Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
14.05.2010 | 00:00

Դոկտոր Թաներ Աքչամը, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին թուրք գիտնականներից է, անցյալ շաբաթ երկու կարևոր ելույթ ունեցավ Հարավային Կալիֆոռնիայում: Պատմական հետազոտությունների հիման վրա նա վերլուծեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հիմքերն ու լուծումներ առաջարկեց դրա պաշտոնական ճանաչման համար:
Մայիսի 6-ին պրոֆեսոր Աքչամն իր առաջին ելույթն ունեցավ Էնսինոյի Valley Beth Shalom-ում` դոկտոր Մայքլ Հակոբյանի` Ցեղասպանությանը նվիրված «Գետը կարմիր էր հոսում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունից առաջ: Կարճ ելույթներով հանդես եկան նաև րաբբիներ Հարոլդ Շուլվիսն ու Էդվարդ Ֆեյնշտեյնը, Jewish World Watch կազմակերպության նախագահ Ջանիս Քամենիր-Ռեզնիկը և ցեղասպանությունը վերապրած 96-ամյա դոկտոր Հակոբյանը:
Քլարք համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր և Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի նախագահ դոկտոր Աքչամը բացահայտեց, որ Հայոց ցեղասպանության ժխտման գլխավոր պատճառը հանրապետության առաջին իսկ օրվանից` 1923 թվականից, Թուրքիայում իշխող «ռազմական և քաղաքացիական բյուրոկրատիայի հարատևությունն» է: «Հիմնադիրները հասարակության այն ժամանակվա էթնիկ-մշակութային բազմազանությունը դիտում էին որպես պետության հարատևությանն ու անվտանգությանը սպառնացող հիմնախնդիր»:
Պրոֆեսորը հատկապես հիշատակեց Հայոց ցեղասպանությունն իրականացրած «Միություն և առաջընթաց» կուսակցության առաջնորդներից Հասան Ֆեհմի Բեյին, որը 1920 թվականին խորհրդարանում ունեցած մի ելույթում խոստովանել է, թե իր խմբավորումը գիտակցում է, որ հայ ժողովրդի բնաջնջման համար միջազգային հանրության կողմից արժանանալու է «մարդասպաններ» անվանմանը: Սակայն նա ընդգծեց, որ իր կուսակցության ղեկավարները պատրաստ են «մարդասպաններ» կոչվելու, քանի որ նրանց նպատակը «հայրենիքի ապագայի պաշտպանությունն է»:
Դոկտոր Աքչամը մայիսի 7-ի իր երկրորդ ելույթում, որը կազմակերպել էր Ալթադենայում Ամերիկայի հայկական իրավունքների խորհուրդը, տեղեկացրեց, որ վերջերս բացահայտված «Էրգենեկոն» ոճրագործ խմբավորումը, որին աջակցում էր թուրքական բանակը, կազմել էր հինգ անձանց ցուցակ, ներառելով լրագրող Հրանտ Դինքին, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին ու անձամբ իրեն, և նախատեսել սպանել բոլորին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտվելու համար: Նրանք մահվան էին դատապարտվել որպես «ազգային անվտանգության թշնամիներ»:
Աքչամի կարծիքով` սա ոչ միայն առանձին ահաբեկչական խմբավորման, այլև Թուրքիայի օրինական կառույցների խաթարված մտածելակերպն է: 2007 թվականին, Թուրքիայի երկու հայ լրագրողների դատապարտելիս, դատավորը վճիռ կայացրեց, ըստ որի` «Ցեղասպանության մասին խոսակցությունները, ինչպես Թուրքիայում, այնպես էլ այլ երկրներում անբարենպաստ ազդեցություն են թողնում ազգային անվտանգության և ազգային շահերի վրա: Ցեղասպանության ճանաչման պահանջը... դարձել է հատուկ պլանի մի մասն ու միջոցը, որի նպատակն է փոփոխել Թուրքիայի աշխարհագրական և քաղաքական սահմանները։ Այն արշավ է` քանդելու նրա ֆիզիկական ու իրավական հասարակարգը»: Այնուհետև դատավճռում նշվում էր, որ Թուրքիայի Հանրապետությունը գտնվում է «թշնամական դիվանագիտական պաշարման մեջ` բաղկացած Ցեղասպանության բանաձևերից... Այս պահանջի կատարումը գալիք դարերում հարցականի տակ կդնի Թուրքիայի Հանրապետության ինքնիշխանության իրավունքներն այն հողերի հանդեպ, որտեղ, ըստ պնդումների, տեղի են ունեցել այդ իրադարձությունները»:
