Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ՄԵՐ ՆԵՐՍԻ ԹՇՆԱՄԻՆՀԼՈՒ-ՀՆԱԶԱՆԴ ՔԱՆԴՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՀԻՄՔԵՐԸ»

«ՄԵՐ ՆԵՐՍԻ ԹՇՆԱՄԻՆՀԼՈՒ-ՀՆԱԶԱՆԴ ՔԱՆԴՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՀԻՄՔԵՐԸ»
28.05.2010 | 00:00

Հայտնի է, որ մշակույթի հանդեպ ԶԼՄ-ների ու հասարակության հետաքրքրությունն ուղիղ համեմատական է երկրում տիրող ընդհանուր մթնոլորտին։ Չեն ստեղծվում ոչ միայն իրական արժեքներ, այլև եղածները փորձ չի արվում պահպանել։ Հասարակության անտարբերությունը ևս մեկ անգամ ապացուցվեց երեկ «Իրավունք de facto» ակումբ հրավիրված Մշակույթի հայկական ֆոնդի վարչության նախագահի ասուլիսում։ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԸ եկել էր պատմելու, թե ինչ հակաիրավական ու հակաբարոյական ճանապարհով են ֆոնդից խլել նրա տարածքը։ «Վայրենի գործընթացներով սեփականաշնորհվեցին խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած մշակութային օջախները, գեղարվեստի սրահները և այլն»,- հայտարարեց ակումբի հյուրը` հիշեցնելով 1994-ից ֆոնդի «գլխին եկածը»։ Պուշկինի 26 հասցեում տեղակայված Մշակույթի հայկական ֆոնդը ժամանակին փոխանակվել է «Ծիծեռնակ» ամսագրի աշխատատարածքի հետ, ֆոնդին է տրվել նաև Զաքյան 2 հասցեում գտնվող մեկ այլ շենք, որը հետագայում սեփականաշնորհվել է։ «Դեռ էն գլխից մեր կառավարությունը կատարել է հայ ժողովրդի, հայոց պետականության հանդեպ հակասահմանադրական, հակաիրավական քայլեր։ Ընդունել է որոշում, որը ստեղծագործական միություններին զրկում է ունեցվածքից` տալով դրանք ԽԾԲ «համակարգը» ներկայացնող խնամի-ծանոթ-բարեկամներին»,- փաստեց բանախոսը` ընդգծելով, որ դրանից հետո սկսվել է մտավորականների դեմ պայքարը, ինչը շարունակվում է մինչ այսօր։ Սակայն ֆոնդի հետ կապված ոտնձգություններն այսքանով չեն սահմանափակվել։ 2003-ին կառավարությունը որոշում է Գիտությունների ազգային ակադեմիային հանձնել ֆոնդի ու շենքում գտնվող կազմակերպությունների տարածքը, որպեսզի լեզվի և տնտեսագիտության ինստիտուտները տեղափոխվեն այստեղ։ Այսպիսով, բռնազավթվում են ֆոնդի երկու սենյակները, մյուս չորս սենյակներն էլ, առանց «տերերի» գիտության, տրվում են արդարադատության նախարարության պետռեգիստրին։
«Սա էլ մի յուրատեսակ կաշառք էր։ Եթե արդարադատությունը մեզ չի պաշտպանում ու հատուկ ջանադրությամբ մշակույթի դեմ է պայքարում, ուրեմն Հայաստանում արդարադատությունը մահանում է»,- եզրահանգեց Արևշատ Ավագյանը։ Այս ամենից հետո սկսվել են քաշքշուկների երկարատև շրջանը, Գիտությունների ազգային ակադեմիայի հետ խնդիրների շարքը։ Ակումբի հյուրը, անդրադառնալով ակադեմիայի գործունեությանը, փաստեց. «Սնվում է բյուջեից, բոլոր պայմաններն ունի գիտությամբ զբաղվելու համար, բայց գիտությունը թողած զբաղվում է վաշխառուական գործունեությամբ»։ Գրող-հրապարակախոսը զայրույթով տեղեկացրեց նաև, որ այսօր ԳԱԱ-ն պետական շենքում տեղակայված Մշակույթի հայկական ֆոնդից հարկ է պահանջում։
Իրենց հետ տեղի ունեցած անօրինություններն Արևշատ Ավագյանին հիմք են տալիս ասելու. «Ո՞վ է մեր թշնամին, որը մինչև հիմա աննկատ է մնում։ Առաջին պլանում նյութապաշտությունն է, ընչաքաղցությունը։ Այս ամենի պատճառը մեր ժողովրդի մեջ հայտնված թուրքաբարո ուժն է, որը պայքարում է ազգային ինքնության դեմ։ Մեր ներսի թշնամին հլու-հնազանդ քանդում է մեր երկրի հիմքերը։ Թիրախը մեր մշակույթն է»։
Արևշատ Ավագյանը լրագրողներին իրազեկեց, որ դիմել է վարչապետին, նրա հետ անձամբ զրուցել, և կառավարության ղեկավարը խոստացել է օգնել։ Հիմա նա սպասում է վարչապետի արձագանքին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