ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Համաներումը թույլ կտա երկրին դուրս գալ փակուղուց և շրջել հայկական նորագույն պատմության ևս մի ցավոտ էջ

Համաներումը թույլ կտա երկրին դուրս գալ փակուղուց և շրջել հայկական նորագույն պատմության ևս մի ցավոտ էջ
19.06.2009 | 00:00

ՊԵՏՔ Է ՈՒՂՂՈՐԴՎԵԼ ՇԱՀԵՐՈՎ, ՈՉ ԹԵ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՈՎ
«Մենք կարող ենք այնքան սուրբ չլինել, որ սիրենք մեր թշնամիներին։ Բայց, հանուն սեփական առողջության ու երջանկության, կարող ենք առնվազն ներել նրանց ու մոռանալ նրանց գոյության մասին»։
Դևիդ Կարնեգի
Այսօր խորհրդարանում կքննարկվի և, հավանաբար, լուծում կստանա հասարակության առավելագույն ուշադրության կենտրոնում գտնվող և մեծ բանավեճեր ու տարակարծություններ առաջացնող համաներման հարցը։ Այս քննարկմանը շատերն էին սպասում, իսկ երբ համաներման մասին լուրերը սկսեցին իրականանալ ու ընդունել կոնկրետ դրսևորում, ապա գրեթե բոլոր քաղաքական ու հասարակական գործիչները հարկ համարեցին յուրաքանչյուրն իր պիտակը փակցնել սպասվող պետական որոշմանը։ Պիտակներն էլ, ինչպես կարելի էր սպասել, խիստ տարբեր էին ու հակասական, սկսած նրանից, որ այս գործողությունը կնպաստի «մթնոլորտի առողջացմանը, խաղաղության և հանդուրժողականության հաստատմանը հասարակության մեջ», վերջացրած նրանով, որ սա ընդամենն իշխանությունների «քաղաքական սպեկուլյացիայի հերթական դրսևորումն է»։
Կային նաև գնահատականներ, որ համաներումն իրականում հայտարարվում է քրեակատարողական հիմնարկներում ուղղակի տեղ չլինելու պատճառով, իսկ ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում լսվելու է Հայաստանի վերաբերյալ զեկույցը։ Եվ ահա Հայաստանի իշխանությունները որոշել են «բարիացնել միջազգային հանրությանը»։ Հիշեցնենք, որ միջազգային կազմակերպություններն արդեն բազմիցս կոչ են արել Հայաստանի իշխանություններին` համաներում իրականացնել, և վերջին անգամ այդ առաջարկը հնչել է ապրիլի 30-ին ԵԽ ԽՎ Հայաստանի վերաբերյալ զեկույցի մեջ։ Սակայն հանրապետության նախագահը կանոնավոր խուսափում էր այս հարցին վերջնական պատասխան տալուց և դեռ այս տարվա ապրիլի 10-ին եվրոպացիների հերթական առաջարկին ի պատասխան ասել էր, որ ժամանակը կգա, կտեսնենք։ Ժամանակը, ինչպես տեսնում ենք, եկել է, և համաներման կապակցությամբ բոլոր հնարավոր տարբերակները ոչ միայն կյանքի իրավունք ունեն, այլև դարձել են ընդհանուր հասարակական տրամադրությունների մի մասը։
Սակայն արժե, թերևս, առավել մանրամասն կանգ առնել այն մեղադրանքների վրա, որ սա քաղաքականացված համաներում է։ Եթե անդրադառնալու լինենք անկախ Հայաստանի ոչ երկար պատմությանը, ապա առաջին համաներումը հայտարարվեց 1992-ի դեկտեմբերին, երկրի անկախության մեկամյա հոբելյանի կապակցությամբ, և Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած այդ նախաձեռնությունը թերևս միակ չքաղաքականացված համաներումն էր։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությունները երկու տարվա գործունեության ընթացքում դեռ չէին հասցրել հասարակության մեջ ներդնել դանդաղ գործողության այնպիսի ականներ, ինչպիսիք քաղկալանավորներն են։ (Այդ բացը շատ արագ շտկվեց, և արդեն 1-2 տարի հետո երևան եկան Վահան Ավագյանի, դաշնակցության հետ կապված ու գնդապետների գործերը)։ Հետագա համաներումներն արդեն սերտ առնչվում էին քաղաքականությանը։ Մասնավորապես ՀՀՇ-ական խորհրդարանը համաներման ենթակա հոդվածների ցանկից հատուկ նպատակով դուրս բերեց հանցագործության մասին իմանալ-չհայտնելու և անօրինական զենք կրելու վերաբերյալ հոդվածները, որպեսզի համաներումը չտարածվի ճաղերի հետևում գտնվող դաշնակցության գործիչների վրա։
2001-ի համաներումը, որ նախաձեռնեց Ռոբերտ Քոչարյանը քրիստոնեության 1700-ամյա հոբելյանի հետ կապված, ճիշտ հակառակը, ներառում էր այդ հոդվածները, և դրա արդյունքում մեկուսարաններից ազատվեցին «Հոկտեմբերի 27-ի» գործով անցած որոշ անձինք` պաշտոնական պարտականությունների թերացման մեջ մեղադրվող երկու միլիցիոներ և երեք քաղաքացի, որոնք դատապարտվել էին անօրինական զենք պահելու համար, որն օգտագործվել էր ահաբեկիչների կողմից։ Ինչպես նաև մեկ քաղաքացի, որն «իմացել էր ահաբեկչության մասին ու չէր հայտնել»։ Ցանկացած համաներում միանշանակ արձագանք չի ունենում հասարակության մեջ, ինչպես, օրինակ, 2006-ի վերջին համաներումը, որից հետո բավականին կտրուկ աճեց հանցավորությունը երկրում, գրանցվեցին բազմաթիվ կրկնահանցագործություններ` առաջացնելով հասարակության դժգոհությունը և ընդդիմությանը հիմք տալով մեղադրելու իշխանություններին։
Թերևս, հարկ է հիշեցնել, որ համաներման իրավական հիմքն այն է, որ պետության ղեկավարը դրանով մեղմացնում է դատապարտված անձանց վիճակը, բայց դա պայմանավորված չէ դատավճռի անարդարացիությամբ կամ կասկածի տակ չի դնում դատավճռի արդարացիությունը։ Այսինքն` երկրի նախագահը կարող է համաներում հայտարարել իր կողմից նպատակահարմար համարվող պահի, ինչպես որևէ պատմական իրադարձության կամ հոբելյանի հետ կապված, այնպես էլ առանց դրա։ Իսկ նման պայմաններում դժվար է պարզորոշ տարաբաժանել, թե որտեղ է վերջանում քաղաքականությունն ու սկսվում օրենքը։ Այդ կապակցությամբ ներկայիս համաներումը, որ շատերի կարծիքով պայմանավորված է մարտի 1-ի դեպքերի համար ձերբակալված անձանց ազատ արձակելու անհրաժեշտությամբ, միանգամայն տեղավորվում է համաներումների հայկական փորձի ընդհանուր տրամաբանության մեջ։
Հասարակության մեջ վերջին շրջանում արմատավորվել է նաև հակառակ համոզմունքը, թե համաներումը չի տարածվի ձերբակալված պատգամավորների և, մասնավորապես, Սասուն Միքայելյանի վրա, որի համար դատախազությունը պահանջել է 9 տարվա ազատազրկում։ Կրակի վրա յուղ լցրեց նաև խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հայտարարելով, թե «մարտի 1-ի գործով ձերբակալվածներն անցնում են որպես առանձին կատեգորիա։ Իսկ հիմա խոսքը միայն այն անձանց մասին է, ովքեր դատապարտված են 5 տարուց ոչ ավելի»։ Հանձնաժողովի նախագահը նաև