Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ռուս-ամերիկյան շահերի բախումն ակնհայտ է

Ռուս-ամերիկյան շահերի բախումն ակնհայտ է
27.01.2009 | 00:00

«ԾՆԿԱԾ ՎԻՃԱԿԻՑ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ» ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
«Որոշ հին իրողություններ, որոնց պայմաններում մենք մեծացել ենք, և որոնք արմատավորվել են մեր մտածողության մեջ ու կյանքում, ժամանակի հետ փոխում են իրենց արտաքին տեսքը, երբ մենք սկսում ենք նրանց նայել քննադատական հայացքով»։
ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոն
«Վերափոխենք Ամերիկան» կարգախոսը, որ միլիոնավոր ամերիկացիների և մոլորակի միլիարդավոր բնակիչների աչքի առջև արտաբերեց ԱՄՆ-ի նոր նախագահը, դարձավ միջազգային ԶԼՄ-ների առաջնորդող։ Այս արտահայտությունը Օբամային շանս է տալիս գլխավորելու ամերիկյան նոր էվոլյուցիան, որ նպատակ ունի վերջնահաշվում կառուցելու ավելի լավ համաշխարհային տնտեսական մոդել։
Հետխորհրդային տարածքում շատ ու շատ հասարակ մարդկանց համար ոչ պակաս ոգևորիչ էր ԱՄՆ-ի նոր նախագահի` Կապիտոլիումից հնչեցրած ելույթի ոչ պակաս կարևոր մեկ այլ արտահայտություն. «Թող նրանք, ովքեր կառչած են իշխանությանը կոռուպցիայի, ստի և այլակարծությունը ճնշելու միջոցով, իմանան. պատմությունը ձեր կողմը չէ։ Բայց եթե դուք պատրաստ եք թուլացնելու ձեր բռունցքը, մենք ձեռք կմեկնենք ձեզ»։ Այս հայտարարությունը կարծես տեղավորվում է հատկապես ԱՄՆ-ի համար կարևոր և հռչակված սկզբունքի այն շրջանակում, որ բոլոր մարդիկ հավասար են։ Ինչպես ցույց են տվել 17 երկրներում ԲիԲիՍի-ի անցկացրած հարցումները, ԱՄՆ-ի նոր նախագահից առաջին հերթին սպասումներ կան միջազգային հարաբերությունների, Վաշինգտոնի և այլ մայրաքաղաքների միջև փոխհարաբերությունների բարելավման առումով։ Օբաման իր հերթին երդմնակալության ելույթում խոստացավ կենտրոնանալ արտաքին քաղաքական խնդիրների վրա և նախագահի պաշտոնում առաջին իսկ օրը հանդիպեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի հետ ու քննարկեց Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների հետ կապված նոր հնարավոր զարգացումներն ու մոտեցումները` հատկապես շեշտելով դիվանագիտության օգտագործումն ԱՄՆ-ի` իբրև համաշխարհային լիդերի դերի վերականգնման առումով։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մինչև վերջերս ամերիկյան փորձագիտական հանրության մեջ Մոսկվայի հետ հարաբերությունների թեման առաջնահերթ չէին համարում։ Սակայն այսօր ակնհայտ է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմն անչափ կարևորում է եվրոպական դաշնակիցների համար դիվերսիֆիկացված աղբյուրներով էներգետիկ ռեսուրսների մատակարարումը, Աֆղանստանում դաշնակցային ուժերի թիկունքային ապահովման հարցերի լուծումը։ Իսկ այս խնդիրներն անմիջականորեն առնչվում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների շահերին։ Ավելի շուտ կարելի է ասել, որ ռուս-ամերիկյան շահերի բախումն ակնհայտ է, և բնութագրական է, որ ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուս փորձագետները հարաբերությունների ներկա փուլը բնորոշում են իբրև վատ կամ լարված։
Ռուսաստանի նախագահն իր հերթին արդեն իսկ հայտարարել է. «Մենք, բնականաբար, հուսով ենք, որ ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալով մեր երկրների միջև հարաբերությունները համարժեք զարգացում կունենան, քանի որ վերջին ժամանակներս այդ փոխհարաբերություններում բավականին շատ պրոբլեմներ են կուտակվել»։ Ընդ որում, Կրեմլը հատկապես շեշտադրում է ատոմային զենքի չտարածման և վերահսկման, Իրանի և Հյուսիսային Կորեայի, ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության և կլիմայի փոփոխության խնդիրները։
