Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Այսօրվա իրականության մեջ մեղքի բաժին ունեն նաև եվրոպական կառույցները»

«Այսօրվա իրականության մեջ մեղքի բաժին ունեն նաև եվրոպական կառույցները»
23.01.2009 | 00:00

«Կանխատեսումներ անելը, ինչպես ասում են, անշնորհակալ գործ է։ Առավել ևս, երբ գործ ունենք մի մարմնի` ԵԽԽՎ-ի հետ, որի հիմնական սկզբունքները, կարծես թե, գիտենք` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատություն, բայց վերջին ութ տարիների ընթացքում, երբ Հայաստանի Հանրապետությունը դարձավ այս կառույցի լիիրավ անդամ, ԵԽԽՎ-ի գործունեությունն անհասկանալի է, որովհետև ամեն մի ընտրությունից հետո այն գնահատականները, որ տրվում են այդ մարմնի կողմից, լինում են լղոզված։ ՈՒստի ես չեմ փորձի կանխատեսումներ անել, այլ ուղղակի իմ մոտեցումները շատ հստակ կներկայացնեմ, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ, և ինչպե՞ս եմ տեսնում հետագա գործընթացները, որոնք կապված են ձմեռային այս նստաշրջանի հետ»։
Երեկ «Իրավունք de facto» ակումբում «ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանից առաջ» թեմայի շուրջ այսպես սկսեց իր խոսքը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

«Այն, ինչ եղավ փետրվարի 19-ի ընտրություններից և մարտյան դեպքերից հետո, ես կապում եմ, ինչ-որ առումով, եվրոպական կառույցների գնահատականների հետ, որոնք տրվեցին ընտրություններին և մարտի 1-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին։ Կիսատ-պռատ գնահատականները հանգեցրին նրան, որ իշխանությունը մտածեց, թե իրեն հնարավորություն է տրվել մարդկանց նկատմամբ բռնի ուժ գործադրելու, անցկացնելու այնպիսի ընտրություններ, ինչպես իրենք են սովոր` պարզապես թվերի նկարչություն։ Այսօրվա մեր ներքաղաքական իրականության մեջ մեղքի բաժին ունեն նաև եվրոպական կառույցները»։ Ընդդիմադիր գործչի հավաստմամբ` ի վերջո, եվրոպական կառույցները` ԵԽԽՎ-ն, համազեկուցողները, մոնիտորինգի խումբը, հանգեցին այն տեսակետին, որ, իսկապես, ՀՀ-ում կան քաղաքական բանտարկյալներ։ Հիմա ԵԽԽՎ-ի ներկայացուցիչներն իրենք են իշխանությունից պահանջում հայտնի 1609 և 1620 բանաձևերի կատարումը, որովհետև իրենք էլ հասկացան, որ իշխանությունն անցած տասն ամիսների ընթացքում որևէ քայլ չի արել, որը հնարավորություն կտար ընդդիմությանը պատասխան քայլ անելու։ Իսկ իրենց քայլերի առաջնահերթությունը, այն է` իշխանությունների հետ գնալ երկխոսության, ըստ բանախոսի, բխում է ՀԱԿ-ի թիվ մեկ պահանջի կատարումից։ «Մեզ միշտ առաջարկում են երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ, և որ, ի վերջո, ՀՀ-ում եղած խնդիրները միայն իշխանություններինը չեն, այլ նաև վերաբերում են մեզ` ընդդիմադիրներիս և առհասարակ` ՀՀ քաղաքացիներիս, քանի որ բոլորս ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Մենք, կիսելով այս մոտեցումը, բոլոր դեպքերում, հստակ պահանջ ենք դրել, որ երկխոսության կգնանք միայն այն ժամանակ, երբ մեր ընկերները, որոնց մենք համարում ենք քաղբանտարկյալներ, ազատ կարձակվեն»։ Եվ քանի որ այս պահանջը, որը նաև ամրագրված է եվրոպական կառույցների դիրքորոշումներում, չի կատարվել, պարոն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում խիստ գնահատականներ կտրվեն, և իր անձնական կարծիքն արտահայտելով, ասաց. «Ես կարծում եմ, որ իսկապես Հայաստանը պետք է պատժվի և զրկվի ձայնի իրավունքից։ Սակայն սա ասում եմ ոչ նրա համար, որ ես վատն եմ ցանկանում, այլ համարում եմ, որ Հայաստանի իշխանություններն այս ընթացքում, որ տրված էր իրենց եվրոպական կառույցների կողմից` վերականգնելու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ազատությունը, կատարել են ճիշտ հակառակը։ Անցած ուրբաթ «7-ի» դատավարությունից հետո տեղի ունեցած իրադարձությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իսկապես իշխանություններն ուղղվելու ցանկություն չունեն։ Նրանք ուզում են ցույց տալ, որ միայն ուժն է խոսում Հայաստանում։ Իսկ մենք էլ նրանց պատասխանում ենք, որ պետք է գործեն օրենքը և սահմանադրությունը։ Այս ամենից ելնելով` մեկ անգամ ևս կրկնում եմ իմ անձնական կարծիքը, որ Հայաստանին պետք է ձայնից զրկեն, ինչը, միգուցե, կսթափեցնի իշխանությանը` Սերժ Սարգսյանին, նրա համախոհներին, ինչպես նաև ամբողջ իշխանական համակարգին, որ եվրոպական կառույցները պատրաստ են ավելի խիստ միջոցներ կիրառել»։ Ակումբի հյուրը մտահոգություն հայտնեց մեկ այլ խնդրի առնչությամբ ևս, շեշտելով, որ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելուց հետո հետևանքները կարող են միանշանակ չլինել. «Տեսակետ կա, որ իշխանությունը կձերբազատվի Եվրոպայի առջև ստանձնած պարտավորություններից և կսկսի ռեպրեսիաներն ավելի ուժեղացնել մեր նկատմամբ։ Դատավարության ընթացքում ավելի կոպիտ միջոցների կդիմեն, կզրկեն հանրահավաքներ անելու իրավունքից։ Բոլոր դեպքերում, ինչ-որ սահման կա, որից այն կողմ արդեն ԵԽ-ն ինքը պետք է մտածի իր մասին, քանի որ իշխանությունները ցույց են տվել, որ որպես պարտնյոր հանդես չեն գալիս Եվրոպայի հետ։ Այնտեղ խոստումներ են տալիս, սակայն գալով Հայաստան, մոռանում են դրանց մասին»։ Պարոն Խաչատրյանը խնդրո առնչությամբ նկատեց նաև, որ ոչ թե Եվրոպան է մեզ զոռով տարել իր մոտ, այլ մենք ենք ցանկացել անդամակցել նրան։
Չշրջանցվեց նաև Ղարաբաղի հարցը, որի առնչությամբ բանախոսը ներկայացրեց ՀԱԿ-ի դիրքորոշումը։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ հոկտեմբերին մենք հանրահավաքային գործընթացը կասեցրինք հենց այդ պատճառով։ Հիմա էլ ենք նույն կարծիքին, որ որևիցե ձևով չենք խանգարի Ղարաբաղի հարցի հետ կապված գործընթացներին, ընդհակառակը, միշտ նպաստողի դերում ենք եղել, կանք ու կլինենք` հարցի լուծմանն ի նպաստ գործեր ու քայլեր կատարելու»։ Այնուհետև պարոն Խաչատրյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավոր խնդիրների առնչությամբ առավել որոշակիացնելու համար թե՛ իր, թե՛ ՀԱԿ-ի դիրքորոշումները։ «Արմենպրեսի» թղթակցի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն պնդմանը, որ չի բացառվում, որ Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ հարձակումն ու հասցված մարմնական վնասվածքները կարող էին կապված լինել նրա ծառայողական պարտականությունների հետ, եթե հաշվի առնենք, որ նա «Բջնի» հանքային ջրերի գործարանի վարույթն է իրականացնում, ինչպես նաև հաշվի առնելով Խաչատուր Սուքիասյանի հոր վերջին օրերին հնչեցրած սպառնալիքները, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ` վատ։ Ե՛վ ենթարկվողները, և՛ օրենքը պաշտպանողները պետք է գործեն միայն և միայն օրենքի սահմաններում։ Սակայն ուսադիր կրելը, օրենքի անունից խոսելը դեռևս չի նշանակում, որ ինքը օրենքի շրջանակներում է գործում։ Տվյալ դեպքում, եթե մենք սպասենք մեկ-երկու օր, հետաքննության արդյունքում կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Բայց ես նաև իմ տեսակետն ունեմ, այն է, որ Խ. Սուքիասյանի ընտանիքն իր գործողությունները կատարած կլինի օրենքի շրջանակներում»։ «Մարդիկ» լրատվական կենտրոնի լրագրողի հնչեցրած այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանին ձայնի իրավունքից զրկելով ԵԽԽՎ-ն կմաքրազերծվի բոլոր մեղքերից, որը կարելի է անվանել երկակի ստանդարտներ, հյուրը պատասխանեց. «Չի մաքրազերծվի, բայց գոնե սկզբունքայնություն կցուցաբերի, որովհետև դա երկար ճանապարհ է։ Ինչի մասին խոսում ենք, միայն Հայաստանին չի վերաբերում։ Նույն Վրաստանի և Ադրբեջանի դեպքերի առնչությամբ տրված գնահատականներն էլ ինձ համար ընդունելի չեն։ Այս ռեժիմները ոչ մի բանով իրարից չեն տարբերվում։ Միգուցե Հայաստանի դեպքն ահազանգ լինի մնացածների համար։ Հնարավոր է հարցնեք` ինչո՞ւ մենք։ Որովհետև մենք չափն անցել ենք, որովհետև մարտի 1-ին տասը զոհ եղավ»։ Այնուհետև, «Իրավունքը de facto»-ի հարցին, թե ինչպես է հյուրը վերաբերվում ՀՅԴ-ի ներկայացուցիչ Ալվարդ Պետրոսյանի հնչեցրած այն մտքին, որ ընդդիմությունն այսօր սրտատրոփ սպասում է Հայաստանին ձայնի իրավունքից զրկելուն, որպեսզի չարախնդա, կես կատակ, կես լուրջ, Խաչատրյանը մատնացույց արեց հենց իրեն. «Ես հիմա ֆիզիկապես ներկա եմ այստեղ, և ես եմ այդ տեսակետը պաշտպանողը։ Բայց իմ դեմքին չկա, չէ՞, երջանիկ զգալու նշան։ Ալվարդ Պետրոսյանը թող ասի այդպես, բայց նա չարաչար սխալվում է։ Մենք չարախնդալու ցանկություն բնավ չունենք, որովհետև մենք այստեղ ենք ապրում և ապրելու ենք, հետևաբար, հետևանքները կրելու ենք բոլորս»։
Անդրադառնալով համաշխարհային ճգնաժամի հնարավոր ազդեցություններին և վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտքին, թե չիրականացավ ընդդիմության «երազանքը», այն է` ճգնաժամը կործանելու է Հայաստանը, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` Տիգրան Սարգսյանը որտեղի՞ց է վերցրել, թե մենք այդպիսի կանխատեսումներ ենք արել։ Մենք ուրիշ բան ենք ասել, որ համաշխարհային ճգնաժամ գոյություն ունի և այն իր ազդեցությունն է ունենալու նաև Հայաստանի վրա։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ Հայաստանն ապրում է դրսի հաշվին, միայն 2007 թ. մասնավոր տրանսֆերների տեսքով Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 500 մլն դոլար, իսկ մինչև 2008 թ. հոկտեմբեր` 1 մլրդ 400 մլն դոլար։ Եթե համաշխարհային տնտեսության վիճակը վատացել է, շատ պարզ տրամաբանությամբ այդ ֆինանսական հնարավորություններն այլևս չենք ունենա»։ Բայց և այնպես, Վահագն Խաչատրյանը ՀԱԿ-ի հավաքական մեկ ցանկություն հայտնեց, ասելով, որ իրենց համար շատ ավելի կարևոր է, որ Հայաստան պետությունը դրսից ճնշումների չենթարկվի, այլ միայն ներսից, քանի որ դրսի ճնշումներն իրենց մեջ այլևայլ շահեր են պարունակում, որոնք շատ դեպքերում մեր շահերի հետ չեն համընկնում։
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