Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ի՛նչ տեղի ունեցավ և ի՛նչ կարող է տեղի ունենալ

Ի՛նչ տեղի ունեցավ և ի՛նչ կարող է տեղի ունենալ
15.05.2009 | 00:00

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ
2008-ի աշնանը, այն բանից հետո, երբ Ռուսաստանը փորձեց որոշ մասնակի լուծումների հասնել ղարաբաղյան հարցում, ԱՄՆ-ը սկսեց խիստ զգուշանալ, որ Մոսկվային կհաջողվի լուծել այդ հիմնախնդիրն առանց իր մասնակցության։ Այսինքն` Ռուսաստանը կհանդիսանա գլխավոր դերակատար այդ հիմնախնդրի լուծման մեջ, ինչն ԱՄՆ-ի համար կնշանակեր դիրքերի զգալի կորուստ Հարավային Կովկասում։ Ռուս-վրացական հարաբերությունների լարվածության որոշակի թուլացումից հետո ԱՄՆ-ը ձեռնարկեց միանգամայն վճռական քայլեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Հարկ է նշել, որ այդ գործողությունների բնույթը, գործընթացներն արագացնելու ձգտումը, ինչպես նաև Թուրքիայի ընդգրկումն այդ գործընթացում ԱՄՆ-ի կողմից շատ էին հիշեցնում Ռուսաստանի համարժեք գործողությունները։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն սահմանափակվում Հարավային Կովկասում իրենց դիրքերը պահպանելու կամ ուժեղացնելու խնդիրներով կամ առավելություններ ստանալով Կասպիական տարածաշրջանի նավթն ու գազը ձեռք բերելու հարցում։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փորձում են ներազդել Թուրքիայի վրա` աշխատելով նրան քաշել իրենց կողմը։ Դիտարկելով այդ երկու խնդիրները` Հարավային Կովկասի ու Թուրքիայի մասով, կարելի է հանգել եզրակացության, որ թուրքական գործոնը դարձել է ավելի կարևոր և որոշիչ ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի քաղաքականության մեջ։ Ռուսաստանը փորձում է պայմանավորվել Թուրքիայի հետ ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճը Սև ծովում կանխելու խնդիրների շուրջ, իսկ ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև այդպիսի դաշինքի ստեղծումը։ ՈՒստի ԱՄՆ-ին անհրաժեշտ էին զգալի զիջումներ Հայաստանի կողմից, որպեսզի զրկեր Ռուսաստանին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ երկխոսության մեջ այնպիսի կարևոր փաստարկից, ինչպիսին են Հայաստանի հնարավոր զիջումները։ Ներկայումս ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հենց այսպիսի շահերի դասավորվածություն է ստեղծվել։
2008-ի նոյեմբերի սկզբին Մոսկվայում Հայաստանի նախագահը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցություններից հետո հրաժարվեց ստորագրել այնպիսի համաձայնագիր, որը ներառում էր Ադրբեջանին զիջումներ անելու Հայաստանի մտադրությունները։ Ստորագրվեց բոլորովին այլ փաստաթուղթ, որը բացարձակապես զուրկ է քաղաքական բովանդակությունից, այսինքն` անիմաստ է։ 2008-ի նոյեմբերի սկզբին առաջատար ռուսական փորձագետները մանրամասն ուսումնասիրել էին իրավիճակը Հայաստանում և ԼՂՀ-ում ու խորհուրդ տվել Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը` հրաժարվել այդ նախագիծը զարգացնելուց և սահմանափակվել անիմաստ համաձայնագրով, որը և ստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև Մայնդորֆում, նոյեմբերի 4-ին։ Այդ համաձայնագիրն արդեն մոռացության է մատնված։ Բայց միաժամանակ Ռուսաստանը ցույց տվեց Ադրբեջանին, որ արեց իրենից կախված ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար` Ադրբեջանին օգնելու ցանկությամբ։ Ադրբեջանական ղեկավարությունն իսկապես հասկացավ դա և պահանջներ չունի Ռուսաստանից, ինչը հանգեցրեց ռուս-ադրբեջանական հարաբերությունների նկատելի բարելավման, առկա են հետաքրքիր պայմանավորվածություններ նավթի ու գազի արտահանման խնդիրների շուրջ և այլ հարցերով։ Բացի այդ, Ռուսաստանը տեղեկացված է, որ ԱՄՆ-ը մտադրություն ունի կամ, համենայն դեպս, կան երաշխավորություններ, որ Վաշինգտոնը ճանաչի ԼՂՀ անկախությունը` կարգավորման որոշակի գործընթացի ավարտից հետո։ Դա կդառնար Ռուսաստանի համար ազդեցության կորուստ Հարավային Կովկասում, ուստի Ռուսաստանը ցանկացած դեպքում փորձում է թույլ չտալ դա և, առհասարակ, այդ հիմնախնդրի որևէ լուծում` ԱՄՆ-ի մասնակցությամբ։