Բացի այդ, Ռուսաստանը հանդես է գալիս Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման, Վրաստանի և ՈՒկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ։ Ընդհանուր առմամբ, Կրեմլը ցանկանում է, որ ԱՄՆ-ը նախկին ԽՍՀՄ-ի տարածքն ընդունի իբրև Մոսկվայի ազդեցության գոտի։ Այլ բան է, որ այդ ցանկությունները հազիվ թե իրականանան։ Չնայած ԱՄՆ-ի նոր վարչակազմում արդեն իսկ կատարված բազմաթիվ փոփոխություններին, ակնհայտ է, որ արտաքին քաղաքականությունն այս անգամ իրագործելու են «դեմոկրատ-բազեներ» փոխնախագահ Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Այդ քաղաքականությունն ուղղված է լինելու ԱՄՆ-ի շահերի պաշտպանությանը, այլ բան, որ նախկինի համեմատ կլինեն ոճական փոփոխություններ։ Հայաստանում ղարաբաղյան հարցի կարգավորման պրոցեսից քաջ հայտնի Սթրոուբ Թելբոտը մասնավորապես նշել է. «Օբամայի նոր կառավարությունը կսկսի գործել զգուշաբար։ Այն ելնելու է իրողություններից և չի փորձի բացառապես սկզբունքի համար ամեն ինչ տապալել։ Մասնավորապես, մեծ սխալ կլիներ, եթե նոր վարչակազմը Լեհաստանին և Չեխիային ասեր, որ շնորհակալ է նրանց ընդառաջելու համար, բայց հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները չեղյալ են համարվում, որովհետև Ռուսաստանին դրանք դուր չեն գալիս»։ Ամենայն հավանականությամբ, այս իրողության հաստատումն է նաև այն, որ Ռոբերտ Գեյթսը, իբրև վերոնշյալ նախաձեռնության հեղինակ, շարունակեց մնալ պաշտպանության նախարարի պաշտոնում և անձնական պատասխանատվություն է կրում դրա իրականացման համար։
ԱՄՆ-ում գրգռվածություն է առաջացնում նաև նախկին ԽՍՀՄ-ի տարածքում իր ազդեցությունը վերականգնելու Ռուսաստանի ցանկությունը, ինչը Վաշինգտոնում բնութագրում են իբրև «կայսերական հավակնություններ» կամ «ԽՍՀՄ-ի գլոբալիստական քաղաքականությունը» շարունակելու ձգտում։ ԱՄՆ-ի նոր նախագահը վաղուց է արտահայտվել այս կապակցությամբ, հատկապես վրացական դեպքերից հետո, թե. «Ռուսաստանը դառնում է ավելի համառ, և Վրաստանի դեպքում նրանք գործում են միջազգային իրավունքի նորմերին հակառակ։ Մենք պետք է հստակ ազդանշան տանք, որ նրանք չպետք է իրենց հարևաններին վախեցնելու քաղաքականություն վարեն»։ Անշուշտ, ռուս-ամերիկյան հարաբերություններում պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Կրեմլի ներկայիս կառավարողները չունեն ոչ մի հստակ գաղափարախոսություն` մերկապարանոց հակաամերիկանիզմից բացի։ Մոսկվան ծավալվող տնտեսական և սոցիալական ճգնաժամի պայմաններում «թշնամու» կերպարի կարիք ունի (այլատյացությունն այլազգիների նկատմամբ կարծես այլևս բավարար չէ)։ Ռուսական ներկա էլիտայի համար հակաամերիկանիզմը դարձել է ժողովրդական զանգվածների համախմբման միջոց` «ծնկած վիճակից ոտքի կանգնելու» գաղափարի շուրջ։ Այս կապակցությամբ բնութագրական է ռուսական քաղաքագիտական նոր դպրոցի ներկայացուցիչ Անդրեյ Պրոնինի կարծիքը. «Ռուսաստանին անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մշակութային նախագիծ, որն առաջին հերթին գրավիչ լինի ամերիկյան ինտելեկտուալների համար, և դրա իրագործումը հավասարակշռությունից դուրս բերի ամերիկյան քաղաքական համակարգը` գժտեցնելով ինտելեկտուալ և արվեստի էլիտային իշխանության հետ։ Այդպիսի նախագծի իրագործումը նոր գաղափարախոսական հիմքի վրա կվերածնի երեք գիգանտների` Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի միջև դաշինքի գաղափարը։ Ռուսաստանն այդ դաշինքում կունենա գլխավորող դեր իբրև գիտական և ինովացիոն, հումանիտար տեխնոլոգիաների և չափորոշիչների մշակման կենտրոն»։ Ահա այսպես, առանց ավելորդ համեստության։
