Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՀՈՐԻՆՎԱԾ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ

ՀՈՐԻՆՎԱԾ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ
28.05.2010 | 00:00

Եթե հավատալու լինենք վրացական ընդդիմության և ռուսական լրատվամիջոցների հաղորդումներին, «Սաակաշվիլու ռեժիմն ուր որ է փլվելու է», ինքը` վրաց նախագահը, «հաստատ տապալվելու է» և շուտով «նստելու է Հաագայի դատարանի մեղադրյալի աթոռին»։ Եվ, Վրաստանն էլ, իհարկե, այսօր-վաղը փլուզվելու է։ «Մարգարեությունները», նկատենք, ամենից շատ հիշեցնում են խորհրդային շտամպը, թե «կապիտալիզմը փտում է», թե «ԱՄՆ-ի կոմկուսն ուր որ է իշխանության գլուխ կանցնի»։ Ճիշտ է, այսօր մասշտաբներն արդեն այն չեն։ «Թշնամին», հավանաբար, մանրացել է, ասենք, գրելու բան էլ առանձնապես չկա։ Վրացական ընդդիմությունը, մոսկովյան ամբողջ ցուցադրական աջակցությամբ հանդերձ, բացահայտորեն մանրացել է, գզվռտոցից հոգնել և ընկել ինքնագոհ ընդարմացման, եթե չասենք ավելին` չարագույժ թատերականացված շոուի գիրկը։ Ահա և մոսկովյան քարոզիչները, որոնք դեռևս փորձարկում են «Սաակաշվիլին գլխավոր թշնամին է» կարգախոսը` իր բոլոր գույներով, առիթ ունեն որպես Վրաստանի պետականության կործանում ներկայացնելու Գամսախուրդիայի այրու` Մանանայի ինքնահրկիզման սպառնալիքները, որը ներողամտություն է պահանջում իր դատապարտված մարդասպան որդու համար։ «Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք ժամանակին աշխատել են Վրաստանի այն ժամանակվա նախագահի հետ, մինչև հիմա էլ հիշում են այդ հուզավառ տիկնոջն ու նրա «անգնահատելի ավանդը» Գամսախուրդիայի քաղաքականության մեջ»։ Կամ էլ աշխարհով մեկ լրջորեն ազդարարում են, թե վրաց հանրաճանաչ երգիչ Գիա Գաչեչիլաձեն` «Պաշտպանենք Վրաստանը» շարժման առաջնորդի եղբայրը, հայտարարել է, որ «եթե անգամ միայն ինքը մնա, իշխանություններին թույլ չի տա զորահանդես անցկացնել» Անկախության օրվա առթիվ։ Եվ ոչ ոքի չի հուզում, որ այդ ԶԼՄ-ներով «տիրաժավորված» «սպառնալիքներից» հետո զորահանդեսը բարեհաջող տեղի ունեցավ, և որ բոլոր զորատեսակների ավելի քան չորս հազար զինծառայող մասնակցեց դրան։ Պարզապես նոր առիթ առաջացավ հայտարարելու, որ զորահանդեսը դարձավ «ուժի ցուցադրում» ընտրությունների նախօրեին, իսկ վրացական բանակի նոր հանդերձանքը (ի՜նչ ահավոր բան), լրիվ պատճենում է ՆԱՏՕ-ի համազգեստը։ Եվ թվում է, որ Վրաստանում «քաղաքական կանկանի» համար անսպառ աղբյուրներ ու գաղտնի տեսագրություններ կան, ինչպես նաև դավադրությունների բացահայտված ծրագրեր։ Եվ կարևոր չէ, որ ամենից հաճախ դրանք մի հոտած ձու նույնիսկ չարժեն։ Այսպես, երկար ժամանակ վրացական ընդդիմության համար «զորահավաքային առիթ» է եղել նախագահական նոր «Չելենջեր» ինքնաթիռը, որը, նրանց կարծիքով, բացահայտորեն ոչ պատահաբար, հանդերձված է կատապուլտով։ Այնուհետև հետևեցին «հաղորդումները գաղտնի աղբյուրներից» այն մասին, թե Վրաստանում մոտ ժամանակներս ծրագրվում է վերացնել նշանավոր քաղաքական գործիչներից մեկին, նպատակ ունենալով երկրում քաոս առաջացնել, թե իշխանության ճամբարում Սաակաշվիլուն տապալելու նախագիծ է պատրաստվում, որի հետևանքով ընդդիմադիր ամբողջ դաշտը խաղից դուրս վիճակում է հայտնվելու, և իշխանության է գալու «արդիականացված մի Սաակաշվիլի»։ Այս ամբողջ հեքիաթասացությանը կարելի էր վերաբերվել որոշակի հումորով և ամեն ինչ վերագրել վրացիների առանձնահատուկ մտածելակերպին, սակայն այն, որ վերջին ժամանակներս վրացական ընդդիմության կարգախոսներում ու հայտարարություններում սկսել են բացահայտորեն նկատվել աշխարհաքաղաքական երանգներ, նոր փաստ է, և, ինչպես թվում է, առանձնակի իմաստավորում պահանջող փաստ։ Այսպես, վերջերս ընդդիմության առաջնորդներից մեկը հայտարարել է, թե «ՆԱՏՕ-ի գրկի շնիկ, դրածո Սաակաշվիլին ամեն ինչ անում է իր աթոռը պահպանելու համար», և նրան ոչինչ չի մնում, քան ղրղզական սցենարը կիրառել «գունավոր հեղափոխությունների վերջին մոհիկանի» նկատմամբ։
