Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Մեր ունեցածից բացի` երկրում որոշակի քանակությամբ բենզին եղել է, ու մարդիկ ասել են` չկա»

«Մեր ունեցածից բացի` երկրում որոշակի քանակությամբ բենզին եղել է, ու մարդիկ ասել են` չկա»
29.08.2008 | 00:00

«ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԹԱՆԿ Է»
Արդեն 20 օր է` վրաց-օսական հակամարտության պատճառով մեր երկրում վառելիքի ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իսկական ճգնաժամ է սկսվել: Առանձին բենզալցակայաններ առհասարակ փակվել են` «վառելիք չկա» մակագրությունը տեղում նախապես կախելով, աշխատող լցակայանների մոտ էլ սարսափելի հերթեր են գոյանում: Չասենք արդեն այն մասին, որ որոշ լուրերի համաձայն` երեկ բենզինի «ստվերային արժեքը» 600-1200 դրամի սահմաններում էր տատանվում: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ ենք զրուցում վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն ՄՈՒՇԵՂ ԷԼՉՅԱՆԻ հետ:
-Պարոն Էլչյան, քանի որ դուք այսօր վառելիք ներկրող հիմնական ընկերությունն եք, ապա շատ ճակատային մի հարց եմ ուզում տալ, ինչը վերլուծելուց հետո նոր կանցնենք առկա վիճակի քննարկմանը: Արդյոք ճի՞շտ է մամուլում քննարկվող այն վարկածը, թե օրական 1200 տոննա բենզին սպառելով և մաքսայինում ընդամենը 500 տոննա ֆիքսելով` մենք իրականում ահռելի ստվեր ունենք, և իշխանությունը, օրինակ, ձեզ գերշահույթներ աշխատելու հնարավորություն է ընձեռում: Նկատի առեք, որ վկայակոչվում է 1996-ի օրինակը, երբ 3 անգամ քիչ մեքենա կար երկրում, բայց համարյա 3 անգամ էլ ավելի շատ բենզին էր ներկրվում…
-Ես տեղյակ եմ այդ վարկածին, բայց Ձեզ պես միանգամից էլ պիտի ասեմ, որ դա աբսուրդ է: Ճիշտ է` 1996-97-ին ավելի շատ բենզին էր ներկրվում Հայաստան, բայց ոչ ոք հաշվի չի առնում, թե այն ժամանակ քանի գազալցակայան կար` 2 կամ 3, հիմա ինչքան` մոտ 102-ը, եթե չեմ սխալվում: Ոչ ոք նաև չի հաշվում, թե, ի տարբերություն 1996-97-ի, ինչքան դիզվառելիք է հիմա ծախսվում: Վիճակագրություն ունենք, չէ՞, թող թվերը բացեն-գան քննարկենք-ապացուցենք: Մաքսիմում 20-30000 տոննայի տարբերություն կգտնեն, ինչը 10-15% կկազմի ու գազի, դիզվառելիքի ծախսով կլրացվի: Չկա նման բան։ Եվ հետո` բենզինը տրանզիտ ապրանք է ու մինչև հիմա միայն Վրաստանով է եկել. թող գնան տեսնեն, թե ինչ քանակ է մտել Հայաստան, որովհետև վրացիներն էլ իրենց տրանզիտ ապրանքի քանակն ու դրանից ստացված եկամուտների թվերն են միշտ հրապարակում: Դե, թող գնան, տեսնեն` մի գրամ բենզին կարո՞ղ է Հայաստան մտնել առանց ֆիքսվելու…
-Եվս մի «անդուր» հարց: Ինչքանո՞վ է հնարավոր, որ գուցե առանց Ձեր գիտության, բայց հենց ձեր լցակայաններն են բենզինի արհեստական ճգնաժամի ու «ստվերային գնի» պատճառ դառնում: Ինչու եմ այսպես ասում` պարզ է. կառավարությունը հայտարարում է, թե բենզինի ճգնաժամ չկա երկրում` մեկ, դուք եք հիմնական ներկրողը` երկու…