Սակայն այս իրավիճակային խաղը, որ Ռուսաստանի նավթագազային ղեկավարությունը որոշեց կիրառել ղարաբաղյան հարցում, անհետք ու անցավ չավարտվեց։ Գլխավոր սխալը, որ կատարեց Ռուսաստանը, նախաձեռնելով ղարաբաղյան թեմայի ակտիվացումը, անկասկած, Թուրքիայի ընդգրկումն էր այդ գործընթացի մեջ։ Ովքեր երկար տարիներ ուշադիր հետևել են Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը, կարող էին համոզվել, որ մի քանի անգամ փորձ է արվել Թուրքիային ներքաշել այդ գործընթացի մեջ։ Բայց դա չի հաջողվել, որովհետև Անկարայում այդ փորձերն ընկալել են որպես ոչ թե հարցի լուծման, այլ հակամարտության մեջ իրենց ներքաշելու քաղաքականություն։ Դա բացարձակապես ձեռնտու չէր Թուրքիային, որի շահերին ղարաբաղյան հակամարտությունը միշտ օտար է եղել։ Անկասկած, ռուսական քաղաքականության մեջ նկատելի էր նաև ղարաբաղյան հիմնախնդիրը Թուրքիային «նվիրելու» փորձը, որպես ռևերանս ԱՄՆ-ի էքսպանսիայի դեմ ուղղված ռուս-թուրքական դաշինք կազմելու դիմաց։ Սակայն այդ փորձերը միայն հանգեցրին ԱՄՆ-ի ակտիվացմանը ղարաբաղյան հարցում Թուրքիային ընդգրկելու ուղղությամբ, ինչը նպատակ ուներ ավելի բարդացնելու իրավիճակը և վերակողմնորոշելու հնարավոր լուծումները դեպի Վաշինգտոն։ Ինչպիսին էլ լինեն ԱՄՆ-ի շահերն ու քաղաքականության արդյունքները, Ռուսաստանը բախվեց շատ վտանգավոր և դժվար կանխատեսելի հեռանկարի, երբ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի քաղաքական գործընթացների շատ ավելի ակտիվ մասնակից։ Այդ իմաստով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ «ռուսական նախագիծը», անշուշտ, ռուսական քաղաքականության ակնհայտ տապալումն էր։ Միակ դրական արդյունքը, որին հասավ Ռուսաստանը, Ադրբեջանի հետ հարաբերությունների ակտիվացումն էր ամենից առաջ գազի թեմայով, երբ պարզվեց, որ Ադրբեջանը պատրաստ է երկարաժամկետ համագործակցության Ռուսաստանի հետ` առանց Ղարաբաղի հարցում նրանից հիմնավոր աջակցություն ստանալու հույսերի։
2009-ի մայիսի 7-ին Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների` Պրահայում կայացած հանդիպումներից հետո, ինչպես նաև Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի պաշտոնատար անձանց միջև այլ շփումների արդյունքում պարզվեց, որ ԱՄՆ-ի ծրագրերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն արագացնելու ուղղությամբ նույնպես տապալված են։ Վաշինգտոնում ու Պրահայում բանակցությունների ընթացքում պարզվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող հանգել անհրաժեշտ լուծումների և համաձայնության գալ փոխադարձորեն ընդունելի զիջումների շուրջ։ Ըստ էության, կարգավորման գործընթացը տապալված է, ինչն էլ հրապարակավ բացատրեցին Ադրբեջանի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Բրայզան։ Կարելի է ենթադրել, որ ամերիկացիներն ինչ-որ չափով նեղացած են Հայաստանից և համարում են, որ մեծ մասամբ Հայաստանը տապալեց կարգավորման բանակցությունները։ Դա իսկապես այդպես է, ինչն ապացուցում են հետագա իրադարձությունները։ Վաշինգտոնում ու Պրահայում բանակցությունների ժամանակ Հայաստանը պնդեց ԼՂՀ-ի քաղաքական կարգավիճակի որոշակիացման հարցը, ինչը պետք է նշանակեր նրա անկախության ճանաչում։ Դա, իհարկե, անընդունելի էր Ադրբեջանի համար։ Ամերիկացիները դժգոհ են Հայաստանի այս դիրքորոշումից, քանի որ ծրագրել էին, թե կարգավիճակի հստակեցման հարցը պետք է թողնել ավելի ուշ ժամկետի։
