Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ
02.07.2010 | 00:00

Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններն ու ոճը, չնայած Ջորջ Բուշի քաղաքականությունից եղած բազմաթիվ դժգոհություններին, Ռուսաստանին հույս են ներշնչում աշխարհում նոր դիրքեր գրավելու անգամ այսքան բարդ տնտեսական պայմաններում։ Այնպիսի հարցերի լուծումը, ինչպիսիք են ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ առաջին պայմանագիրը, ԵԱՀԿ-ի բարեփոխումը կամ Եվրոպայի անվտանգության նոր կանոնների ընդունումը, սովորական սպառազինությունների սահմանափակման խնդիրների լուծումը և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) վերանայումը, կարող է հնարավորություն տալ վերանայելու նաև Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, ամենից առաջ ուժեղացնելու նրա դիրքերը նախկին խորհրդային տարածքում, որը Ռուսաստանը համարում է «իր ռազմավարական շահերի գոտի»։ Մինչև այդ հարցերի լուծումը դեռ շատ ժամանակ կա, և Մոսկվայում ջանում են տարածաշրջաններում նոր դիրքերի ձեռքբերումն օգտագործել որպես արևմտյան ընկերակցության վրա ճնշում գործադրելու միջոց` նպատակ ունենալով լուծելու համաշխարհային քաղաքականության արմատական խնդիրներ։
Համընդհանուր և տարածաշրջանային քաղաքականության ոչ մի ուղղությունում Ռուսաստանը չի գտել բավականաչափ հետևողական և հուսալի գործընկերներ։ ԱՄՆ-ը խիստ շահագրգռված է, ի դեմս Ռուսաստանի, ունենալու ոչ միայն բարյացակամ դիտորդ, այլև հուսալի գործընկեր` աֆղանական, ավելի ճիշտ աֆղանա-պակիստանյան խնդրի կարգավորման գործում, որը կարող է լուծվել բացառապես առաջատար պետությունների համընդհանուր զուգակշռության պայմաններում։ Այս ամենը հույս է ներշնչում, որ ԱՄՆ-ը կարող է զիջումների գնալ Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում, բայց այդ պայմանավորվածություններին հասնելու համար դեռ պետք է բանակցությունների ու բանավեճերի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, արդեն ոչ թե երկկողմ հիմքի վրա, այլ Եվրամիության մասնակցությամբ։ Պարզվում է, Ռուսաստանին ԱՄՆ-ի հնարավոր զիջումների գլխավոր փաստարկը, այդ թվում` տարածաշրջանային խնդիրներին առնչվող, չինական ազդեցության ծավալման խնդիրն է, որի առնչությամբ Ռուսաստանը պետք է ցուցադրի իր «բարեհաճությունը» ԱՄՆ-ի ու Արևմուտքի նկատմամբ, ինչը կնշանակեր մասնակցել խնդրի լուծմանը` առանց Չինաստանի։
Մոսկվան չի կարող չհասկանալ, որ եթե ԱՄՆ-ը սկզբունքորեն չի էլ սկսել նահանջել Սև ծով-Կովկասյան տարածաշրջանից, ապա նկատելիորեն փոխել է իր քաղաքականության ձևաչափը, իմաստային գործոններն ու քաղաքական ներկայությունը տարածաշրջանում։ Միանգամայն հասկանալի է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ տարածաշրջանը «հանձնել» ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային և շարունակում է նախանձախնդրորեն վերաբերվել Եվրամիության փորձերին` ուժեղացնելու իր ազդեցությունը Կովկասում, բայց չի էլ ձգտում առաջադրել նախկին կոշտ մարտահրավերները։ Դա հիմա ամենևին պետք չէ Վաշինգտոնին, նրա աշխարհաքաղաքական առաջնային խնդիրները կենտրոնացած են այլ տարածաշրջաններում։ Ամերիկացիներն ինչ-որ չափով շերտավորել են աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական խնդիրները Կովկասում և համապատասխանաբար բաժանել անելիքներն ու պատասխանատվությունն այդ խնդիրների գծով։
Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը չի կարող սպասել իրադարձությունների փոփոխմանը Կովկասում` փորձության ենթարկելով Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումից հետո միջազգային ասպարեզում սասանված իր դիրքերը։ Թեև առաջատար եվրոպական պետությունները, փաստորեն, «վերակենդանացրին» Ռուսաստանը, բայց հենց եվրոպացիներն են օգտվում նրա ներկա դրությունից` ճնշում գործադրելով և ուղղորդելով նրան իրենց հարկավոր արտաքին քաղաքական կուրսով։ Սակայն միանգամայն հասկանալի է, որ եվրոպացիները ձգտում են նաև նկատելիորեն դուրս մղել ԱՄՆ-ին Կովկասից` ի ցույց դնելով վերջինիս վարած քաղաքականության վնասակարությունը։ Դա կարելի է անել միայն Ռուսաստանի ակտիվ քաղաքականության դեպքում, որն այժմ վայելում է Եվրոպայի աջակցությունը։ Եկել է ժամանակը կատարելու վճռական քայլեր, որոնք Ռուսաստանին թույլ կտան ոչ թե վերացական, այլ իրական դիրքեր գրավել Կովկասում, ինչը պահանջում է հարաբերություններ կառուցել Վրաստանի ու Ադրբեջանի հետ։ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի կարևոր ու առանցքային գործընկերը Հարավային Կովկասում, առանց նրա հետ համագործակցության տարածաշրջանում Մոսկվայի բոլոր ջանքերն ապարդյուն կլինեին, իսկ տարածաշրջանային ու միջազգային դիրքերը վերանայելու Հայաստանի փորձերն ամենևին չեն հակասում Ռուսաստանի շահերին, ընդհակառակը, լույս են սփռում ոչ միայն Թուրքիայի և Հարավային Կովկասի պետությունների, այլև ԱՄՆ-ի իրական հնարավորությունների վրա, որը տարածաշրջանում վարում է միանգամայն անսխալ և հաղթական քաղաքականություն։ Ռուսաստանի առջև կան համաշխարհային գազային խաղում գերիշխող դիրքեր գրավելու չլուծված խնդիրներ, նա մտադիր չէ զիջել դիրքերը որևէ մեկին` Ադրբեջանի, Թուրքմենստանի և անգամ Իրանի գազի պաշարների օգտագործման հարցում։ Դրա համար անհրաժեշտ է օգտվել այն պետությունների հակասություններից, որոնք կոչված են գազն արդյունահանելու ու փոխադրելու արևմտյան ուղղությամբ։ Այս իմաստով Ռուսաստանը պետք է սկզբունքային ճշգրտումներ մտցներ Հարավային Կովկասում ուժերի դասավորության մեջ, ընդ որում, «կլանելով» ոչ միայն Ադրբեջանը, այլև Վրաստանը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին ու տարածաշրջանում նրա առաջատար գործընկեր Մեծ Բրիտանիային, նրանք կարող էին համոզվել, որ Ռուսաստանը «հարգանքով» է վերաբերվում նավթի ու գազի արդյունահանման և փոխադրման արդեն ստեղծված համակարգին, ինչը նա ցուցադրեց 2008-ի օգոստոսին` վրաց-ռուսական պատերազմի ժամանակ։ Այս կապակցությամբ Ռուսաստանը հուսով է, որ արևմտյան պետություններն իր հավակնություններին հանդուրժողաբար կվերաբերվեն, ուստի ավելի լուրջ փոխզիջում է ակնկալում։ Մինչդեռ այդ խաղում փոխզիջման մասին խոսք անգամ լինել չի կարող. ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, անկասկած, կշարունակեն տարածաշրջանի էներգետիկ պաշարների մենաշնորհային քաղաքականությունը։
Դժվար է ասել` որքանո՞վ է Ադրբեջանը շարունակում միջազգային հարաբերություններում նկրտումներ ներկայացնելիս հույսը դնել իր նավթի ու գազի պաշարների վրա, սակայն վստահաբար կարելի է պնդել, որ տարածաշրջանում ոչ մի լուրջ խաղացող Ադրբեջանի այս փաստարկներին երբևէ լրջորեն չի վերաբերվել, չի էլ վերաբերվի։ Կովկաս-Կասպյան էներգետիկ համալիրը հաջողությամբ ստեղծվել և գործում է բավականին մեծ վտանգների ու սպառնալիքների, պահանջների ու ագրեսիվ մտադրությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների պայմաններում։ Համանման պայմաններ կան նաև այլ տարածաշրջաններում, որտեղ նավթի ու գազի արդյունահանման ու փոխադրման պլաններ են իրականացվել, և Կովկաս-Կասպյան տարածաշրջանն ամենևին էլ եզակի չէ։ Շահագրգիռ տերություններն ու ընկերություններն իրենց բիզնեսը հաջողությամբ կտանեն մինչև