-Բացառվում է, որ մեզ մոտ նման բան լինի, որովհետև դա շատ հեշտ է վերահսկել. եթե մենք միայն կտրոններով ու «ԱրՔա» պլաստիկ քարտերով ենք բենզին վաճառում, եթե կանխիկ փող առհասարակ չի շրջանառվում այս պահին մեր լցակայաններում, ո՞նց կարող է այդպիսի բան լինել: Ինչ է, մենք չգիտե՞նք, թե տվյալ բենզալցակայանին այդ օրն ինչքան բենզին ենք մատակարարել. ո՞նց կարող է աշխատողն ինքնագլուխ տակից թանկ գնով բենզին վաճառած լինել, ու դա օրական հաշվետվության մեջ չերևա, բա էդ փողն ո՞ւր է գնում. տանում են իրենց տնե՞րը: Անհնար բան եք ասում:
-Իսկ ի՞նչ են անում նրանք, ովքեր ոչ վճարային քարտ ունեն, ոչ կտրոն:
-Նրանց համար էլ գտանք ելքը, ովքեր կտրոն չունեին ու գնում խեղճացած կանգնում էին բենզալցակայանների մոտ։ Դուք քիչ առաջ մեր գրասենյակ մտնելիս տեսաք, չէ՞, ինչքան մարդ կար այնտեղ հավաքված: Նրանք բոլորը, ի դեպ, սովորական անհատներ են, ու մենք հիմա նրանց էլ ենք կտրոններ վաճառում: Որպեսզի մարդկանց գործը հեշտանա` նաև համաձայնել ենք, ասել ենք` 4-5 հոգով միացեք, մեկը թող հերթ կանգնի, գնա 200 լիտր բենզինն առնի-բերի` բաժանեք իրար մեջ: Բա ի՞նչ անենք. չենք կարող թույլ տալ, որ լցակայաններում չարաշահումներ լինեն, չենք կարող մեկին սպասարկել, մյուսին` ոչ: Այն, որ «Ֆլեշն» ասում էր, «Բարի համբավը մեզ համար ամեն ինչից թանկ է», հո հենց այնպե՞ս չէր ասում: Ես նորից եմ կրկնում` ոչ մի չարաշահում չի եղել, ու թող մեկն ասի, որ «Ֆլեշում» մի կոպեկ ավել փող է տվել: Իսկ նրանք, ովքեր մեր մասին լուրեր են տարածում, ընդամենը մեզ վարկաբեկելու խնդիր են դնում, ինչը չեն կարող: Ես հասկանում եմ, իհարկե, թե որոշ լուրեր ոնց կարող են «գալ-տեղ հասնել», բայց այդ մարդկանց խորհուրդ կտայի այստեղ-այնտեղ խոսելու փոխարեն գործ անեն, աշխատեն ու իրենց ասելիքն էլ փաստարկված շարադրեն: Օրինակ, նկատի առեք, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ միայն մենք ենք թերթերին մեկնաբանություններ տալիս, այդ թվում` ընդդիմադիր թերթերին, դրա հետ էլ միասին գործ ենք անում: Երեկ գիշեր 12 վագոն բենզին ենք բերել, այսօր առավոտ արդեն չկա…
-Այսօր Հայաստանի Հանրապետությունում օրական ինչքա՞ն բենզին է սպառվում և ինչքա՞ն է ներկրվել, որ ճգնաժամ է առաջացել…
-Հնարավոր չէ ասել: Այս սեզոնին, օրինակ, Հայաստանում օրական սպառվում է մոտավորապես 450-600 տոննա բենզին, իսկ ձմռանը կամ գարնան սկզբին` ավելի քիչ` հասնում է մինչև 350 տոննայի: Եթե օրական կտրվածքով փորձենք ներկայացնել, երևի մի 500 տոննայի մասին կարող է խոսք լինել, ինչը դժվարությամբ, բայց համարյա ապահովվել է այս ընթացքում , և որոշակիորեն խուճապն է իր գործն արել… Ես ուրիշ բան ասեմ. եթե մինչև հիմա բենզինը 100%-ով գալիս էր Վրաստանով, մենք այժմ ուզում ենք Թուրքմենստանից էլ բենզին բերել Իրանի տարածքով և արդեն դիզվառելիք ենք ներկրել…
-Պարոն Էլչյան, կներեք, ընդհատում եմ, բայց օրերս ՀՀ բեռնափոխադրողների ասոցիացիայում պնդում էին, թե Իրանով շատ թանկ է ստացվելու բեռնափոխադրումը:
