստորջրյա խութեր։ Ամենից առաջ Վաշինգտոնը փորձում է պարտադրել Մոսկվային ամբողջական համագործակցություն Իրանի ատոմային ծրագրի շուրջ, եթե դա անգամ դեմ է ռուսական շահերին։ Սակայն եթե դրանից ոչինչ չստացվի, ապա դա ԱՄՆ-ի համար որևէ պարտադրություն չի ենթադրում, որովհետև Վաշինգտոնն այդ դեպքում կարող է հանգիստ հայտարարել՝ մենք փորձեցինք, ոչինչ չստացվեց, և դրա համար էլ ստիպված ենք գնալ Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման։ Այսօր կրկին խոսակցություններ են ծավալվում, որ այլընտրանք է անհրաժեշտ ռազմական գրականության մեջ հայտնի «դիրքավորման երրորդ շրջանին»։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը համակարգում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, մասնավորապես նշել է. «Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը ներկայումս իր մեջ ներառում է այն, որ հնարավոր է առաջանա դիրքային երրորդ շրջանի հետ կապված իրավիճակը նորից քննարկելու հեռանկար ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության նախագծի համատեքստում։ Եթե գտնվի ամերիկացիներին բավարարող որոշում՝ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված»։ Սա ինքնին ենթադրում է, որ Մոսկվան կրկին կարող է հանդես գալ հակահրթիռային պաշտպանության ռադարներն Ադրբեջանում տեղակայելու և ԱՄՆ-ի հետ համատեղ դրանք շահագործելու իր հայտնի նախաձեռնությամբ։ Մանավանդ որ Ռուսաստանն արդեն իսկ նոր ռադիոլոկացիոն կայան է կառուցել Արմավիրի մոտ, իսկ Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման ժամկետը լրանում է 2012 թվականին։
Այս կապակցությամբ շատ բնութագրական է ԱՄՆ-ի կոնգրեսի բյուջետային բյուրոյի հրապարակած զեկուցագիրը, որտեղ Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը ֆինանսական առումով գնահատվում է ոչ այնքան արդյունավետ։ Փորձագետների կարծիքով՝ Եվրոպայում արդեն իսկ գործող ամերիկյան երկու բազաների առաջնային բազավորման ռադիոլոկացիոն կայանները կարող են իրանական վտանգից փակել ԱՄՆ-ի տարածքի 99 տոկոսը։ Զեկուցագրի հեղինակները պնդում են, որ այդպիսի երկու կայանների տեղակայումն Ադրբեջանում ու Կատարում հիմնավորապես կլուծեր այդ խնդիրը։ Մանավանդ որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, թեկուզև բարոյապես մաշված, սակայն կարող է մոդեռնացվել, ինչն անհամեմատ էժան կնստի, քան նոր օբյեկտների կառուցումը։ Սակայն այս դեպքում առաջանում է այլ հարց, թե որքանով է այդ ամենը տեղավորվում Բարաք Օբամայի հռչակած այն քաղաքականության շրջանակներում, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված խնդիրները պետք է լուծել ոչ ուժային մեթոդներով։ Այսինքն, հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը որքանո՞վ է կապված Իրանի հետ, թե՞ այս ամբողջ խաղը հետապնդում է այլ նպատակներ։
Բոլոր այս հանգամանքները նկատի ունենալով՝ կարելի է ենթադրել, որ «գաղտնի նամակագրության» այս ամբողջ գործողությունն ունի շատ ավելի խորքային նպատակ։ Ակնհայտ է, որ եթե Վաշինգտոնը հասնի Ադրբեջանում Մոսկվայի համաձայնությամբ ռադիոլոկացիոն կայանների տեղակայման, դա էապես կհեշտացնի այդ երկրի ինտեգրացիան ՆԱՏՕ-ի շրջանակներ։ Արևմտյան ռազմական ուժերի մուտքն այդ երկիր կլինի լիովին օրինական ու հիմնավորապես կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը։ ՈՒ թեկուզ Գաբալայի կայանի հետ կապված այդ ամբողջ ծրագիրը ժամանակին հռչակվել է որպես եռակողմ ռուս-ամերիկա-ադրբեջանական ծրագիր, Մոսկվայի փաստացի մասնակցությունն այդտեղ կլինի բավականին ձևական։ Տպավորություն է ստեղծվում, որ Վաշինգտոնն ինքնատիպ թակարդ է լարել ռուսական հավակնությունների համար։ Որովհետև քիչ հավանական է, թե ԱՄՆ-ի նոր նախագահը հակված է սառեցնելու հակահրթիռային պաշտպանության հայտնի ծրագիրը։ Այն կարող է ապասառեցվել ցանկացած պահի՝ պայմանավորված Ռուսաստանի պահվածքով և օգտագործվել Կովկասում նոր բաժանարար գծեր առաջացնելու համար։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