(Հռետորաբանությունը, ինչպես տեսնում եք, համապատասխանում է կրեմլյան քարոզչության լավագույն ավանդույթներին)։ Իսկ Նինո Բուրջանաձեն «հայրենասիրական պոռթկումով» հաղորդել է, թե 2008 թվականին Ռուսաստանի հետ հակամարտության ժամանակ, պարզվում է, հենց Վրաստանի զինված ուժերն են ռմբակոծել Գորիի կենտրոնը, ոչ թե Ռուսաստանը։ (Հիշեցնենք, որ այն ժամանակ նա ինքն էլ իշխանության մաս էր, զբաղեցնում էր խորհրդարանի խոսնակի բարձր պաշտոնը)։
Սակայն ճշմարտության վրացի մարտիկների վերջին «մերկացումները» գերազանցում են ամենաբուռն երևակայությունը, դրանց այլևս չես էլ հավատում։ Պարզվում է, որ այսօր Թբիլիսիում մի շարք ընդդիմադիր գործիչներ սկսել են շատ եռանդուն ծավալել հերթական սկանդալը` վրացական «Իրանգեյթը»։ Նրանք պնդում են, որ անանուն աղբյուրից (ինչպես միշտ) ստացել են տեղեկություն այն մասին, թե երկրի կառավարությունը գաղտնի զենք է վաճառում Իրանին, մասնավորապես, ՈՒկրաինայի տրամադրած հրթիռները։ Նրանց ասելով, իրենք հաստատող փաստաթղթեր չունեն իրենց տրամադրության տակ, բայց գիտեն, որ ԱՄՆ-ն այժմ ստուգում է գաղտնի զինագործարքները, և հենց այդ նպատակով էր երկիր եկել ՀՖԲ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը։ Իր հերթին Կիևն արդեն մի քանի օր լռություն է պահպանում այդ սենսացիայի առիթով։ Սոսկ փորձագիտական մակարդակով են նշում, որ Իրանն «ունի ճիշտ նույնպիսի սեփական զենք», ավելին, նրանց կարծիքով, ծայրաստիճան կասկածելի է, որ Թեհրանին անհրաժեշտ լիներ խճճվել մատակարարումների ապօրինի սխեմայի մեջ, «չէ՞ որ նա կարող էր իրեն հետաքրքրող նմուշները գնել ուղղակիորեն, բացահայտ. մինչ օրս այդպիսի գործարքների սահմանափակումներ չեն եղել»։
Փորձագետները տարակարծիք են, թե ում է ձեռնտու վրացական «Իրանգեյթը»։ Ոմանք կարծում են, թե դա «սև փիար» է` Վրաստանում սպասվող ընտրարշավի շեմին, ուրիշներն այն հետևությանն են հանգում, թե նպատակը Ռուսաստանի կողմից Իրանին Ս-300 տիպի ռուսական համալիրների վաճառքի գործարքի ձախողման փորձն է։ Ցանկացած պարագայում ակնհայտ է, որ նման հայտարարությունները վայրենաբարո կթվային, եթե չլիներ հանկարծակի ջերմացումը Թբիլիսիի և Թեհրանի հարաբերություններում։ Վերջերս այդ երկրները ստորագրեցին լրատվամիջոցների ասպարեզում համագործակցության հուշագիր, հայտարարեցին անանցագիր անցակարգ սահմանելու պլանների մասին (համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն 2010-ի սեպտեմբերին)։ Պաշտոնապես հայտարարվում է, թե «այս փուլի շրջանակներում համագործակցությունը կխորանա բոլոր ուղղություններով»։ Մոտավորապես հունիսին տեղի կունենա Իրանի վարչապետի այցը Թբիլիսի, իսկ մինչ այդ Թեհրան կայցելի Վրաստանի վարչապետը։ Բացի այդ, Սաակաշվիլին նախագահ Ահմադինեժադին հղել է մոտ ապագայում Վրաստան այցելելու հրավեր, որն ընդունվել է։ Ընդ որում, հարաբերություններում նոր փուլի վկայություն է նաև Իրանի հայտարարությունը Վրաստանի տարածքային ամբողջականության մասին։