-Իհարկե, եթե մեկ-երկու պարտիա բերես, թանկ է լինելու: Բայց եթե որոշակի քանակություն կանոնավոր կերպով այդ ճանապարհով պետք է բերվի, նաև եթե պետությունն իր անելիքն անի, կարծում եմ` իրենք ավելի ռեալ գներ կառաջարկեն, ավելի լավ սխեմաներ կմշակեն: Պարզ է, որ արագ-միանգամյա տեղափոխումը միշտ էլ լրացուցիչ ծախսեր է առաջացնում, բայց էլի եմ ասում՝ լավ աշխատելու դեպքում Իրանի գները բավականին կարող են մոտենալ Փոթիի կամ Բաթումի գներին: Ես վառելիքի մասով եմ, իհարկե, ասում։ Նաև համոզված եմ, եթե անգամ մի քանի դոլար էլ թանկ նստի, միևնույն է, որոշակի քանակ միշտ այդ կողմով պետք է բերենք, որովհետև դա ալտերնատիվ ճանապարհ է: Առաջին հայացքից ասածս աբսուրդ կթվա, բայց պետությունն անգամ ներկրողներին պիտի ստիպի, որ նույնիսկ մի քիչ թանկ ստացվելու դեպքում էլ Իրան-Հայաստան ճանապարհը մշտապես գործի, որ այն կողմում էլ միշտ պայմանավորվածություններ, պարտնյորներ լինեն, ու անհրաժեշտության դեպքում այդ ճանապարհի թողունակությունը կտրուկ ավելացվի:
-Շատ կարևոր հարց բարձրացնելով հանդերձ` Դուք մասամբ պատասխանեցիք իմ հարցին, պարոն Էլչյան: Այս պահին դուք Իրանով արդեն իսկ դիզվառելիք եք ներկրել, պատրաստվում եք նաև բենզին ներկրել Թուրքմենստանից և արդեն պատվիրել եք ապրանքը: Վրաստանի համեմատությամբ որքա՞ն ավելի թանկ ստացվեց այդ տեղափոխումը…
-Մենք առայժմ փաստորեն մի գործարք ենք արել ու չենք կարող ասել, թե, այ, գինն այսքան է ու սրանից հետո չի փոխվելու: Եվ հետո` աշխատող մարդը միշտ էլ ելք է գտնում: Մենք, օրինակ, պարտնյորներ գտանք Իրանում, ովքեր մեզ ավելի մոտիկ Ջուլֆայում վառելիք ունեին, դա մեզ տվին, հետո երբ մեր բեռը մտնի Իրան` իրենք փոխարենը դա կվերցնեն: Լավ կլիներ, իհարկե, եթե տրանզիտ բենզին էլ գտնեինք, այս վիճակը չստեղծվեր, բայց ուզում եմ ասել, որ ելք միշտ էլ կա` աշխատել է պետք, շփվել է պետք և՛ պետության, և՛ մասնավոր պարտնյորի հետ. այդպես չէ, որ ասես` թանկ է, ու ձեռքերդ ծալած նստես:
-Այնուամենայնիվ, որպեսզի ընթերցողի համար վիճակն ամբողջությամբ պարզ լինի, կարո՞ղ ենք փուլերի բաժանել անցած 20 օրերը և ժամանակագրության մեջ հասկանալ, թե և՛ պատերազմի ընթացքում, և՛ հրադադարից հետո, և՛ այսօր ինչ իրավիճակ ունենք հայ-վրացական բեռնափոխադրումների հետ կապված: Բնականաբար, տվյալ դեպքում նկատի ունեմ վառելիքի ներկրումը, պիտի խնդրեմ նաև, որ վրացական պահվածքը դիտարկեք, որովհետև տեղեկություններ կան, որ առանձին վրաց պաշտոնյաներ իրենց շատ վատ են պահել այս ընթացքում…