Կասկած չկա, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը որևէ կերպ չեն համադրում իրենց իրական քաղաքականությունը Ղարաբաղի հարցում, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբում համատեղ մասնակցությանը։ Առաջիկայում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հետաքրքրված են լինելու ղարաբաղյան հարցում միմյանց դիրքերի թուլացմամբ, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանին մանևրելու իր արտաքին քաղաքականության մեջ։ Հարկ է նշել, որ 2001-ից սկսած ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են բոլոր գործոններն իրենց տարածաշրջանային քաղաքականության մեջ, այդ թվում և` տարածաշրջանային հակամարտությունները։ Դրա նպատակն ավելի նախընտրելի դիրքեր ձեռքբերելն է միջուկային զենքի հետ կապված բանակցություններում, ամենից առաջ` ռազմավարական միջուկային սպառազինությունների առաջին համաձայնագրի շուրջ, որն առավել կարևոր նշանակություն ունի։ Ներկայումս այդ հիմնախնդիրներին ավելացել է Չեխիայում ու Լեհաստանում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության միջոցների տեղակայման հարցը` Իրանից բխող վտանգը նկատի ունենալով։ Վերջին ութ տարիների ընթացքում ԱՄՆ-ն օգտագործում էր տարածաշրջանային պրոբլեմները Ռուսաստանի վրա «հրթիռային հարցում» ճնշում գործադրելու ուղղությամբ։ Ղարաբաղյան հիմնախնդիրը Ջորջ Բուշի վարչակազմն ակտիվորեն օգտագործել է 2001, 2005 և 2006 թվականներին։ Նկատի ունենալով, որ Բարաք Օբամայի վարչակազմում Հարավային Կովկասի հիմնախնդիրներով զբաղվում են նույն ֆունկցիոներները, ինչ նախորդ վարչակազմի օրոք, հավանական է, որ ԱՄՆ-ը ներկայումս էլ օգտագործելու է նույն միջոցներն ու հնարքները։
Միաժամանակ տապալվել է ԱՄՆ-ի նախագիծը ոչ միայն ղարաբաղյան, այլև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Սակայն այս առումով հնարավոր է, որ որոշիչ դեր է ունեցել հենց Թուրքիան։ Ըստ ամենայնի, թուրքական քաղաքական ղեկավարությունը և ռազմական հրամանատարությունը խիստ զգուշանում են Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներում Թուրքիայի ներգրավումից։ Ամենից առաջ ղարաբաղյան հիմնախնդրում, ինչից նրանք խուսափում են արդեն երկար տարիներ։ Թուրքիան դեռևս հետաքրքրված չէ ներգրավվելու իր համար նոր պրոբլեմների ու հակամարտությունների մեջ, զգուշանում է Ռուսաստանի, իսկ միգուցե և Իրանի հետ հակամարտության մեջ հայտնվելուց։ Թուրքական փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ը նպատակ ունի Թուրքիայի վզին փաթաթել նոր տարածաշրջանային խնդիրներ և սահմանափակել նրա գործողությունները տարածաշրջաններում, տվյալ դեպքում` Հարավային Կովկասում։ Թուրքիայի վրա ազդեցության պրոբլեմն ու նրան զսպելու ԱՄՆ-ի քաղաքականությունն այս խաղը դարձրել է շատ բարդացրել են։ Ամերիկացիներն այս տարածաշրջանում առաջին անգամ են բախվում այնպիսի բարդ խաղացողի օգտագործման խնդրի հետ, ինչպիսին Թուրքիան է` Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքական նախագծի իրագործման համատեքստում։ ԱՄՆ-ում սկսել են հասկանալ, որ Թուրքիայի ներքաշումը կովկասյան խաղի մեջ ավելի կբարդացնի պրոբլեմը, և արդեն 2009-ի ապրիլի վերջին և մայիսին, այսինքն` Պրահայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման նախօրեին, ամերիկացիները հայտարարեցին, որ նախընտրելի է չհամադրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ։ ԱՄՆ-ը հասկացել է, որ Թուրքիան այս քաղաքական գործընթացներում կարող է դուրս գալ վերահսկողությունից և ձեռնարկել իր սեփական խաղը` Ռուսաստանի հետ պայմանավորվելով։ ԱՄՆ-ը ձգտում է Թուրքիայի վզին փաթաթել ղարաբաղյան հիմնախնդրի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչը որոշ չափով կմեծացնի Թուրքիայի կախվածությունն ԱՄՆ-ից, ինչպես նաև այդ գործընթացներից։ Իսկ դա չի կարող ձեռնտու լինել Թուրքիային։ Տվյալ իրավիճակում Հայաստանի համար առաջանում են ընտրության հնարավորություններ, սակայն խնդիրն այն է, թե որքանով Երևանը կկարողանա դրանք օգտագործել։