Իսկ ի՞նչ է թաքնված տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոխատեղումների նոր զարգացման հետևում։ Փորձագետները դրանք միարժեքորեն գնահատում են ինչպես Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների բանաձևերի նախագիծը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկելու, այնպես էլ «ռուս-թուրքական դաշինքի» համատեքստում։ Փորձագետների մի մասի կարծիքով, Իրանի հետ որոշակի կապեր հաստատելու հորդորը Վրաստանը ստացել է իր գլխավոր գործընկեր ԱՄՆ-ից, «քանի որ ինքը չի կարող նման կապեր պահպանել»։ Իսկ ուրիշները կարծում են, որ Վրաստանի այդ գործողությունները յուրօրինակ մարտահրավեր են Ամերիկային` «Վաշինգտոնում կայացած գագաթաժողովում Սաակաշվիլուն անտեսելու համար»։ Վրաստանի արտգործնախարարությունը շտապեց պարզություն մտցնել իրավիճակում, հայտարարելով, որ անանցագիր անցակարգի սահմանումը Իրանի հետ չի հակասում Վրաստանի ազգային շահերին, հակառակ դեպքում իրենք նման քայլի չէին դիմի։ Ինչ վերաբերում է Վրաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների բարդացման կանխատեսումներին, ապա, արտաքին քաղաքական գերատեսչության վկայությամբ, «նման վտանգ չկա, ԱՄՆ-ը մեր ռազմավարական գործընկերն է, մենք շարունակում ենք բարեկամական համագործակցությունն այդ երկրի հետ և ակտիվորեն քննարկում ենք զանազան կարևոր հարցեր, այդ թվում նաև` Իրանի հետ համագործակցությունը»։
Համապատասխանաբար, փորձենք պարզել, թե այդ վարկածներից որն է ավելի մոտ իրականությանը։ Ինչպես թվում է, «հավատարիմ արևմտական» Սաակաշվիլին չէր կարող նման արտաքին քաղաքական զիգզագի գնալ առանց լուրջ պատճառների ու երաշխիքների։ Եվ խիստ կասկածելի է թվում այն, որ հարաբերությունների հանկարծակի ջերմացման պատճառ կարող էր դառնալ թվացյալ անձնական վիրավորվածությունը մեկ ուրիշից։ Չէ՞ որ հայտնի է, որ նույն գագաթաժողովից հետո վրաց նախագահը դեռ երկու շաբաթ գտնվում էր Վաշինգտոնում։ Ո՞Ւմ հետ է նա այնտեղ հանդիպել, անհայտ է։ Փաստ չէ նաև այն, որ Օբաման, իբր, երես է թեքել ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներից, այդ թվում` Վրաստանից։ Նախ, ոչ ոք չեղյալ չի հայտարարել ԱՄՆ-ի ու Վրաստանի ռազմավարական գործընկերության մասին խարտիան։ ԱՄՆ-ը շարունակում է օգնություն ցուցաբերել Վրաստանին ֆինանսական և սպառազինությունների ոլորտներում, բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Վրաստան կրում են մշտական բնույթ, և դրանք գործուն այցեր են։ Բացի այդ, չնայած Ռուսաստանի հետ հայտարարված «վերաբեռնմանը», վերջերս ԱՄՆ-ը վերստին սկսել է պնդել, որ Մոսկվան պետք է կատարի իր պարտավորությունները և զորքերը հանի Վրաստանի տարածքից։
Երկրորդ. հնարավոր են փոփոխություններ ՆԱՏՕ-ի գծով։ Համենայն դեպս, «իմաստունների խմբի» իննամսյա աշխատանքից հետո, որի կազմի մեջ մտնում էին համաշխարհային հետազոտական կենտրոնների փորձագետները, և որը ղեկավարում էր նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, մշակվել էր ՆԱՏՕ-ի փոփոխման փաթեթ։ Այդ փաստաթղթին նվիրված մամուլի ասուլիսում Մադլեն Օլբրայթն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առանձնապես ընդգծեցին, որ դաշինքը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար և, համապատասխանաբար, դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը շարունակում է ուժի մեջ մնալ ինչպես ՈՒկրաինայի, այնպես էլ Վրաստանի համար։ Իսկ թե դրան ինչպես կարձագանքի Ռուսաստանը, «թող որոշի ինքը` Ռուսաստանը»։ Ավելին, ամերիկացի հայտնի փորձագետ և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Կուրտ Վոլքերը վերջերս հայտարարել է, որ «Օլիմպիադա-2014»-ը Սոչիում պետք է դառնա «խթան հնացած հակամարտությունների կարգավորման համար», քանի որ տեղի է ունենալու Աբխազիայի սահմանի մոտ։ Նա գործընկերներին առաջարկում է դիրքորոշումները համաձայնեցնել ՆԱՏՕ-ի գագաթաժողովում և այս տարի կայանալիք ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ Նկատենք, որ բառացիորեն օրերս Սաակաշվիլին վերհիշեց ամերիկյան բարձրաստիճան անձանց նախկին այցերը և ասաց, որ այս տարի էլ է բարձր մակարդակի այց սպասում։ Ավելին, նա վերստին առաջարկեց ԱՄՆ-ին` երկրի տարածքն օգտագործել որպես հենակետ Աֆղանստանում «Թալիբանի» ուժերին հարվածելու համար։ Վրաստանի առաջնորդը հայտարարեց, որ պատրաստ է ծովային նավահանգիստները տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքի նավերին, իսկ օդանավակայանները` ՆԱՏՕ-ի ռազմափոխադրական ինքնաթիռներին վառելիքի լիցքավորման ու տեխնիկական սպասարկման համար։
Ինչպես երևում է, այս բոլոր փաստերն ու հայտարարությունները որոշակի չափով հաստատում են այն վարկածը, որ Թեհրանին ու Վաշինգտոնին, հնարավոր է, հաջողվել է փոխշահավետ երկխոսություն ունենալ Կովկասյան տարածաշրջանի խնդիրների շուրջ, և Վրաստանը, տվյալ դեպքում, ընտրվել է որպես միջնորդ (շփման կամուրջ) Թեհրանի ու Վաշինգտոնի միջև։ Այս թեմայով շատ հետաքրքրական տեղեկություն է տրամադրում ռուսական «Ռեգնում» գործակալությունը։ Չնշելով աղբյուրը, նա հաղորդում է, որ «ամերիկա-իրանական տարածաշրջանային մերձեցման գլխավոր խնդիրը կդառնա Ռուսաստանի դուրսմղումը Հարավային Կովկասից` վրացական գործոնի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հյուսիսային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակի օգտագործմամբ»։ Ընդ որում, չի բացառվում, որ Կովկասյան տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներն ինքնաբերաբար են մոտեցել` ռուս-թուրքական համագործակցության ընդլայնման և Վաշինգտոնի ու Բաքվի հարաբերությունների սահմանափակման համատեքստում։
Այս ամենը լիովին տեղավորվում է Ռուսաստանի և Մոսկվայից սնվող վրացական ընդդիմության բորբոքած զենքի սկանդալի շրջանակներում։ Ավելին, բացատրություն է տալիս բորբոքվող աղմուկին։ Չէ՞ որ, ամեն դեպքում, Թեհրանի ու Թբիլիսիի մերձեցումը, այն Վաշինգտոնից արտոնված լինի թե ոչ, ակնհայտորեն, չի նպաստում տարածաշրջանում Կրեմլի նոր նախաձեռնություններին։ Հնարավոր է, որ ավելի շուտ այդ նոր «հակառուսական գործարքին» Մոսկվայի պատասխանը, եթե, իհարկե, հաջողվի, կլսենք արդեն մոտ ժամանակներս` իշխանության տեղական մարմինների մայիսի 30-ին կայանալիք ընտրություններում։
Իսկ մինչ այդ Թբիլիսիի Հերոսների հրապարակում բացվել է Ռուսաստանի դեմ պայքարի մարտիկների 260 տոննա կշռող և 48 մետր բարձրություն ունեցող հուշակոթողը` կերտված մետաղից ու օրգապակուց և նախատեսված է 9-բալանոց երկրաշարժի ու փոթորկահողմերի դիմանալու համար։ Հուշակոթողի նախագծի հեղինակն իսպանացի դիզայներ Ալբերտո Դոմինգոն է։ Կոթողի հիմքում զետեղված է պարկուճ` 1918-ին զոհված 3,5 հազար վրացի յունկերների, 1924 թվի ապստամբների, 1992-93-ականների աբխազական պատերազմում, ինչպես նաև 2008-ի օգոստոսի հարավօսական պատերազմում զոհվածների անուններով։ Իսկ այն երկա՞ր է կանգնած մնալու։ Դա, թերևս, աշխարհաքաղաքական հարց է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