-Մենք թաքցնելու բան չունենք, և պարզ եմ ասում, որ մեր ինֆորմացիայի համաձայն էլ` այս ամբողջ ընթացքում վրացական որոշակի կառույցներ ու չինովնիկներ ուղղակի խոչընդոտեցին մեր աշխատանքը: Մի դեպքում ասացին` չեք կարող վառելիք տանել, որովհետև անվտանգ չէ, մյուս դեպքում ոչ մի բացատրություն չտվեցին` օրերով կանգնեցրին վագոնները, մեկ այլ դեպքում՝ փաստաթղթերի հետ կապված ձգձգումներ արեցին…Չէ, ես հասկանում եմ, որ բենզինը տեղով «ռումբ է», ու անվտանգ բան չէ դրա տեղափոխումը: Բայց դա չի նշանակում, որ իրենք էլ իրենց հերթին պիտի խնդիրներ առաջացնեին մեզ համար մաքսատներով ու տարբեր կառույցներով: Մանավանդ որ շատ բաներ առանց այդ էլ տարօրինակ ձևով կատարվեցին…
-Գոնե մի օրինակ կբերե՞ք…
-Ես չէի ուզենա այս թեմայով շատ ծավալվել, բայց, օրինակ, Գորիի կամրջի պայթեցումը մեր մեջ շատ հարցեր է առաջացրել: Իրենք դա ռուսների «վրա գցեցին», իբր` նրանք են պայթեցրել, բայց որ նայում ես, թե ինչ «գեղարվեստորեն է գործն արվել», ու կամուրջն ինչ արագ վերականգնվեց, մի տեսակ հավատդ չի գալիս… Ի միջի այլոց, մասնագետներն էլ որ նայեցին, շշմել էին. ասացին` ռուսները որ տրաքացնեին, էնպես կանեին, որ դա երկար ժամանակ ու դժվարությամբ վերականգնվեր, էս ի՜նչ «սիրուն գործ են արել սրանք»… Բայց դրա մասին շատ չխոսենք. հիմա քաղաքական խառը վիճակ է. ով ոնց ասես, կմեկնաբանի…
-Լավ, չխոսենք, թեպետ հասկանալի է, որ վրացիներից «մի քիչ» նեղացած եք… Անցնենք մեր ժամանակագրությանը նորից…
-Դե, առաջին հինգ օրը պատերազմ էր. բոլորս էլ նայում էինք, թե ինչ է տեղի ունենում ու, բնականաբար, ուզում էինք, որ վիճակն արագ կարգավորվի: Բայց էստեղ վառելիքի մասով դեռ կայուն էր` պաշարներ կային: Հետո արդեն, 10-րդ օրը մոտավորապես, աժիոտաժ սկսվեց, մենք 500 տոննա բենզին ունեինք ճանապարհին, ամսի 12-ին տեղ հասավ, մի կերպ դրա դեմն առանք, որոշակի կայունացում գնաց: Հետո երբ հասկացանք` վիճակը կարող է երկար ձգվել, մասնավորի համար էլ խոչընդոտներ առաջացան, արդեն օպերատիվ շտաբ կազմվեց, որ շարասյունով բենզին բերենք: Այդ ժամանակ երբ շտաբում հարցրին` ով ինչքան պաշար ունի, բոլորն ասացին` համարյա բան չունենք: Միայն մենք կանգնեցինք, ռեալ ասացինք, որ էսքան պաշար ունենք, էսքան կձգենք: Հիմա ես մեզ չեմ գովազդում, բայց մի հարց եմ ուզում տալ՝ բա եթե բենզին չունեիք, էս 20 օրն էլ չներկրեցիք (փաստորեն, մեզ համար վտանգավոր չէր, իրենց համար էր շա՜տ վտանգավոր…), էդ ո՞նց եք ձգել մինչև հիմա, ինչի՞ հաշվին, ի՞նչ բենզին եք վաճառում, եթե ձեր լցակայանները բոլորը փակ չեն…Կամ` մեղք չեմ ուզում վերցնել վրաս, բայց հարց է առաջանում՝ էդ որ լուրեր են պտտվում «Ֆլեշի»՝ թանկ բենզին վաճառելու մասին, ի՞նչ աղբյուրներից են դրանք գալիս… Բա, իհարկե, եթե այս ընթացքում միայն մենք չենք քնել, մենք ենք չարչարվել, մենք ենք աշխատել, թող էլ ոչ ոք չասի, թե «Ֆլեշը» մոնոպոլիստ է: Թող ասեն` խնդիր առաջացավ ու էդ խնդիրը լուծվեց էդ մարդկանց միջոցով: Բա ի՞նչ եք կարծում` 10 000 տոննա բենզին է վաճառվել էս 20 օրերին Հայաստանում. որտեղի՞ց այդ բենզինը, եթե միայն մենք ենք ներկրել 1500-2000 տոննայի չափով, մեր պաշարներն էլ լրիվ զրոյականի ենք հասցրել…
