Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանությունը պատկանում է իրեն »

06.04.2010 | 00:00

-Խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ ինչպե՞ս եք գնահատում քաղաքական իրավիճակը Հայաստանում:

-Ներկա նախընտրական շրջանն առանձնապես չի տարբերվում նախորդներից, բացառությամբ` որ այս ընտրությունների վրա արտաքին աշխարհի ուշադրությունն ավելի մեծ է լինելու` հաշվի առնելով, որ նախորդ ընտրություններից հետո եղան մարտի 1-ի իրադարձությունները: Կարծում եմ` շատ մեծ խնդիր է մեր հասարակությանը ցույց տալ, որ մեզ մոտ ընտրություններն արդար, ազատ ու թափանցիկ են: Իհարկե, արտաքին աշխարհի և միջազգային կառույցների գնահատականը շատ կարևոր է, բայց գերադաս չէ ժողովրդի գնահատականից: Եթե ժողովուրդն ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ գնահատեց, ամենակարևորն իր գնահատականն է` դրական բոլոր հետևանքներով:

-Ո՞վ է ամենաշահագրգիռն ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմամբ` ժողովո՞ւրդը, իշխանությո՞ւնը, ընդդիմությո՞ւնը:

-Բնականաբար` իշխանությունը: Պատահական չէ, որ հանրապետության նախագահը միշտ շեշտում էր և այժմ էլ հաճախ է շեշտում, թե որքան կարևոր է, որ գալիք (այսինքն` ներկա խորհրդարանական ու ապագա նախագահական) ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին և ժողովրդի կողմից ընկալվեն որպես ազատ, արդար և թափանցիկ: Եթե այդպես չլինի, ամենամեծ հետընտրական պրոբլեմները կունենա հենց իշխանությունը: Վստահ եմ, որ իշխանություններն օրենքով սահմանված կարգով ամեն ինչ անելու են, որ ընտրությունները հենց այդպիսին լինեն:

-Փորձը ցույց է տալիս, որ արտաքին ուժերի ուշադրությունը հիմնականում նախագահական ընտրությունների վրա է կենտրոնանում, և 2008 թ. իրադարձություններն էլ նախագահական ընտրություններին հաջորդեցին, կարծո՞ւմ եք, որ խորհրդարանական հետընտրական Հայաստանը կնմանվի նախագահական հետընտրական Հայաստանին, կա՞ն հասարակական նախադրյալներ:

-Մինչև ՀԱԿ-ի քաղաքական ասպարեզ գալը Հայաստանում չէր նշմարվում այն ընդդիմադիր քաղաքական ուժը, որ կարող է նմանօրինակ հասարակական գործընթացներ ստեղծել ու առաջնորդել: 2008-ի նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ը ձևակերպեց իր պահանջը, այն է` հասնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների: Ընդ որում, սա մաքսիմում ծրագիրն էր, կար նաև մինիմում ծրագիր, որը ենթադրում էր, որ եթե մաքսիմում ծրագիրը հնարավոր չէ իրացնել, պետք է անցնել մինիմումին, որն է` խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծել քաղաքական մի իրավիճակ, որը կբերի արտահերթ նախագահական ընտրությունների: Նրանք ամեն ինչ անելու են, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստեղծվի հեղափոխական վիճակ, որի արդյունքում իրենք հաղթեն նախագահական ընտրություններում: Հերթական խորհրդարանական կամ հերթական նախագահական ընտրությունները միշտ գերապատվությունը տալիս են իշխանություններին` իրենք են կազմակերպում, ֆավորիտն իրենք են, ազատ օգտվում են բոլոր առավելություններից, որ տալիս են իշխանական լծակները, իսկ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները արտոնություն տալիս են այն քաղաքական ուժին, որը ստեղծել է այդ իրավիճակը:

-Այսինքն` մեկնարկային հավասարությո՞ւն է ստեղծվում:

-Ե՜վ մեկնարկային առավելություն, և՜ գործընթացները ուղղորդելու հնարավորություն: Ամենևին պատահական չէր, որ տոտալիտար իշխանության տարիներին Գերագույն խորհրդի ընտրություններում այն ժամանակվա ընդդիմությունը` ՀՀՇ-ն, կարողացավ մեծամասնություն ստանալ, որովհետև դոմինանտ ուժն էր և կարողանում էր հասարակական մեծ ճնշում ստեղծել: Հիմա էլ կարող էր առաջանալ նույն իրավիճակը, բայց ՀԱԿ-ը չկարողացավ, նշանակում է` ներկա փուլում խնդիրը որոշակի թվով քվեներ ստանալն է խորհրդարանական ընտրություններում` հաղթահարելով 7 տոկոսի արգելքը (որովհետև հանդես են գալիս իբրև քաղաքական ուժերի դաշինք):

