ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մաքսային կոմիտե-գործարար. փոխադարձ վստահության մթնոլորտում

Մաքսային կոմիտե-գործարար.  փոխադարձ վստահության  մթնոլորտում
13.06.2008 | 00:00

Հայաստանի մաքսային ծառայությունն առաջիկա հինգ տարիներին կառաջնորդվի նորերս մշակված մաքսային վարչարարության ռազմավարության նախանշումներով: Ըստ այդմ ամրագրված մոտեցումների մանրամասներն «Իրավունք de facto»-ին պարզաբանել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նորանշանակ նախագահ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

-Նախ, պարոն Խաչատրյան, խնդրեմ, ներկայացրեք ռազմավարության առանցքային սկզբունքները:

-Ինչպես գիտեք, մաքսային և հարկային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ ՀՀ նախագահի կողմից տրված են խիստ հանձնարարականներ և սահմանված են կոնկրետ ժամկետներ, որի համատեքստում էլ մաքսային մարմինները, գնահատելով իրենց հնարավորություններն ու առկա իրողությունները, նախանշել են համակարգի 2008-2012 թթ. գործունեության թվով յոթ հիմնական սկզբունքները: Առաջինը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների միջև մաքսային բեռի առավել հավասարաչափ բաշխման ապահովումն է, երկրորդը` կադրերի արդյունավետ կառավարման ապահովումը, երրորդը` համակարգում կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, չորրորդը` ինքնահայտարարագրման գործընթացի ընդլայնումը, որին սերտորեն առնչվում է նաև հաջորդ գերակայությունը` մաքսային ընթացակարգերի պարզեցումը, վեցերորդը սերտ համագործակցության ապահովումն է բոլոր այն մարմինների հետ, որոնց գործունեությունն առնչվում է մաքսային մարմինների գործառույթներին, և, ի վերջո, յոթերորդ գերակայությունը համակարգի տեխնիկական հագեցվածության բարձրացումն ու վերազինման ապահովումն է լինելու: Ի դեպ, այս սկզբունքների հիման վրա կոմիտեն արդեն իսկ նախանշել է այս տարվա երեք հիմնական գերակայությունները` ինքնահայտարարագրման և ներքին տարանցիկ բեռնափոխադրումների շղթայի ամբողջական կանոնակարգումը, մաքսային գործի ընթացակարգերի և փաստաթղթաշրջանառության նվազեցումը, ինչպես նաև կառուցվածքային փոփոխությունները:

-Փորձենք առավել հանգամանալից անդրադառնալ ներկայացված գերակայություններին ու, թերևս, առաջինը խոսենք ոլորտին առնչվող տնտեսավարողների միջև մաքսային բեռի հավասարաչափ բաշխման մասին: Ինչպիսի՞ մոտեցումներով է ապահովվելու դա:

-Նախ և առաջ խիստ հետևողական ենք լինելու ձեռնարկատիրական գործառույթներում պետական ծառայողների հովանավորչությունը բացառելու և մեկընդմիշտ արմատախիլ անելու հարցում: Բացի այդ, անհրաժեշտ է ձևավորել հստակ և պարզ օրենսդրական դաշտ, ինչը կբացառի դրանց երկակի մեկնաբանումները: Հաջորդ քայլը, որ նախատեսվում է այս համատեքստում, տարիներ շարունակ օրինակելի վարկ ունեցող հարկատուների պետական պաշտպանվածությունն ապահովելու մասով է, որի նպատակով արդեն իսկ սկսվել է որոշակի քայլերի իրականացում, այդ թվում նաև մաքսային պետական կոմիտեի ինտերնետային կայքում տեղադրելով այն բոլոր գործառույթների և դրանց շրջանակում իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը, որը թույլ է տալիս թե՛ գործարարներին և թե՛ հասարակությանը վերահսկելու մեր աշխատանքը: Առանձնակի կարևորում ենք նաև մաքսային արժեքների մեծությունների որոշման խնդիրը, քանի որ հիմնականում հենց դրանով է պայմանավորվում տնտեսավարողների համար հավասար դաշտի ապահովումը: Ըստ այդմ, կայքում հրապարակել ենք կողմնորոշիչ չափանիշերը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում գործարարների հետ շատ որոշակի հարցերի շուրջ տանելու քննարկումները: Պետք է նաև նկատեմ, որ որոշ չափորոշիչների դեպքում դժվար է որոշակի մեծություն սահմանելը, քանի որ միջազգային շուկայում դրանց մաքսային արժեքները շատ արագ են փոփոխվում, ուստի քննարկում ենք, թե ինչպես դրանք կանոնակարգենք: Ըստ այդմ, արդեն մեկ ամիս է աշխատանքներ ենք տանում գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքը որոշելու չափանիշ սահմանելու ուղղությամբ, ինչը հենց տնտեսավարողների համար լավագույն ձևը կլինի օրինական դաշտում` իրական հաշիվ-ապրանքագրերով աշխատելու համար: Մեր հիմնական նպատակը մաքսային վարչարարությունն ուժեղացնելով, այնուամենայնիվ, գործարար շրջանակի համար աննկատ մնալն է: Ասել կուզի, թե տնտեսավարողին անընդհատ կասկածելով ու այդ կասկածի մթնոլորտը խորացնելով հնարավոր չի լինի որևէ շոշափելի արդյունքի հասնել, ուստի պետք է խթանենք փոխադարձ վստահությունը և թույլ տանք, որ յուրաքանչյուր տնտեսավարող կազմակերպություն առանց որևէ խոչընդոտի և իր անբասիր աշխատանքով կարողանա ստեղծել իր համբավը, իմիջը:

-Պարոն Խաչատրյան, հետաքրքիր է, թե ի՞նչ սկզբունքով են սահմանվելու մաքսային արժեքների մեծությունները, և որքանո՞վ դրանք կնպաստեն գործարար միջավայրի բարելավմանը:

-Ինչ վերաբերում է մաքսային արժեքների մեծությունների որոշմանը, այդ մասով շատ է խոսվում բացարձակ հավասարություն ապահովելու մասին, սակայն եթե դա մաքսային գնահատման լեզվով դիտարկելու լինենք, ապա կհասնենք նրան, որ բացարձակ անհավասարության հավասարություն կստեղծենք, ինչը միանշանակ անընդունելի է: Մաքսային արժեքի գնահատման վեց մեթոդ գոյություն ունի, որոնցում առանձնակի կարևորվում են մատակարարման պայմանները: Այսինքն, եթե մեծ խմբաքանակով է ներկրվում ապրանքը, ապա բնական է, որ ներկրողն այն անհամեմատ ցածր գնով ձեռքբերած կլինի, քան այն ներկրողը, որը միևնույն ապրանքը ներկրում է փոքր քանակությամբ: Ընդ որում, ոչ երկրորդական նշանակություն ունի նաև ներկրվող ապրանքի գնման վայրը, քանի որ նույն ապրանքը, ասենք, Չինաստանում մի արժեք ունի, իսկ Գերմանիայում կամ ԱՄՆ-ում՝ լրիվ այլ: ՈՒ եթե տվյալ ապրանքն ունի մատակարարման տարբեր պայմաններ, ասենք՝ տրանսպորտային բեռնափոխադրման, բեռնման ու բեռնաթափման կամ ապահովագրման, այստեղ այն չի կարող ունենալ մաքսազերծման նույն արժեքը: Սակայն սա չի նշանակում, թե մենք հակասում ենք մեր հայտարարած հավասար պայմաններ ապահովելու նախանշումին: Հնարավոր հավասարությունն անպայման ապահովվելու է, և հենց դրան էլ միտված է անխտիր բոլոր ձևակերպումները մեր ինտերնետային կայքում հրապարակելու նախաձեռնությունը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա անձամբ տեսնել ու համադրել տվյալները: Ի դեպ, տեղադրել ենք նաև 2008-ի առաջին չորս ամիսների բոլոր գործարքների ձևակերպումները, ինչը, նկատենք, աշխարհի շատ երկրներում չի արվում, սակայն մենք մեր ռիսկով սա արել ենք, որպեսզի հասարակությունն ամբողջությամբ տիրապետի իրականացվող գործարքների մանրամասներին: Դեռ ավելին, նախորդ շաբաթ հրապարակել ենք նաև ընթացիկ բեռնափոխադրումների ցանկը, այսինքն՝ ՀՀ սահմանը հատող բոլոր տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը: Ընդ որում, այն յուրաքանչյուր նմանատիպ մուտքի ժամանակ թարմացվում է, ու կայքում հստակ երևում է, թե որ կազմակերպության մեքենան որ ժամին հատեց ՀՀ սահմանը: Կարծում եմ կհամաձայնեք, որ սա նաև մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետ միջոց է, քանի որ ապահովվում է ինչպես հարկային մարմինների հետ կապը, այնպես էլ անհրաժեշտ հրապարակայնությունը: Վերջին հաշվով, սա նաև լավ եղանակ է, որպեսզի տնտեսավարողը հստակ իմանա, թե իր տրանսպորտային միջոցը որ մաքսակետից և որ ժամին է հատել սահմանը, որ մաքսային պահեստ է ուղևորվում բեռը:

