Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Խաղադրույքները դրված են, պարոնա’յք, պտտե’ք ռուլետկան

Խաղադրույքները դրված են, պարոնա’յք, պտտե’ք ռուլետկան
14.10.2008 | 00:00

Дожить бы до утра
Գրողը տանի, չենք էլ հասցնում արձանագրել իրերի ընթացքը, որում հայտնվել է ղարաբաղյան գործընթացը. գլխապտույտ արագությամբ է ամեն բան տեղի ունենում: Այսպիսով, հայկական կողմը հնչեցրեց միտք, որն, ի վերջո, հասկանալի դարձրեց «վեճի» առարկան՝
ա) իսկապես, հեռու չէ որևէ, անվանենք պայմանական՝ «շրջանակային» համաձայնագրի ստորագրումը:
բ) Հայկական կողմին տրվել է պարզունակ հնարավորություն՝ երգով նահանջ ապահովելու համար: Չնայած ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի բիշքեկյան հայտարարությունը՝ «Եվ եթե հնչում են կարծիքներ, որ առանցքային հարցերը լուծված են, ապա կարելի է եզրակացնել (կարելի է և չեզրակացնել- հեղ.), որ հենց այդ հարցերի (ԼՂ կարգավիճակի հանրաքվեի անցկացման մասին է խոսքը- հեղ.) շուրջ փոխըմբռնում կա», հնարավոր է մեկնաբանել հազար կողմից:
Բայց անցել են ժամանակները, երբ ինքնաթիռի «համապատասխան» դռան վրա գրված «օկուպացիոն» բառն ընդամենը նշանակում էր՝ զբաղված է և ոչ ավելի: Բառախաղի ժամանակ միջազգային հանրությունն այլևս չունի, և ռեզերվային հնարավորություն է տրվել կողմերին՝ սեփական հանրություններին պատրաստել սպասվող ստորագրումին: Եվ քանի որ իրական զիջումները կատարում է Հայաստանը, պետք էր սկսել հենց նրանից՝ թույլ տալով վերջինիս կատարել հրաշափառ ավետիսը. բա չեք ասի՝ կարգավիճակը ճշտել ենք, հանրաքվեն Ղարաբաղում անց է կացվելու: «Սատանայի» մասին ոչ մի խոսք. ե՞րբ է անցկացվելու, ո՞ր տարածքներում, փախստականներն ի՞նչ համամասնությամբ են վերադառնալու «տարածք», ի՞նչ իրավական նորմեր են գործելու…
Այսպիսով, ղարաբաղյան հիմնախնդիրն իր երկար ու բարդ ճամփին հայտնվել է մի շրջափուլում, երբ իսկապես տեղից շարժվելը (բնականաբար, ամեն անցնող օրվա ընթացքում խնդրի լուծումը եղել է ոչ հայանպաստ, ինչը մեկընդմիշտ ֆիքսել է հայոց ամենապրագմատիկ առաջնորդ Տեր-Պետրոսյանը՝ դեռ 1997-ին) դարձել է բավականին ռեալ: Շատ պարզ պատճառով. որքան էլ ժամանակակից աշխարհը դառնում է վիրտուալ-ինովացիոն, ուր ֆիզիկական սահմանների վերաձևումը կարող է համարվել «дурной тон», որովհետև համակարգչային մեկ կոճակի սեղմումով կարելի է հազար ու մի հարց կարգավորել աշխարհում կամ շարքից հանել աշխարհը, տարածքների վերաձևման հարցում գերտերությունների մենթալ պլանը նույնն է մնացել բոլոր դարերում:
Նրանք այսօր շտապում են: ՈՒ շատ են շտապում:
Որպես ինֆրաստրուկտուրա, որպես անռեսուրս երկիր՝ Հայաստանն իրենից առանձնապես բան չի ներկայացրել, ինչքան էլ ցավալի է այս ֆիքսումը: Հայաստանը, պայմանականորեն ասած, «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրում «պակետը», որ ունեցել է, ղարաբաղյան «ազատագրված տարածքներն» են, մի քիչ էլ՝ տրանզիտ լինելու հնարավորությունը:
Իսկ իրականում Հայաստանի ողջ հմայքն այն է, որ նա հարևան է Իրանին: Այն Իրանին, որն ընդերքում ունի էներգետիկ հումք ու՝ շատ մեծ հումք: Էներգետիկ վերաբաշխման ենթարկվող աշխարհն արդեն վաղուց՝ «դե արի մոտս, վա՜խ, քո ցավը տանեմ» գրեթե ռաբիս տարբերակով «մոտենում» է բարդ, չտրվող, նույն գերտերություններին համարժեք պատասխանի պատրաստ Իրանին:
ՈՒ հիմա մենք չենք հրաժարվում երբևէ հնչեցրած մտքից, որ, բոլոր դեպքերում, գերնպատակը՝ թե Իրաք ներխուժելու (չմոռանանք, որ ներքին շերտում Ռուսաստանը տվեց Իրաքը), թե օսա-աբխազա-ղարաբաղյան այսօրվա զարգացումների, Իրանն է:
Համաշխարհային «դոկտրինը», իսկ իրականում` ամերիկյանը, Իրանը ներսից «շարժելուն» զուգընթաց, անվերջ փորձել է «մոտիկ-մոտիկ» անել Իրանին բոլոր ուղղություններով, հատկապես ղարաբաղյան գրավյալ տարածքների, որոնք հիմնովին համապատասխանում են ամերիկյան «հետաքրքրություններին»: Ու հիմա մեծ բազար է գերտերությունների միջև Իրանի հաշվով. բարիշել են նրանք այդ հարցում, թե ոչ, չենք կարող ասել, բայց այն արագությունը, որով ձեռնամուխ են եղել տարածաշրջանը մեջ-մեջ անելու գործընթացին, որոշակի եզրակացություններ անելու մեծ դաշտ է տալիս:
Ի՞նչ է մնում Հայաստանին: Ասել ենք.