-Եթե արտախորհրդարանական ընդդիմությունը դառնում է խորհրդարանական, չե՞ք կարծում, որ կորցնում է փողոցը, հարթակը, հրապարակը: Համենայն դեպս, այժմ 90-ականները չեն, և իրավիճակ է փոխվել` կուսակցական, սոցիալական, ժողովրդագրական, գաղափարաբանական:

-Վիճակի ոչ մի փոփոխություն չի հանգեցնում խորհրդարանական ամբիոնի նշանակության նվազմանը: Արտախորհրդարանական քաղաքական ուժը չի հրաժարվում փողոցից, բայց ավելացնում է խորհրդարանի ամբիոնը: Եթե նայեք ՀԱԿ-ի ընտրացուցակը, կհամոզվեք, որ այնտեղ ընդգրկված մարդիկ շատ լավ կարող են օգտագործել ցանկացած ամբիոն: Եթե հարթակում նրանք հավաքում են, օրինակ, 10000 մարդ, հիմա իրենց խոսքն ամբողջ հանրապետությունում տարածելու հնարավորություն կարող են ստանալ: Ես շատ լավ հասկանում եմ, որ ՀԱԿ-ի համար խորհրդարանական ընտրությունները չունեն այն նշանակությունը, ինչ նախագահականը, բայց խորհրդարանական ընտրությունները չօգտագործել որպես ցատկահարթակ ՀԱԿ-ի հեռահար նպատակների առումով` իրենց տեսանկյունից անմտություն կլինի:

-Ձեր գնահատականով` ինտրիգը հիմա իշխանությա՞ն ներսում է, ընդդիմությա՞ն, թե՞ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում:

-Այսօր կա երեք Հայաստանի պատկեր: Իշխանական դաշտի ներկայացրած Հայաստանը շատ ավելի գունավոր է, գեղեցիկ, թեպետ կոալիցիոն որոշ ուժեր ավելի շատ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, կարծես իրենք իշխանության մեջ չեն եղել: Ընդդիմության ներկայացրած Հայաստանը շատ ավելի մռայլ է, իրական պրոբլեմները` բազմապատկված: Կա երրորդ` իրական Հայաստանը, որտեղ բոլորս ապրում ենք: Այն քաղաքական ուժը, որ վեր կկանգնի իր ամբիցիաներից ու կներկայացնի իրական Հայաստանի խնդիրները և այդ խնդիրների իրական լուծումները, նա էլ առավելություն կստանա: Հասարակությանը հնարավոր չէ խաբել լավը` վատ, կամ վատը` լավ ներկայացնելով: Միայն իրավիճակի ադեկվատ ներկայացումը հասարակության մեծ շերտերի վստահությանը կարժանանա: Իհարկե, իշխանական կուսակցությունները լծակների և ֆինանսների առումով շատ ավելի լավ դիրքերում են, քան ընդդիմությունը: Միմյանց նկատմամբ հարաբերություններում պատկերն այսպիսին է. իշխանական դաշտում և՜ խանդ կա, և՜ քննադատություն, յուրաքանչյուրն աշխատում է խույս տալ բացասականից և ստացվում է, որ ամենածանրը ՀՀԿ-ի խաչն է, եթե Հայաստանն այսպիսին ու այսպիսին չէ, մեղավորը ՀՀԿ-ն է` դա բոլորն են ասում, բոլորը քննադատաբար են վերաբերվում ՀՀԿ-ին: Ընդդիմադիր դաշտում վիճակն ավելի վատ է. միմյանց նկատմամբ ատելությունն անթաքույց է և ավելի սուր, կան խանդի տեսարաններ, անհանդուրժողականություն միմյանց նկատմամբ: Իսկ դա հանգեցնում է վարկանիշի անկման, մեկը մյուսին մեղադրում է իշխանությունների հետ համագործակցության մեջ: Բավական է ընդդիմադիր դաշտում արտահայտված որևէ տեսակետ համընկնի իշխանության տեսակետի հետ, անպայման մեղադրում են գործարքի մեջ, որը նվազեցնում է ընդդիմադիր դաշտի հնարավորությունները: Համամասնական ցուցակների նկատմամբ նույնպես անվստահություն կա: Ի դեպ, բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակները կազմման մեխանիզմով և տրամաբանությամբ, ըստ էության, միմյանցից չեն տարբերվում: Կուսակցությունների մեծանալ-փոքրանալն էլ աշխարհում ընդունված երևույթ է` միշտ էլ ընտրությունների շրջանում կուսակցությունները բազմանդամ են դառնում, ընդունելի է նաև կուսակցությունից կուսակցություն առանձին մարդկանց անցման երևույթը: Օրինակ` ԱՄՆ-ում տարբեր ընտրություններում նույն գործչին կարող ես տեսնել մե՜կ հանրապետականների, մեկ դեմոկրատների հետ: Հայաստանում դա խիստ քննադատվում է, թեպետ բոլորի ցուցակներում էլ այդ երևույթը կա: Անտեղի է նաև ցուցակների առնչությամբ միմյանց նկատմամբ սև PR-ի կիրառումը:

-ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո և նախագահականից առաջ ստեղծված անվստահությունը մեղմելու համար ընտրատեղամասերում տեսախցիկներ դրվեցին: Հայաստանում այդ փորձը կարո՞ղ է կիրառվել և ավելի չի՞ մեծացնի վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ, չի՞ նպաստի վերահսկելիության մեծացմանը:

-Իհարկե, տեսախցիկների առկայությունը որոշակի առումով կանխում է կեղծիքների հնարավորությունը, բայց Ռուսաստանի պարագան ցույց տվեց, որ վստահությունն առանձնապես չի մեծացնում: Հայաստանում տեսանկարահանումն արգելված չէ, բացի ընտրախցիկում քվեարկության պահից: Մոտավորապես 2000 ընտրատեղամասերը տեսախցիկներով ապահովելը, հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, դժվար է, բայց, կարծում եմ, ի վերջո, մենք էլ ենք դրան գնալու: Ընտրական օրենսգիրքը մեծ լիազորություններ է տալիս դիտորդներին և վստահված անձանց, նրանք ցանկացած պահի կարող են ստուգել, հետևել ընտրական գործընթացներին: Իհարկե, շատ լավ կլիներ, որ ընտրությունների ժամանակ կիրառվեր մատնահետքերի դրոշմման պրակտիկան, կամ որևէ այլ` ավելի կատարյալ մեխանիզմ, բոլոր տվյալները հավաքվեին ընդհանուր կենտրոնացված համակարգչում, ինչպես արվում է եվրոպական որոշ երկրներում: Կարևոր է ոչ միայն հասարակության 100 տոկոս վստահությունը, այլև ընտրությունների գործընթացը հեշտացնելը: Ի վերջո, ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանությունը պատկանում է իրեն, և ինքն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրություններով ձևավորված պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

-Եթե ընտրվողների ցուցակների հետ հարցերը պարզվեցին, ի՞նչ է կատարվում ընտրողների ցուցակների հետ, ինչպե՞ս է երկրում ընտրողների թիվն ավելանում, եթե պակասել է բնակչության թիվը:

-ԿԸՀ-ի և ընտրական հանձնաժողովների խնդիրն է ընտրացուցակների ճշտումը, դա գործընթաց է, որին մեծապես կարող են օգնել նաև իրենք` ընտրողները, բայց նման մշակույթ Հայաստանում դեռևս արմատավորված չէ: Այն ընտրողները, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքների կամ այլ պատճառներով բացակայում են հանրապետությունից, մնում են ընտրացուցակներում, պահպանում են իրենց քաղաքացիությունը և օրենքով սահմանված կարգով ունեն բոլոր իրավունքներն ընտրությունների ժամանակ գալու և մասնակցելու քվեարկությանը:

-Մարդը, որ մեկնել է արտերկիր` իր տունը պահելու համար, քաղաքացիական շատ բարձր գիտակցություն պիտի ունենա, որ ապրուստի համար կուտակած գումարը ծախսի` գա ընտրության ու վերադառնա, որ աշխատանքը չկորցնի: Համաձայնեք, որ դա հավանական ու մասսայական երևույթ չի կարող լինել:

-ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով` որևէ մեկն իրավունք չունի ՀՀ քաղաքացուն զրկելու իր ընտրելու իրավունքից:

-Ես չեմ ասում` խախտեք Սահմանադրությունը, ես ասում եմ` կանխեք ընտրակեղծիքը:

-Քաղաքական կազմակերպություններին, վստահված անձանց տրված են ընտրացուցակները ստուգելու և ճշգրտելու ամենալայն հնարավորությունները: ՙԿուսակցությունների մասին՚ ՀՀ օրենքը պահանջում է, որ կուսակցություններն ունենան առնվազն 200 անդամ: Կուսակցությունները 200 ՙնվիրյալներով՚ հանդերձ (էլ չեմ ասում այն թվերը, որ կուսակցություններն իրենք են ներկայացնում իրենց անդամների և համակիրների քանակի հետ կապված) չե՞ն կարող 40 օրում ընտրատեղամասերում փակցված ընտրացուցակները ճշտել: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար շա՞տ դժվար է իրենց խողովակներով այդ ճշտումն անել: Իհարկե, կան մահացածներ, որոնց անունները դեռ ցուցակներից հանված չեն, կան բնակության վայրը փոխած քաղաքացիներ, որոնց անունները մնում են հին ցուցակներում: Իհարկե, համապատասխան կառույցներում կան թերացումներ, բայց օրենքը և՜ քաղաքացիներին, և՜ կուսակցություններին հնարավորություն է ընձեռում նկատված բոլոր թերությունների առնչությամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան մարմիններից պահանջել ցուցակներում ճշգրտումներ կատարել: Հարկավ, ես չեմ ցանկանում համապատասխան կառույցների պարտավորությունները դնել քաղաքացիների կամ կուսակցությունների ուսերին, բայց պետք է հաշվի նստենք առկա իրողությունների հետ:

-Երկու ընտրությունների միջակայքում արտաքին քաղաքական առումով փոփոխություններ կլինե՞ն` Հայաստանին և տարածաշրջանին առնչվող:

-Այսօր ամենաակտուալը, թերևս, Արևմուտքի վերաբերմունքն է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, որ մեզ համար, իբրև անմիջական հարևանի, շատ կարևոր է: Իրանը ոչ միայն մեր մերձավոր հարևանն է, այլև այն պետությունը, որի հետ մեր ճանապարհը երբեք չի փակվել: Իհարկե, մեզ համար շատ կարևոր է, որ Արևմուտքը և ԻԻ-ն իրենց խնդիրներին քաղաքական լուծումներ գտնեն: Մնացած հարցերում` թե՜ ԼՂՀ-ի, թե՜ հայ-թուրքական հարաբերությունների, թե՜ Հայաստան-Արևմուտք, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևելք փոխհարաբերությունների առնչությամբ, մենք կարողանում ենք հավասարակշիռ քաղաքականություն վարել: Ամենախրթինը ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-թուրքական հարաբերություններն էին: Ի պատիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, պետք է ասել, որ նա կարողացավ ձևավորված կարծրատիպերը կոտրելով նոր իրավիճակ ձևավորել, որն ակնհայտ է դարձնում, թե ովքեր են մեղավոր այդ հարաբերությունների ոչ նորմալ վիճակի համար: Մենք մեր անելիքն արել ենք, և խնդիրը մեր հարևաններն են:

-Որևէ պարագայում հնարավո՞ր է Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն:

-Ես չեմ կարծում, որ ՄԽ ձևաչափը որևէ փոփոխության ենթարկվի, առավել ևս, որ դրա անհրաժեշտությունն էլ չկա: ՄԽ ձևաչափը այսօր միակն է, որ կարող է օպտիմալ աշխատել:

-Տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությունը հավանակա՞ն է:

-Եթե չկան տարածաշրջանում երկարատև կայունություն ապահովող այլ լուծումներ, ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն կհանգեցնի անկայունության: Իսկ նմանօրինակ լուծումներ դեռևս չկան:

-ՌԴ-ից հետո նախագահական ընտրություններ են լինելու և՜ Ֆրանսիայում, և՜ ԱՄՆ-ում, հնարավո՞ր է, որ այդ կտրվածքով Հայաստանում նոր իրավիճակ ստեղծվի:

-Մենք մեր հաղթանակները գրանցել ենք, և կարևոր է այդ հաղթանակները պահելը: Գերտերությունների ընտրությունները, եթե նույնիսկ անձերի փոփոխություն լինի, մեր առումով քաղաքական ուղղվածության փոփոխության հազիվ թե հանգեցնեն, այնպես որ, իրավիճակի փոփոխությունը սակավ հավանական է: Շատ կարևոր է, որ այդ ընթացքում կարողանանք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել, ինչը և կլուծի այսօր առկա շատ խնդիրներ:

-Ձեր կարծիքով` 2012-ի խորհրդարանում ի՞նչ ուժեր կլինեն:

-Որպես Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ` հավաստիացնում եմ, որ երբ նշանակվեցի այս պաշտոնին, ՀՀ նախագահն ինձ ասաց, որ Ազգային ժողովում իր համար չկան ընդունելի և ոչ ընդունելի խմբակցություններ կամ պատգամավորներ, և ես, որպես իր ներկայացուցիչ, պարտավոր եմ բոլորի հետ հավասար աշխատել, ինչը արել եմ և պատրաստ եմ նույնությամբ շարունակելու:

Զրույցը`

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