Միացյալ Նահանգները, ըստ Թաներ Աքչամի, խուսափում է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց` Միջին Արևելքում ազգային անվտանգության միևնույն թյուր մտահոգության պատճառով: Նա նշեց, որ «բարոյականությունը» շատ իրական հարց է, և, որպեսզի realpolitik-ը տարածաշրջանում հաջողության հասնի, տվյալ դեպքում բարոյական արժեքները, մասնավորապես, պատմական մեղքերի ճանաչումը պետք է ընդգրկել ազգային անվտանգության քաղաքականության մեջ... Տարածաշրջանի անապահովության և անկայունության գլխավոր պատճառներից մեկը սեփական պատմության առջև դեմ առ դեմ ազնվորեն կանգնելուց խուսափելն է»:
Աքչամը բացահայտեց, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայի ղեկավարները, այդ թվում` Մուստաֆա Քեմալը, ճանաչել են հայկական ջարդերը և կողմնակից են եղել մեղավորների դատապարտմանը` նպատակ հետապնդելով ձեռք բերել դաշնակիցների աջակցությունը` Օսմանյան Թուրքիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար:
Սակայն Թուրքիայի ղեկավարների այս զույգ հույսերն ի դերև ելան: 1920 թվականի Սևրի պայմանագրով կոչ արվեց մասնատել Օսմանյան կայսրությունը, իսկ Ստամբուլի ռազմադաշտային դատարանն այդ ժամանակ հեռակա կարգով մահվան դատապարտեց Թուրքիայի ազգային ղեկավարությանը, այդ թվում` Մուստաֆա Քեմալին:
Աքչամը նշեց, որ մինչ օրս թուրքական մտածելակերպով ժողովրդավարացումը, խոսքի և մտքի ազատությունը, պատմության (և) անցյալի պատմական սխալների վերաբերյալ բաց ու անկեղծ քննարկումները դիտվում են որպես սպառնալիք` ազգային անվտանգության համար: ՈՒստի նրանք, ովքեր հասարակությանը հրավիրում են մասնակցելու անցյալի բաց քննարկումներին, դավաճանի պիտակ են ստանում և դառնում զրպարտչական հարձակումների թիրախ, նրանց քարշ են տալիս դատարաններ ու գործ հարուցում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` «թրքությանը վիրավորելու» համար:
Աքչամը նախազգուշացրեց Միացյալ Նահանգներին, որ ցանկացած քաղաքականություն, որն «անտեսում է բարոյականությունն ու մոռացության տալիս պատմական մեղքերը, ի վերջո դատապարտված է տապալման»: Նա կարծում է, թե Թուրքիային պետք է հասկացնել, որ «ուրիշներին ահաբեկելն ու սպառնալը միջազգային դերակատարի վարքագիծ չէ: Թուրքիան չի կարող ազգային անվտանգության քողի տակ շարունակ նույն ռեպրեսիվ ներքին քաղաքականությունը վարել սեփական պատմության և փոքրամասնությունների հանդեպ և չի կարող սպառնալ այլ երկրների` 1915-ի մասին իրենց կարծիքն արտահայտելու համար, միևնույն ժամանակ չի կարող հավակնել աշխարհի ժողովրդավարական երկրների շարքում լինելուն: Միացյալ Նահանգների կառավարության կողմից Ցեղասպանության բացահայտ և պաշտոնական ճանաչումը կստիպեր Թուրքիային հասկանալ, որ այլ պետությունների շանտաժի ենթարկելն ու սպառնալը, ինչպես նաև իր իսկ մտավորականների ճնշումն ու հետապնդումը չեն հանգեցնի պատմական և անվտանգության հիմնախնդիրների լուծման»:
Մայիսի 7-ի դասախոսությունից հետո մի փոքր հավաքույթում Աքչամն առաջին անգամ բացահայտեց մի տագնապալի միջադեպ, որը տեղի էր ունեցել 1995 թվականին` Հայոց ցեղասպանության մասին Երևանում իր ելույթից հետո: Վերջին պահին զգուշությունից դրդված նա որոշել էր ներկայացնել նախատեսված ելույթի առավել մեղմ տարբերակը: Վերադառնալով Ստամբուլ` Աքչամն անակնկալի էր եկել, երբ թուրքական ոստիկանությունը նրան հարցուփորձ էր արել` ցույց տալով ելույթի ավելի կոշտ տարբերակը: Իր ելույթի բնագիրը նա հանձնել էր հայ պաշտոնյաներին` Ցեղասպանության խորհրդաժողովի կազմակերպիչներին, և Հայաստանում ինչ-որ մեկը դա հասցրել էր թուրքական իշխանություններին: Դոկտոր Աքչամը կարողացել էր գլուխն ազատել թուրքական հետախուզությունից` ցույց տալով ավելի մեղմ ճառի պատճենը, որն իրականում արտասանել էր:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