ավելացրեց, թե քանի դեռ չկան դատական վճիռներ մարտի 1-ի դեպքերի համար կալանավորվածների վերաբերյալ, դժվար է ասել` համաներումը նրանց վրա կտարածվի՞, թե՞ ոչ։ Սակայն այս երկրում բոլորին լավ հայտնի է, որ վերջնական որոշումը կայացնում է պետության առաջին դեմքը։ Այս պարագայում, իհարկե, կան որոշ հատուկ նրբերանգներ, մասնավորապես այն առումով, որ ընդդիմության ճամբարում մարտի 1-ին հայտնվեցին Սերժ Սարգսյանի վստահությունը վայելող պատգամավորներ, ինչն առայսօր նախագահը գնահատում է իբրև դավաճանություն ու երախտամոռություն։ Մարդկայնորեն այդպիսի զգացումները կարելի է և հասկանալ, սակայն քաղաքական գործիչները չպետք է կառավարեն սիրով կամ ատելությամբ, նրանց գործունեությունը պետք է ուղղորդվի շահերով, այլ ոչ թե զգացմունքներով։ Ավելին, հիմնավոր չեն թվում այն պնդումները, թե համաներումից հետո կարձանագրվի ընդդիմադիր գործունեության բուռն վերելք հանրապետությունում։ Այդ գործունեությունը զարգացել և զարգանում է իր տրամաբանության համաձայն, և քաղաքական գործիչների ազատ արձակումը կարող է դրսևորվել ընդամենը դատարաններում իշխանությունների գործողությունները բողոքարկելու փորձերով, ինչը հաստատ ամենամեծ սպառնալիքը չէ։
Արժե ուշադրություն դարձնել նաև մի շարք այլ հանգամանքների վրա։ Եթե համաներումը դիտարկենք իբրև իշխանության «տակտիկական մանևր», ապա գործընթացն արդեն մտել է ավարտական փուլ։ Մայիսյան ընտրություններից հետո իշխանական բուրգը զգալիորեն ամրացավ, մյուս կողմից էլ համաներումն առաջին անգամ փորձ արվեց ձևակերպել իբրև «հասարակական պատվեր»։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ սպասվող միջոցառումը կոչված է ոչ միայն թուլացնելու լարվածությունը հասարակության մեջ և բարելավելու իշխանության հեղինակությունը միջազգային ասպարեզում, այլև իշխանական օղակների համար անչափ կարևոր մի հարցում մտցնել վերջնական հստակեցում` «ով է իրականում տան տերը» թեմայով։ Մարտի 1-ի իրադարձություններն ու ձերբակալությունները բնակչությունը և քաղաքական շրջանակները կապում էին Ռոբերտ Քոչարյանի, կառավարման նրա կոշտ մեթոդների հետ։ Իշխանական էլիտայում դա ընկալվում էր որպես ուժի ցուցանիշ և կայունության երաշխիք։ Ցանկացած շեղում այդ կանոնից նույն իշխանական էլիտան դիտարկում էր իբրև թուլության դրսևորում։ Մինչդեռ համաներման հետ կապված հասարակական լայն քննարկում նախաձեռնելով` Սերժ Սարգսյանը ոչ միայն փորձեց հեռանալ նախկին մոտեցումներից, այլև քաղաքական ու հասարակական երկխոսության նոր մշակույթ ձևավորել` բարեկամներին ու հակառակորդներին հասկացնելով, որ հենց սեփական օգուտի համար պետք է վերափոխվել։
Համենայն դեպս, հասարակության մեծամասնությունը, այնուամենայնիվ, հույս ունի, որ համաներումը թույլ կտա երկրին դուրս գալ փակուղուց և շրջել հայկական նորագույն պատմության ևս մի ցավոտ էջ։ Իսկ հանգամանքները, որ դրդել են այսպիսի որոշում կայացնելու, արդեն երկրորդական են։

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