վերջ, այսինքն` մինչև տարածաշրջանի էներգետիկ պաշարների լրիվ սպառում, առանց Վրաստանի ու Ադրբեջանի խնդիրների վերաբերյալ որևէ որոշման կամ տեղաշարժի։ Թուրք-հայկական հարաբերությունների փորձերը հերթական անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանի շահերի հետ ոչ ոք լրջորեն հաշվի չի նստում, այդ շահերի բոլոր վկայակոչումները սոսկ հարմար դիվանագիտական փաստարկներ են Թուրքիայի կողմից, որն առաջնորդվում է սեփական ռազմավարական շահերով։ Ադրբեջանը հայտնվել է բավականին դժվար կացության մեջ, և թուրք-հայկական սահմանի բացման փորձերի ձախողումն ամենևին էլ չի ուրախացնում նրան, քանի որ առջևում անորոշություն է։ Ռուսաստանն այդ իրավիճակը նպաստավոր համարեց Ադրբեջանի հետ մտերմանալու համար և հույս ունի վերստին փորձել առավելություններ ստանալ նրա հետ հարաբերություններում` ի հաշիվ Հայաստանի շահերի։ 2008-ի նոյեմբերին, ի վնաս Հայաստանի շահերի, Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու փորձերի խայտառակ ձախողումը, որն ավարտվեց միանգամայն սին մայնդորֆյան համաձայնագրով, ռուս քաղաքական գործիչներին ոչինչ չսովորեցրեց, և նրանք շարունակում են «կարգավորման» իրենց սխեման։ Այդ «կարգավորումը», այսպես թե այնպես, կդառնա հերթական «ժուլիկությունը». այն դատապարտված է ձախողման, և հազիվ թե Ադրբեջանն այդ հարցում հույսեր կապի Ռուսաստանի օգնության հետ։
Ռուսաստանն աշխատում է ղարաբաղյան թեմայի վրա հիմնված խաղ խաղալ և իրատեսական քաղաքականության «գաղափարախոսությունից» բխող մի թեզ է առաջ քաշում` «տարածքներ կարգավիճակի դիմաց» սցենարով։ Դրանով իսկ Ռուսաստանն ուզում է Թուրքիային պահել կովկասյան քաղաքականության ուղեծրում` ի հակակշիռ ԱՄՆ-ի քաղաքականության, որը հաջողությամբ ստեղծեց կովկասյան քաղաքական ուղղության մեջ Թուրքիայի ներառման «կողպեքը»։ Ռուսաստանն իրականում նույնպես աշխատում է Թուրքիային հեռու պահել Կովկասից, բայց նպատակ ունի վերջինիս ներքաշելու մի խաղի մեջ, որտեղ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցման գինը լինելու է հայերի ազգային շահը։ Դա շատ վտանգավոր խաղ է, և Ռուսաստանը տանուլ է տալու այն, ինչպես քանիցս եղել է անցյալում։ Սա շատ լավ են հասկանում Հայաստանում, որի ղեկավարությունը ջանում է հեռու մնալ այն քայլերից, որոնցում Հայաստանի համար մանրադրամի դեր է նախատեսված։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը կարծում է, թե իրեն, այնուամենայնիվ, կհաջողվի թույլ չտալ, որ Թուրքիան ավելի լրջորեն զբաղվի կովկասյան հարցերով, բայց սա միայն պատրանք է։ Թուրքիան ամուր խցկվել է կովկասյան «մրցահարթակ», մինչդեռ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դեռևս շատ հեռու են այդ տարածաշրջանի վերաբերյալ իրենց դիրքորոշումների համաձայնեցումից։ Համընդգրկուն այլընտրանքը, «Նաբուկո» նախագծի տեսքով, ավելի քան կասկածելի է ոչ միայն ռեսուրսներով ապահովվածության առումով, այլև նրանով, որ այդ նախագիծն ունի խոշոր փոխարինողներ եվրոպական ուղղությամբ, այսինքն, ավելի հզոր ու ավելի իրագործելի գազամուղներ։ Սակայն «Նաբուկոյի» անիրագործելիության գլխավոր հանգամանքն այն է, որ եվրոպացիները շատ են վախենում, թե ամերիկացիներն ու անգլիացիներն այն կվերցնեն իրենց վերահսկողության տակ, ընդ որում, չեն ապահովի ո՛չ անհրաժեշտ հուսալիություն, ո՛չ շահութաբերություն։ «Նաբուկոյի» գործոնը կարևոր, բայց ոչ վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանի ու Ռուսաստանի «գազային» համագործակցության ամրապնդման գործում։ Ադրբեջանն աշխատում է ապահովել իր քաղաքականության բազմաճյուղությունը և հասկանում է, որ «Նաբուկոն» ևս, ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ոչ մի ազդեցություն չի գործի իր արտաքին քաղաքական խնդիրների լուծման վրա։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ, չնայած ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ Մոսկվայի ուղարկած «կանխավճարներին» (դրանք հասցեագրվում են ոչ այնքան Ադրբեջանի ղեկավարությանը, որքան ներքին լայն սպառողին), թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը «ղարաբաղյան հարցի կարգավորումը» չեն համարում այն առավել սկզբունքային խնդիրը, որ պետք է լուծվի հնարավոր գազային գործարքով։ Բայց հենց այդ հանգամանքն էլ ռուս-ադրբեջանական գազային դաշինքի ստեղծման հույսեր է ներշնչում` գոնե այնպիսի ծավալներով, որը թույլ կտա ձախողել «Նաբուկո» նախագիծը և ամրապնդել Ռուսաստանի դերն ու դիրքը համաշխարհային գազային բիզնեսում։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա Մինսկի խմբի գործունեության շրջանակներից դուրս այդ խնդրի մեջ Ռուսաստանի չափազանց շատ խորանալը կհանգեցնի միայն Հարավային Կովկասում ռուսական ռազմավարական դիրքերի խարխլմանը։ Ռուսաստանը չի կարող հուսալ, գոնե առաջիկա երկու-երեք տասնամյակում, թե արմատապես կփոխի ուժերի դասավորությունը Հարավային Կովկասում, բայց իրական հնարավորություններ կան գազային խաղում մասամբ կողմնորոշելու Ադրբեջանին։ Միգուցե Ռուսաստանի և Ադրբեջանի զուտ քաղաքական և հեռանկարային փոխհարաբերությունների գլխավոր հարցն Ադրբեջանի հարաբերություններն են ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև նրա տարածքում ամերիկյան ռազմաբազաների ստեղծումը։ Այս առումով, «Արևելյան գործընկերություն» նախագծի զարգացման և Եվրամիությանը Հարավային Կովկասի երկրների սահմանակարգային անդամակցության հարցերը կարող են դառնալ Ռուսաստանի համար ավելի մեծ մտահոգության առարկա, քան այժմ թվում է։
Փոքր-ինչ այլ են ռուս-վրացական խնդիրները։ 2008-ի օգոստոսյան իրադարձություններից մի քանի ամիս անց մեզ թվում էր, թե «հանգուցալուծումը» կայացել է, և շուտով Վրաստանն ու Ռուսաստանը կփորձեն կարգավորել իրենց հարաբերությունները։ Չնայած Ռուսաստանի ղեկավարների միարժեք հայտարարություններին, թե իրենք Սաակաշվիլու հետ գործ չեն ունենա, պարզվում է` նա իր ներկա վիճակով առավել գերադասելի գործընկեր է, որպես Վրաստանի առաջնորդ, հաշվի առնելով նաև այն, որ ներկա նախագահը չունի ոչ մի «հիմք» քաղաքական իրական երկխոսությամբ պահանջելու վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան։ Վրաստանում ավելի զուսպ, ոչ խնդրահարույց քաղաքական գործչի իշխանության գալը Ռուսաստանին ավելի քիչ նպաստավոր դրության մեջ կդնի։ Բայց բանը նույնիսկ Սաակաշվիլին չէ, այսպես թե այնպես, նա քաղաքական հեռանկար չունի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ եվրոպացիների դիտանկյունից։ Հանրային հատվածի և մասնավոր բիզնեսի գծով հարաբերությունների զարգացումը Վրաստանի հետ հարմար ասպարեզ է և քաղաքական դասի հետ հարաբերություններ հաստատելու եղանակ։ Ներկայումս բազմաթիվ շփումներ են տեղի ունենում տարբեր մակարդակներում, ինչը, այսպես թե այնպես, կոչված է հանգեցնելու Վրաստանում Ռուսաստանի գործընկերների ձևավորման։ Վրաստանի իրատես ընդդիմությունը հասկանում է, որ ոչ մի քաղաքական խմբավորում հեռանկար չունի` առանց Ռուսաստանի հետ պարտավորեցնող և լուրջ հարաբերությունների։
Ամփոփենք։ Ռուսաստանն ակնհայտորեն ակտիվացել է և, ինչպես միշտ, ունի ոչ այնքան իրատեսական հույսեր, բայց շատ բանի կարող է հասնել, եթե ոչ թե բացահայտ տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