-Պարզ է: Չնայած դրա մասին ուղղակի չասացիք, բայց հասկանալի է, որ այս ոլորտում ձեր պարտնյորները նույնիսկ օպերատիվ շտաբին են խաբել, թե պաշարներ չունեն, էս ընթացքում հանգիստ նստել-սպասել են, ձեռի հետ էլ իրենց թաքցրած բենզինը վաճառել, բայց փոխարենը «իշխանությունների մենատնտեսի համբավ ունեցող ձեր գլխին է կուժն ու կուլան ջարդվել»։
-Ես չեմ ուզում ավելորդ մեկնաբանություններ անել, բայց փաստ է, որ, մեր ունեցածից բացի, երկրում որոշակի քանակությամբ բենզին եղել է, ու մարդիկ ասել են` չկա: Իսկ երբ մեզ ասում են` մոնոպոլիստ եք, ես, իրոք, զայրանում եմ, որովհետև այն ժամանակ, երբ մենք արյուն-քրտինք էինք թափում, ենթակառուցվածքներ` պահեստավորումից մինչև լցակայաններ և շատուշատ այլ բաներ ստեղծում, ուրիշները ռեստորաններից տուն ու գրասենյակ չէին գնում: Թող ասեն, որ սովետի էդ ահռելի ինֆրաստրուկտուրայից գոնե մի բան մենք վերցրել ենք, որը փոշիացվեց կամ՝ թող ասեն, որ գոնե մի պահեստ սեփականաշնորհել ենք: Բայց թող գան տեսնեն, թե ինչ ենք ստեղծել, ինչի հասել, ինչ վիճակ է երկրում, ոնց ենք մենք աշխատում, նոր խոսեն: Բենզինը մի բան է, որ չես կարող բերել ու խանութում կամ տոնավաճառում շաքարավազի նման կիլոյով ծախել: Դրա համար ռեալ-աշխատող ենթակառուցվածք է պետք, ներդրումներ են պետք, և ուզես-չուզես, եթե դա մեկն անում է, խոշորացում է գնում: Բոլոր երկրներում էլ այդպես է. մի 3-4 ֆիրմա է աշխատում, որովհետև լիտրով վառելիք բերելն իրեն չի արդարացնում. նավով պիտի բերես, ահագին աշխատակազմ պիտի ունենաս, անվտանգություն պիտի ապահովես, 1000 բան պիտի անես…Թե չէ` հո ասելո՞վ չէ… Ես ուրիշ բան փաստեմ. մենք, օրինակ, մեր պետությունից էլ ենք «նեղված»: Լավ, ինչո՞ւ պիտի ինքն իր պահուստները չունենար: Հասկացանք` էդքան հարուստ չէ, որ ինքը ներկրեր, թեկուզ թող մեզ պարտադրեր, ասեր` ամեն անգամ բոլորդ բերում եք որոշակի քանակությամբ մեր պահեստներում վառելիք եք ամբարում, որ արտակարգ իրավիճակներում մենք մեր բանակի հոգսը հոգանք, մնացած պետական կարիքները հոգանք, հենց ձեզ տանք, ասենք` նորից տարեք ձեր լցակայանները, ճգնաժամը հարթեք: Ինչո՞ւ չեն արել, ի՞նչ են մտածում, էդ լրիվ հաշվել է պետք …
-Պարոն Էլչյան, փորձենք հստակեցնել. «հիվանդը բուժվո՞ղ հիվանդ է», ի՞նչ քանակություն ունեք ճանապարհին, ի՞նչ ակնկալիքներ` բացի թուրքմենական բենզինից:
-Թուրքմենական բենզինի մասին ասացի արդեն. այն տեղ կհասնի 2 շաբաթվա ընթացքում: Այս պահին Բաթումում 12 վագոն բենզին ունենք. վաղն արդեն սահմանի վրա կլինի, մյուս օրը` Երևանում, նորից շատ արագ շուկա կհանենք: Տեղեկություն ունենք նաև, որ մեկ այլ ներկրող` CPS-ը, տեղից շարժվել է. Փոթիում նավ կա ու 2500 տոննա բենզին էլ նա ունի այնտեղ, որ պիտի Հայաստան տեղափոխի: Մի խոսքով` հա, «հիվանդը արագ բուժվող հիվանդ է», եթե, իհարկե, Աստված չանի, մի ուրիշ բան լինի, որ մենք չէինք կանխատեսել…
Զրույցը վարեց Գոհար ՍԻՄՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3638

Մեկնաբանություններ