Ներկայումս ստեղծվել է շատ անորոշ իրավիճակ, երբ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ռուսաստանն իրականում շահագրգռված չեն Հարավային Կովկասում ո՛չ ղարաբաղյան, ո՛չ էլ այլ հիմնախնդրի կարգավորմամբ։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շահագրգիռ են պահպանելու իրավիճակը, երբ տարածաշրջանում տեղի են ունենում բազմակողմ քաղաքական գործընթացներ, պահպանվում է որոշակի լարվածությունը, որը, սակայն, չպետք է հանգեցնի ռազմական հակամարտության։ Տարածաշրջանում տեղի է ունենում բարդ քաղաքական «առևտուր», և գործնականում բոլոր արտաքին կողմերն ու տարածաշրջանի պետությունները դրանում շահագրգռված են։ Ռուսաստանը հասկացել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուծման հասնելու իր հետագա պնդումները կարող են հանգեցնել Հայաստանի նկատմամբ ունեցած ազդեցության կորստի, ինչի արդյունքում Երևանը կհայտնվի ԱՄՆ-ի ու Եվրամիության ազդեցության դաշտում` ավելի մերձենալով ՆԱՏՕ-ի հետ։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն է շարունակում լուրջ ճնշումը Հայաստանի վրա ինչպես ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կա տեղեկություն, որ ԱՄՆ-ի վարչակազմը խիստ զգուշանում է Կոնգրեսում ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցի հնարավոր քննարկումից` Ալբանական Կոսովոյի օրինակով։ Կոնգրեսում այդ հարցը բավական ակտիվ քննարկվում է, կոնգրեսմենները հիշեցնում են, որ Բարաք Օբաման ընտրարշավի ժամանակ կարևորել է ԼՂՀ-ի անկախության ճանաչման անհրաժեշտությունը։ Բացարձակապես ակնհայտ է, որ Օբամայի վարչակազմը մտադիր է ճանաչել ԼՂՀ-ն, բայց միայն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից և Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի կարգավիճակի ճանաչումից հետո։ Ամերիկացիները համարում են, որ Հայաստանն է տապալել այս հարցով ԱՄՆ-ի ծրագիրը։ Միաժամանակ ամերիկյան քաղաքական գործիչները հասկանում են, որ Վաշինգտոնը վաղ թե ուշ պետք է ճանաչի ԼՂՀ-ն` այլ պետությունների հետ մեկտեղ կամ առանց նրանց։
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բախվեց բավական ուժեղ ընդդիմության, բայց ոչ թե ընդհանուր կամ սոցիալական, այլ ազգայնական բնույթի ընդդիմության։ Այդ դիմադրությունը բացարձակապես կազմակերպված չէր և անպատրաստ էր լուրջ այլընտրանք առաջադրելու։ Սակայն, այնուամենայնիվ, նախանշվեցին հասարակության տարբեր դիրքորոշումները հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ղարաբաղյան սոցիումը վերջապես հայտարարեց իր շահերի մասին և արտահայտեց, թեկուզ և ոչ այնքան բարձրաձայն, իր կարծիքը։ ԼՂՀ-ի քաղաքական ղեկավարությունը կանգնել է լուրջ խնդրի առջև, երբ իրական է դարձել ղարաբաղյան հասարակության դուրս գալը վերահսկողությունից։ ԼՂՀ պաշտպանության բանակի սպաներն ու շարքայինները, բնականաբար, զգացին քաղաքական դավաճանության վտանգը ԼՂՀ-ի և Հայաստանի առաջնորդների կողմից։ Այդ իրադարձություններն արդեն ընկալվում են իբրև կասկածելի գործողություններ, և բանակը ոչ թույլատրելի բանավեճի շրջանակներում հասկացել է, թե իրենից ինչ կարող են պահանջել, և ինչ խայտառակության առջև ինքը կկանգնի (երիտասարդ սպաների կողմից հնչեցվել է այսպիսի հարց, թե որն է լինելու հայկական բանակի նշանակությունը, եթե հարկադրեն հետ քաշվել այսօրվա դիրքերից)։ Հնարավոր է, որ ազգայնական բովանդակություն ունեցող դիմադրության զգացողությունն է պատճառ դարձել Պրահայում Հայաստանի նախագահի կողմից ղարաբաղյան բանակցություններում այլ պահվածք դրսևորելու, ինչն առաջացրել է ամերիկացիների դժգոհությունը։ Հնարավոր է, որ եղել են նաև այլ գործոններ։