-Պարոն Խաչատրյան, շատ է չարչրկվում նաև ներմուծվող ապրանքների հաշիվ-ապրանքագրերի հավաստիության խնդիրը, ուստի պիտի խնդրեմ նաև այս մասով որոշակի պարզաբանումներ տալ:

-Եթե ներկրողը ներկայացնում է հաշիվ-ապրանքագիր, որի վրա առկա է արտահանող երկրի մաքսային ծառայության հավաստակնիքը, բնական է, մենք այն հիմք ենք ընդունում: Սակայն ունենք ռիսկային երկրներ և ռիսկային ապրանքախմբեր, որից ելնելով էլ կայացվում են համապատասխան վճիռները: Բերեմ կոնկրետ օրինակ` Արաբական Միացյալ Էմիրություններից ներկրվող հաշիվ-ապրանքագրերի մասով: Այդ երկրում գործում են 16 ազատ տնտեսական գոտիներ, որոնցում կատարվող առք ու վաճառքի գործարքների տվյալներն անգամ իրենց երկրի մաքսային ծառայություններին հավատ չեն ընծայում, շատ դեպքերում նրանք չեն էլ տիրապետում այդ տվյալներին: Այդպիսի դեպքերի համար կա շուկայական մեթոդաբանությունը, որով էլ առաջնորդվում է մաքսայինը, այսինքն, օգտվում ենք միջազգային հատուկ մասնագիտացված ինտերնետային կայքերից, որոնցում ֆիքսված են շատ ապրանքների միջազգային շուկայական արժեքները: Լինում են նաև բազմաթիվ վիճելի հարցեր, որոնց դեպքում համապատասխան դիմում է ներկայացվում պետական կոմիտեին, որտեղ արդեն ստեղծված են համապատասխան խմբեր, որոնք ըստ էության վերլուծում են առարկությունները, ընդ որում, նկատենք, որ այդ խմբերը ստեղծվել են տարբեր վարչությունների կազմերում ու հենց այն նպատակով, որպեսզի բացառվի որևէ սուբյեկտիվ մոտեցում կամ հովանավորչության դրսևորում: Ինչևէ, ներկայացված դիմումները մանրակրկիտ քննարկվում են այդ բոլոր խմբերում, և հնարավորինս կարճ ժամկետում կայացվում են համապատասխան որոշումները: Եվ, ի վերջո, ամենակարևորը. մեր ինտերնետային կայքում տեղադրված են մոտ 30 հազար ապրանքների կողմնորոշիչ չափանիշերը, որոնց տնտեսավարողը հնարավորություն ունի ծանոթանալու մինչև ապրանքի ներկրումը: Ընդ որում, շատ ապրանքների կողմնորոշիչ չափանիշերը ներկայացված են ըստ ծագման երկրի, որոշ ապրանքախմբեր՝ նույնիսկ մոդելներով: Այս գործընթացը շարունակելու ենք ու շուտով կայքում կտեղադրենք նաև ռիսկային երկրների մասով կատարած վերլուծության արդյունքները:

-Չշրջանցենք նաև մաքսային ընթացակարգերի պարզեցման կարևորումը: Կոնկրետ ի՞նչ քայլեր են արվելու:

-Տարբեր գործառույթներում դրանք տարբեր են: Արդեն իսկ կրճատել ենք երեք փաստաթուղթ, որի արդյունավետությունը նախ և առաջ զգալու են հանրապետություն մուտք գործող քաղաքացիները: Ըստ այդմ, կրճատել ենք մաքսավճարի գանձման հանձնարարագիրը, որն այժմ կատարվում է բանկերում` գանձապետական մուծումների տեսքով, իսկ առաջիկայում էլ կառավարություն կներկայացնենք կառավարության որոշման փոփոխության նախագիծ, որով ևս երկու պարտադիր փաստաթղթեր կկրճատվեն՝ այդպիսով ապահովելով մաքսային ձևակերպումների վրա ծախսվող շատ որոշակի ժամանակի խնայողություն, ինչն անչափ կարևոր է թե՛ սահմանը հատող քաղաքացիների և թե՛ մաքսային մարմինների համար: Հաջորդ քայլը կլինի մաքսակետերում «կանաչ» և «կարմիր» գոտիների ներդրումը, որը թույլ կտա, մասնավորապես, հանրապետություն մուտք գործող բոլոր այն քաղաքացիներին, որոնք ոչինչ չունեն հայտարարագրելու, առանց այլևայլությունների սահմանը հատել կանաչ ուղիով: Ընթացակարգերի պարզեցման առումով մյուս քայլը վերաբերում է միջազգային բեռնափոխադրումների գործընթացին: Գիտեք, որ Հայաստան ներմուծվող ապրանքների համար մաքսային կետում լրացվում են փոխադրման ամփոփագրեր, սակայն շուտով կհանվի այդ պահանջը, ինչը կթեթևացնի մաքսային կետերի ծանրաբեռնվածությունն ու կկրճատի հերթերը: Հաջորդ կարևոր քայլն արդեն իսկ կատարել ենք. խոսքը կենտրոնական գանձապետարանի ծրագրին մաքսային և հարկային մուտքերի ստացման գործառույթի միացման մասին է, որի շնորհիվ մաքսային մարմինները վճարված հանձնարարագրերն անմիջապես տեսնելու հնարավորություն են ստացել, ինչի արդյունքում էլ արվում են համապատասխան ձևակերպումները: Սա ևս ժամանակի խնայման բավականին արդյունավետ միջոց է: Մեզ համար այսօր խիստ կարևոր է զննման ընթացակարգերի հստակեցումը, և երբ մենք կատարենք կառուցվածքային փոփոխություններ ու ձևակերպումների գործառույթը գնահատենք ռիսկերի ամբողջական հենքով, այդժամ հանրությունը շատ արագ կզգա բարեփոխումների դրական արդյունքը: Նախատեսում ենք կառուցվածքային փոփոխություն, որը կբերի գործառույթների փոփոխության, որով կկանոնակարգենք նաև ՀՀ-ի ներսում ներքին տարանցիկ բեռնափոխադրումները: Սա շատ կարևոր է, քանի որ այսօր Հայաստան մուտք գործող տրանսպորտային փոխադրամիջոցը, որի վրա առկա է բեռնարկղ, օրենսդրական բացի պատճառով առանց դրա ՀՀ տարածքում տեղաշարժվելու իրավունք չունի, ինչն իր հերթին կոպտորեն խախտում է տրանսպորտային լիցենզիա տրամադրելու ՀՀ կարգը: Նախատեսված փոփոխությունը կատարելով՝ այդպիսի տրանսպորտային փոխադրամիջոցներին առանձին մուտք ու ելքի հնարավորություն կտանք` նույն սկզբունքը տարածելով նաև բեռնարկղերի վրա: Այդ նպատակով Մեղրիի մաքսակետում շուտով կշահագործենք բեռնային համալիրը, որտեղ և կտեղավորեն բեռնարկղը: Այս քայլի հիմքում նաև բիզնեսի ավելորդ թանկացումը կանխելու նպատակ է դրված, որը վերը նշված մնացած բոլոր քայլերի համալիր ներդրման արդյունքում առավել տեսանելի ու շոշափելի կդառնա հասարակության համար: Ի դեպ, խնդիր է դրված հնարավոր կարճ ժամկետում նմանատիպ բեռնային համալիրներ կառուցել նաև մյուս մաքսակետերում: Ոչ երկրորդական է այստեղ նաև ռիսկայնության ճիշտ գնահատումը, քանզի երբ ամբողջությամբ, այդ թվում նաև հարկային մարմինների կամ, ինչու չէ, այլ կազմակերպությունների ունեցած տեղեկությունների հիման վրա վերլուծենք ամբողջ դաշտը, ապա բոլոր այն տնտեսավարող կազմակերպությունները, որոնք կառանձնանան իրենց տարիների օրինակելի վարկով, անպայման հաշվի կառնվի այդ հանգամանքը, և նրանց կողմից ներկրած ապրանքները կանցնեն «կանաչ» գոտիով, ինչն իր հերթին կթեթևացնի զննման երկարուձիգ գործընթացը:

-Կարծում եմ` ընթացակարգերի պարզեցման համատեքստում է նաև ռազմավարական մյուս գերակայությունը` ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնումը: Նկատենք, պարոն Խաչատրյան, որ այս գործառույթի մասով, որն արդեն իսկ սկսել է կիրառվել, որոշ ասեկոսեներ են պտտվում, թե իբր ըստ այդմ նախատեսվող մաքսային միջնորդների, այսինքն` բրոքերների ինստիտուտի ներդրումը կոռուպցիայի քողարկման նպատակ է հետապնդում: Խնդրեմ, Ձեր հիմնավոր հակադարձը:

-Տարիներ շարունակ հայտարարագրման պրոցեսը մաքսային մարմիններն են կատարել, ինչը, մաքսային օրենսգրքի համաձայն, մեր գործառույթը չէ: Այժմ հնարավորություն ենք ընձեռել, որպեսզի տնտեսավարողներն իրենց գրասենյակներից հայտարարագրեն ներկրված ապրանքները: Սա աշխարհում ընդունված կարգ է: Ի դեպ, գիտենք նաև, որ այս գործառույթի ներդրումը ցավոտ կընդունվի, թեկուզև այն պարզ պատճառով, որ շատ տնտեսավարողներ չեն տիրապետում համակարգչային տեխնիկային և մշտապես ձևակերպումներն իրականացրել են միջնորդավորված: Հիմա մենք այլևս գործընթացից հանում ենք այդ առանձին միջնորդներին և ներդնում ենք միջնորդ կազմակերպությունների, այսինքն՝ բրոքերների ինստիտուտը: Մեկ բան հստակ է՝ այս գործընթացն այլևս անդառնալի է, և հարկ է, որ բոլորն ընդունեն խաղի այս կանոնները: Ընդ որում, նկատենք, որ այս փուլում մեր աշխատակիցներն անտրտունջ օգնում են հայտարարագրողներին, որպեսզի նրանք սովորեն ճիշտ լրացնել հայտերը: Անկեղծ ասած, տարօրինակ է նման ասեկոսեների տարածումը, հատկապես հաշվի առնելով, որ հստակ սահմանվում է՝ եթե չես ուզում օգտվել բրոքերների ծառայությունից, ապա ինքդ լրացրու քո հայտարարագիրը, ոչ ոք դա չի արգելել ու երբեք էլ չի արգելի: Գիտե՞ք, ավելի շատ հակված եմ մտածելու, որ նմանատիպ հերյուրանքներ տարածողները բացարձակապես չեն տիրապետում այս գործառույթի իրականացման մանրամասներին, այլապես տարօրինակ է, թե ինչու պետք է ինքնահայտարարագրման իրավունք ունեցողը մտածի, թե իրեն պարտադրում են բրոքերի ծառայություն, որպեսզի քողարկեն կոռուպցիան։ ՈՒղղակի անհեթեթություն է: Այս քայլով, ընդհակառակը, կնվազի կոռուպցիոն ռիսկը: Ինչևէ, մեկ բան հստակ է՝ մաքսային մարմինն այլևս չի իրականացնելու այդ գործառույթը:

Զրուցեց

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 8475

Մեկնաբանություններ