ա) հույս փայփայել, որ շահերի բախումը հնարավորություն չի տա ստորագրել «ռամըչնին», ստատուս-քվոն էլի կերկարի՝ հնարավորություն տալով գերտերությունների փափուկ ձեռի «օգնությամբ» մարտի մեկով փառահեղորեն թուլացված աթոռի գոյությունը պահպանել այնքան, մինչև գերտերությունների գլխում իդեաների նոր գեներացիա տեղի կունենա: Հայոց բազմաչարչար իշխանությունների համար սա որպես՝ «հափի էնդ»:
բ) Ստորագրում է Ս. Սարգսյանը «ռամըչնին», և գերտերություններն անում են ամեն ինչ, որ նա, ասենք, ինչպես խոստացել էին Քոչարյանին, ստանա եկող տարվա խաղաղության Նոբելյան մրցանակը (մի ժպտացեք՝ յուրաքանչյուր տեսակետ գոյության իրավունք ունի): Եվ կամ` նույն տերություններն անում են ամեն բան, որ Ս. Սարգսյանը պահի-պահպանի իր սիրասուն աթոռը. բացում են հայ-թուրքական սահմանը, Նաբուկոն, Բաքու-Ջեյհանը Հայաստանով են անցկացնում, միջուկային հզոր երկիր են սարքում Հայաստանը՝ երկրորդ, է՛լ ավելի հզոր ատոմակայանի բացմամբ …
Սա (աթոռը պահպանելու մասին է խոսքը) երբեք չի կարող լինել, որովհետև չի կարող լինել երբեք այն աքսիոմատիկ պատճառով, որ՝ արեցիր գործդ, ցտեսություն, սեր իմ, թախիծ իմ, Սերժ իմ:
Արագացող վիբրացիաների ժամանակակից աշխարհը մանրուքների ժամանակ չունի. տե՛ս Սաակաշվիլու օրինակը. նույն արևմտյան հանրությունը ոչ միայն չօգնեց նրան հնգօրյա բլիցկրիգի ընթացքում, այլև այս պահին նրան փոխանորդ է պատրաստում՝ ավելի ստաբիլ, կանխատեսելի տիկին Նինո Բուրջանաձեին:
գ) Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս (հազար պատճառով), և Ղարաբաղյան գործընթացը կանգ է գրանցում՝ ժամանակ շահելով. նորից հիշենք՝ ժամանակը երբեք մեր օգտին ոչինչ չգրանցեց:
Ահա լոկ այս երրորդ տարբերակի շուրջ են մեզանում ընթանում զարգացումները: Գոնե ներքին մակարդակում: Հրաժարականի սպասման օրգիան պատել է բոլորին: Արտաքին աշխարհն էլ համապատասխանաբար հայաստանյան կադրային իր ռեզերվն է կարգի բերում:
Ընդդիմություն: Այս թեմային անդրադառնալու ենք առանձին:
Իշխանական մակարդակ: Այստեղ խաղը խիստ պոլյուսային է: Ինչպես միշտ: Էն օրը, երբ Հայաստանում չէին ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը, Քոչարյանը «կապել» իր «դրես-կոդը» («վիզկապը»)` գնացել էր օպերա՝ Երևանի տոնին: «Հայլուրը» դիտելիս մի պահ թվաց, թե հեղաշրջում է տեղի ունեցել Հայաստանում. կանգնած էին Ռոբերտ Քոչարյանը՝ յուր Բելլա տիկնոջով, Հովիկ Աբրահամյանն էր, Արմեն Գևորգյանը…
Ասենք միանգամից և կարճ. ռուսական պոլյուսն ի դեմ Քոչարյանի մտահոգվելու կարիք չունի: Ավելին, վերջինիս համար միշտ էլ նախընտրելի է եղել Քոչարյանը՝ յուր ռուսամետության բոլոր ելևէջներով:
Քոչարյանը սպասում է։ Նա միակն է, որ այս խաղում շահում ու շահում է, եթե Ս. Սարգսյանը ստորագրեց՝ լավ, ինքն էլ կստանձնի այդ պատասխանատվությունը, Քոչարյանը կմնա մաքուր, առժամանակ հետո Ռուսաստանը կասի Սերժին (կամ մեկ ուրիշին)՝ Քոչարյանը պետք է վերադառնա: ՈՒ նա կվերադառնա: Սա է պատճառը, որ անհամբեր, ականջաքաշ, «կլիզմասեր» Քոչարյանը համբերում է՝ համը հանելով այնքանով, որքանով իրեն թույլ են տալիս, հընթացս էլ լուր սփռելով, թե մի տարի «սուս տի կենալ»:
Եթե Սերժ Սարգսյանը չի ստորագրում ու հրաժարական է տալիս: Ընդհանրապես «կա՜յֆ» Քոչարյանի համար. նա մեկ անգամ չէ, որ «ամուսնացած» է եղել հրաժարականների «ֆոնին» ու լավ գիտի այդ «լազաթը»:
Արևմտյան վեկտոր: Այստեղ նոր միտումներ են նկատվում: Չնայած, որպես փակ կարմա, դեռ նախորդ տարի այն արդեն ակնառու էր:
Խոսքն այս օրերին վեցամսյակը չլրացրած, ԱՄՆ խոշոր տուրնեի մեկնած վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է: Այո, «не было бы счастья, да несчастье помогло»: Չնայած նույն վեցամսյան չլրացած՝ նման մի տուրնե ունեցավ նաև վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ Ալ Գորով, Մադլեն Օլբրայթով հանդերձ:
Բայց սա այն դեպքը չէ: Մի խոսքով, ձևով ՀԲ-ի և ԱՄՀ-ի տարեկան ժողովներին, բովանդակությամբ՝ ԱՄՆ-ի իսթեբլիշմենթին, Դիք Չեյնիին, գեղեցկուհի Քոնդիին հանդիպելու համար ԱՄՆ մեկնած՝ այնտեղ իր այցեքարտը թողնելու հրավիրված Տիգրան Սարգսյանը հետաքրքիր պարտիա կարող է դառնալ առաջիկա զարգացումներում:
Մի շտապեք ասել՝ դե լավ էլի, թիմ չունի, հազար «այիբ» ունի, Տեր-Պետրոսյանն է դեմը: Քոչարյանն էլ: Նախ` միք մոռանա, որ նա սանկտպետերբուրգյան «շրջանակներից» է, ինչպես Տեր-Պետրոսյանը (հետո էլ՝ չի իմացվի, թե ինչպես իրեն կպահի այդ դեպքում մշտապես խելամիտ, շատ գրագետ որոշումներ կայացնող Տեր-Պետրոսյանը, որը նաև ահավոր անկանխատեսելի ու հետաքրքիր «իգրոկ» է՝ մասնավորապես շրջադարձային խաղերի պարագայում):
Եվ ապա, եկեք չմոռանանք ու նկատենք, որ Տիգրան Սարգսյանի թիկունքում ուրվագծվում է մի ֆիգուր, որը նաև Սերժ Սարգսյանին է ահավոր օգնել՝ վերջինիս արևմտյան բոլոր կարգի ձեռքբերումներում: Այո, ոչ անհայտ, մեզանում անգլո-սաքսոնական ճակատը «պահող» երբեմնի վարչապետ, ոչ անհայտ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի մասին է խոսքը, որն այսօր այնպիսի դիրք ունի էներգետիկ հետաքրքրություններից տրոփող աշխարհում, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել. հիշենք, որ վերջինս նույնքան ընդունված է նաև ռուսական իսթեբլիշմենթի կողմից: Նկատենք, որ Նաբուկոն Հայաստանով անցնելու նախագիծն ասպարեզ մտավ Չեյնիի՝ Ադրբեջան կատարած այցի, ինչպես նաև էներգետիկ այլ շահագրգիռների (իսկ ինչու ոչ, ասենք, նույն Ա. Սարգսյանի) լոբբինգի արդյունքում:
Այս և Տիգրան Սարգսյանի մասին խոսակցությունը մենք դեռ կշարունակենք:
Այսօրվա համար՝ այսքանը: Հիշեցմամբ. ղարաբաղյան խնդիրը եղել ու մնում է անչափ նուրբ ոչ միայն տարածաշրջանի զարգացման, է՛լ ավելի նուրբ՝ հայոց աթոռների պահպանման և ռուլետկաների առումով...
Մանավանդ, եթե վերջինս «գուսարսկայա» է… Մնում է՝ «дожить бы до утра»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2939

Մեկնաբանություններ