Միանգամայն պարզ է, որ հասել է պարտվողական տրամադրություններին ու մտադրություններին դիմադրություն ցույց տալու ժամանակը։ Ներկայիս իրավիճակը պատահական չէր կարող առաջանալ։ Այն ամենը, ինչը հանդիսանում է ազգայնական դիմադրության բազային պայման` դաշնակցություն կուսակցությունը և քիչ թե շատ ազգայնական այլ խմբավորումներ, ինչպես նաև ղարաբաղյան հասարակությունը, երկար տարիներ սերտ համագործակցել են իշխանությունների հետ, առանց բացառության ընդունելով նրանց բոլոր պայմանները։ ԼՂՀ-ում առանց բացառության բոլոր կուսակցություններն ու խմբավորումներն ընդունել են իշխանությունների հետ այլանդակ հարաբերությունների կանոնները, իսկ Հայաստանում դաշնակցությունը հայտնվել է ընդհանրապես շփոթվածության մեջ, բացարձակապես չհասկանալով Հայաստանի ղեկավարության քաղաքական գործողությունների էությունը։ Կատարվեց ամենաանիմաստ քայլը, որ անցավ կուսակցության առաջնորդների մտքով. նրանք, ըստ էության, դժգոհություն հայտնեցին իրենք իրենց դեմ։ Դաշնակցության դուրս գալը կառավարող կոալիցիայից, որն առանց այդ էլ ստեղծված է ծայրահեղ անքաղաքակիրթ սկզբունքների հիման վրա, ձեռնտու էր Հայաստանի ղեկավարությանը, քանի որ վերջնականապես ճանապարհ բացվեց այդ քաղաքականության համար։ Այն անբարետես վիճակում, որում գտնվում է ՀՅԴ-ն, ավելի լավ կլիներ մնալ կոալիցիայում և փորձել օգտագործել ազդեցության սահմանափակ լծակները։ Գործնականում դաշնակցության բոլոր նախարարները և խորհրդարանի պատգամավորները մեծ ափսոսանքով հաշտվեցին կոալիցիայից դուրս գալու փաստի հետ։ Սա նշանակում է, որ կոալիցիայից դուրս գալը կուսակցության համար պետք է դառնա նոր գործընթացի սկիզբը և սպասվում է ընդհանուր ժողովի հրավիրում ու կուսակցության ղեկավարության նոր ընտրություն։ Քանի որ նույնիսկ կոալիցիայից դուրս գալուց հետո կուսակցության շատ առաջնորդներ հույս ունեն կա՛մ վերադառնալ նախկին հարաբերություններին, կա՛մ էլ իշխանության հետ նոր հարաբերություններ կառուցել։
Օրինաչափ կլիներ խորհրդարանում նոր միավորման ձևավորումը` դաշնակցության և «Ժառանգություն» կուսակցության հիմքի վրա, ինչպես նաև այն պատգամավորների, ովքեր ներկայացնում են Ջավախքի շահերն ու նրանց, ովքեր գիտակցում են կապիտուլյացիայի սպառնալիքը։ Որքան էլ հրեշավոր լինի այս փուլում ՀՅԴ առաջնորդների մեղքն ազգի առջև, միայն այդ կուսակցության գաղափարախոսությունն ու կազմակերպչական կառույցը կարող են դառնալ ազգայնական դիմադրության բազա։ Որքան էլ տարօրինակ է, բայց շփոթության մատնված ղարաբաղյան հասարակությունն էլ դեռևս հույսեր է կապում այդ կուսակցության հետ և պատրաստ է օգնել նրան։ Սփյուռքը միաձայն ու միակամ կաջակցի դաշնակցության նոր դիրքորոշմանը, որովհետև այս անգամ զգացել է` Ղարաբաղի հանձնման և ցեղասպանության ճանաչման գործընթացի տապալման դեպքում ինքը կդադարի գոյություն ունենալուց իբրև էթնոքաղաքական կամ էթնոսոցիալական հանրություն։ Դրանով հանդերձ պետք է հասկանալ, որ ներկայիս մանրբուրժուական հայկական հասարակությունը դաշնակից չէ, այլ ազգայնական դիմադրության հակառակորդ է։ Հասարակությունը գնում է Հայ ազգային կոնգրեսի, ոչ թե ազգայնականների հետևից։ Եվ թող գնա, ու դա է նրա ճանապարհը։ Այդ մասին պետք է հիշել, բայց պետք չէ դրան կարևոր նշանակություն տալ։ Մի՛ վախեցեք, տղաներ, կճեղքենք։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1855

Մեկնաբանություններ