Մինչդեռ Չինաստանն ու Հնդկաստանն արդեն վաղուց բավականաչափ ինքնուրույն քաղաքականություն ունեն, և ԱՄՆ-ի հետ հարաբերություններն էլ, իբրև կարևորագույն տնտեսական գործընկերոջ ու քաղաքական մրցակցի, նրանց համար ավելի կարևոր են, քան Մոսկվայի հետ փոխհարաբերությունները։ Պեկինն ու Դելին վաղուց արդեն չեն կառավարվում ռուսական առանձին քաղաքական գործիչների կոմպլեքսներով, և դա շատ լավ գիտեն նաև Վաշինգտոնում։ Պատահական չէ, որ ոչ անհայտ Զբիգնև Բժեզինսկին իր «Մեծ զույգը, որ կարող է փոխել աշխարհը» աշխատության մեջ մասնավորապես նշում է. «Գործնական առումով մենք պետք է ամրապնդենք և խորացնենք մեր աշխարհառազմավարական համագործակցությունը Չինաստանի հետ, չսահմանափակվելով այնպիսի ընթացիկ խնդիրներով, ինչպիսին է տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի մեթոդների որոնումը։ Անհրաժեշտ է, որ Պեկինն ուղղակի մասնակցություն ունենա Իրանի հետ երկխոսության ծավալման մեջ, որովհետև այդպիսի բանակցային գործընթացի տապալումն առնչվելու է նաև Չինաստանի շահերին։ Բացի այդ, ամերիկա-չինական խորհրդատվությունները Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների վերաբերյալ կարող էին հանգեցնել ավելի արդյունավետ, թեկուզ ոչ ֆորմալ միջնորդական ջանքերի։ Դելիի և Իսլամաբադի միջև հակամարտության խորացումը կդառնա ամբողջ տարածաշրջանի կործանումը։ Չինաստանը նաև ավելի լայն մասնակցություն պետք է ունենա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը, որ ավելի ու ավելի է արմատական դառնում և հղի է Մերձավոր Արևելքի ապակայունացման վտանգով»։
Հետաքրքիր է և այն, որ Սաուդյան Արաբիան և Չինաստանն արդեն այսօր զբաղված են Վաշինգտոնում Աֆղանստանի հետ կապված երկու հակադիր նախագծերի լոբբինգով։ Եթե Էր-Ռիյադն առաջարկում է Վաշինգտոնին հաշտություն կնքել «չափավոր թալիբների» հետ և ինտեգրացնել նրանց քաբուլյան ներկայիս կառավարության մեջ, ապա Պեկինը փորձում է ստանալ Սպիտակ տան համաձայնությունն իր զորքերն Աֆղանստան մտցնելու վերաբերյալ` արմատական իսլամական խմբավորումները «մաքրելու» նպատակով։ Բացի այդ, հունվարի 20-ին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի գլխավոր շտաբը որոշում է ընդունել ԱՄՆ-ի զինված ուժերի հետ ավելի սերտ համագործակցության մասին, եթե Վաշինգտոնը դադարեցնի զենքի մատակարարումը Թայվանին։ Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների հետ արտաքին առևտրի գծով փորձագետ Էդվարդ Գոլդբերգն այս կապակցությամբ նշում է. «Եթե Ռուսաստանը դառնա ավելորդ և դժգոհ լինի իր տնտեսական ու աշխարհաքաղաքական նշանակության նվազմամբ, սկսի վախենալ Չինաստանից, և այդ վախն ուժեղանա ամերիկա-չինական մերձեցման ընթացքում, Մոսկվան իր մշտական անպաշտպանվածության զգացողության պատճառով կվերածվի խիստ ապակայունացնող գործոնի»։ Այս կապակցությամբ շատ բնութագրական է, որ ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԶԼՄ-ների փոխանցմամբ, պաշտոնում հաստատվելու հաջորդ օրը «ծանոթանալու կարգով» մի քանի հեռախոսազանգեր է կատարել տարբեր երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում` Մոսկվա։ Սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կապ հաստատել չի հաջողվել` վերջինիս Մոսկվայից դուրս գտնվելու պատճառով։ Եվ այս ամենը գլոբալ կոմունիկացիոն տեխնոլոգիայի պայմաններում։ Այս մասին պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը տեղյակ պահեց ԶԼՄ-ներին, չճշտելով, թե արդյոք Լավրովին զանգելո՞ւ են ևս մեկ անգամ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